Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀԱՆԱԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ…



ԱՆՄԱՀԱՆԱԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ...Սարդարապատի ճակատամարտում հայ եկեղեցականի կոչն էր՝ կռվենք ու հաղթենք, հաղթենք ու ապրենք: Անշուշտ, գիտակցված մահվան գնալ դեռ չի նշանակում, որ պետք է անպայման զոհվել մարտի դաշտում: Հայ ժողովրդի պայքարը միշտ եղել է հանուն կյանքի: Սակայն, դեռևս 4-րդ դարից սկսած, հայ զորավարի համար մարտի դաշտում զենքը ձեռքին ընկնելը գերադասելի է եղել՝ քաջ գիտակցելով, որ մարտի դաշտում հերոսանում և անմահանում են, իսկ մահճում՝ պարզապես մահանում… Ահա մի վառ օրինակ. 4-րդ դարի հայ զորավար-սպարապետ Մանվել Մամիկոնյանը ծեր հասակում՝ մահվան մահճում, իր շուրջն է հավաքում Հայոց ավագանուն՝ այր թե կին: Նա ներկաներին ի ցույց է դնում պատերազմների ժամանակ իր ստացած անհամար սպիները: Նրա մարմնի որևէ անդամի վրա անգամ մեկ դրամի չափ տեղ չկար, որ սպիներով պատված չլիներ: Անկողնում դիմելով ներկաներին՝ սպարապետն ասում է.

«Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն մի վերք տարել եմ քաջությամբ, բայց ինչո՞ւ ինձ բախտ չվիճակվեց պատերազմի մեջ մեռնելու, այլ մեռնելու այսպես: Ինչո՞ւ ես բախտ չունեցա ընկնելու կռիվներում մեր երկրի, մեր երկրի բնիկ տերերի, մեր կանանց ու զավակների, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների ու մտերիմ բարեկամների համար: Ես պատերազմներում ինձ շատ հանդուգն էի պահում, կարծում էի՝ կընկնեմ հերոսի մահով: Բայց, տեսաք, թե ինչ պատահեց. Ինձ վիճակվեց մեռնել վատագույն մահով՝ անկողնում պառկած»:

Այս հատվածը մեզ ավանդել է հինգերորդ դարի մեծանուն պատմիչ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴՆ իր «Հայոց պատմություն» երկասիրության մեջ:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #43 (1363) 28.10.2020 – 03.11.2020, Հոգևոր-մշակութային


29/10/2020