Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՀԵՐՈՍ…



ԻՄ ՀԵՐՈՍ...Սրտից պոկված պատառիկներ

 

Պայթեց առաջին արկը, երկրորդը, երրորդը… Ամեն պայթյուն իմ մեջ ավելացնում էր վրեժի զգացումը: Հիշում էի մորս, կնոջս, հորս, իմ ողջ ընտանիքին: Չեմ  խաբի, մտքումս առաջինն իրենք էին: Նետվում էի առաջ՝ դեպի թշնամին, որ ետ մղեմ, որ թույլ չտամ հասնի մերոնց: Ամեն պայթյունի հետ օդ էին թռչում քար ու բեկոր, ու ես սարսափած կրակում էի, խոցում, ոչնչացնում: Միայն թե չհասնի մեր գյուղ՝ մերոնց: Հերթական պայթյունից վնասվեց մեր ծաղիկը: Երբ ծաղկել էր, այնքան էինք ուրախացել…Այդ ծաղկին քնքշորեն մեկ ամիս էր՝ տղաների հետ հետևում էինք, ջրում: Երբ ծաղկել էր, այնքան էինք ուրախացել: Այդ մեր ուրախ օրն էր: Չէ՞ որ  նրան կյանք էինք տվել:

Հիշեցի՝ ինչպես  էինք կնոջս հետ սպասում մեր առաջնեկին: Խնամում էի կնոջս, ինչպես այս ծաղկին: Սպասում էի մեր տան ծաղիկը ծաղկի, ծնվի մեր սիրո բողբոջը, հետո մեծանա: Երբ ծնվեց, ոգևորված էի շատ, աղջիկ էր, գիտե՞ք: Ու ես հպարտ էի, որ աղջիկ էր, ապագա մայր: Աղջիկն իմ երազանքն էր: Հիմա ասում են՝ տղա լինի առաջինը, բայց, ինչ էական է: Նրբություն, քնքշություն, հեզություն բերեց մեր տուն մեր բողբոջը: Մինչ պատերազմը, կնոջս հետ ամեն մի փոքր բանից ուրախանում էինք, երբ մեր դուստրը առաջին անգամ ձայն հանեց, ժպտաց, սկսեց խաղալ, շարժվել, աշխուժանալ, ատամ հանել, քայլել:

Մեր խնամած ծաղիկն էլ իմ դուստրն էր սահմանում, փայփայում էի նույն կերպ: Տեսնելով նրան ոչնչացված իր նոր բողբոջներով` ես սարսափեցի: Ավելի լավ հասկացա, թե ինչ է կատարվում, ու ինչ վտանգ է կախված մեր գլխին: Վրեժն ավելի ուժգնացավ իմ մեջ, երբ հասկացա, որ ամեն վրիպելուց, հնարավոր է, նույն կերպ դստերս նորաբողբոջ կյանքը ավարտվի: Չէ՛, ես դա չեմ թողնի: Ու այս մտքերը գլխումս պահած՝ ես ամեն օր կատաղի կռվում էի թշնամու հետ: Հետո հասկացա, որ բոլորը՝ զինվոր, կամավոր, նույն մտքերով են: Ընտանիք.. մեր ամենամեծ ուժը, ամենամեծ հզորությունը, ամենամեծ վախը, ամենամեծ ոգևորությունը, պաշտպանության ամենամեծ ու հաղթանակի ամենամեծ նպատակը: Տեսնես՝ թշնամին ունի՞ այս ապրումներն ու մտքերը, ունի՞ ծնող, կին,  երեխա: Իսկ եթե պարզվի՝ մենք նույն մտքին ենք՝ ուղղակի չկռվենք: Չէ՛, թշնամին անզգամ է, նրա համար սրբություն չկա: Այս անգամ էլ պայքարը թեժ է, իսկ  հաղթանակը մերն է,  մեր ապագա ծաղիկներինն ու բողբոջներինը:

ԻՄ ՀԵՐՈՍ...Այս մտքերը գլխումս ես փոխում եմ ոտքիս վիրակապը, բայց, մի՛ անհանգստացեք, ցավ չեմ զգում: Երբ տեսնում ես ընկերոջդ դին ցեխերի մեջ ու կյանքդ զոհելով  հետդ բերում ես քո հողի վրա, երբ տեսնում ես ոտք, ձեռք, աչք կորցրած ընկերներիդ, ցավում է սիրտդ, գլուխդ վրեժից ու զայրույթից, բայց երբեք քո սեփական վերքի ցավը չես զգում: Ամեն գնով իրար կյանք փրկելով` մենք հզորանում ենք, շարժվում առաջ, ու գալիս է պահ, երբ հասկանում ես, որ փրկեցիր նրա կյանքը, որին մեկ անգամ թարս նայելու համար համարում էիր քեզ թշնամի ու երազում՝ առիթի դեպքում մի լավ դաս տալ: Կամ քեզ իր կյանքի գնով փրկեց հենց ձեր բակի էն տղան, որին ծաղրում էիր, համարում վախկոտ: Իսկ հենց կրակը դադարում էր, մտածում էիր հերոսաբար զոհվածների ծնողների, ընտանիքի մասին: Էն տղայի մոր մասին, որը կյանքը զոհեց հանուն քո կյանքի: Սկզբում քեզ ես մեղադրում, մտովի ներում խնդրում որդու մահը սգացող մորից: Բայց հետո մի ուժ է գալիս, ու հասկանում ես, որ  պետք է պայքարես ու ապրես. չէ՞ որ քեզ վստահվեց ևս մի կյանք: Այդ  տղային չպիտի հիասթափեցնես, ոչ մի դեպքում չպիտի զոհվես: Պայքար հանուն ընտանիքի, հողի, ընկերների, խաղաղության: Այս պայքարում հաղթողը մենք ենք,  ուրիշ տարբերակ չկա:

♦♦♦

Մեկ օր, երկու օր, երեք օր… առանց լուրի, բայց մեծ հույսով սպասում եմ միայն մի բառի՝ ողջ եմ: Ի՛մ զինվոր: Հիշում եմ, երբ քեզ ճանապարհում էի բանակ, ասում էի, որ քեզ կասեմ իմ զինվոր, երբ արդեն իսկական տղամարդ-զինվոր դարձած վերադառնաս: Իսկ հիմա, երբ պատերազմ է, ես հասկացա, որ դու արդեն իմ զինվորն ես: Ասում եմ, սիրելի՛ս, ու միամիտ աղջկա պես հոգուս խորքում մտածում, որ հենց իմանաս կարծիքս փոխել եմ, ամենը թողնելու ես, գաս: Ամեն անգամ լուր եմ ստանում սահմանից, բոլորից, բայց քեզնից լուր չկա: Սիրտս երկու մասի է բաժանվել: Մի մասը հպարտ է քո գոյությամբ, իսկ մյուսը` վախով ամեն անգամ արագ աչքի է անցկացնում զոհվածների նոր ցուցակը: Շտապում եմ ցուցակն ավարտվի, ու քեզ չգտնեմ: Ա՜խ, եթե  պայմանն այդ է, որ լուր չունենամ քեզնից` անունդ այդ ցուցակում չտեսնելու համար, թող լուր չունենամ:

ԻՄ ՀԵՐՈՍ...Հիշում եմ, ինչքան էինք վիճում ու խենթ սիրում իրար: Հիմա հասկանում եմ՝ որքան աննշան էին բոլոր վեճերը: Երբ եկար ինձ հրաժեշտ տալու, չթողեցիր՝ ես գամ ճանապարհելու քեզ, ու ես նեղացա: Բայց հիմա հասկանում եմ սիրած կեսին հրաժեշտ տալու դժվարությունը: Գիտե՞ս, պահել եմ քո բոլոր նամակներն ու ամեն օր կարդում եմ մի ուրիշ տոնայնությամբ, ասես՝ նոր նամակ է եկել քեզնից: Մի քանի րոպե խաբվում եմ իմ հորինած ստով, հետո նորից հետ եմ գալիս: Քայլում եմ մեր այգով, նույն արահետներով ու հիշում խոտերին պառկած մեր հասուն ու մանկական զրույցները, մեր ապագայի ծրագրերը: Որոշել էինք, երբ գաս՝ կամուսնանանք, իսկ ես հակառակվում էի, ասում էի՝ շուտ է, սպասենք, բայց հիմա հասկանում եմ, որ պատրաստ եմ նույնիսկ հիմա ամուսնանալ, միայն թե՝ դու առողջ գաս: Ես կհարմարվեմ, խոսք եմ տալիս, միասին մեր անկյունը կստեղծենք: Գիտե՞ս, համալսարանում ինձնից գոհ են, գերազանց եմ ավարտում: Դե, խոսք էի տվել քեզ, ոնց կարող էի չպահել խոստումս: Էս մտքերով գլորում եմ օրերս ու սպասում եմ լուրի:

Պատերազմ է: Ես հպարտ եմ, որ սահմանին ունեմ քեզ պես քաջ զինվոր: Հիշում եմ վերջին խոսքերդ. «Սիրելի՛ս, պատերազմ է, բայց հետ եմ գալու, գնում եմ պատիվս պաշտպանեմ, քեզ ու տունս պաշտպանեմ»: Ամեն օր խոսում եմ մայրիկիդ հետ, ու իմ հուսահատ հոգուց ծնվում է ժպիտ, որ կարողանամ թևեր տալ նրան: Ասում էիր՝ մայրիկիդ կողքին լինեմ: Տե՛ս, պահում եմ խոստումս, միայն թե՝ դու առողջ վերադարձիր: Տասը օրվա մեջ ես էնքան մեծացա: Բայց չնեղվես՝ մի անկյունում քո սիրած մանկիկին պահել եմ: Ասում էիր, որ համ էլ ես քո փոքր ու կամակոր աղջիկն եմ:  Ամեն օր աղոթում եմ քեզ համար, նույն կերպ, ոնց քննություններից առաջ միասին եկեղեցում աղոթում էինք, որ լավ հանձնենք: Հենց նույն տեղում ու նույն ժամին ամեն օր աղոթում եմ քեզ համար:

Գիտե՞ս, այսօր նոր ցուցակ եկավ, ու հանդիպեցի անվանդ, բայց երևի դա դու չէիր, ուղղակի զուգադիպություն էր: Իմ զինվորը չէր կարող զոհվել առանց իմանալու, որ ես դեռ սպասում եմ, սիրում եմ իրեն քառակի, հնգակի անգամ շատ-շատ: Ես պայմանավորվեցի կյանքի հետ, որ, եթե պարզվի՝ դա դու չես, էլ երբեք քեզ չեմ հակառակվի ու կսիրեմ իմ աչքի լույսից շատ: Բայց ճակատագիրն ինձ դավաճանեց, իմ անդավաճան սիրուն խլեց ու փոխարինեց հերոս սիրով: Սիրտս սառեց, ժամանակը կանգնեց: Չէ՛, դա դու չես, ինձ խաբել են` ես գիտեմ: Ես ամեն օր քեզ եմ սպասում, ու հենց պատերազմը ավարտվի, դու կգաս… Դու պիտի գաս, դու պիտի լսես, որ քեզ ասում եմ՝ ի՛մ Զինվոր: Բա ապագայի մեր գույնզգույն ծրագրերը: Երեք երեխա պետք է ունենայինք՝ երկուսն աղջիկ, ոնց երազում էիր, ու նրանց պաշտպան՝ տղա: Մի՞թե երազանք է մնալու այդ ամենը: Չէ՛, սուտ է, դու կաս: Ես էլի ցուցակն եմ թերթում, անունդ չկա… էլ չի էլ լինի ոչ մի ցուցակում: Ես քեզ տվեցի իմ բաժին Հայրենիքին: Մենք պիտի հաղթենք այս պատերազմում: Իմ Զինվո՜ր,  պաշտպանեցիր պատիվդ` ինձ, ու ես հասկացա, որ քո Հայրենիքը, տունը ես էի: Իմ Հերոս, իմ տղամարդ-զինվոր, ես դեռ սպասում են քեզ ու սպասելու եմ միշտ` փառավորված սրտով…

 

♦♦♦

ԻՄ ՀԵՐՈՍ...Մեկ զանգ, երկու, երեք…այդպես էլ կապրեմ, քանի զանգերը կան: Պատերազմ է: Որդիս սահմանին: Այն որդիս, որ կաթը դեռ շուրթերին է: Ամեն զանգի հետ սպասում եմ միայն մի բառի. «Մամ ջա՜ն, լավ եմ»:

Երբ փոքր էիր, ասում էիր, որ մեծանաս, գնալու ես թշնամիներին սպանես: Փայտե հրացանդ ձեռքիդ մեջ տարուբերելով` բոլորին ասում էիր, որ պիտի մեծանաս, գնաս բանակ ու կռվես: Տե՛ս, տղա՛ս, հիմա կռվում ես իսկական հերոսի նման, սահմանում կանգնած կյանքի ու մահու կռիվ ես տալիս: Ամեն զանգդ կարծես նոր կյանք է բերում ինձ: Ես սպասում եմ քեզ նորից նույն ոգևորությամբ, վախով և անհանգստությամբ, ոնց սպասում էի ինը ամիս: Կարծես նորից պիտի ծնվես, բայց այս անգամ քեզ մեր հայրենիքը կծնի: Ա՜խ, երանի այս անգամ էլ ինը ամիս չսպասեմ, այլ` կարճ, շա՜տ կարճ: Ու գաս, հասուն հայացքով կանգնես իմ առաջ ու ասես. «Մա՛մ, եկել եմ»: Միայն թե՝ գա՛ս, ես, մեկ է, արդեն հաղթել եմ թշնամուն, քանի որ ունեմ քեզ պես քաջ հերոս սահմանում: Երբ քեզ առնեմ գիրկս, նոր խաղաղություն կզգամ, նոր հաղթանակով կուրախանամ:

Գիտե՞ս, երբ ծնվեցիր, վախենում էի քեզ դիպչել, որ հանկարծ չկոտրեմ, չվնասեմ: Իսկ հիմա դու կռվում ես, որ թշնամին մեզ չկոտրի, չվնասի: Դու այնքան փոքր ու անպաշտպան էիր, որ ուզում էի պաշտպանել քեզ բոլորից, նույնիսկ այն պահերին, երբ վտանգ չկար: Հիմա դու ես ինձ պաշտպանում թշնամուց: Երբ սենյակից սենյակ գնաս, այնպես կհետևեմ քայլիդ, ինչպես առաջին քայլդ անելուց էի հետևում: Երբ սկսես խոսել, ծիծաղել, ես նույն ոգևորությամբ կլսեմ, ինչպես առաջին բառդ ու ծիծաղդ: Ու կխնդրեմ, որ կրկնես:  Տղա՜ս, ինչքան շուտ մեծացար` իմ հոգում դեռ մանուկ մնալով: Բայց ինչքան էլ մեծանաս, մեկ է, կասեմ, որ տաք հագնես, գլխարկ դնես, դանդաղ ուտես, ուշ տուն չգաս, սենյակդ չքանդես: Կներես, տղե՜ս, դու զայրանում ես իմ ուշադրությունից, բայց ես մայր եմ: Երբ ծնող դառնաս, ինձ կհասկանաս:

Աղոթքը շուրթերիս ամեն օր քնում եմ ու արթնանում հույսով: Գիտեմ` Տերն իմ աղոթքով պաշտպան է քեզ: Ես ինձ խելոք եմ պահում, խոստումս պահում եմ: Ասեցիր. «Մա՜մ, եթե ուզում ես՝ հաղթեմ ու գամ, քեզ լավ նայիր, դեղերդ ժամանակին խմիր ու հաց կեր»: Տե՛ս, տղե՜ս, ամեն ինչ անում եմ: Սենյակիդ իրերն էլ հատուկ տեղափոխել եմ, որ գաս ու վիճես հետս՝ իրերդ չգտնելու համար:

Լուրերը չեմ լսում, ցուցակն էլ չեմ կարդում: Ես գիտեմ՝ դու լավ ես. ես մայր եմ, կզգամ: Իմ օրհնանքը միշտ քեզ հետ է, իսկ աղոթքս՝ քեզ պահապան: Իմ քաջ տղա, դու պիտի գաս, պիտի առողջ գաս: Դե, տղա՛ս, Հայրենիքի պաշտպան, հաղթանակած վերադարձիր մորդ գիրկը:

 

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


11/10/2020