Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՄԱՆՅԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՈւՂԻՆ



ԹԱՄԱՆՅԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՈւՂԻՆ1941 թ. հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու՝ 1939 թ. կնքված պայմանագիրը, ուխտադրժորեն հարձակվեցին Խորհրդային Միության վրա… Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Երկիրը կանգնեց լուրջ սպառնալիքի առջև: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտարարեց զինապարտների զորահավաք:

Հայ ժողովուրդը ռազմաճակատ ուղարկեց իր տասնյակ հազարավոր զավակներին: Ստեղծվեցին հայկական հինգ դիվիզիաներ, որոնք մարտական փառքով օծվեցին ռազմաճակատներում: Հայ ռազմիկներին կարելի էր հանդիպել պատերազմի բոլոր ռազմաճակատներում, զորքերի բոլոր տեսակների մեջ: Նրանք հերոսությամբ և անձնազոհությամբ պաշտպանում էին խորհրդային հայրենիքը: Ֆաշիզմի դեմ մղվող պայքարի առաջին իսկ ամիսներից հայ ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընդհանուր ճանաչման և բարձր գնահատականի արժանացավ:

Հայրենական պատերազմում մեծ սխրանքներ է գործել հատկապես եռակի շքանշանակիր 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը փառավոր մարտական ուղի է անցել Կովկասյան լեռներից մինչև Բեռլին-Էլբա: 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան ձևավորվեց 1941 թ. վերջին: Կարճ ժամանակամիջոցում այն համալրվեց սպայական և շարքային լավագույն կադրերով: Դիվիզիայի անձնակազմի 99%-ը հայեր էին: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն այնտեղ ուղարկեց բազմաթիվ կուսակցական աշխատողների, որոնք շարային սպայական կազմի հետ միասին մեծ աշխատանք ծավալեցին դիվիզիայի անձնակազմի մարտական և քաղաքական ուսուցման կազմակերպման համար:

89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի առաջին հրամանատար նշանակվեց գնդապետ Սիմոն Զաքյանը, որը շուտով փոխադրվեց Ղրիմի ռազմաճակատ և նշանակվեց 390-րդ հայկական նորաստեղծ դիվիզիայի հրամանատար: Նրա փոխարեն 89-րդ դիվիզիայի հրամանատար նշանակվեց փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը:

Դիվիզիայի առջև խնդիր էր դրված կարճ ժամանակամիջոցում նախապատրաստվել ռազմաճակատ մեկնելուն: Այդ խնդիրն իրագործվեց հաջողությամբ: 1942 թ. ամռանը դիվիզիան արդեն լիովին պատրաստ էր մեկնելուն: Այդ ժամանակ հարավային ռազմաճակատում և Հյուսիսային Կովկասում մեր զորքերի համար դրությունը բավական բարդացել էր: Դեռևս ապրիլ-մայիսին Ղրիմում թշնամու բանակները հարձակման էին անցել և առաջ շարժվելով՝ մտել էին Թաման, օգոստոսին գրավել Նովոռոսիյսկը և Կուբանը: Ռոստովի շրջանում հարձակման անցած ֆաշիստական զորքերը ճեղքել էին ռազմաճակատի գիծը և մեծ կորուստների գնով հասել Ստալինգրադի մատույցներին: Հյուսիսային Կովկասում նրանք մոտեցել էին Գրոզնուն: Համառ դիմադրություն ցույց տալով՝ օգոստոսին Կարմիր բանակը կանգնեցրեց թշնամու առաջխաղացումը:

