ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Զանգակատուն գյուղի դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին
Բարև, իմ զինվոր եղբայր, ես հպարտ եմ քեզնով, քանի որ դու ամուր եւ հաստատուն կանգնած ես Հայաստանի սահմանին: Քո շնորհիվ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ապրում է խաղաղ երկնքի տակ:
Ես ցանկանում եմ, որ դու երկու տարի պատվով ծառայես և պատվով ետ վերադառնաս տուն, ուր քեզ կարոտով սպասում է քո ընտանիքը:
Աստված քեզ պահապան:
Արման Նազարյան
9-րդ դասարան
♦♦♦
Մենք բազմիցս համոզվել ենք, որ մեր հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է:
Հզոր ու անպարտ են մեր բանակն ու հայ զինվորները, քանի որ նրանց երակներում հոսում է ազատատենչ Վարդանի, Հայկի, Արաբոյի, Մոնթեի և մյուս քաջարի հերոսների արյունը:
Մենք՝ որպես ապագա զինվորներ, տեսնելով ձեր սխրանքները, խոստանում ենք, որ ինքներս էլ կլինենք այդպիսին և կբազմապատկենք մեր հաղթանակները:
Արսեն Նիկողոսյան
11-րդ դասարան
♦♦♦
Հերոսացումը քո արյան մեջ է, սիրելի՛ զինվոր: Իմ քա՛ջ զինվոր, ես ամեն օր քնում ու արթնանում եմ մեծ հպարտությամբ, քանի որ զինվորի քույր եմ: Աղոթքներս թող քեզ և բոլոր զինվորներին պահապան լինեն:
Էմմա Բադալյան
12-րդ դասարան
♦♦♦
Գրում եմ ՀՀ զինված ուժերում ծառայող եղբորս, նաև բոլոր զինծառայողներին, որոնց ևս եղբայր եմ համարում: Դուք միասին կազմում եք մի մեծ ընտանիք, որը կոչվում է Հայոց բանակ: Այն մարդիկ, ովքեր իրենց կուռք են համարում ինչ-որ դերասանի կամ երգչի, պետք է միշտ հիշեն, որ մեր ժամանակների իրական հերոսը բանակում ծառայող, սահման պահող ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ է, ով հայրենիքը սիրում է կյանքից առավել…
Ֆելիքս Միքայելյան
11-րդ դասարան
♦♦♦
Իմ զինվո՛ր եղբայր, հպարտ եմ քեզնով, որ պաշտպանում ես ինձ ու իմ ազգը թշնամուց: Ամեն անգամ դիրքերում կանգնելիս հիշի՛ր, որ տանն սպասող ունես, որ քո եղբայրը քեզնից պետք է սովորի լինել բարի, ազնիվ ու հզոր զինվոր: Ուզում եմ, որ երբեք չթուլանա քո մարտական ոգին, որ թշնամին քեզ տեսնելիս ահից դողա ու փախչի: Երկու տարի պատվով պարտքդ կատարիր ու վերադարձիր…
Կարապետ Ամրոյան
9-րդ դասարան
♦♦♦
Սիրելի՛ զինվոր, ճիշտ է՝ չեմ ճանաչում քեզ, բայց կարծես ինձ համար շատ հարազատ մարդ լինես: Շնորհակալ եմ, որ անձնվիրաբար ծառայում ես Հայոց բանակում և քո կյանքի գնով պաշտպանում ես մեր ազգը: Հենց քեզ նման քաջ արծիվների շնորհիվ է, որ հայրենի սահմաններն անխախտ են: Աստված պահապան լինի ձեզ:
Մերի Ավետիսյան
10-րդ դասարան
♦♦♦
Բարև, հա՛յ զինվոր, մեր ազգի պարծանք եւ հպարտություն: Գիտեմ, որ շատ դժվար է ծառայությունը սահմանին, սակայն, վստահ եմ, որ դու պատրաստ ես հզոր հարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության՝ չխնայելով նույնիսկ սեփական կյանքդ: Ճիշտ այնպես, ինչպես չխնայեցին իրենց կյանքը քառօրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաները: Շնորհակալ ենք խաղաղ բացվող ամեն լուսաբացի համար…
Լենա Ավետիսյան
9-րդ դասարան
Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Բանակ և հասարակություն