Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԿՐԱԿ Է ՎԱՌՎՈՒՄ»



«ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԿՐԱԿ Է ՎԱՌՎՈՒՄ»Զրույց Զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ

 

Արմեն Հովսեփյանը ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Հետո զորակոչվել է Ազգային բանակ՝ ժամկետային ծառայության: Այնուհետև ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և, որպես դասակի հրամանտար, ծառայության անցել զորքերում: Սահմանամերձ զորամասերում ծառայել է 11 տարի: Հերթական մարտական առաջադրանքը կատարելիս վիրավորվել է ականապայթյունից… Զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայությունում ծառայությունը սկսել է Արտաշատի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնից: Այնուհետև ղեկավարել է Գավառի զինկոմիսարիատը: Ապա նշանակվել է Վայքի,  Վայոց Ձորի Զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության ղեկավար:

 

-Պարոն Հովսեփյան, Դուք փառահեղ զինվորական ճանապարհ եք անցել առաջնագծում, վիրավորվել եք մարտական առաջադրանք կատարելիս, ուստի Ձեր խոսքն ավելի արժանահավատ է, ավելի ազդեցիկ: Մնում է՝ սյունեցիները իմանան, թե ով է իրենց որդիներին, այսպես ասած, բանակ ուղարկում…

-Գիտեն: Մենք ավանդական բարոյախոսություն ու արժեհամակարգ ունեցող ազգ ենք, և մարդկային գործոնը մեզ համար միշտ էլ առաջնային է լինելու: Մենք միշտ էլ հարցնելու ենք՝ դու խիզա՞խ ես, որ խիզախության ես կոչում, հայրենասե՞ր ես, որ խոսում ես հայրենիքի պաշտպանության մասին, ի՞նչ ես արել, որ ես հավատամ քո խոսքին: Առհասարակ, յուրաքանչյուր զինվորական իր կերպարով վերաբերմունք ու տրամադրվածություն է ձևավորում բանակի հանդեպ, իսկ ժողովրդի հետ անմիջականորեն աշխատող զինվորականը պետք է առավելագույս ներկայանալի լինի՝ իր անցյալով ու ներկայով:

-Բանակի և զինծառայության հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա մեծ ազդեցություն է ունենում զինվորների ֆիզիկական և հոգեբանական պատշպանվածությունը, կենցաղային պայմանները:

-Մենք կարող ենք միանշանակ արձանագրել, որ առաջնագծի կահավորումը սահմանի ամբողջ երկայնքով զինվորի ծառայությունը դարձրել է շատ ավելի անվտանգ: Այսօր հակառակորդի բոլոր դիվերսիոն հարձակումները հետ են մղվում առանց զոհերի, որովհետև նրանց ոչ մի «այց» մեզ անակնկալի չի բերում արդեն: Էապես, ես կասեի՝ կտրուկ բարելավվել է զինվորների սնունդը, հագուստը: Այսօր արդեն առանց վերապահումների իրավունք ունենք խոսելու զինվորակենտրոն բանակի մասին: Եվ այս ամենը, բնականաբար, բարձրացնում է բանակի հեղինակությունը հասարակության շրջանում: Յուրաքանչյուր հաղթահարված խնդիր փարատում է մի շարք մտահոգություններ, ու ծնողը առավել մեծ վստահությամբ է բանակ ճանապարհում իր զավակին:

-Այս ամենի հետ կապված՝ կա՞, արդյոք, զինակոչիկների ներհոսք արտերկրից… Հիշենք նաև, որ 2019թ. դեկտեմբերին դադարեց գործել պարտադիր զինվորական զորակոչից խուսափած ու զորակոչային տարիքը լրացած քաղաքացիներին համապատասխան վճարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատող օրենքը:

-Այո, պարտադիր զինվորական զորակոչից խուսափած տղաները պետք է օգտագործեն բանակը համալրելու հնարավորությունը, քանի դեռ իրենց զորակոչային տարիքը չի լրացել: Դրանից հետո ենթակվելու են քրեական պատասխանատվության՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունից հրաժարվելու համար: Ինչը շատ անպատվաբեր է: Եթե նրանք նախկինում հույս ունեին, որ կվճարեն, կազատվեն քրեական պատասխանատվությունից ու ֆինանսական ներդրումով կմասնակցեն հայրենիքի սահմանների ամրությանը, ապա հիմա դա անհնար է…

