Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԱՍԱԿՆԵՐԸ



Հոկտեմբերի 2-16-ը ազգային բանակի բոլոր զորամիավորումներում անցկացվեց «Լավագույն հրաձգային դասակ» մրցույթը: Նմանատիպ մրցույթներ անցկացվում են տարին մեկ անգամ` ամառային ուսումնական փուլի ընթացքում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցումների սկիզբը տրվեց զորամասերում ստուգողական պարապմունքների (մարտական հրաձգությունների) ժամանակ լավագույն արդյունքները ցուցաբերած դասակների պայքարում: Այնուհետև մրցեցին զորամիավորումներում հաղթող ճանաչված դասակները: Մրցումների անցկացման համար արձակված հրամանի համաձայն` ստեղծվեց հանձնաժողով ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների առավել պատրաստված սպաներից, հստակեցվեցին անցկացման վայրը և ժամանակը, անհրաժեշտ տեխնիկական և նյութական միջոցների պահանջարկը:

Լավագույն հրաձգային դասակը որոշվում է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության ծրագրերի, հրահանգների պահանջներին համապատասխան մշակված կանոնակարգի համաձայն: Սույն կանոնակարգով առաջնորդվելը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի նպատակներ ու խնդիրներ իրագործել: Ամենից առաջ ստորաբաժանումներում բարձրանում է մարտավարական պատրաստության մակարդակը: Տեղերում ստուգվում է մարտավարական պարապմունքների կազմակերպման համապատասխանությունը ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններին, մարտական կանոնադրություններին, հրահանգներին, մարտական պատրաստության ծրագրերին և նորմացույցներին: Զուգահեռաբար ստորաբաժանումների յուրաքանչյուր զինվոր տիրապետում է ժամանակակից մարտի վարման համար անհրաժեշտ գործնական հմտությունների և ունակությունների: Բարձրանում է բոլոր կարգի հրամանատարների մեթոդական պատրաստությունը, կատարելագործվում են նրանց տեսական գիտելիքները, ստորաբաժանումների և կրակի կառավարման, ինչպես նաև մարտի կազմակերպման կարողությունները: Ամենակարևորը, բացահայտվում, ընդհանրացվում և զինված ուժերում տարածվում է առաջավոր մեթոդիստների փորձը, մարտավարական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման առավել մատչելի եղանակներն ու ձևերը:

Ա.ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Ազգային բանակ


02/11/2011