Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՋԵՎՈՒՄ ՆՇԱՆԴՐԵՔՆ ԷՐ…



ԱՌՋԵՎՈՒՄ ՆՇԱՆԴՐԵՔՆ ԷՐ...Երբ ծնվեց տղա առաջնեկը, հայրը նրան կնքեց հերոս քեռու անուն-ազգանունով՝ Հովհաննես Ալիշյան: Փոքրիկը ազգուտակի  ուրախությունն էր…Տղան հասակ էր առնում, և ինչպես հերոսի մայրը՝ տիկին Հասմիկն է ասում, տարիներն այնպես անցան, որ որդու մեծանալը չնկատեցին:

Հովհաննեսը գերազանց առաջադիմությամբ ավարտեց դպրոցը և ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժին։ Իսկ 2016 թ. նա զորակոչվեց բանակ:

Հովհաննեսը  ծառայել է սահմանային զորամասում՝ հենց առաջնագծում: Իր բարեխիղճ ու նվիրված  ծառայության շնորհիվ վայելել է ինչպես հրամանատարների, այնպես էլ ծառայակից ընկերների հարգանքը: Զորացրվել է «Քարվաճառի արծիվ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։

Ականանետորդ էր: Գերազանց էր տիրապետում իր զենքին, եւ երբ սկսվեց պատերազմը, հաջորդ օրն իսկ ներկայացավ զինկոմիսարիատ և պատրաստակամություն հայտնեց մեկնելու ռազմաճակատ։ Եվ որքան էլ մայրը, սիրելին հորդորում են մի քիչ սպասել, չէ որ առջևում շատ կարևոր, բախտորոշ իրադարձությունն է՝ նշանդրեքի արարողությունը, ոչինչ չօգնեց. որոշել էր ու…գնաց։

ԱՌՋԵՎՈՒՄ ՆՇԱՆԴՐԵՔՆ ԷՐ...– Տղաս շատ  լավ գիտակցում էր, թե ուր է գնում, ինչի համար է գնում: Եվ զարմանալի բարձր տրամադրությամբ էլ գնաց: Պատերազմի ամենաթեժ օրերին եղել է Ջրականում: Մի անգամ, երբ զանգեց, հետաքրքրվեցի՝ տղա՛ս, ո՞նց ես, ի՞նչ եք անում, պատասխանեց. «Խաղում ենք»։  Նրա պատասխանից ապշած մնացի, չկարողացա ոչինչ ասել, ու մեր խոսակցությունն այդքանով ավարտվեց: Ինքը երբեք ոչինչ չի պատմել, և մենք չենք էլ իմացել, թե ինչերի միջով է անցել, ինչ լուրջ ու դժվարին առաջադրանքներ է կատարել,- ասում է մայրը՝ տիկին Հասմիկը: Հոկտեմբերի 10-ի առավոտյան Հովհաննեսս վերջապես զանգահարեց։ Ձայնը մի տեսակ էր, և այդ մեկ րոպեում ես զգացի, որ նրա մոտ ինչ-որ բան այն չէ: Դե, մոր սիրտը ինչպես կարող է չզգալ,- արտասվախառն ու դողդողացող ձայնով պատմում է մայրը:

Հարազատները հետո են իմացել,  որ Հովհաննեսը կռվի ժամանակ վիրավորվել է ոտքերից, այդպես վիրավոր կռվել է մինչեւ վերջ, կռվել աննահանջ, այո՛, կռվել հերոսի պես:

Հոկտեմբերի 11-ին թշնամին սարսափելի գրոհ ձեռնարկեց՝ օգտագործելով ռազմական ավիացիա, զրահատեխնիկա ու հրթիռահրետանային միջոցներ: Այդ օրը Հովհաննեսը իր վերջին կռիվը տվեց… Հովհաննեսը օրհասական պահին հայրենիքին մենակ չթողեց ու հանուն հայրենիքի ընկավ հերոսի մահով…

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #2 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Ճակատագրեր


21/01/2021