Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԱՐՈՆ 5%». ՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ԷՐ
«ՊԱՐՈՆ 5%». ՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ԷՐ

«ՊԱՐՈՆ 5%». ՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ԷՐԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ

 

1932թ. հոկտեմբերի 25-ին «Էրմիտաժի» փոխտնօրեն Հովսեփ Օրբելին նամակ գրեց ԽՍՀՄ առաջնորդին` խնդրելով դադարեցնել թանգարանային նմուշների վաճառքը։ Երկրի ինդուստրիալացման համար փող էր պետք, և խորհրդային կառավարիչները արագորեն արվեստի գործեր էին վաճառում միջազգային կոլեկցիոներներին։ «Էրմիտաժում» փորձում էին դիմադրել, բայց թանգարանի այն ժամանակվա տնօրենը չէր համարձակվում այս մասին գրել Ստալինին: Նրա խնդրանքով նամակը գրեց մեր հայրենակիցը, ու մոտ երկու շաբաթ անց ստացան դրական պատասխան։ Օրբելիի հորդորով Խորհրդային Միությունը տվյալ փուլում հրաժարվեց «Էրմիտաժի» նմուշների վաճառքից։ Հայ Հովսեփ Օրբելին գործարքի մյուս կողմում մեկ ուրիշ հայի` Գալուստ Գյուլբենկյանին զրկեց սովետմիության գխավոր թանգարանից մեծարժեք գործերի նոր խմբաքանակ գնելու հնարավորությունից։ Այդ օրերին Գյուլբենկյանը խորհրդային կառավարիչների՝ վաճառքի հանած Ռեմբրանդտի, Ռուբենսի կտավների կամ ցարական ընտանիքի արծաթյա իրերի հիմնական գնորդն էր, որոնք հին Հունաստանի փողերի կամ եգիպտական փարավոնի զարդերի հետ հանգրվանել էին Փարիզի իր առանձնատանը։ Մյուս հավանական գնորդ ամերիկացի ֆինանսիստ Էնդրյու Մելոնը տենդագին փորձում էր հասկանալ, թե ո՞վ է Եվրոպայում ապրող Գալուստ Գյուլբենկյանը, որը հաճախ «Էրմիտաժի» նմուշները ձեռք էր բերում նախքան իր աշխատողները Վաշինգտոնից կհասնեին Մոսկվա։

Գյուլբենկյանը հայ իրականության մեջ առավելապես հայտնի է որպես բարերար։ Իհարկե, իր հավաքածուի կամ նավթային գործերի մասին նույնպես գիտենք, բայց մեզ հետ այս իրողություններն ավելի քիչ են կապվում, քան բարեգործական աշխատանքն ու հիմնադրամը, որը գործում է առայսօր։ Մինչդեռ, Գյուլբենկյանը քայլող լեգենդ էր, նմանը չունեցող բացառիկ անձնավորություն, որի հետ բանակցում ու պայմանագրեր էին կնքում գերտերությունների ղեկավարները։ Նկարագիրն ամբողջացնում է գաղտնիության որոշակի շղարշը, քանի որ իր կյանքի օրոք նա հետևողականորեն խուսափում էր մամուլից ու ընդհանրապես հանրայնացումից, և իր բացառիկ արդյունքների մասին տվյալները քիչ էին ու շատ անգամ հակասական։ Ասում են՝ Պորտուգալիայում հաստատվելու պատճառներից մեկն այս երկրում մամուլի համեմատաբար պասիվ վիճակն էր։ 1950թ. ամերիկյան «Թայմը» գրել է, որ անգամ ստույգ հայտնի չէ միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը բարձրահասա՞կ է, թե՞ կարճահասակ։

«Ալ Ջազիրան» մեր հայրենակցի մասին ռեպորտաժում ասել է, որ Գյուլբենկյանը միայն hմուտ ֆինանսիստ չէր, նաև փայլուն բանակցող էր ու դիվանագետ։ «Թայմի» լրագրող Ռոբերտ Քուգլանը նույն կարծիքն էր հայտնել իր հոդվածում` մեջբերելով Գյուլբենկյանի ծանոթներից մեկի խոսքը. «Նա գիտեր մարդկանց ու, Աստված գիտի, թե ինչ եղանակով, կապի մեջ էր մտնում շատ կարևոր պաշտոնյաների հետ։ Հիանալի բանակցող էր, իր առաջարկներն արդյունավետ էին, կառուցողական։ Նա հիանալի հակասություններ հարթող էր։ Նա գիտեր վաճառել, գիտեր դիմացինին ինչ է պետք, գիտեր, թե իր խաղաքարտերը ինչպես եւ որ պահին կիրառի։ Դա մի հատուկ շնորք է»։

