Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎԻՐ ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ



Տասը պատվիրաններ

Ե. Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ

Այս պատվիրանը մեզ սովորեցնում է սիրել եւ պատվել մեր ծնողներին։ Աստծուց հետո մենք պետք է սիրենք մեր ծնողներին, որովհետեւ մեր աներեւույթ հոգին Աստված է արարում, իսկ մեր երեւելի մարմինը՝ մեր ծնողները, որի համար նրանք երկրորդ աստվածներ են կոչվում իրենց զավակների համար։ Ոչ ոք չի կարող ամբողջապես վարձահատույց լինել իր ծնողներին ողջ կյանքի ընթացքում՝ նրանց չարչարանքների, հոգածության, պահպանության եւ սիրո փոխարեն։ Հատկապես կարեւոր է հոգ տանել ծնողների մասին, երբ նրանք ծերանում են եւ խնամքի ու հոգատարության կարիք զգում։ Պետք է ամեն օր աղոթենք մեր ծնողների համար եւ ջանանք արժանանալ նրանց օրհնությանը, ինչպես Իսահակն արժանի եղավ Աբրահամի օրհնությանը, Հակոբը՝ Իսահակի, եւ նրանք աճեցին ու բարգավաճեցին։ Ով սիրում է իր ծնողներին, նա սիրում է ե՛ւ Աստծուն, ե՛ւ իր բոլոր մերձավորներին, իսկ ով չի սիրում եւ չի հարգում իր ծնողներին, նա անարգում է ե՛ւ Աստծուն, ե՛ւ մարդկանց, որի պատճառով էլ կարժանանա անեծքի եւ պատժի, ինչպես Հակոբի որդի Ռուբենը եւ Նոյի որդի Քանանը։ Ծնողների օրինակով պետք է պատվել հոգեւոր ծնողներին եւ ուսուցիչներին, մարմնավոր առաջնորդներին եւ ղեկավարներին, ծերերին եւ տարեցներին։

Այս պատվիրանը սովորեցնում է մեզ սիրել հայրենիքը, Եկեղեցին, սրբությունները եւ հոգեւոր ժառանգությունը։ Պետք է մեծագույն հոգածությամբ վերաբերվել այն ամենին, ինչ ավանդվել է մեր հայրերի կողմից. եւ ոչ միայն հարկ է զգուշությամբ պահպանել, այլ նաեւ հարստացնել եւ զարգացնել այդ ավանդը, որպեսզի չնմանվենք քանքարը թաքցնող ծառային [Մատթ. ԻԵ 14-30]։

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Հոգևոր-մշակութային


23/11/2011