Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՇՈՏ ԵՐԿԱԹ» ՌԱԶՄԱԽԱՉԸ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



«ԱՇՈՏ ԵՐԿԱԹ» ՌԱԶՄԱԽԱՉԸ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԱզգերն իրենց անցած դարավոր ճանապարհների պատերազմական խաչմերուկներում են կերտել ռազմերգերն ու ռազմապարերը, ձեւավորել սեփական ռազմամտածողությունն ու ազգային հերոսապատումները։ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի ռազմախաչը հայ ժողովրդի կենսագրությունում առկա է 1-ին դարից, երբ Սբ. Թադեոս առաքյալը պատրաստում է այն կոնքի կտորից, որի մեջ Սբ. Մարիամ Աստվածածինը լողացրել է մանուկ Հիսուսին։ Ապա 10-րդ դարից սկսած այն հայտնի է որպես Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի Մարտական խաչ անվամբ։ Հազարամյակի ընթացքում ինչքան պատերազմներ է տեսել այս խաչը եւ քանի անգամ է հաղթանակներ կռել՝ հայ դյուցազունների առջեւից դեպի վեր խոյացած…

Արցախ աշխարհի պետական սահմաններում ու մարտական հենակետերում շրջապտույտ եւ օրհնություն կատարելուց հետո, մայիսի 12-17-ին, 1-ին զորամիավորումը իր հարկից  ներս հյուրընկալեց Աշոտ Երկաթի  ռազմախաչը, որի կենտրոնում զետեղված է Հիսուս Քրիստոսի կենարար խաչափայտից փոքրիկ մասունք։ Զորամիավորման հրամանատարությունն ու գնդերեցները ձեռնամուխ եղան, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող հաղորդակից դառնա կենարար խաչից ճառագող օրհնությանն ու նրանից բխող խորհուրդներին։ Խաչը շրջեց զորամասերում, զորավարժություններին մաս եւ բաժին կազմեց, ինչպես նաև այցելություններ կազմակերպվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ընտանիքներ։ Ամենակարող Արարիչ Հորը հուսացողն ու Նրա Միածին Որդու փրկարար արյան առջև խոնարհվողը երբեք ամոթով չի մնա մարդկանց, առավել եւս՝ թշնամիների առջեւ։ Սուրբ Հոգու շնորհներով զարդարված հայ զինվորականը միայն մեկ հավատամք ունի՝ անկարելին կարելի դարձնել եւ խաղաղություն պահպանել Արարչի պարտեզում՝ Հայաստան աշխարհում։

Տիրոջից է խաղաղությունն ու հաղթանակը։ 1-ին զորամիավորումը, սիրով միաբանված, հավատում է Աստծու եւ մարդկության հանդեպ իր կոչմանն ու առաքելությանը, եւ ամեն օր մարմնի, մտքի եւ հոգու հստակ քայլերով շարժվում առաջ՝ հույսով, որ հաղորդակից կլինենք մարտական գործողությունների ժամանակ երկնային հրե զորքերի ներգործությանը՝ ինչպես Ձիրավի ճակատամարտում եւ Շուշիում։ Օրհնված է Տիրոջ փառքն իր տեղում։

 

ՀՐԱՅՐ ՍԱՐԿԱՎԱԳ ԼԱԼԱՅԱՆ

1-ին զորամիավորման ավագ գնդերեց

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Ազգային բանակ


27/05/2020