Լրագրող Քուգլանը կարծիք է հայտնել, որ Գյուլբենկյանը թերևս աշխարհի ամենահարուստ մարդն էր 1950թ.` հոդվածը գրելու պահին։ Վերջերս Անգլիայում Գյուլբենկյանի մասին տպված կենսագրական գիրքը հաստատում է այս փաստը։ 1950-ականներին մեր հայրենակիցն ուներ մոտ 5 մլրդ անգլիական ֆունտ կապիտալ։ Նկատի ունենալով արժեզրկումն ու բրիտանական և ամերիկյան տարադրամների տարբերությունը` ստանում ենք 150 մլրդ դոլարի չափ փող մերօրյա հաշվարկով: Այսպիսով՝ մոտ կես դար առաջ աշխարհի ամենահարուստ մարդը հայ էր` Գալուստ Գյուլբենկյանը։

Նա ծնվել է 1869թ.-ին Կոստանդնուպոլսում, սովորել է Քադըքյոյ (պատմական Քաղկեդոնն է) թաղամասի հայկական դպրոցում։ Փոքր տարիքից հաճախ լինում էր ընտանեկան բիզնես օֆիսում։ Նաեւ լսել էր, որ Գյուլբենկյանները Պոլիս էին եկել Թալաս քաղաքից, որտեղ հաջող գործարարությամբ էին զբաղվել ու կատարել նվիրատվություններ։ Այնպես որ՝ փող աշխատելու ու բարեգործության թեմաները մոլորակի ապագա գլխավոր մեծահարուստին ծանոթ էին մանկական տարիքից։ Երբ ուսանում էր Անգլիայում, մայրը նամակներում հորդորում էր քիչ չարչարվել, իսկ հայրը` հակառակը՝ պահանջում էր ավելի լավ գնահատականներ։ Պատասխան նամակներում որդին հարցնում էր, թե ինչո՞ւ Օսմանյան երկրում ոչինչ չգիտեն երկրագիտության մասին, կարգին չեն պատկերացնում, թե ի՞նչ են օգտակար հանածոները։ Երիտասարդ հայի նախասիրությունները կամաց-կամաց ուրվագծվում էին։ Լոնդոնից վերադառնալով` նա նավով գնաց Բաթում ու այնտեղից գնացքով հասավ Բաքու։ Անգլիայում սովորելիս Գալուստ Գյուլբենկյանն արդեն շատ լավ հասկացել էր, թե ինչ է նշանակում նավթ։ Շուտով նա գիրք գրեց Ապշերոնյան հանքերի մասին։ Բաքվից իր նավթային եկամուտները սկզբում զիջում էին տեքստիլից ու առևտրից ստացվող շահույթին, բայց աստիճանաբար կշեռքի նժարները թեքվեցին։

«Shell» նավթային ընկերության մասին թերևս քչերը չգիտեն։ Բայց 1907թ. անգլիական «Shell»-ը դեռևս միայն տրանսպորտային գրասենյակ էր ու նոր էր ընդունել նավթային բիզնեսով զբաղվելու որոշումը։ Նրանք փորձում էին գնել «Royal Dutch» հոլանդական նավթարդյունաբերական ընկերությունը, ու մեր հայրենակիցը հանձն առավ միջնորդի դերը։ Լիովին արդարացնելով տաղանդավոր բանակցողի մասին «Թայմի» գնահատականը` Գյուլբենկյանը 1907թ. գլուխ բերեց գործարքը` ինքն էլ դառնալով փայատեր։ Այդպես աշխարհում հայտնվեց ու մինչև հիմա գործում է «Royal Dutch Shell»-ը, որն այսօր Եվրոպայի խոշորագույն ընկերությունն է՝ կես տրիլիոն դոլար տարեկան շրջանառությամբ։ Լսելով նրա հռչակի մասին` Օսմանյան կայսրության հայազգի ֆինանսների նախարար Հակոբ Գազազյանը Գյուլբենկյանին շտապ հրավիրեց Ստամբուլ` Օսմանյան Թուրքիայում նավթ որոնելու։ Մեր հայրենակիցը եկավ ու բացահայտեց Մոսուլի հարուստ պաշարները։ 1912թ. դրանք արդյունահանելու համար նա հիմնեց Թուրքական նավթային ընկերությունը, որի բաժնետոմսերի 15%-ն իրեն պահեց, մնացածը գնեցին տարբեր երկրների կառավարությունները։

