Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԺԱՄԱՆԱԿԸ ԶԱՏԵԼՈՒ Է ԹԵՓԸ ՑՈՐԵՆԻՑ
ԺԱՄԱՆԱԿԸ ԶԱՏԵԼՈՒ Է ԹԵՓԸ ՑՈՐԵՆԻՑ

ԺԱՄԱՆԱԿԸ ԶԱՏԵԼՈՒ Է ԹԵՓԸ ՑՈՐԵՆԻՑԺողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը դարձավ 80 տարեկան։ Մեծ արվեստագետի հետ նոր հարցազրույց անելուց առաջ վերընթերցեցի տարիների վաղեմություն ունեցող այս զրույցը, որի ուղերձներն ավելի քան ամբողջական են, արդիական ու լիարժեքորեն պատասխանում են այն հարցերին, որոնք պետք է տայի հայ երգի վարպետին:

 

– Ծնվել եմ Երեւանում: Որքան ինձ հիշում եմ, իմ ամբողջ գիտակցական կյանքի ամենակարեւոր ու ամենահրաշալի երեւույթը եղել է երգը: 7 տարեկանից հաճախել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել: Մինչեւ այսօր էլ նրանց հիշում եմ սիրով ու ջերմությամբ, կարոտով ու երախտագիտությամբ: Որպես երգիչ՝ իմ կնքահայրը եղել է Արամ Մերանգուլյանը: Հպարտ եմ ու բախտավոր, որ այսօր ղեկավարում եմ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների համույթը, որտեղ եւ սկսել եմ իմ առաջին քայլերը ու առաջին մկրտությունն եմ ստացել: Ես շատ եմ աշխատել, ոչինչ հեշտությամբ չի տրվել ինձ: Յուրաքանչյուր հաջողություն, յուրաքանչյուր նվաճում տքնանքի, ջանքի արդյունք է, անմնացորդ նվիրումի գրավական: Ես 24 տարեկանում վաստակավոր արտիստ էի, 34 տարեկանում արժանացա ժողովրդական արտիստի կոչման: Այսօր երջանիկ եմ, քանի որ ազնիվ եմ անցել ճանապարհս: Նաեւ ճակատագիրն էր բարեհաճ` հրաշալի, խաղաղ, հաշտ ու ներդաշնակ ընտանիք ունեմ: Մի խոսքով՝ վարձատրված եմ միգուցե ավելի, քան արժանի եմ:

– Ինչպե՞ս կբնութագրեք այն մշակութային մթնոլորտը, որում ստեղծագործում եք, ասել է թե` նաեւ Ձեր ավանդն ունեք դրա ձեւավորման մեջ:

– Բարեբախտություն է, որ այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հպարտանալ ու համոզված լինել, որ վաղվա սերնդի համար թողնում է հարուստ ու պատկառելի մշակութային ժառանգություն: Այսօր, ցավոք, շատ են նաեւ խոտոր երեւույթները, որոնք ժամանակի ընթացքում չորանալու-ոչնչանալու են անարմատ բույսի նման, քանի որ ակունքի զուլալ ջրերից չեն սնվում: Այդ խաթարումներն այսօր ստվեր են գցում, նույնիսկ վարագուրում են ամուր ու ճշմարիտ արժեքները: Սակայն ժամանակը զատելու է թեփը ցորենից, ու մենք պարզ տեսնելու ենք, որ շատ թեփի հետ շատ էլ ցորեն ունենք: Հայ ժողովրդի ոչ մի սերունդ ամուլ ու անպտուղ չի եղել մշակութային դաշտում, Գառնիի, Զվարթնոցի կողքին Թամանյանական արարումներն են: Կոմիտասի, Խաչատրյանի կողքին մեր ժամանակի կոմպոզիտորներն են, որոնք գլուխգործոցներ են երկնում: Այդպես է ցանկացած բնագավառում:

-Իսկ մշակութային քաղաքականությունն այսօր նպաստու՞մ է ճիշտ զարգացումներին:

