Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԵՂԲԱՅՐԸ…



ԻՄ ԵՂԲԱՅՐԸ...Եղբայրս՝ Արման Ղազարյանը, ծնվել է 2001թ. սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Արմանին բոլորը ճանաչում էին որպես բարի, ազնիվ, հումորով տղա։ Նա ժամկետային զինծառայող էր և իր ծառայությունն անցկացնում էր Մատաղիսում: Կրտսեր սերժանտի կոչում էր ստացել, ապա նշանակվել  գնդացրորդների ջոկի հրամանատար: Արմանը լուրջ հաջողություններ ուներ սպորտի ոլորտում, հունահռոմեական ըմբշամարտիկ էր, բազմաթիվ պարգևներ ուներ, զորամասում էլ ճանաչվել էր լավագույն մարզիկ: Մատաղիսում հայտնի էր «Բարեց» մականվամբ։

Մենք Արմանի հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի քսանվեցին… Միշտ հավատով ու հույսով սպասել ենք, որ Արմանը կվերադառնա ողջ և առողջ…

Եղբայրս հերոսաբար զոհվել է հենց սեպտեմբերի քսանյոթին: Մինչև զnհվելը նա քաջաբար կռվել է վեց ժամ, nչնչացրել մի քանի տասնյակ թշնամի ու անառիկ պահել իրեն վստահված դիրքը…

2020 թվականը ամենադաժան տարին էր. ինձնից խլեց իմ ամենաթանկին՝ եղբորս: Իմ ծնողները իրենց երեխաներին սովորեցրել են ապրել՝ գնահատելով ունեցածը, արդար քրտինքով, մարդկանց օգնելով ու կարեկցելով։ Այս ամենը սովորել էր նաև եղբայրս, նա ամենաբարին էր, ամենաարդարը, կեղծավորություն չհանդուրժող, դժվարությունները լուռ հաղթահարող։ Պատերազմը բացահայտեց նաև եղբորս հայրենասիրությունը, քաջությունն ու անձնազոհությունը…

ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #2 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Ճակատագրեր


21/01/2021