Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ



ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸԾնողների հպարտությունը, հույսն ու ապավենը իրենց զավակներն են: Երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ են մեծացնում: Մկրտչյանների ընտանիքը հպարտանալու տեղ ունի. կիրթ ու առաքինի, մեծի հարգն իմացող, հայրենապաշտ որդիներ են դաստիարակել:

Ավագ որդին՝ Էդգարը, պատերազմի բովով է անցել, տանկի հրամանատար էր, կռվել  է ամենաթեժ հատվածներից մեկում: Էդգարը մինչեւ բանակ գնալը ֆուտբոլով էր զբաղվում,  խաղում «Էրեբունի» թիմում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին եւ մեկ կիսամյակ անց զորակոչվեց: Բանակ գնաց մանկության ընկերոջ՝ Սմբատի հետ, նույն օրը: Ու թեեւ տարբեր զորամասերում էին ծառայում, բայց հաճախ էին իրար զանգում: Երբ ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնացել, միասին քննարկում էին, թե զորացրվելուց ինչ անակնկալ մատուցեն տնեցիներին: Դեռ չգիտեին՝ ճակատագիրը նրանց համար ինչ «անակնկալ» է  պատրաստել…

…Էդգարը ծառայում էր հեռավոր զորամասում, ծառայությունն էլ իր սովորական հունով գնում էր, մինչ չարագույժ սեպտեմբերի 27-ը…

Առավոտյան ճաշարանի ճանապարհին էին, երբ երկնքում հակառակորդի երկու անօդաչու հայտնվեց, ու  քիչ անց սկսվեց դժոխքը… Կրակի հեղեղ էր թափվում, թշնամին ինչ տրամաչափի զինատեսակից ասես չէր կրակում: Վիրավորներ, զոհեր…Դեռ երեկ այդ տղաների հետ ասում-խոսում-ծիծաղում էին, իրար հոգու հետ խաղում…

Չմարող կրակատարափի տակ ողջ մնալը հրաշքին հավասարազոր էր, արդեն հաշտվել-համակերպվել էին մահվան հետ, մահից չէին վախենում այլեւս, բայց մտածում էին՝ կյանքից հնարավոր րոպեներն էլ պոկեն, որ հասցնեն զոհված ընկերների վրեժը լուծել…

♦♦♦

ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ-Վաշտի տանկերից մեկը խոցվել էր, մեր խրամատի մեջ մարդիկ էին նշմարվում,  բայց ստույգ չգիտեինք՝ թշնամու զինվորներն էին, թե խփված տանկի անձնակազմը,- պատերազմական օրերից դրվագներ է հիշում Էդգարը:- Վաշտի հրամանատարի տանկն առաջ անցավ՝ շարժվելով այդ ուղղությամբ: Պարզվեց՝ թշնամու մեծ խմբաքանակ արդեն մեր խրամատում էր կենտրոնացել ու ամեն կերպ փորձում էր առաջ անցած տանկը շարքից հանել:

Էդգարը փամփուշտների ամբողջ պարունակությունը պարպեց այդ ուղղությամբ, որ լռեցնի հակառակորդին. վաշտի հրամանատարն ու ավագ մեխանիկը անվնաս դուրս եկան այդ հատվածից:

Փամփուշտները սպառվել էին, տանկի հետնամասում կանգնելով՝ արագ-արագ սկսեց զենքը լիցքավորել  ու հենց այդ պահին էլ ծանր վիրավորվեց ոտքից ու մեջքից:

– Եթե կանգնած չլինեի, գլխից էի վիրավորվելու ու հաստատ ողջ չէի մնա,- դառը ժպիտով նկատում է Էդգարը:

Վաշտի հրամանատարն  ու ավագ մեխանիկը, որոնց ընդամենը  րոպեներ առաջ ինքն էր իր  կրակով պահել-փրկել, իրեն վազելով հասցրին բլինդաժ…

Հոկտեմբերի 4-ը  վիրավորվելու օրն է, հոկտեմբերի 4-ը  իր երկրորդ ծննդյան օրն է…

-Հետո, ավելի ուշ իմացա, որ վաշտիս հրամանատարը՝ կապիտան Անդրեյ Ավագյանը, զոհվել է: Ապրածս կյանքի ամենատխուր օրերից մեկն էր… Մեր քաջ հրամանատարը կռվեց ու զոհվեց հերոսի նման… Ապրիլյանի մասնակից էր, «Մարտական խաչ» էր ստացել…Երբ ասում են՝ նվիրյալ զինվորական, հենց նրան եմ պատկերացնում, հրամանատարի կատարելատիպ էր՝ զինվորի հոգսուցավով ապրող, զինվորին թեւ-թիկունք: Ինքը բոլորին օգնում էր, աջակցում, նոր միայն իր մասին մտածում, իսկ կռվի ժամանակ  ո՜նց էր ոգեւորում զինվորներին, ասում էր՝ տղե՛րք, մենք հետ գնալու, նահանջելու տեղ չունենք, միայն առաջ…