– Չեմ կարծում, թե կարելի է սահմանումներով մոտենալ մշակույթին: Գործընթացները, որպես կանոն, օրինչափ են, բխում են տվյալ ժամանակահատվածի իրողություններից ու փոփոխվում, զարգանում են դրանց համահունչ: Ես նաեւ դասավանդում եմ, անմիջականորեն շփվում եմ երիտասարդության հետ ու բնավ էլ այն կարծիքին չեմ, որ այսօրվա սերունդը հեռացել է ակունքներից եւ անցյալի ժառանգության կրողը չէ: Շատ կան հրաշալի, տաղանդավոր երիտասարդներ, որոնք լուրջ մասնագետներ դառնալու հնարավորություն ունեն: Չի բացառվում, որ որոշ մարդիկ իրենց համար ճանապարհ հարթեն ոչ թե տաղանդի, այլ նյութական գործոնի շնորհիվ կամ հովանավորությամբ, սակայն արվեստը իր չգրված օրենքներն ունի ու վաղ թե ուշ փակում է անազնիվ ճանապարհը, իսկ օժտվածը, շնորհալին, ինչ գնով էլ լինի, ճանապարհ բացում է իր համար: Ի վերջո, ժողովուրդն է ամենամեծ գնահատողը: Նրա կարծիքից է կախված ամեն ինչ, իսկ ժողովրդին չես խաբի:

– Ի՞նչ են տալիս իրար արվեստագետն ու զինվորը երկուստեք:

– Ճիշտ ասացիք` երկուստեք: Առաջին հերթին հայրենասիրություն, ազգային հպարտություն, արիություն, ուժ, հավատ, լավատեսություն: Ոգեշնչում են միմյանց, խրախուսում: Ես շատ եմ եղել տարբեր զորամասերում: Հայ զինվորը փառահեղ է` պինդ է ու կտրուկ, արի է ու հայրենասեր: Ո՞վ կարող չհամաձայնել, որ հայ ազգի արգանդը զորականներ է ծնում ու պիտի ծնի: Սա այն ամուր հենքն է, որը երբեք չի փլուզվի, և որի վրա կարող են հուսալիորեն հենվել մեր բանակի ապագան ու կառուցվել մեր վաղվա հաղթանակները:

Հայրենասիրությունը ավուր սխրանք է, հայրենասիրությունը վերաբերմունք է սեփական քաղաքի, փողոցի, տան, շրջապատի մարդկանց, իրադարձությունների հանդեպ: Հայրենասիրությունը պատասխանատվություն է հայրենիքի ճակատագրի համար: Հայրենասիրությունը աշխատանք, գործ, նվիրում է: Նրանք, ովքեր հոժարակամ կրում են հայրենիք կառուցելու պատիվը, պետք է ամեն ինչ անեն, որ մեր հայրենիքը դառնա այնքան բարգավաճ ու բարեկեցիկ, որ հետ, իր գիրկը կանչի տարագրության դատապարտած իր զավակներին:

…Այսօր ինձ մտահոգում է աղանադավորության ծնունդը: 1700 տարի առաջ մեր ժողովուրդը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մեր նախնիները իրենց կյանքն են տվել, սակայն հավատափոխ չեն եղել: Իրենց հավատը անխաթար պահած հասցրել են 21-րդ դար: Անգամ խորհրդային տարիներին հայկական եկեղեցին ամենաուժեղն էր, ազդեցիկը գերտերության մեջ: Ամենաշատը Հայաստանում կային գործող եկեղեցիներ:

– Պարոն Մաթեւոսյան, վերջում Ձեր խոսքը ասեք հայ զինվորին:

– Ուզում եմ հիշեցնել հայ զինվորին, որ ինքը տերն ու պաշտպանն է հայոց 5000-ամյա փառահեղ մշակույթի, 1700-ամյա Առաքելական եկեղեցու եւ քրիստոնեական հավատի, հերոսական պատմության: Արարող, հանճարեղ ժողովրդի զավակն է ու պատվարժան պետության քաղաքացին: Այս փառահեղ անցյալով զինված՝ նա կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, կանգնել ամեն ուժի դեմ ու հաղթել: Իսկ հրամանատարներն ու սպաները չպետք է մոռանան, որ բանակ է գալիս զինվորը, եւ բանակից զորացրվում է քաղաքացին: Եվ բանակային կյանքի երկու տարվա յուրաքանչյուր օրը, ժամը, րոպեն պետք է նպատակային օգտագործվեն, որպեսզի հասարակություն վերադառնա հայրենասեր, առողջ, ուժեղ ու հպարտ քաղաքացի` վաղվա Հայաստանի կառուցողն ու պաշտպանը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