-Պետք է նշել, որ ֆինանսական ներդրումն ու զենքը ձեռքին, կյանքը վտանգելով՝ հայրենիքի սահմանը պաշտպանելը բարոյական առումով աղերս չունեն միմյանց հետ: Դա իրավիճակային որոշում էր ու ավելի շատ միտված էր ոչ թե ֆինասնական ներդրումների աղբյուր գտնելուն, այլ մեր հայրենակիցներին հայրենիք վեևադառնալու և քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն շնորհելուն:

«ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԿՐԱԿ Է ՎԱՌՎՈՒՄ»-Միանշանակ համաձայն եմ: Ինչ վերաբերում է զինակոչիների ներհոսքին, կորոնավիրուսի հետ կապված՝ տեղաշարժի սահմանափակումները շատերին զրկում են հայրենիք վերադառնալու ու զորակոչվելու հնարավորությունից: Մեզ զանգում են աշխարհի տարբեր ծայրերից ու ասում են, որ կազմ-պատրաստ սպասում են հայրենիք բերող ճանպարհների բացվելուն:

-Կորոնավիրուսը շա՞տ է դժվարացրել զորակոչի կազմակերպումը:

-Անում ենք հնարավոր ամեն բան՝ կանխելու զորակոչի ընթացքում վարակի տարածումը: Մեր տղաները գնում են զորամասեր, ու մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք վարակ տանեն ծառայավայր. խստորեն պահպանում ենք անվտանգության բոլոր կանոնները՝ ջերմաչափում, ախտահանում, սոցիալական հեռավորություն…Իսկ դիմակները մենք ենք տալիս զինակոչիկներին ու փոխում ենք երկու ժամը մեկ:

-Պարոն փոխգնդապետ, զինակոչիկների բուժզննումը, ըստ նոր կարգի, հիմնականում իրականացնում են քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկները, կենտրոնական բժշկական հանձաժողովի նախագահը արդեն Ձեր կառույցի ղեկավարը չէ, այլ մասնագիտական կրթությամբ քաղաքացի: Փաստորեն, Ձեր կառույցը ազատվեց պատասխանատվությունից, մեղադրանքներից, շահարկումներից ու թիրախավորվելուց: Սա, իհարկե, լավ է, բայց ինձ այլ բան է հետաքրքրում՝ ծնողների բողոքները նվազեցի՞ն հիշյալ փոփոխության արդյունքում:

-Ինչպես Ձեզ հետ զրույցում նշել էր մեր կառույցի ղեկավարը՝ գնդապետ Ավթանդիլյանը, անտրամաբանական էր, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարում էր բժշկական կրթություն չունեցող զինվորականը, որը և որոշում էր կայացնում:

-Դե, հիմնվում էր բժշկական եզրակացությունների վրա:

-Եվ սխալ եզրակացությունների համար ինքն էր պատասխանատվություն կրում, ոչ թե եզրակացություն տվողը: Ակնհայտ է, որ եթե մասնագետ չես, քեզ կարող են հեշտությամբ ապակողմնորոշել: Մեր կառույցը ազատվեց, զինակոչիկների բուժզննման եզրակացությունների համար պատասխանատվություն կրելուց, ու դա հրաշալի է: Գաղտնիք չէ, որ զորակոչի ընթացքում ծնողների բողոքները գրեթե ամբողջությամբ վերաբերում էին զինակոչիկների բուժզննման եզրակացություններին: Հիմա էլ նույնն է, և բողոքների թիվը չի նվազել: Անաչառ լինելու համար պետք է նշենք, որ զորակոչվող որդու առողջությունը ծնողի ամենախոցելի կետն է, ամենացավոտը, և նա կարող է սուբյեկտիվ լինել: Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել՝ ծնողին համոզելու, որ բժշկական հանձնաժողովի որոշումն արդար է:

-Տավուշում Ադրբեջանի վերջին անտրամաբանական գրոհը ինչպե՞ս ազդեց սյունեցիների հոգեբանության, տրամադրությունների վրա զորակոչի ընթացքում…

