Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԵՐԵՄ (ԵՐԵՄԵՅ) ԻՎԱՆԻ ԴԱՆԻԼՅԱՆՑ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1901թ. մայիսի 5-ին Առանձամին գյուղում (Ասկերանի շրջան, Լեռնային Ղարաբաղ), գյուղացու ընտանիքում:

Երեմ Իվանի Դանիլյանցը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի ավագ սերժանտ:

1915թ. ընտանյոք տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս՝ Պյատիգորսկ, 1920-1935թթ. ծառայել այդ քաղաքի ներքին գործերի բաժնում՝ լինելով տեղի միլիցիայի ստեղծման ակունքներում, համակարգի այն առաջին ծառայողներից, ովքեր հոգեբանորեն ու բարոյապես թրծվել են Ստավրոպոլի երկրամասում կազմավորված հանցագործ խմբերի դեմ պայքարում՝ հանուն օրինակարգի ու անվտանգ կյանքի:

1941թ.-ից Ե.Ի.Դանիլյանցը եղել է Կարմիր բանակի շարքերում, 1942թ. հոկտեմբերից՝ Մեծ Հայրենականի ռազմաճակատներում: 1943թ. սեպտեմբերի 28-ի գիշերը 60-րդ գվարդիական հեծելագնդի (16-րդ գվարդիական հեծյալ դիվիզիա, 7-րդ գվարդիական հեծյալ կորպուս, 61-րդ բանակ, Կենտրոնական ռազմաճակատ) 4-րդ հեծելավաշտի գնդացրային հաշվարկի հրամանատար, գվարդիայի ավագ սերժանտ Երեմ Դանիլյանցը Բելոռուսիայի Գոմելի մարզի Բրագինյան շրջանի Նիվկի գյուղի մոտ իր ենթակաների հետ առաջինն է հաղթահարել Դնեպրի ջրահոսքը եւ հասել աջ ափ:

1943թ. հոկտեմբերի 29-ին Գալկի գյուղի վրա հարձակվելու ընթացքում այն բարձունքը գրավելիս, որտեղից հակառակորդը ավտոմատային ու գնդացրային հոծ կրակ է արձակել, Դանիլյանցը եղել է գրոհողների շարքերում: Բացահայտելով հիտլերականների մարտագծերի միջեւ առկա ոչ մեծ մի հատված՝ գվարդիական ռազմիկները բարձր խոտերի միջով սողեսող մոտեցել են բարձունքին: Արիասիրտ գնդացրորդ Ե.Դանիլյանցն արագորեն հարմար տեղ է ընտրել իր գնդացրի համար ու շեշտակի կրակ բացել՝ թշնամուն ստիպելով քաշվել խրամատի խորքը: Նա ոչնչացրել է գնդացրային 2 հաշվարկ եւ 2 տասնյակ ավտոմատավորի: Այդ մարտերում էլ գվարդիայի ավագ սերժանտ Ե.Ի.Դանիլյանցն ընկել է հերոսի մահով՝ բացելով 4-րդ հեծելավաշտի գրոհուղին դեպի Գալկի գյուղ:

Խիզախ գնդացրորդը հանգչում է Բելառուսի Գոմելի մարզի Բրագինյան շրջանի Ասարեւիչի գյուղի  եղբայրական գերեզմանում:

1944թ. հունվարի 15-ին գվարդիայի ավագ սերժանտ Երեմ Իվանի Դանիլյանցին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ): Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի շքանշանով ու մեդալներով:

Առանձամին գյուղում կանգնեցված էր հերոսի կիսանդրին եւ գործում էր նրա տուն-թանգարանը: Արցախյան հակամարտության ժամանակ թշնամին Հերոսի հայրենի գյուղն ամբողջովին այրեց, տուն-թանգարանը քանդեց, հուշարձանն էլ պղծեց, իսկ ողջ մնացած նրա ազգականները ցրվեցին հեռուներում:

Հերոսի հիշատակը հավերժացել է Պյատիգորսկի Կոմերիտականների այգու Հերոսների ծառուղում: «Պյատիգորսկի միլիցիայի պատմությունը» թանգարանում դրված է նրա կիսանդրին: Նրա անունով փողոց կա Ասկերանում (Լեռնային Ղարաբաղ): Ուֆայում Ե.Ի.Դանիլյանցի անունը ոսկեհուռ տառերով է փորագրված Բաշկորտոստանի Հանրապետության ազգային թանգարանում զետեղված հուշատախտակին՝ 112-րդ Բաշկիրյան (16-րդ գվարդիական Չեռնիգովյան) հեծյալ դիվիզիայի՝ Խորհրդային Միության բոլոր 78 հերոսների անունների հետ եւ 112-րդ (16-րդ գվարդիական) Բաշկիրյան հեծյալ դիվիզիայի թանգարանում:

 

Խորագիր՝ #23 (1343) 10.06.2020 - 16.06.2020, Պատմության էջերից


11/06/2020