Կարմիր բանակի Գերագույն գլխավոր հրամանատարությունը միջոցառումներ էր մշակում հակահարձակման անցնելու և թշնամուն ետ շպրտելու համար՝ այդ նպատակով նոր զորամասեր ու ռազմական տեխնիկա կենտրոնացնելով ռազմաճակատներում, այդ թվում՝ նաև անդրկովկասյան ռազմաճակատում: Երկրամասի բնակչությունը բոլոր ուժերով ու միջոցներով օգնում էր Կարմիր բանակին: Ահա այդ ծանր օրերին ռազմաճակատ մեկնեց նաև 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան և օգոստոսին դիրքեր գրավեց Գրոզնու մատույցներում, ապա մարտերի մեջ մտավ Մալգոբեկ քաղաքի մոտ: Այստեղ դիվիզիայի նոր հրամանատար նշանակվեց գնդապետ Արտաշես Վասիլյանը:

Ռազմաճակատի մյուս զորամասերի հետ դիվիզիան այստեղ երկուսուկես ամիս ծանր պաշտպանական մարտեր մղեց, բազմիցս ետ շպրտեց թշնամու տանկերի և հետևակի գրոհները՝ մեծ կորուստներ պատճառելով նրան: Կովկասյան նախալեռներում 89-րդ դիվիզիան ստացավ իր առաջին մարտական մկրտությունը: Նրա բոլոր զորամասերը ցույց տվեցին, որ լիովին մարտունակ են և կարող են իրագործել ռազմական դժվարին խնդիրներ: Այդ մարտերում իրենց քաջագործություններով աչքի ընկան բազմաթիվ հրամանատարներ, քաղաշխատողներ, սերժանտներ և շարքայիններ:

1943 թվականն սկսվեց ռազմաճակատում Կարմիր բանակի ձեռք բերած խոշոր հաղթանակներով, որոնք գնալով ավելի ու ավելի էին ծավալվում: Դեռևս 1942 թ. նոյեմբերի կեսերին հարձակման անցնելով՝ խորհրդային զորքերը փայլուն հաջողությունների էին հասել Ստալինգրադի ռազմաճակատում. շրջապատել ու ոչնչացրել էին թշնամու 300 հազարանոց բանակը և հաջողությամբ առաջ էին շարժվում դեպի արևմուտք:

Հայրենական մեծ պատերազմում սկսվել էր բեկման շրջանը: Ստալինգրադի ռազմաճակատի զորքերի հետ հարձակման էին անցել նաև մի շարք այլ ռազմաճակատների զորքեր, այդ թվում՝ Անդրկովկասյան ռազմաճակատի զորքերը: Այստեղ հարձակումն սկսվեց 1943 թ. հունվարի առաջին օրերին:

Հարձակվող զորքերի առաջին մարտակարգերում էր 89-րդ դիվիզիան: Սրընթաց գրոհով ետ շպրտելով թշնամուն՝ հարձակման առաջին օրերը նա ազատագրեց Մալգոբեկ քաղաքը: Ռազմաճակատի մյուս զորամասերի հետ շարունակելով նահանջող թշնամու հետապնդումը՝ Հյուսիսային Կովկասում դիվիզիան ազատագրեց տասնյակ բնակելի վայրեր ու խորհրդային հազարավոր քաղաքացիների:

Ձմռան դժվարին պայմաններում, օրական անցնելով 35-40 կմ, փետրվարի սկզբներին դիվիզիայի զորամասերն արդեն մոտեցել էին Ազովի ծովի ափերին: Այստեղ նրանց մարտական նոր խնդիր տրվեց՝ օգնելու հարևան միավորմանը, որը ծանր կացության մեջ էր Նովոջերելիևսկայա և Պոդի բնակավայրերի շրջանում: Դիվիզիայի զորամասերն անցան խնդրի կատարմանը: Հետապնդելով հիտլերականներին՝ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան Անդրկովկասյան Հյուսիսային խմբավորման 58-րդ բանակի մյուս զորամասերի հետ ճեղքեց Թերեք գետը և շարժվեց Մոզդոկի և ապա Տիխորեցկի ուղղությամբ: Ամենակատաղի մարտը տեղի ունեցավ Պոդի և Նովոջերելիևսկայա բնակավայրերի մոտ: Թշնամու դարանակալ տանկերի հարձակման հետևանքով փետրվարի 9-10-ին դիվիզիան ծանր կորուստներ կրեց: Գիշերային անհավասար մարտում հերոսաբար զոհվեցին  դիվիզիայի հրամանատար, գնդապետ Արտաշես Վասիլյանը, 390-րդ հրաձգային գնդի հրամանատար, մայոր Գարեգին Իսախանյանը, 400-րդ հրաձգային գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ, մայոր Սուրեն Բաղդասարյանը և շատ ուրիշներ: Չնայած դրան՝ Նովոջերելիևսկայան  ազատագրվեց։

