Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԲՈՒԺՔՈՒՅՐ ԼՈՒՍԻՆ



ԱՌԱՋՆԱԳԾԻ ԲՈՒԺՔՈՒՅՐ ԼՈՒՍԻՆԼուսին Քաջարանի կամավորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպես են նրան դիմում կամավորականները։ Լուսին էլ, կամավորականների հետ, մինչեւ Սյունիքի սահման քաշվելը, պատերազմով է անցել: Լուսին Շտապօգնության կամավոր բուժքույր է։

Պատերազմի հետքերը դեռ Լուսիի դեմքին են: Ցրտից չորացած մաշկը շարֆով ծածկում է, որ «հյուրերը» չտեսնեն։ Կարճ ժամանակում դուրս ենք գալիս հյուրի պաշտոնական կարգավիճակից, և Լուսին սկսում է պատմել պատերազմի մասին։

«Սեպտեմբերի 30-ից եղել ենք Հադրութում, Ջրականում, Ստեփանակերտում, Մատաղիսում: Ինքս, մինչեւ նոյեմբերի 6-ը, հարյուրից ավելի հիվանդ եմ տեղափոխել։ Սկզբում Ստեփանակերտ, հետո՝ Գորիս։ Օրվա մեջ մի քանի անգամ գնացել, հետ ենք եկել։ Եթե թեթեւ վիրավորներ էին, սպասում էինք կրակը հանդարտվի, որ նոր անցնենք: Եթե ծանր վիրավոր ունեինք, աղոթելով  էինք կրակների միջով անցնում։ Ամեն ինչ տեսել ենք, անգամ ինքնապաշտպանվել ենք զենքով։ Քնել ենք նստած: Մի անգամ էլ, Շուշիի մոտ, մեքենայի տակ ենք քնել: Պատերազմը ոչ մի լավ հուշ չի թողնում»,- պատմում է նա։

Լուսիի պատմությունների հերոսները զոհված, հաշմված  երիտասարդներ են։ Լուսին դանդաղ ու զգույշ է խոսում…

-Սկզբում հիմնականում հրետանու, դիպուկահարի խփածներ էին, իսկ ամսի 13-ից հետո արդեն ֆոսֆորային զենքի կիրառման հետեւանքով վիրավորվածներ։ Որտեղ անտառային ծածկը շատ էր, այնտեղ էին հիմնականում ֆոսֆոր կիրառում։ Ֆոսֆորայինի հարվածին հիմնականում չէին դիմանում:

Լուսիի բջջային հեռախոսում ֆոսֆորային զենքից առաջացած վնասվածքների լուսանկարներ կան։ Դրանցից մեկում զինվորը վնասվածք է ստացել թիկունքից։

-Ֆոսֆոր պարունակող զենքով կրակել են, ամբողջ մարմինը վնասվել է 45 տեղից, ինչը  հաշված ժամերի ընթացքում փտախտ է առաջացնում։ Այս տղան էլ ֆոսֆորից գանգուղեղային վնասվածք էր ստացել ու մահացավ»,- ցույց է տալիս նա ու դժվարությամբ շարունակում. «Ֆոսֆորային զենքերը սարսափելի են: Էդ ընթացքում եթե չհասցրիր շնչուղիներդ փակել ու փախչել, ապրելու հավանականությունը գրեթե դառնում է զրո։ Հարվածը հիմնականում վերեւից է լինում, մինչեւ 1 կմ շառավղով է հարվածում, որ ուժգնությունն ավելի հզոր լինի, քանի որ այն ինչքան մոտ է, այնքան քիմիական նյութի ազդեցությունն ավելի շատ է։ Պայթում է ու թույն է տարածում, որից էլ անտառներում հրդեհներ, իսկ մարդկանց դեպքում՝ մարմնի այրվածքներ են առաջանում։ Ֆոսֆորից գանգուղեղային, դիմածնոտային այրվածքներ են եղել, մեջքի, ողնաշարի, ողնուղեղի, թեւերի, մինչև անգամ ոտքերի կտրվածքներ վառվածից»,- ասում է Լուսին ու կտրուկ ընդհատում պատմությունը:

Լուսիի անձնակազմի բժիշկը դիպուկահարի կրակից զոհվել է պատերազմի դաշտում՝ Մարտակերտում հոկտեմբերի 18-ին։ Ինքը, ինչպես ասում է, Աստծո պահած է: Արցախյան առաջին պատերազմի տարիներին է ծնվել՝ Տաթեւի վանքում, քանի որ պատերազմին մասնակցող կամավոր մորը չեն հասցրել Արցախից Հայաստան՝ ծննդատուն տանել։ 4 տարեկան է եղել, երբ մայրը զոհվել է կռվում։ Հայրն էլ զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս պատերազմն էլ 30-ամյա Լուսիին բաժանել է սիրելիից. նրա նշանածը գերեվարվել է։ Լուսին հավատում է, որ իր կյանքում մեկը մյուսի հետեւից հարազատներին կորցնելու  շղթան արդեն կտրվել է, ու սիրելիի վերադարձով նոր կյանք սկսելու բարեբախտությունը  կունենա։

 

ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

NEWS.am

Խորագիր՝ #1 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ազգային բանակ


15/01/2021