Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 62



ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 62Եկեք շրջենք մեր Հայրենիքի սահմաններով, մեր աշխարհագրական գիտելիքները հարստացնենք նոր տեղանուններով: Համակվենք  խրամատներով գոտեւորված մեր Երկրի հերոսական թրթիռներով: Շրջենք հայ ժողովրդի արժանապատվության ակունքներից ծնված տղերքի արյան արահետներով եւ փորձենք ճանաչել նրան, ում այսօր ունենք որպես Հայոց ազգային բանակի առաջնորդ: Վազգեն Սարգսյանը այնտեղ է, ուր սկսվում եւ չի ավարտվում մեր ժողովրդի կենսագրությունը: Վազգենին անքուն զինվորի հոգնության մեջ փնտրեք, թշնամու  ինքնաթիռը հալածող հրթիռի սլացքի մեջ փնտրեք, իր վշտի մեջ  վեհապանծորեն տեղավորվող որդեկորույս մոր հպարտության մեջ:  Վազգենը այնտեղ է, ուր վերջանում են ճառերը, եւ սկսվում է գործը, այնտեղ է, ուր  անզոր են բանսարկուները, եւ ավելորդ` փափկակենցաղները:

 Վազգեն Սարգսյանը 62 տարեկան է…

 Մնայունը Հայաստան աշխարհն է, այն, ինչը իր եւ մեզ համար ամեն վայրկյան հայտնագործում եւ նվաճում է Հայ զինվորը:

«Զինուժ» Մեդիա»

 

«Հայ ժողովուրդը համազգային սխրանք է գործել, եւ անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերածը»:

♦♦♦

«Պատմությունն այսօր  մեզ հրաշալի հնարավորություն է ընձեռել վերհիշելու մեր նախնյաց փառքը, հասնելու ժամանակի գնացքին: Ավելին, մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին: Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, եւ 21-րդ դարը մերն է լինելու»:

♦♦♦

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա»:

♦♦♦

«Հայոց ազգային բանակը, որ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, պատրաստ է դառնալ մեր միասնականության խարիսխը»:

♦♦♦

«Վերջապես ես վախենում եմ բոլոր չվախեցողներից` անտարբերներից, արկածախնդիրներից, ժողովրդի բոլոր հնարավոր «փրկիչներից»:

♦♦♦

Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 62 տարեկան։ Արդեն 22 տարի նա իր երկրում ապրում է ոգեղեն ներկայությամբ՝ որպես հաղթանակի շունչ ու փայլ, որպես Սպարապետ հայոց նորագույն պատմության…

♦♦♦

Որ մեծագիր Սպարապետը մեր օրերում մեր կողքին իրոք կայացել էր, որ հանձին նրա մենք մեզանում մեր մսից ու արյունից հունցած արտասովոր մեկն ունենք, մեկը՝ որ օրհասի հանդիման մեր կասկածն ու տագնապը մեզնից բոլորից ամենախորն էր թաքցնում, մեկը՝ որ մեր վհատության ու անկման խորատի տեղ հույսի, հավատի ու վստահության բարձունքն էր հառեցնում…։ Այդ զգալի էր եւ իր կենարար ողջությամբ, բայց առավել քան զգալի է այսօր՝ իր սպանիչ բացակայությամբ, երբ մեր յուրաքանչյուրի ու հանուրի ընթացքին տարտամ շփոթ է ներքաշվել, երբ մեր բոլորի հորիզոնը կրճատվել է ամբողջ փարսախներով, երբ այսօրվա ու վաղվա միջեւ կանգնած ենք մեր հասակների ոչ այն շիտակ պահվածքով, ինչպես կանգնած էինք կորովի իր ներկայությամբ։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

♦♦♦

Կորուստն անփոխարինելի է։ Զբաղեցնելով բարձր պաշտոն՝ նա չդարձավ պաշտոնյա, սովորական ֆունկցիոներ, նա մեծ հայ էր, որ գործում էր մեր արմատների՝ հեռուներից լսվող կանչի թելադրանքով։

Երկրի մարմնի հիմնական միջուկը բանակն է, որի ծնողն ու դայակը դարձավ Վազգեն Սարգսյանը… Նրա հոգին կենդանի է այսօր եւ շարունակելու է կրել մեր արժանապատիվ գոյության շինությունը։

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Խորագիր՝ #08 (1379) 03.03.2021 - 09.03.2021, Ճակատագրեր


04/03/2021