Ու եթե ուժերն այսչափ անհավասար չլինեին, մենք հաստատ առաջ կգնայինք. մեր զինվորների, սպաների կռվելու վճռականությունն ու հաստատակամությունը տեսնելով՝ այլ կարծիք, համոզմունք չէիք ունենա, սակայն թշնամին անհամեմատ շատ էր մեզանից՝ թե՛ թվաքանակով, թե՛ զինտեխնիկայով, իրենց աջակցում  էր Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Արդար պայքար չէր…

♦♦♦

Էդգարին Հադրութում վիրահատեցին, հետո տեղափոխեցին Երեւան՝ Միքայելյանի անվան հիվանդանոց… Վիրավորվելու մասին միայն  ընկերոջն էր ասել, պատվիրելով՝ մերոնց բան չասես:

-Պատերազմի օրերին էլ ոչինչ չէր ասում, զանգում էր,  ասում՝ լավ եմ, ու արագ անջատում, որ  հանկարծ կրակոցների ձայնը չհասցնենք լսել,- պատմում է զինվորի մայրը՝ մանկավարժ Նաիրա Այվազյանը:- Սրտատրոփ, անհամբեր  սպասում էինք ամեն զանգին, ամեն նյարդով որսում  ձայնի ամեն ելեւէջը:  Թե քանի անքուն գիշերներ ենք անցկացրել, ինձ կհասկանան միայն այն մայրերը, որոնց որդիները ճակատում էին…

Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյանի մասնակից զինվորական ամուսինն էլ՝ Միսաքը,  անընդհատ Արցախի ճանապարհներին էր:

Նաիրայի օրը բացվում  ու մթնում  էր աղոթքով՝ Ամենակարող Տեր, պահապան եղիր հայրենիքի բոլոր պաշտպաններին… Առավոտյան, հոգու տագնապները վանելով, շտապում էր դպրոց. բանակի համար քողարկիչ ցանցեր էին հյուսում, զինվորների համար ծանրոցներ պատրաստում:

– Էդգարիս վիրավորվելու օրը սիրտս մի տեսակ անհանգիստ էր, ներքին հուզումս վանելու համար անընդհատ  երգում էի ու անընդհատ նույն երգը.

Հերոս տղերքը մեր

Ելան բարձունքն ի վեր,

Զոհվել չկա, տղե՛րք…

Ե՞րգ էր, թե՞ աղոթք, աղերս՝ չգիտեմ…

Արդեն պատրաստվում էի դպրոց գնալ՝ Ուսուցչի օրն էր, ոտքս դռան շեմին, կրտսեր որդուս՝ Մարտինի  հեռախոսը զրնգաց, տղայիս այլայլված հայացքից սիրտս քիչ մնաց մարեր…

Քիչ անց արդեն շտապում էին հիվանդանոց, որոշել էր ամուսնուն  դեռ ոչինչ չասել՝ նոր էր վերադարձել Արցախից: Սակայն ամուսինն արդեն տեղյակ էր, ինքն էլ իր հերթին որոշել էր միառժամանակ   խնայել կնոջը,  ու մեկը մյուսից գաղտնի,  բայց միաժամանակ հայտնվեցին վիրավոր որդու  հիվանդասենյակի առջեւ…

-Ոտքս շուտ լավանա, նորից գնալու եմ կռվի դաշտ…

Էդգարի վճռական որոշումը ծնողներին անակնկալի չբերեց, չզարմացրեց՝ իրենց դաստիարկությունն է, իրենք հենց այդ ոգով էլ դաստիարակել են իրենց զավակներին:

-Պատերազմն ավարտվել է, լռել են զենքի ձայները, բայց պատերազմի սպառնալիքը դեռ առկա է,- ասում է Էդգարը,- մեր կողքին մեր թշնամին է, որ երբեք չի խաղաղվում, անընդհատ պատերազմներ է հրահրում: Պետք է ուժեղանանք թե՛ բանակով, թե՛ գիտությամբ, մեր ամբողջ ներուժը պետք է ներդնենք հայրենիքի հզորացմանը. ուժեղինն է աշխարհն ու իրավունքը:

-Հայոց  հողում նորից զորակոչ է,- շարունակում է պատերազմի թոհուբոհն անցած զինվորը:-  Նոր զորակոչվողներին մի խորհուրդ կտամ՝ չթերանան, լավ սովորեն զինվորական մասնագիտության ամեն մանրուքը, իսկ մաղթանքս մեկն է՝ չպակասեք, տղե՛րք….

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #6 (1377) 17.02.2021 - 23.02.2021, Բանակ և հասարակություն


18/02/2021