-Դրականորեն…

-Ինչպե՞ս՝ դրականորեն: Դուք զորակոչ էիք կազմակերպում, իսկ նույն ժամանակ Տավուշում հակառակորդը կրակում էր մեր դիրքերի, մեր զինվորների վրա, թիրախավորում էր խաղաղ բնակչությանը…

-Ապրիլյան պատերազմից հետո Տավուշում ադրբեջանցիները կազմակերպեցին ամենածավալուն ու ագրեսիվ գրոհը հայկական կողմի վրա: Ես չէի ասի, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները փայլեցին իրենց արհեստավարժությամբ, բայց չորս տարի անց նրանց սանձազերծած ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ուժերի հարաբերակցությունը ակնհայտորնեն փոխվել է: Մեր պաշտպանության նախարարը ապացուցեց, որ նրանց պաշտպանության նախարարի  նման բառերը քամու բերան չի գցում:

Հարցնում եք, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ հուլիսյան առճակատումը սյունեցիների տրամադրության վրա. մենք տոնական, հաղթական տրամադրություն ունենք: Մեր տղաների աչքերում կրակ է վառվում, մեր կամքն ու վճռականությունը բազմապատկվել է, այս կռիվը մեզ ավելի ուժեղացրեց:

-Արտերկրում մեր միլիոնավոր հայրենակիցներ հայտարարեցին, որ պատրաստ են օգնելու հայկական բանակին:

-Ու Երրորդ հանրապետության պատմության մեջ Հայաստանն առաջին անգամ պատասխանեց. բանակն ամեն ինչ ունի, բանակին օգնել պետք չէ, ձեռքներդ հանեք գրպանից, սիրելի հայրենակիցներ, ու հպարտացեք ձեր հայրենիքով:

-Երբ սկսվեց ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունը մեր երկրի սահմանների մոտ, ես հիշեցի մանկությունս: Երբ ինձ բակում ծեծում էին, ես վազում էի հայրիկիս մոտ ու խնդրում, որ բակ իջնի և պատժի ինձ ծեծողին: Հայրս հրաժարվում էր, ասում էր՝ քո խնդիրները ինքդ լուծիր: Խփե՞լ են, դու էլ խփիր: Այդ ժամանակ ես ասում էի հորս՝ գոնե արի, բակում մի քանի րոպե կանգնիր… Ծեծված Ադրբեջանը կանչեց թուրք պապային, ու պապան վազեց մեզ ցույց տալու իր մկանները: Ուղղակի զավեշտալի է…

-Շատ պատկերավոր ու ճիշտ համեմատություն էր: Թուրքերը եկել էին մեզ ցույց տալու իրենց ուժը: Սա արդեն թուլություն է, որովհետև ուժը մարտադաշտում են ցույց տալիս: Հավելեմ, որ այդ համատեղ զորավարժությունը նաև ներքին սպառման համար էր: Ադրբեջանի ընկճված բանակի ու խաբված ժողովրդի կոտրված ոգին փոքր-ինչ նորոգելու համար: Իրենց որդիների ճկված մեջքը շտկելու համար:

-Դուք որդի ունե՞ք…

-Այո: Տղաս 15 տարեկան է, մարզիկ է, ֆուտբոլիստ: Շուտով զինվոր կդառնա, կգնա սահման՝ իր հայրենիքը պատշապանելու: Երազում է Տավուշում ծառայել:

-Վերջին դեպքերից հետո՞ է այդպես որոշել:

-Ուզում է ծառայել այնտեղ, որտեղ ես վիրավորվել եմ ականապայթյունից ու կորցրել եմ ոտքս: Երբ ես Տավուշում էի ծառայում, ընտանիքս ինձ հետ էր, ու տղաս շատ է կապվել այդ հողի հետ:

– Ի՞նչ պատգամով, ի՞նչ մաղթանքով եք բանակ ճանապարհելու նրան:

-Ասելու եմ այն, ինչ ասում եմ մեր զինակոչիկներին: Ես սպասելու եմ ձեզնից յուրաքանչյուրի ողջ ու առողջ վերադարձին: Այնպես ծառայեք, որ ձեր պատճառով գլուխ խոնարհելու առիթ չունենամ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1351) 05.08.2020 - 11.08.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/08/2020