Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ. ՕՐ ԱՌԱՋԻՆ



Սեպտեմբերի 15-ին սկսվեց աշնանային զորակոչը։ Առաջինը հանրապետական հավաքակայան ներկայացան մայրաքաղաքի Շահումյանի, Էրեբունու, Արաբկիրի, այնուհետեւ Արարատի, Կոտայքի, Մասիսի, Նաիրիի տարածքային զինկոմիսարիատների զինակոչիկները։ Հաշվի առնելով եղանակային պայմանները` զորակոչի պատասխանատուները զինակոչիկներին տեղավորեցին ջեռուցվող սպասասրահում, որպեսզի նրանք, որքան հնարավոր է, քիչ ժամանակ անցկացնեն դրսում, չմրսեն ու չհիվանդանան։

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Զորակոչի հենց առաջին օրը հավաքակայանում աշխատանքն սկսեցին ազգային բանակի ընտրության իրավունք ունեցող եւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասերի աշխատանքային խմբերը։ Միաժամանակ, սկսվեց ազգային բանակի ուսումնական զորամասերի համալրումը։ Մինչ զինակոչիկները վերջին բուժզննման էին ենթարկվում, աշխատանքային խմբերի եւ հանձնաժողովների հետ խորհրդակցություն անցկացրեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը։ Նա ներկաներին կոչ արեց գործել կազմակերպված, լինել ծայրաստիճան ուշադիր, առաջնորդվել օրենքի, հրամանների ու ղեկավար-հրահանգների պահանջներով, հաշվի առնել զորակոչի նախապատրաստության շրջանում զորակոչի հանրապետական հանձնաժողովի անդամների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընդլայնված խորհրդակցության ժամանակ տրված ցուցումները, գլխավոր՝ տեղաբաշխման հարցում լինել արդար եւ զերծ մնալ վտանգավոր գայթակղություններից։

ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթեւոսյանը ուսումնական զորամասերի հրամանատարներին, զորատեսակների ներկայացուցիչներին կոչ արեց, որքան հնարավոր է, շուտ համալրել ուսումնական զորամասերը, առանձին մասնագիտությունների գծով վերցնել նաեւ ավագ դպրոցի ամբողջական կուրսը չավարտած, նաեւ թեթեւակի առողջական խնդրի պատճառով ոչ շարային ճանաչված տղաներին։ Գնդապետ Ի. Մաթեւոսյանը նույնպես ներկաներին կոչ արեց լինել արդարամիտ եւ թույլ չտալ օրինականության խախտումներ։

ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ գնդապետ Առաքել Մարտիկյանը պարզաբանեց այն սկզբունքները, որոնցով ավելի հեշտ կլինի առաջնորդվել եւ համալրել ուսումնական զորամասերը։ Նա ներկաներին հիշեցրեց, որ այդ զորամասերը պետք է համալրվեն մինչեւ դեկտեմբերի 24-ը, իսկ առաջադրանքը ժամանակին կատարելու համար հարկավոր է ամբողջությամբ կատարել օրվա առաջադրանքները։

ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Սխալներից զերծ մնալու համար չափազանց կարեւոր է մանդատային հանձնաժողովի աշխատանքը։ Զինակոչիկներն առաջինը հենց այս հանձնաժողովին են ներկայանում։ Այստեղ նախ բանավոր հարցումներով պարզում են` կա՞ն արդյոք միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկներ, զոհված հայր կամ եղբայր ունեցողներ, պատերազմի եւ ծառայության բերումով հաշմանդամ դարձած ծնողների երեխաներ, ամուսնացածներ, ամուսնացած եւ մեկ երեխա ունեցողներ, բարձրագույն կրթություն ունեցողներ, եղբայրներ, փախստականներ, պաշտպանամարզատեխնիկական ընկերությունում սովորած մեխանիկ-վարորդներ, BC կարգ ունեցող վարորդներ, այլազգիներ, երաժիշտներ։ Այս ամենը կարևոր է տեղաբաշխումը ճիշտ կատարելու համար։ Բանավոր հարցումներից հետո ստուգվում են նաեւ փաստաթղթերը։

ԲՈՒԺՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Զորակոչի հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահը բուժծառայության մայոր Արսեն Մելքոնյանն է։ Հանձնաժողովը համալրված է փորձառու մասնագետներով։