1943 թ. գարնանը, կարճ ժամանակամիջոցում որոշ չափով համալրվելուց հետո, 89-րդ դիվիզիան կենտրոնացել էր Եյսկ քաղաքի շրջանում: Պաշտպանական դիրքեր գրավելով Ազովի ծովի ափերին՝ դիվիզիայում միաժամանակ ձեռնամուխ եղան մարտական ուսուցման։ Այդ ժամանակ դիվիզիայի նոր հրամանատար նշանակվեց գնդապետ Նվեր Սաֆարյանը (19.02.1943-05.09.1945)։ Նա զինվորների համար եղավ և՛ հայր, և՛ դաստիարակ, և՛ ընկեր ու բարեկամ:

1943 թ. օգոստոսին դիվիզիան խնդիր ստացավ՝ մարտական դիրքեր գրավել Նովոռոսիյսկից հյուսիս-արևելք: Այդ ժամանակ ուժեղ մարտեր էին ընթանում Նովոռոսիյսկի և Թամանյան թերակղզու ազատագրման համար: Ստեղծելով բազմաշերտ ամուր պաշտպանական գիծ՝ հակառակորդը բոլոր ուժերով ձգտում էր այն պահել իր ձեռքում՝ որպես կարևորագույն ստրատեգիական հենակետ:

89-րդ դիվիզիան հարձակում պետք է ծավալեր Դոլգայա և Սախարնայա գոլովկա լեռների ուղղությամբ` խնդիր ունենալով ճեղքել թշնամու պաշտպանության գիծը և առաջ ընթանալ դեպի Թաման: Ռազմաճակատի մյուս զոքերի հետ միասին սեպտեմբերի 6-ին սկսելով գրոհը` դիվիզիայի զորամասերը հանդիպեցին թշնամու ուժեղ դիմադրությանը: Ծավալվեցին կատաղի մարտեր: 400-րդ գունդը, հրամանատարությամբ փոխգնդապետ Պեշչանսկու, գրավեց Սախարնայա գոլովկայի հարավարևելյան մասը, իսկ 390-րդ գունդը, որի հրամանատարն էր փոխգնդապետ Ե. Կարապետյանը, շրջանցելով այդ լեռը, սկսեց Դոլգայա լեռան գրոհը:

Այստեղ հայ ժողովրդի պանծալի զավակ, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը կատարեց իր սխրանքը. նա իր կյանքի գնով խափանեց թշնամու գնդացրային կրակակետը և ապահովեց ստորաբաժանման առաջընթացը: Կուրբատսկայա ստանիցայի համար մղված մարտում նույնպես սխրագործություն կատարեց ավագ սերժանտ Սուրեն Առաքելյանը: Սակրավոր Ջահան Կարախանյանն էլ մտածված, համարձակ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ ականազերծեց առաջ շարժվող հայկական զորամասերի ուղիները, Նովոռոսիյսկի մատույցներում պայթյունից փրկեց կարևորագույն նշանակություն ունեցող մի կամուրջ:

Հ. Ավետիսյանը և Ս. Առաքելյանը հետմահու արժանացան Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանը, իսկ Ջ. Կարախանյանը, որին նույնպես պետք է շնորհվեր Խորհրդային Միության հերոսի կոչում, զոհվեց Կերչում՝ նախքան ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրի հրապարակումը: Նրանք 89-րդ դիվիզիայի առաջին պանծալի հերոսներն էին:

Սեպտեմբերի 18-ին դիվիզիան ազատագրեց Վերխնե Բականսկ շրջանային կենտրոնը և 5000 խորհրդային քաղաքացիների: Այս մարտում առանձնապես աչքի ընկավ 526-րդ գունդը (հրամանատար՝ փոխգնդապետ Դ. Հակոբյանը ծանր վիրավորվեց): 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան ազատագրեց տասնյակ բնակավայրեր, իսկ հոկտեմբերի 3-ին 390-րդ գունդը մտավ Թաման քաղաք: Հոկտեմբերի 9-ին ռազմաճակատի զորքերը Թամանյան թերակղզին ամբողջապես ազատագրեցին թշնամուց: Ի թիվս մարտերում աչքի ընկած մյուս դիվիզիաների՝ Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով «Թամանյան» կոչմանն արժանացավ նաև 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:

Թամանի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած քաջագործությունների համար դիվիզիայի անձնակազմից 4099 մարդ պարգևատրվեց Խորհրդային Միության շքանշաններով ու մեդալներով: Թամանում ձեռք բերած պատմական հաղթանակի առթիվ դիվիզիայի անձնակազմը նամակ-զեկուցագիր գրեց Հայաստանի աշխատավորությանը.

«…Մենք երդվեցինք պատասխանել ձեր նամակին հերոսական սխրագործություններով, ամենալավ պատասխանով, որը դուք սպասում էիք մեզանից: Եվ այսօր մենք հպարտությամբ ամփոփելով մեր 7 ամսվա մարտական գործողությունների արդյունքը՝ խնդությամբ զեկուցում ենք ձեզ, թե ինչպես գնդապետ Ն. Սաֆարյանի դիվիզիայի հայ ռազմիկները, կենսագործելով ձեր նակազը, կատարեցին իրենց պարտքը Խորհրդային Միության հանդեպ, հայրենիքի հանդեպ»:

Թամանի ազատագրումից և կարճատև դադարից հետո 89-րդ դիվիզիան պատրաստվում էր Կերչի դեսանտային գործողությանը: Ամբողջ անձնակազմը խորապես զգում էր այդ խնդրի մեծ կարևորությունը և դրա իրականացման հետ կապված հսկայական դժվարությունները: Մինչ այդ, մեր զորքերը, մեծ կորուստներ կրելով, երկու անգամ թողել էին Ղրիմի թերակղզին: Այժմ անհրաժեշտ էր այնտեղ այնպես ամրանալ ու պայքարել, որ չկրկնվեին նախորդ անհաջողությունները, մանավանդ, որ Ղրիմը հատկապես այդ ժամանակ ռազմաճակատի ամենակարևոր ու վճռական հատվածներից մեկն էր: Դա զգալով՝ թշնամին խոշոր ուժեր էր կուտակել այնտեղ և պատրաստվում էր մեծ ճակատամարտի:

1943 թ. նոյեմբերի սկզբին ռազմաճակատի զորքերը, հրանոթային հզոր նախապատրաստությունից հետո, հաջողությամբ դեսանտ իջեցրին Կերչի մոտ և դրանից հարավ: Զենքի բոլոր տեսակներով զինված՝ հակառակորդը կատաղի դիմադրում էր: Յուրաքանչյուր մետր հողի համար ծանր մարտեր էին մղվում: Հաղթահարելով թշնամու դիմադրությունը՝ դեսանտայիններն աստիճանաբար ընդլայնում և ամրապնդում էին փոքրիկ պլացդարմը:

Կերչի շրջակայքում շուտով դեսանտ իջավ նաև 89-րդ դիվիզիան: Ամրանալով քաղաքի արևելյան կողմում՝ Առանձին մերձծովյան բանակի զորամասերի հետ միասին (սկզբում բանակի հրամանատարն էր գեներալ-գնդապետ Պետրովը, ապա բանակի գեներալ Երյոմենկոն) հայկական դիվիզիան մինչև 1944 թ. ապրիլի 10-ը պահեց պլացդարմը, աստիճանաբար ընդարձակեց ու ամրապնդեց այն` անհրաժեշտ պայմաններ ստեղծելով նոր հարձակման համար:

Կերչում դիվիզիան բազմիցս ետ շպրտեց ֆաշիստների գրոհները, անցավ հակագրոհի և ծանր կորուստներ պատճառեց թշնամուն: 1944 թ. հունվարին դիվիզիան մարտերով թափանցեց Կերչ, ազատագրեց քաղաքի կեսը և զգալի չափով ընդարձակեց պլացդարմը: Գերագույն գլխավոր հրամանատարության ներկայացուցիչ, Խորհրդային Միության մարշալ Կ. Վորոշիլովը, որն այդ ժամանակ Կերչում էր, այսպես է գնահատել 89-րդ դիվիզիայի մարտական գործողությունները. «Ես դիտել եմ հայկական դիվիզիայի մղած մարտերը Կերչ քաղաքի ազատագրման համար: Դիվիզիան մարտ վարելու լավագույն ձևեր և հերոսական օրինակ ցույց տվեց»:

Մոտենում էր Ղրիմում ընդհանուր հարձակման օրը: Ապրիլի 7-ին և 8-ին Ուկրաինական չորրորդ ռազմաճակատի զորքերն սկսել էին գրոհը՝ ճեղքելով թշնամու պաշտպանությունը Պերեկոպի ու Սիվաշի շրջանում: Կերչի կողմից գրոհի էին պատրաստվել Առանձին մերձծովյան բանակի զորամասերը: Այդ գրոհն սկսվեց ապրիլի 11-ի վաղ առավոտյան և պսակվեց մեծ հաջողությամբ: Ջախջախելով հակառակորդի դիմադրությունը՝ մեր զորքերն ազատագրեցին Կերչը և սկսեցին հետապնդել նահանջող թշնամուն: Թշնամուն հետապնդող առաջավոր դիվիզիաների շարքում էր նաև 89-րդ դիվիզիան, որը Կերչի ազատագրման մարտերում ցուցաբերած քաջագործությունների համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թ. ապրիլի 24-ի հրամանագրով պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով: Այդ գնահատականն է՛լ ավելի բարձրացրեց դիվիզիայի անձնակազմի մարտական-հարձակողական թափը:

Հետապնդելով նահանջող հակառակորդին և ազատագրելով տասնյակ բնակավայրեր՝ մայիսի առաջին օրերին ռազմաճակատի մյուս զորամասերի հետ դիվիզիան մարտերի մեջ էր մտել Սևաստոպոլի ազատագրման, Ղրիմն ամբողջությամբ թշնամուց մաքրելու համար: Այդ օրերին Ղրիմ եկավ Լենինականի աշխատավորության պատվիրակությունը, որի անդամները, լինելով դիվիզիայի զորամասերում, ռազմիկներին պատմում էին թիկունքում ձեռք բերած հաջողությունների մասին: Պատվիրակությունն իր հետ բերել էր մեծ քանակությամբ նվեր-ծանրոցներ: Լենինականի աշխատավորությանը հղած նամակում դիվիզիայի ռազմիկները գրել էին. «Քաջարի Կարմիր բանակի զորամասերի հետ մենք ևս կշարունակենք ոչնչացնել և հալածել թշնամուն մինչև իր որջը, մինչև բուն Գերմանիա և այնտեղ վերջնականապես կջախջախենք վիրավոր գազանին»:

Սևաստոպոլի համար մղած հերոսամարտերում դիվիզիան գործում էր երրորդ լեռնահրաձգային կորպուսի կազմում: Մարտական դիրքեր գրավելով Բալակլավայի շրջանում՝ նա խնդիր էր ստացել պատրաստվելու հարձակման Գորնայա լեռան ուղղությամբ: Մայիսի 7-ին ամբողջ ռազմաճակատով սկսվեց Սևաստոպոլի ահեղ գրոհը: Մոբիլիզացնելով վերջին ուժերը՝ թշնամին կատաղի դիմադրում էր, բայց նրան փրկություն չկար: Կարմիր բանակի զորքերը ծանր մարտերով, սակայն հաղթական առաջ էին շարժվում՝ թշնամուն սեղմելով ծովին:

Այդտեղ էր նաև գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ գործող հայկական դիվիզիան: Երրորդ կորպուսի 318-րդ և 242-րդ դիվիզիաները, ճեղքելով թշնամու պաշտպանության առաջին գիծը, դժվարանում էին առաջ ընթանալ: Նրանց օգնելու համար կորպուսի հրամանատարությունը գործողության մեջ մտցրեց 89-րդ հայկական դիվիզիան: Հրետանու և ականանետների համազարկերից հետո մեր հրաձգային դիվիզիայի 526-րդ և 390-րդ գնդերն անցան գրոհի և սկսեցին արագորեն բարձրանալ Գորնայա բարձունքի հարավարևելյան ստորոտը: Դրանից հետո ամբողջ ռազմաճակատում մարտերը բռնվեցին նոր, ավելի մեծ կատաղությամբ:

Հայկական դիվիզիայի զինվորների ու սպաների բացառիկ հերոսության և հրամանատար Նվեր Սաֆարյանի կամքի շնորհիվ օրվա վերջին դիվիզիային հաջողվեց գրավել Գորնայա լեռը, որը համարվում էր Սևաստոպոլի բանալին: Այս մարտերում ևս հայ ռազմիկները ցուցաբերեցին զանգվածային հերոսություն։ Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Սիմոն Բաղդասարյանը, ղեկավարելով գրոհող ջոկատը, համարձակ առաջ տարավ թշնամու դեմ, մեծ հաջողությամբ կատարեց մարտական խնդիրը, գերեվարեց բազմաթիվ ֆաշիստների: Դասակի հրամանատարի օգնական, ավագ սերժանտ Այդին Հարությունյանի դասակը համարձակ, սրընթաց գրոհով անցավ հակառակորդի թիկունքը, ոչնչացրեց մի շարք կրակակետեր, ապահովեց մեր ստորաբաժանումների առաջընթացը՝ առանց մեծ կորուստների: Մարտերում աչքի ընկան նաև հրաձգային ջոկատի հրամանատարներ, ավագ սերժանտներ Վարդգես Ռոստոմյանը, Հարություն Մկրտչյանը, հրաձգային դասակի հրամանատար, լեյտենանտ Խորեն Խաչատրյանը: 1945 թ. մարտի 24-ին նրանց շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:

1944 թ. մայիսի 10-ին Խորհրդային բանակն ազատագրեց Սևաստոպոլը, իսկ մայիսի 12-ին՝ Խերսոնես հրվանդանը, որտեղ գործում էր նաև 89-րդ դիվիզիան: Այստեղ Թամանյան դիվիզիան գերեվարեց ավելի քան 3000 ֆաշիստական զինվորի և սպայի, գրավեց մեծ քանակությամբ ռազմական ավար: Սևաստոպոլի ազատագրության համար մղված մարտերում հայ ժողովրդի զավակների քաջագործությունները մեծ գնահատանքի արժանացան. դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով, իսկ նրա 390-րդ և 400-րդ գնդերն արժանացան Սևաստոպոլյանի կոչմանը: Հարյուրավոր ռազմիկներ պարգևատրվեցին կառավարական շքանշաններով և մեդալներով: Սևաստոպոլի ազատագրումով ռազմաճակատը Ղրիմից հեռացավ մի քանի հարյուր կիլոմետրով:

Մինչև 1944 թ. օգոստոսը Թամանյան դիվիզիան մնաց Ղրիմում: Այդ ժամանակ Խորհրդային բանակի՝ որոշ ռազմաճակատների զորքերն անցել էին պետական սահմանը և եղբայրական օգնության ձեռք մեկնել ֆաշիզմի լծից իրենց ազատագրության համար պայքարի դուրս եկած Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի և Հարավսլավիայի ժողովուրդներին:

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Թամանյան դիվիզիան Ղրիմից փոխադրվեց առաջին բելառուսական ռազմաճակատ, նախ՝ Բրեստի, ապա լեհական Լյուբլին քաղաքի մոտ։ Մինչև 1945 թ. սկիզբը մնալով այստեղ, նա պատրաստվում էր նոր մարտերի: Այդ մարտերն սկսվեցին հունվարի 12-ից, երբ ամբողջ խորհրդա-գերմանական ռազմաճակատի լայնությամբ Կարմիր բանակն անցավ վիթխարի հարձակման: Վիսլայի ձախ ափի պլացդարմներից սկսելով հարձակումը, ռազմաճակատի զորքերը ճեղքեցին թշնամու պաշտպանության ամուր պատնեշները, մեծ արագությամբ շարժվեցին դեպի արևմուտք՝ ազատագրելով լեհական քաղաքներն ու գյուղերը, միլիոնավոր լեհական ու խորհրդային քաղաքացիների:

Դեռևս հարձակման նախօրյակին Թամանյան դիվիզիան իր ամբողջ կազմով փոխադրվել էր Ռադոմ քաղաքի մոտ եղած պլացդարմը: Այստեղ մասնակցելով հարձակմանը՝ ռազմաճակատի մյուս զորամասերի հետ նա արագությամբ առաջ էր շարժվում: Հանգիստ չտալով իր հատվածում գործող հակառակորդի զորքերին՝ ձմեռային դժվարին պայմաններում դիվիզիան օրական անցնում էր 40-50 կմ՝ շատ հաճախ մարտի բռնվելով նահանջող թշնամու զորքերի հետ: Հունվարի 29-ին դիվիզիայի զորամասերը մարտերով անցան Գերմանիայի սահմանը: Կրնկակոխ հետապնդելով թշնամուն՝ նրանք փետրվարի 16-ին Ֆրանկֆուրտ քաղաքից 3,5 կմ հարավ գետանցում են Օդերը և հենակետ գրավում գետի ձախ ափին: 2,5 կմ երկարություն ու 700-800 մ խորություն ունեցող այդ ճահճոտ և ավազոտ հողակտորը, որն ուներ կարևոր մարտավարական նշանակություն, դիվիզիայի անձնակազմը հերոսաբար պաշտպանեց մինչև ապրիլի 16-ը: Այս մարտերում աչքի ընկան դիվիզիայի հազարավոր մարտիկներ, որոնք պարգևատրվեցին կառավարական շքանշաններով և մեդալներով:

Ապրիլի 16-ի վաղ առավոտյան մեր զորքերն սկսեցին վճռական գրոհը դեպի Բեռլին: Առաջին բելառուսական ռազմաճակատի մոտ 20 հազար հրանոթներն ու ականանետները մրրկային կրակ թափեցին թշնամու դիրքերի վրա: Այդ կրակի տակ առաջ էին շարժվում 3000-ից ավելի խորհրդային տանկեր: Թշնամու մոտակա և հեռավոր դիրքերն անընդմեջ ռմբակոծում էին հազարավոր ինքնաթիռներ: Չնայած այդպիսի կործանիչ կրակին, գործադրելով վերջին ճիգերը, թշնամին դիմադրում էր, չէր նահանջում, և կոտրելով հակառակորդի կատաղի դիմադրությունը՝ մեր զորամասերն առաջ էին ընթանում: Թամանյան դիվիզիայի առաջ խնդիր էր դրված գրավել Ֆրանկֆուրտ քաղաքը: Ապրիլի 23-ին՝ մոտ մեկ շաբաթ տեղի ունեցած կատաղի մարտերից հետո, Ֆրանկֆուրտը գրավված էր: Դրանից հետո Թամանյան դիվիզիան խնդիր ստացավ արագորեն շարժվել դեպի Բեռլին: Կարմիր բանակի բազմաթիվ դիվիզիաների կազմում այն միակ ազգային դիվիզիան էր, որ գրոհեց Բեռլինի վրա: Դիվիզիայի անձնակազմը մեծ ուրախություն էր ապրում հաղթանակի դրոշը Ռայխստագի վրա բարձրացնելու պատվավոր խնդիրը Երրորդ հարվածային բանակի միավորումներին հանձնարարված լինելու առիթով, որոնց թվում էր նաև 89-րդ դիվիզիան:

Ապրիլի 29-ին հայկական դիվիզիան մտավ մարտերի մեջ: Դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանների շնորհիվ հարձակվող զորամասերը շեշտակի հարվածներ էին հասցնում թշնամուն: Գործելով գրոհային ջոկատներով՝ դիվիզիան համառ մարտերով առաջ էր շարժվում դեպի Բեռլինի կենտրոն և հընթացս Հումբոլդ-Հայն այգու շրջակայքում հանդիպեց հակառակորդի պաշտպանական երկաթբետոնե հզոր ամրություններ ունեցող բերդի կայազորի կատաղի դիմադրությանը: Մայիսի 2-ին ամրոցի կայազորն անձնատուր եղավ. դիվիզիայի զորամասերը գերի վերցրին 5112 զինվորի ու սպայի, գրավեցին  հարուստ ավար:

Բեռլինի գրավման մարտերում ցուցաբերած սխրանքների համար Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թ. մայիսի 28-ի հրամանագրով պարգևատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով՝ դառնալով եռակի շքանշանակիր: Դիվիզիայի հազարավոր մարտիկների կրծքերը զարդարվեցին մարտական նորանոր շքանշաններով ու մեդալներով: 400-րդ գնդի գումարտակի հրամանատար Հրանտ Բաբայանն արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչմանը: Բեռլինի գրավումից հետո, առանց դադարի, ռազմաճակատի մյուս զորամասերի հետ Թամանյան դիվիզիան շարժվեց դեպի արևմուտք և Մեծ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, դիմավորեց հեռավոր Էլբայի ափերին:

Այսպիսին էր լեգենդար Թամանյան 89-րդ Կարմրադրոշ, Կուտուզովի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի անցած մարտական ուղին: 1942 թ. օգոստոսի 8-ից մինչև 1945 թ. մայիսի 9-ը դիվիզիան անցավ 7250 կմ, որից 3640-ը՝ համառ մարտերով: Այդ ընթացքում դիվիզիան ֆաշիստական զավթիչներից ազատագրեց ավելի քան 900 բնակավայր և 30 քաղաք: Մարտական գործողություններ ամբողջ ընթացքում դիվիզիայի 12000 մարտիկներ ու սպաներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով: Նրանցից ինն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչմանը, իսկ ութը դարձան Փառքի շքանշանի բոլոր աստիճանների լրիվ ասպետներ: Իհարկե, դիվիզիայի մարտական ուղին հեշտ ու հանգիստ չի եղել: Այն կապված է եղել բազմաթիվ դժվարությունների ու ծանր մարտերի հետ, որոնց ընթացքում, թեև մեծ վնասներ պատճառելով հակառակորդին, Թամանյան դիվիզիան ունեցել է նաև կորուստներ: Հանուն մեր մեծ հաղթանակի հերոսաբար իրենց կյանքը զոհաբերել են հայ ժողովրդի շատ զավակներ, որոնց միշտ կհիշի հայ ժողովուրդը:

Պատերազմից հետո Թամանյան դիվիզիայի հրամանատարներն էին գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը (1946-1951-ի հունվար), Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը (մինչև 1952-ի սեպտեմբեր), գեներալ-մայոր Սերգեյ Միանսարովը: Դիվիզիան գոյատևեց մինչև 1956 թվականը:

 

ՆԱՐԻՆԵ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության

թանգարանի ավագ գիտաշխատող

Խորագիր՝ #9 (1380) 10 ՄԱՐՏԻ 2021 - 16 ՄԱՐՏԻ 2021, Պատմության էջերից


11/03/2021