Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒԺԸ



ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒԺԸՕրերս Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոների կապակցությամբ անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված հայ զինվորին: Ցուցահանդեսում տեղ էին գտել 52 հեղինակների աշխատանքներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ միջոցառումը մեր բանակին աջակցելու նպատակ ուներ: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև կապիտան Գևորգ Սահակյանի աշխատանքները:

-Նկարել եմ Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի և Արթուր Սուքիասյանի դիմանկարները: Ինձ ոգևորել էր նրանց անցած ուղին, նրանց հերոսական կերպարը: Ալբերտն էլ, Արթուրն էլ կատարել են իրենց առջև դրված խնդիրները և ընկել հերոսի մահով,- նշում է նկարիչը:- Ալբերտի մի քանի նկար, տեսանյութ դիտելով էլ յուրաքանչյուրը հասկացել է նրա նվիրվածությունը, պայքարելու վճռականությունը: Ալբերտը, կարծես, զինվորի խորհրդանշական կերպար է դարձել:

Արթուրն էլ ոչ պակաս մարտական ուղի է անցել. պատերազմի օրերին Արթուրը վիրավորվել է, մեկ-երկու օր հոսպիտալում մնալուց հետո գնացել է միանալու կռվող ընկերներին, բայց այս անգամ հետ չի եկել… Ի դեպ, դիմանկարն արել եմ հոսպիտալում արված նրա վերջին լուսանկարից: Ծանոթները պատմում են, որ Հայրենիքին, ժողովրդին ծառայելն էր նրա ցանկացած գործողության հիմքում: Ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը, Մոնթեի և Նժդեհի գաղափարակիրն էր: Ծառայության ընթացքում զանգել  է հարազատներին, ասել է՝ գնացեք Եռաբլուր, Մոնթեի գերեզմանի շուրջը մաքրեք:

Արևելյան մարտարվեստների սիրահար Արթուրը 15 տարեկան հասակում ադրբեջանցու է հաղթել, ինչով շատ հպարտ էր: Բարեկամական հարաբերություններ է ունեցել մարզիկներից շատերի հետ: Իմանալով Արթուրի զոհվելու մասին` Հայաստանում 2017 թ. անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը իր ոսկե մեդալը՝ որպես հարգանքի տուրք, նվիրել է Արթուր Սուքիասյանի ընտանիքին, որի հետ հանդես են եկել մի շարք առաջնություններում։

Ալբերտի և Արթուրի դիմանկարներն անելով հույս եմ ունեցել, որ ավելի շատ մարդիկ կիմանան մեր զինծառայողների սխրագործությունների մասին, նրանց օրինակով շատերը կդառնան Հայրենիքի իսկական նվիրյալներ:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒԺԸԿապիտան Գևորգ Սահակյանը զինված ուժերում է 2012 թվականից: Պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում հասկացել է, որ սիրում է զինվորական գործը և այժմ իր ուրույն և պատասխանատու ծառայությունն է իրականացնում զորամասերից մեկում: Երբևէ չի առանձնացրել նկարչությունն ու ծառայությունը, իր կարծիքով դրանք փոխլրացնում են միմյանց, օգնում ավելի ճիշտ և ստեղծագործ լուծումներ գտնել ցանկացած իրավիճակում: Զորամասում նա զինվորական է, իսկ զորամասից դուրս, ազատ ժամերին՝ նկարիչ:

Մանկուց սիրել է նկարել: 6-7 տարեկանում նկարիչ հորեղբոր գործերն է տեսել, գտել նկարչական պարագաներ ու սկսել նկարել: Նկարչությունը դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը, ոգեշնչման աղբյուրը: Մասնագիտական հիմնավոր կրթություն է ստացել Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում: Սովորելուն զուգահեռ անընդհատ նկարել է, դասերից հետո դասախոսների հետ մասնակցել քննարկումների: Ընկերների հետ միասին ծանոթացել է ստեղծագործական տարբեր ուղղությունների և մոտեցումների, ձևավորել որոշակի ոճ:

-Մանկավարժականն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ արվեստաբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Ավարտական թեզը որոշել էի գրել Մինաս Ավետիսյանի` իմ ամենասիրելի նկարչի մասին: Հետո իմացա, որ շատերն են գրում նրա մասին, նաև Մարտիրոս Սարյանի, ու արդեն հարց առաջացավ՝ այդքան հայտնի մարդկանց մասին ի՞նչ նոր բան պիտի գրեմ, որ լինի տարբերվող, հետաքրքիր: Թեզիս թեման փոխեցի, լուսանկարչության պատմության շրջանակում անդրադարձա Յուրի Մեչիտովին, որը եղել է Փարաջանովի լուսանկարիչը: Մեչիտովի մասին նյութեր հավաքելով՝ ճանաչեցի նաև Փարաջանովին: Նրա աշխատանքներով ոգեշնչված` իմ նկարներում կոմպոզիցիոն տարբեր լուծումներ փորձեցի գտնել, նկարել նաև աբստրակցիոնիզմի ոճով, որը ստեղծագործելու, ընկալումների լայն հորիզոն է բացում:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒԺԸ2019 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ եմ: Հիմա էլ շարունակում եմ նկարել, նոր գաղափարներ իրագործել: Չեմ կարող ասել, որ գտել եմ իմ ուրույն ոճը, ձեռագիրը, դեռ ստեղծագործական փնտրտուքի մեջ եմ: Այժմ կենտրոնացել եմ դիմանկարների վրա, այս պահին դա է իմը, բայց այդ ուղղության մեջ էլ փորձում եմ թարմություն մտցնել: Սկսել եմ մինիմալիստական ոճով` սպիտակ թղթի վրա սևով նկարելուց, հետո գրքի թերթի վրա եմ աշխատել և այլն:

Ես լսում եմ բոլորի խորհուրդները, հատկապես վաստակաշատ նկարիչների, հետևություններ եմ անում: Ավագ ընկերներից մեկի մոտ պարբերաբար քննարկումներ ենք կազմակերպում, դրանք մեծապես նպաստում են իմ մասնագիտական աճին, որովհետև ստեղծագործողը չի կարող պարփակվել միայն իր ընկալման կաղապարի մեջ, նա պետք է լսի տարբեր կարծիքներ, համադրի դրանք և կարողանա իր համար օգտակարը քաղել: Հենց այս նպատակով էլ մինչև անցած տարի «Մի նկարի պատմություն» խորագրով հանդիպում-քննարկումների էի մասնակցում, ունենում նաև անհատական ցուցահանդեսներ և ուշադիր լսում պատահական այցելուների գնահատականները:

Կապիտան Սահակյանն իր աշխատանքներում ռազմական թեմայի մինչև վերջերս չէր անդրադառնում: Իր հույզերն ու ապրումները վրձնի միջոցով փոխանցող զինվորականը պատերազմի 44 օրերին ընդհանրապես չի նկարել: Ալբերտի և Արթուրի դիմանկարներից հետո գուցեև զինվորական թեմաներով ստեղծագործելը շարունակական լինի: Իր ապագա ծրագրերի մասին ասում է.

-Երկու զինվորի եմ առայժմ նկարել: Ցուցահանդեսի ժամանակ դրական շատ գնահատականներ լսեցի և ոգևորվեցի: Սակայն այս ուղղությունը շատ ավելի լուրջ մոտեցում է պահանջում: Ես պետք է մանրամասներ իմանամ, ճանաչեմ այն մարդուն, որի դիմանկարը վրձնում եմ, որ կարողանամ ավելի ազդեցիկ և խոսուն ներկայացնել կտավի հերոսին: Կարծում եմ՝ առաջիկայում մեր քաջարի զինվորներին ու սպաներին պատկերող նոր նկարներ կվրձնեմ։ Նրանց ծառայությամբ ես ստեղծագործելու ուժ եմ ստանում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #8 (1379) 03 ՄԱՐՏԻ 2021 - 09 ՄԱՐՏԻ 2021, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/03/2021