-Մենք ուսումնասիրում, զննում ենք բոլորի անձնական գործերը, որ պարզենք, թե զինկոմիսարիատների հանձնաժողովները եւ մասնագիտացված բուժհաստատություններն ինչ նշումներ են կատարել, զինակոչիկներն ինչ գանգատներ են ունեցել, համապատասխան հետազոտությունից հետո ինչ է պարզվել։ Միաժամանակ որոշում ենք յուրաքանչյուրի արյան խումբը, կատարում ենք ֆլյուորոգրաֆիա, պարզում` կա՞ն, արդյոք, սեռավարակային հիվանդություններ, կատարում ենք պատվաստումներ տասնյակ հիվանդությունների դեմ։

ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ

Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ գնդապետ Գագիկ Հարությունյանը դեռ առավոտից է հեռախոսակապով հետեւում զինկոմիսարիատների աշխատանքին, հսկում գործընթացը։

-Գաղտնիք չէ, որ հանրակրթական դպրոցներում մտցված տասներկուամյա կրթության պատճառով մենք որոշ դժվարությունների առաջ ենք կանգնել, բայց բանակը դրանից չի տուժի, քանի որ արդեն մեծացել է պայմանագրային զինծառայողների թիվը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ենթակա են զորակոչի եւ տարկետման իրավունք չունեն, կզորակոչվեն,- ասաց գնդապետը։

Նա նաեւ նշեց, որ զինկոմիսարիատներում կատարված են նախապատրաստական բոլոր աշխատանքները, եւ առաջադրանքները կյանքի կոչելու հարցում չկա որեւէ խանգարող հանգամանք։ Գնդապետ Գ. Հարությունյանը նաեւ ասաց, որ չկա որեւէ դիմում` այլընտրանքային ծառայության համար։

-Պետք է զորակոչն անցկացնենք կազմակերպված, արագ, արդար ու թափանցիկ։

ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության բաժնի պետ գնդապետ Ա. Բաղդասարյանն ասաց.

-Զորամասերի հրամանատարները զեկուցել են, որ պատրաստ են նորակոչիկներին ընդունել, հանդերձավորել, տեղավորել եւ ուսումնական գործընթացը կազմակերպել։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այսօրվանից բանակն անցնում է ձմեռային համազգեստի, եւ նորակոչիկները միանգամից տաք հագուստ կստանան։

Գնդապետ Ա. Բաղդասարյանն ասաց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս զորակոչին, մինչեւ վերջին պահը ոչ ոք (նաեւ իրենք) չի իմանա, թե տվյալ օրը որ զորամասերն են համալրվելու, իսկ տեղաբաշխումը կատարվելու է կոլեգիալ կերպով։

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՊԱՀՈՎ ԵՆ

Հավաքակայանում ռազմական ոստիկանության աշխատանքային խումբը ղեկավարում է ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության ավագ սպա մայոր Արթուր Բաբայանը։ Նա հայտնեց, որ զինակոչիկներին զորամասեր տեղափոխող ավտոբուսները ենթարկվել են տեխզննման եւ գտնվում են լավ վիճակում, իսկ ճանապարհներն անցանելի են, ապահով ու տեղափոխման գործընթացը գտնվելու է ՌՈ տարածքային ստորաբաժանումների հսկողության տակ։

ՏՐԱՄԱԴԻՐ ԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

Զրուցեցինք Արաբկիրի զինկոմիսարիատից զորակոչված Սուրիկ Հովնանյանի, Իսահակ Մելքոնյանի, Արման Եփրեմյանի, Էդգար Մանգասարյանի եւ Թոմ Հարությունյանի ու նրա մայրիկի՝ տիկին Լիլիթի հետ։

Բոլորն էլ ասացին, որ պատրաստ են ծառայության։ Էդգարը նշեց, որ ինը տարեկանից ապրել է ՌԴ Վլադիկավկազ քաղաքում, Հայաստան է վերադարձել զինվորական պարտքը կատարելու համար։ Սուրիկն ասաց, որ աշխատել է «Արայ» ֆիրմային խանութում։ Պարզվեց` Արմենը սովորում է քոլեջում, տեխնիկ ծրագրավորող է, նաեւ բջջային հեռախոսներ է նորոգում, իսկ Իսահակն էլ քանդակագործ է, փորագրող ու կահույքագործ, Ռոմը բժշկական ուսումնարանում ատամնատեխնիկի մասնագիտություն է սովորում։ Նրա մայրը՝ տիկին Լիլիթն ասաց.

-Թովմասս միակն է մեր տանը, ուղղակի սրտի թրթիռով եմ ճանապարհում, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, լավ կծառայի։ Որպես մայր` ես մեր բոլոր զինվորներին ցանկանում եմ առողջություն ու բարի ծառայություն։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/11/2011