Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԸ ԱՂԱՎՆՈՅԻ ՀՈՎՏԻՑ



ՀԵՐՈՍԸ ԱՂԱՎՆՈՅԻ ՀՈՎՏԻՑԱրցախյան 2020 թ. պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից հայրենիքը պաշտպանելիս զոհվեցին 40-ից ավելի քաջեր, կան 3 տասնյակից ավելի անհետ կորած տղաներ, ավելի շատ են վիրավորները։ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրը շատ քաշաթաղցի կամավորներ էին պատրաստ  մեկնելու առաջնագիծ, ժամանակին զինկոմիսարիատ էին ներկայացել պահեստազորայինները, ովքեր ստացել էին ծանուցագիր։ Շրջանի Աղավնո գետի հովտից տղաներն առաջիններից էին, որ մեկնեցին ճակատ։ Նրանց շարքերում էր նաև մոշաթաղցի Գոռ Հակոբի Գասպարյանը։

Երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, ՀՀ տարբեր մարզերից շատ ընտանիքներ եկան այստեղ։ Մասնագիտությամբ նկարիչ ու շինարար Հակոբ Գասպարյանն այդ ժամանակ ուներ 3 զավակ և ընտանիքով այստեղ եկավ 1995 թվականին՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան քաղաքից։ Գոռը 2 տարեկան էր, ծնվել է 1993 թ. հոկտեմբերի 20-ին։ Մոշաթաղում շուտով սկսեց գործել հանրակրթական դպրոցը, որտեղ սկսեց աշխատել Հակոբը՝ որպես կերպարվեստի ուսուցիչ։ Մոշաթաղում ծնվեցին մյուս 4 զավակները՝ Ագապին, Ալինան, Սոնան և Գագիկը։ ԱՀ կառավարությունը բազմազավակ ընտանիքի համար նոր տուն կառուցեց: Մեծ ու իսկական հայի գերդաստանում մեծացավ Գոռը՝ հայրենասեր, բարի, բոլորի կողմից սիրված: Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի անունը կրող դպրոցում կրթություն ստանալուց հետո՝ 2011-ին, Գոռը զորակոչվեց Հայոց բանակ և զորացրվեց 2013 թ.: Կարգապահ զինվոր էր, և զորամասի հրամանատարության կողմից արժանացել է պարգևների, շնորհակալագրերի: Նույն 2013-ին ընդունվեց Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության բաժին: Համագյուղացիներն ասում են՝ շատերին էր օգնում տարբեր հարցերով։ Սիրում էր իր երկիրը, եղբոր՝ Հրաչի  հետ  շրջում էր Մեծ Իշխանասարի ստորոտներում, Աղավնոյի հովտում, որտեղ բազում են Հայոց պատմաճարտարապետական հուշարձանները։ Ցավ էր ապրում, որ կործանման եզրին էր իրենց համայնքի տարածքում գտնվող 9-րդ դարի հրաշակերտ եկեղեցին։ Հոր և եղբայրների հետ մասնակցում էր «Հայրենասեր» հասարակական կազմակերպության ձեռնարկած դպրոցաշինական աշխատանքներին:

2016 թ. Ապրիլյան քառօրյային Քաշաթաղի շրջանից մասնակցեցին 1200-ից ավելի կամավորականներ, այդ թվում նաև Գոռը։ Շատերը տուն վերադարձան միայն հունիսի կեսերին։

Այլ էր Արցախյան նոր պատերազմը։ Քաշաթաղցիները, այդ թվում նաև Աղավնո գետի հովտի շատ բանակիչներ, պատերազմի լուրը լսելուն պես, ներկայացան Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ։ Մոշաթաղի գյուղական համայնքի տղաների հետ էր նաև Գոռ Գասպարյանը։ Նույն օրը տղերքը մեկնեցին ռազմաճակատ։ Ծնողների, երեք քույրերի, փոքր եղբոր և հայրենի հողի պաշտպանության համար 2020 թ. սեպտեմբերի 30-ի երեկոյան Ջաբրայիլի 101-րդ դիրքում՝ Մայր Արաքսի ափին ընթացող թեժ մարտերի ժամանակ զոհվեց մոշաթաղցի Գոռ Գասպարյանը:

«Եղբայրս՝ Գոռը, 2 տարով մեծ է ինձանից։ Մենք դեռ մանկուց թև ու թիկունք էինք միմյանց։ Հիշում եմ՝ փոքր ժամանակ շատ էինք կռվում, բայց հաջորդ վայրկյանին գրկում իրար և մոռանում եղածը։

Մանկուց ոտքերի հետ կապված առողջական խնդիր ուներ, չէր կարողանում քայլել։ Երկար տարիներ բուժվեց և կարող էր բանակից ազատվել, սակայն ինքնակամ՝ դիմումի համաձայն, գնաց բանակ։ Ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ)։ Երբ լրացավ 18 տարիս, և պետք է գնայի բանակ, իմ ցանկությամբ ծառայության անցա եղբորս զորամասում, բայց՝ տարբեր վաշտերում էինք։ 2 տարի ծառայեցինք հայրենիքին ու վերադարձանք տուն։

2016 թվականի ապրիլին, երբ սկսվեց պատերազմը, մեր տանից ծանուցագիր էր ստացել Գոռը։ Բայց մինչ ծանուցագիր ստանալը, նա արդեն գնացել էր զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ։ Ես նույնպես կամավոր գնացի՝ եղբորս կողքին լինելու։ Պատերազմն ավարտվեց, վերադարձանք տուն։

Ցավոք, խաղաղությունը երկարատև չեղավ։ Ես գյուղում չէի։ Երբ իմացա, շտապեցի Բերձոր, եղբայրս արդեն գնացել էր։ Մի քանի ժամվա տարբերությամբ ես էլ գնացի։ Ե՛վ ապրիլյանի ժամանակ, և՛ այս կռվի ժամանակ մենք կռվում էինք Ջաբրայիլում՝ տարբեր դիրքերում։ Ցավոք, եղբայրս սեպտեմբերի 30-ին զոհվեց»,- զրույցի ընթացքում ասաց Գոռի եղբայրը՝ Հրաչը։

Ցավոք, այս պատերազմում մենք կորցրինք նաև ազատագրված ու վերահայացած մեր հայրենիքի այն հատվածը՝ Աղավնոյի հովիտը՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեչք-Քաշաթաղ գավառը, որտեղ 1994-2020 թթ. հասակ առան շատ հայ երեխաներ՝ ծաղկեցնելով հայրենի երկիրը։ Նրանցից շատերը հետո կռվի ելան ու հերոսացան մարտերում…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #2 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Ճակատագրեր


21/01/2021