1923թ. Լոզանի կոնֆերանսում Հայաստանի երբեմնի դաշնակից գերտերությունները բաց տեքստով հայերին հասկացրին, որ մեր իրավունքների կամ պատմական արդարության համար որևէ պատերազմ վարել քեմալականների դեմ չեն ցանկանում։  Արդեն կառավարություն չներկայացնող ՀՀ նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին Լոզանում խորհուրդ տվեցին անձամբ հանդիպել Մուստաֆա Քեմալի պատվիրակներին։ Ավաղ, այդ բանակցություններից իհարկե ոչինչ էլ դուրս չեկավ, բայց մի քանի օր հետո անգլիացիները նորից մոտեցան Խատիսյանին ու ասացին, որ եթե Մոսուլի նավթահանքերի հարցում Քեմալը զիջումների չգնա, ապա, հնարավոր է, Բրիտանիան ռազմական գործողություններ սկսի Թուրքիայի դեմ։ Նավթը, փաստորեն, ավելին արժեր, քան պատմական արդարությունը։ Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչները Խատիսյանի պատվիրակությանը խորհուրդ տվեցին առայժմ իրենց հետ կապ պահել՝ նոր պատերազմի հարցը քննարկելու համար։ Լոզանում թուրք-իրաքյան սահմանի հարցը մտավ փակուղի, ու Ազգերի Լիգան հանձն առավ քանդելու կծիկը։ Գյուլբենկյանը հետևում էր զարգացումներին։ Նա կապ հաստատեց Ազգերի Լիգայի հետ եւ իմացավ, թե ովքեր են այնտեղ զբաղվում Մոսուլի հարցով ու մասնավորապես՝ ով էր գծելու քարտեզը։ Պարզվեց՝ Ազգերի Լիգան գործը փոխանցել էր Հունգարիայի տնօրինությանը, վերջինիս իշխանություններն էլ վարձել էին հայ քարտեզագիր Խանզադյանին՝ առաջարկներ մշակելու։ Գյուլբենկյանը Խանզադյանին բարեկամաբար խորհուրդ տվեց քարտեզն այնպես գծել, որ Մոսուլը մնա Թուրքիայից դուրս, Իրաքի մասում։ Հետո Թուրքիայի հանդեպ սկսվեց միջազգային կազմակերպված դիվանագիտական ճնշումը` վերջ ի վերջո ստիպելով ընդունել հայերի գծած թուրք-իրաքյան սահմանը։ Այս միջնորդությունների արդյունքում Գյուլբենկյանն իրեն պահեց Մոսուլի նավթի բաժնեմասերի 5 տոկոսը, ինչն էլ իր «Միստր 5 տոկոս» հայտնի մականունի պատճառը դարձավ։

1929թ.-ին ԱՄՆ-ում փլուզվեց արժեթղթերի շուկան, ու սկսվեց Great Depression-ը (Մեծ դեպրեսիան), որը ցնցում էր նաև եվրոպական (բայց ոչ Գալուստ Գյուլբենկյանի) տնտեսությունը։  Նույն «Royal Dutch Shell»-ի բաժնեթղթերի գնային տատանումների ժամանակ նա մեծ փողեր էր աշխատում` էժան գնելով ու թանկ վաճառելով արժետոմսերը։ Մոտավորապես այդ տարիներին էր, որ Գյուլբենկյանի մասին հիշեցին Խորհրդային Միությունում։ Ասում են՝ Գյուլբենկյանի հետ աշխատել Ստալինին հուշել է Անաստաս Միկոյանը։ Ու գործընկերությունը միայն «Էրմիտաժի» նմուշներով չսահմանափակվեց։

