Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ԷՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶՆՈՎ ՎԵՐՋԱՆԱ…



Իջեւանցի ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, պահեստի ավագ լեյտենանտ Հենրիկ Մայիլյանի համար իր ծննդավայր Սեւքարից ավելի գեղեցիկ, ավելի դրախտային անկյուն ամբողջ աշխարհում չկա։ Ու երբ սահմանային կռիվներ ծավալվեցին, նա եղբոր՝ Գրիգորի հետ առաջին շարքերում էր։

-Բա մեր հողն ու ջուրը էլ ո՞վ պիտի պաշտպաներ, մենք ենք մեր հողի զինվորները,- անկեղծ զարմանում է։

Հայ-ադրբեջանական զինված ընդհարումների տարիներին ընդգրկվեց Իջեւանի երկրապահ կամավորականների «Սեւքարեցի Սաքոյի» անվան ջոկատի կազմում, այնուհետեւ 1990թ. հոկտեմբերից ծառայության անցավ ՆԳ առընթեր հատուկ գնդում։ 1992թ. մոտոհրաձգային գումարտակում դասակի հրամանատար էր։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո շտապել է մարտադաշտ։ Հայրենիքին մատուցած ծառայության համար կառավարության կողմից պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով եւ պատվոգրերով։

-Երբ ջահել էինք,- պատմում է ազատամարտիկը,- մեր գյուղի մեծերը, որոնք կռվել էին Մեծ հայրենականում, հաճախ էին ասում՝ մեր գլխի եկածը չտեսնեք։ Բայց մենք ավելին տեսանք, թե 41-ի պատերազմը Հայաստանից հեռու էր, հիմա պատերազմը մտավ բոլորիս տները, ավերեց թե՛ տունուտեղ, թե՛ բնություն եւ ավերակեց մեր սրտերը. ամեն մեկս հարազատ-բարեկամ կորցրեց… Պատերազմի ժամանակ երեխեքս փոքր էին, թշնամին անընդհատ կրակում էր, ռմբակոծում, գյուղի վրա կրակ թափում։ Այդ խառնակ օրերից մեկն էր։ Շտապում եմ տուն, որ մերոնց կողքին լինեմ։ Հենց հասա դռանս, արկը կպավ տանս, մեքենաս պայթեց, ու մեկուկես տարեկան տղաս՝ Արթուրը վիրավորվեց…

-Մենք ուժեղ կրակոցների ժամանակ թաքնվում էինք տան նկուղում,- վերհիշում է ազատամարտիկի դուստրը՝ Մերին։ – Պատահում էր` պապան ամիսներով տուն չէր գալիս։ Մի օր էլ ուժեղ հրետակոծության ժամանակ էդպես պատսպարվել էինք նկուղում ու սպասում էինք, թե երբ կրակոցները կդադարեն։ Մեկ էլ նկուղ իջնող աստիճաններին ոտնաձայներ ենք լսում։ Վախից քարացել էինք, մտածում էինք՝ վերջ, թուրքերն են։ Մթության մեջ ուրվագծվեց մորուքավոր մի մարդ։ Հայրս էր։ Ու փաթաթվել, լաց էինք լինում, չգիտեմ էլ՝ ուրախությունից, թե քիչ առաջ մեզ համակած վախից… Հիմա էլ, թեեւ տարիներ են անցել, պատերազմական թեմաներով ֆիլմեր նայելիս կարծես վերապրում եմ էն օրերի սարսափները։

-Է՜, դաժան բան է պատերազմը,- ասում է ազատամարտիկը,- փառք Աստծո, այսօր մեր սահմանին կանգնած են մեր զինվորները՝ մեր երեխեքը ու, տա Աստված, խաղաղության մեջ ծառայեն։ Էն խրամատներից շատերը, որտեղ հիմա հերթապահում են նրանք, մեր փորածն է։ Մեր գյուղերը լոկ սահմանամերձ բնակավայրեր չեն, սահմանապա՛հ են։ Գյուղացիք օր քրտինքով աշխատում են, հողի մի մասն էլ չեն կարողանում մշակել. թշնամու աչքի առաջ է, նշանառուները կրակում են։ Ջահելներն էլ գործ, աշխատանք չունեն։ Շատերը կողպում են դռները եւ գնում հեռու Ռուսաստանները՝ օտար հողում աշխատանք գտնելու,- մտահոգ ասում է Հենրիկը ու սրտի ցավով խոսում Սեւքար գյուղի առաջ ծառացած բազում խնդիրներից։ Հետո կրկին մարտական օրերից է պատմում։ Հիշում է, թե ինչպես թշնամու երկու տանկ վերցրին ու ոնց էին ցնծում։ Պատմում է մարտական ընկերների սխրանքներից, պատմում է ոգեւորված, հուզված, ժպտալով եւ տխրելով։

-Մարտական ընկերներով հաճախ չէ, բայց հանդիպում ենք, ընտանիքներով իրար գիտենք։ Հանդիպելիս երկար-երկար զրուցում ենք անցած օրերից, միմյանց դրվագներ հիշեցնում։ Տղերքից մի քանիսին էլ արդեն տարիներ կլինի չեմ տեսել։ Կուզեի «Հայ զինվոր» թերթի միջոցով իմ բոլոր մարտական ընկերներին ողջունել։ Ողջ-առողջ եղեք, տղերք ջան, ու աշխարհի որ ծայրում էլ լինեք, թող խաղաղ լինեն ձեր հոգիները, մեր էս մի բուռ հող Հայաստանն էլ խաղաղվի, ու թող այս պատերազմը մեզնով վերջանա…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Ճակատագրեր


02/11/2011