Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ՝ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ



Բյուրեղավան քաղաքից Արցախյան գոյապայքարին մասնակցած ազատամարտիկներից 14-ը զոհվել են: Նրանցից էր «Արցախ» գնդի հրամանատար Սամվել Վարդանյանը, որի անունով էլ 1994 թ. անվանակոչվել է տեղի դպրոցը:
Նոյեմբերի 2-ին քաջարի ազատամարտիկը կդառնար 60 տարեկան: Դպրոցին հարող տարածքն այդ օրը մարդաշատ էր, քաղաքի նեղլիկ փողոցները դրոշներով զարդարվել էին դեռ վաղ առավոտից: Միջոցառմանը մասնակցելու եկած աշակերտների աչքերում առկայծում էին հպարտությունն ու իրենց հերոս հայրենակցի հիշատակի հանդեպ տածած ակնածանքը: Նրանց եւ քաղաք այցելած հյուրերի համար օրը նշանավոր էր նաև Սամվել Վարդանյանի կիսանդրու բացումով, որը դպրոցի բակում տեղադրելու նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն էր: Եվ հենց նրան և Սամվել Վարդանյանի որդիներին էլ վերապահված էր արձանի բացման պատիվը: Այնուհետեւ ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես Սրբազան Աբրահամյանը կատարեց հոգեհանգստյան կարգ:
«Այս օրը մեզ համար մի քանի խորհուրդ ունի, որոնցից երկուսին կցանկանայի անդրադառնալ: Առաջին խորհուրդը արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնելն է: Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Սամվել Վարդանյանին, այլև բոլոր զոհված ազատամարտիկներին եւ հավերժ փառք տալիս նրանց: Սփոփանքի խոսքեր ասելով նրանց հարազատներին` միաժամանակ պետք է բոլորս հպարտ լինենք մեր ընկերների օրինակով: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները, իսկ եթե նրանք էլ լինեին մեր կողքին, մեր հաջողությունները բազմապատիկ ավելի կլինեին: Երկրորդ խորհուրդը Սամվելի մարդկային որակներով մեր մատաղ սերունդը դաստիարակելն է: Պետք է կրկնեմ, որ այս դպրոցի մուտքը արդեն դարձել է ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան: Մտնելով դպրոց` աշակերտներն ամեն օր տեսնելու են Սամվելին եւ մտովի փորձելու են նմանվել նրան: Յուրաքանչյուր մայիսի այս դպրոցից պետք է կյանք ճանապարհվեն նոր Սամվել Վարդանյաններ, իսկ սեպտեմբերի 1-ին դպրոց պետք է մուտք գործի մի նոր Սամվել Վարդանյան»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Լինելով կադրային սպա՝ նա առաջիններից էր, ով համագործակցել է «Արցախ» գնդի հետ: Նախարարը պատմեց, որ Սամվել Վարդանյանը առնական էր, հաղթանդամ, խիստ հայացք ուներ, և ֆիդայու այդ հուժկու կեցվածքի հետեւում մարդկային անգնահատելի որակներ էին։ «Ամենակոպիտ խոսքը, որ ասում էր գնդի մարտիկներին՝ «կորիր աչքիցս» արտահայտությունն էր»: Նախարարը կարեւորեց նաեւ այն փաստը, որ ազատամարտիկը Արցախ էր գնացել ընտանիքով: Սամվելի այրին՝ Արմիդա Սարգսյանը, հիշում է, որ որոշումը դժվար չեն կայացրել. «Մենք հինգ երեխա ունեինք՝ չորս որդի եւ մեկ դուստր: Փոքր տղաս երեք տարեկան էր, իսկ մեծս՝ 8-րդ դասարանի աշակերտ: Բայց ոչ մի վայրկյան չեմ տարակուսել, որտեղ ամուսինս է, այնտեղ էլ ես ու երեխաներս: Մենք հաստատվեցինք Դաշուշեն գյուղում, Լարիսա տատի տանը»: Ի դեպ, Դաշուշեն գյուղի տարեց բնակչուհի Լարիսա Աղաջանյանը եկել էր Արցախից՝ մասնակցելու միջոցառմանը: Նա հուզմունքով եւ ջերմությամբ էր հիշում ազատամարտիկին. «Նրա գյուղ գալը ապրելու հույս տվեց մեզ, նրա հայացքի հանգստությունը վստահություն էր ներշնչում: Ես ճաշ էի պատրաստում, փորձում օգտակար լինել, Սամվելն էլ ասում էր՝ տատի դու իմ ջոկատի առաջին զինվորն ես: Այսօր մեծ հուզմունք ու հպարտություն եմ ապրում, որ Սամվելին հիշում ու գնահատում են: Բայց, իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել նրա ներկայությանը»:
Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին վստահեցնում էին, որ Սամվել Վարդանյանի գործի արժանի շարունակողները կլինեն: Միջոցառումը եզրափակվեց Դավիթ Ամալյանի, Մկրտիչ Մկրտչյանի, ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի ոգեշունչ ու հայրենասիրական կատարումներով. «Մեր անունն է Հայկական բանակ…»։

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


03/11/2011