Հայերեն | На русском | In English
Լուսին Քաջարանի կամավորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպես են նրան դիմում կամավորականները։ Լուսին էլ, կամավորականների հետ, մինչեւ Սյունիքի սահման քաշվելը, պատերազմով է անցել: Լուսին Շտապօգնության կամավոր բուժքույր է։
Պատերազմի հետքերը դեռ Լուսիի դեմքին են: Ցրտից չորացած մաշկը շարֆով ծածկում է, որ «հյուրերը» չտեսնեն։ Կարճ ժամանակում դուրս ենք գալիս հյուրի պաշտոնական կարգավիճակից, և Լուսին սկսում է պատմել պատերազմի մասին։
«Սեպտեմբերի 30-ից եղել ենք Հադրութում, Ջրականում, Ստեփանակերտում, Մատաղիսում: Ինքս, մինչեւ նոյեմբերի 6-ը, հարյուրից ավելի հիվանդ եմ տեղափոխել։ Սկզբում Ստեփանակերտ, հետո՝ Գորիս։ Օրվա մեջ մի քանի անգամ գնացել, հետ ենք եկել։ Եթե թեթեւ վիրավորներ էին, սպասում էինք կրակը հանդարտվի, որ նոր անցնենք: Եթե ծանր վիրավոր ունեինք, աղոթելով էինք կրակների միջով անցնում։ Ամեն ինչ տեսել ենք, անգամ ինքնապաշտպանվել ենք զենքով։ Քնել ենք նստած: Մի անգամ էլ, Շուշիի մոտ, մեքենայի տակ ենք քնել: Պատերազմը ոչ մի լավ հուշ չի թողնում»,- պատմում է նա։
Լուսիի պատմությունների հերոսները զոհված, հաշմված երիտասարդներ են։ Լուսին դանդաղ ու զգույշ է խոսում…
-Սկզբում հիմնականում հրետանու, դիպուկահարի խփածներ էին, իսկ ամսի 13-ից հետո արդեն ֆոսֆորային զենքի կիրառման հետեւանքով վիրավորվածներ։ Որտեղ անտառային ծածկը շատ էր, այնտեղ էին հիմնականում ֆոսֆոր կիրառում։ Ֆոսֆորայինի հարվածին հիմնականում չէին դիմանում:
Լուսիի բջջային հեռախոսում ֆոսֆորային զենքից առաջացած վնասվածքների լուսանկարներ կան։ Դրանցից մեկում զինվորը վնասվածք է ստացել թիկունքից։
-Ֆոսֆոր պարունակող զենքով կրակել են, ամբողջ մարմինը վնասվել է 45 տեղից, ինչը հաշված ժամերի ընթացքում փտախտ է առաջացնում։ Այս տղան էլ ֆոսֆորից գանգուղեղային վնասվածք էր ստացել ու մահացավ»,- ցույց է տալիս նա ու դժվարությամբ շարունակում. «Ֆոսֆորային զենքերը սարսափելի են: Էդ ընթացքում եթե չհասցրիր շնչուղիներդ փակել ու փախչել, ապրելու հավանականությունը գրեթե դառնում է զրո։ Հարվածը հիմնականում վերեւից է լինում, մինչեւ 1 կմ շառավղով է հարվածում, որ ուժգնությունն ավելի հզոր լինի, քանի որ այն ինչքան մոտ է, այնքան քիմիական նյութի ազդեցությունն ավելի շատ է։ Պայթում է ու թույն է տարածում, որից էլ անտառներում հրդեհներ, իսկ մարդկանց դեպքում՝ մարմնի այրվածքներ են առաջանում։ Ֆոսֆորից գանգուղեղային, դիմածնոտային այրվածքներ են եղել, մեջքի, ողնաշարի, ողնուղեղի, թեւերի, մինչև անգամ ոտքերի կտրվածքներ վառվածից»,- ասում է Լուսին ու կտրուկ ընդհատում պատմությունը:
Լուսիի անձնակազմի բժիշկը դիպուկահարի կրակից զոհվել է պատերազմի դաշտում՝ Մարտակերտում հոկտեմբերի 18-ին։ Ինքը, ինչպես ասում է, Աստծո պահած է: Արցախյան առաջին պատերազմի տարիներին է ծնվել՝ Տաթեւի վանքում, քանի որ պատերազմին մասնակցող կամավոր մորը չեն հասցրել Արցախից Հայաստան՝ ծննդատուն տանել։ 4 տարեկան է եղել, երբ մայրը զոհվել է կռվում։ Հայրն էլ զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս պատերազմն էլ 30-ամյա Լուսիին բաժանել է սիրելիից. նրա նշանածը գերեվարվել է։ Լուսին հավատում է, որ իր կյանքում մեկը մյուսի հետեւից հարազատներին կորցնելու շղթան արդեն կտրվել է, ու սիրելիի վերադարձով նոր կյանք սկսելու բարեբախտությունը կունենա։
ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
NEWS.am