Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԹԵՄԻԿ ԱՎԱՆԵՍԻ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1923թ. օգոստոսի 20-ին Մարտակերտում (Լեռնային Ղարաբաղ), բանվորի ընտանիքում:

Թեմիկ Ավանեսի Ավթանդիլյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ավագ լեյտենանտ:

1938թ. ծնողների հետ տեղափոխվել է Բաքու, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը:

1942թ. զորակոչվել է Կարմիր բանակ: Ավարտել է Բաքվի հետեւակային ուսումնարանի արագացված դասընթացը: 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի դասակի հրամանատար, լեյտենանտ Ավթանդիլյանը մարտական մկրտությունն ստացել է Հյուսիսային Կովկասի համար մղված մարտերում: 1942թ. նոյեմբերին Մալգոբեկ քաղաքի ծայրամասում նա գլխավորեց հարձակումը եւ իր դասակից առաջինը ներխուժելով թշնամական խրամատ՝ ոչնչացրեց գնդացրային հաշվարկը:

1943թ. հունվարին Նովոռոսիսկի ազատագրման համար մղված մարտերից մեկում խորհրդային մի ինքնաթիռ վնասվեց ու ընկավ ծովը: Նկատելով այդ՝ Ավթանդիլյանը նետվեց ջուրը եւ փրկեց օդաչուի կյանքը:

1943թ. հոկտեմբերին Թամանի թերակղզում, Վերխնեբականսկոյե ավանի շրջանում ընթացող մարտերի ժամանակ, Ավթանդիլյանի դասակին հրամայվեց հետախուզություն վարել եւ «լեզու» բերել: Թշնամին այդպիսի համարձակ ներթափանցում չէր սպասում: Լեյտենանտ Ավթանդիլյանն իր մարտիկներով հանկարծակի հարձակվեց թշնամական պարեկախմբի վրա եւ արագորեն վերացրեց այն: Ավթանդիլյանի դասակի հետեւից շարժվում էր վաշտը: Օգտվելով անսպասելի հաջողությունից՝ գնդի հրամանատարությունը նախատեսվածից շուտ ձեռնարկեց բարձունքի գրոհումը: Լեյտենանտի  համարձակությունը, հնարամտությունն ու արիությունն օգնեցին կատարելու մարտական կարեւոր առաջադրանքը, սակայն ինքը ծանր վիրավորվել էր եւ 2 ամսից ավելի անցկացրեց հոսպիտալում:

Գնդացրային դասակի հրամանատար, լեյտենանտ Ավթանդիլյանը խիզախորեն է մարտնչել նաեւ Ուկրաինայի ազատագրման համար:

Երիտասարդ սպան հատկապես աչքի է ընկել լեհական հողի համար մղված  մարտերում: 1945թ. հունվարի 13-ին Սլուպյա-Նովայի շրջանում հակառակորդի պաշտպանությունը ճեղքելիս վաշտն ավագ լեյտենանտ Ավթանդիլյանի հրամանատարությամբ տիրեց խրամատի հատվածամասին, ոչնչացրեց 6 կրակակետ, թնդանոթ եւ հետ մղեց թշնամու 3 հակահարձակում:

1945թ. փետրվարի 10-ին Օդերը գետանցելուց հետո Գլոգաու քաղաքի (Լեհաստան) հարավում ընթացող մարտերում վաշտը ոչնչացրեց տասնյակ հիտլերականի, ճնշեց 5 կրակակետ: Այդ մարտում էլ վաշտի հրամանատարը զոհվեց:

Հանգչում է զոհված վայրում:

1945թ. հունիսի 27-ին ավագ լեյտենանտ Թեմիկ Ավանեսի Ավթանդիլյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի (1944թ.) եւ Կարմիր աստղի (1944) շքանշաններով:

Հարազատ Մարտակերտում նրա անունն են կրում փողոց ու դպրոց, կանգնեցված է կիսանդրին:

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ճակատագրեր


02/04/2020