Եվրոպայում տնտեսական ճգնաժամի պայմաններում Խորհրդային Միության համար նավթ վաճառելը բարդացել էր։ Նավթի պահանջարկը միջազգային շուկայում կտրուկ նվազել էր, «սև ոսկին» հիմնականում վաճառում էին բրիտանական ու ամերիկյան ընկերությունները։ Խորհրդային Միությունն էլ քաղաքական մեկուսացման մեջ էր ու տեխնոլոգիապես այնքան էր հետ մնացել, որ նույնիսկ բեռնանավ չուներ՝ նավթը ծովային ճանապարհով արտահանելու համար։ Ի տարբերություն Խորհրդային կայսրության, Գյուլբենկյանն ուներ լցանավեր (տանկերներ)։ Նա Մոսկվայից նավթ էր գնում ու դրսում վերավաճառում ` իրեն պահելով որոշակի միջնորդավճար։

Ռուս պատմաբան Յուրի Ժուկովը գրել է, որ հենց Գյուլբենկյանը հաստատեց Մոսկվայի գործընկերային կապերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի բանկերի հետ։ Ավելի բարդ, բայց հաջող հանգուցալուծում ունեցավ «Դոյչե բանկի» հետ գործընկերության հաստատումը։ Խորհրդային կառավարությունը մտավախություն ուներ, որ գերմանական բանկն իրենց հետ չի աշխատի, քանի որ բանկի տնօրեն դոկտոր Բոնը խիստ բացասական կարծիք ուներ բոլշևիկների մասին։

1929թ. խորհրդային պաշտոնյա Բիրցվեյգը, որը կապ էր պահում Գյուլբենկյանի հետ, գրեց արտաքին առևտրի գծով պատասխանատու Պյատակովին.

«Գ.-ն (Գաղտնիության նպատակով ԽՍՀՄ պաշտոնական նամակագրության մեջ նշվում էր միայն ազգանվան առաջին տառը-Հ.Ն.) բանակցեց դոկտոր Բոնի հետ։ Ու թեև վերջինս ասել էր, որ մեզ հետ բարդ է աշխատել, քանի որ անընդհատ մեր խոսքը փոխում ենք, բայց Գ.-ի մասնակցության պարագայում Բոնը հայտարարեց, որ պատրաստ է հարցը ներկայացնել մյուս գլխավոր տնօրենների քննարկմանը»։ «Դոյչե բանկը» վերջ ի վերջո համաձայնեց աշխատել Մոսկվայի հետ` Գալուստ Գյուլբենկյանի բացառիկ արդյունքների թվում գրանցելով փաստը, որ իր հեղինակությունն ու բանակցելու ձիրքը բավական են գերմանական դրամատան հետ խզված կապերը վերականգնելու, միջազգային տարբեր բանկերի հետ կապեր զարգացնելու համար։

1942թ. ապրիլին Գյուլբենկյանը հաստատվեց Պորտուգալիայում։ Նա շարունակում էր իր նավթային գործարքները. մասնակցեց ֆրանսիական «Total» նավթային ընկերության հիմնադրմանը, միջնորդեց, որ Միացյալ Նահանգների շուկա մտնի «Shell»-ը, որի բենզալցակայանները ԱՄՆ-ում հիմա ամենուր են։

…1948թ. Գալուստ Գյուլբենկյանին էին այցելել ամերիկացի գործարարներ` բիզնես առաջարկով։ Ուսումնասիրելով բիզնես պլանը` այդ պահին 78-ամյա միլիարդատերը հարցրեց. «28 տարում այս գործից որքա՞ն փող կաշխատեմ»։ Ապշած ամերիկացիները մտքում արագորեն փորձում էին հաշվել մի կողմից Գյուլբենկյանի մասնաբաժինը, մյուս կողմից՝ նրա տարիքը 28 տարի անց։ «Ես որոշել եմ 106 տարի ապրել, – շարունակեց Գալուստ Գյուլբենկյանը,- հայրս ապրել է 105 տարի, ես մի տարով գերազանցելու եմ»։

Պարոն 5 տոկոսը վախճանվեց 1955թ., 86 տարեկանում։ Հնարավոր է՝ ավելի երկար ապրելու իր նպատակն անկատար մնաց անձնական կյանքում անհաջողությունների պատճառով։ Իր կինը` Նվարդ Եսայանը, թեև պաշտոնապես բաժանված չէր, բայց 1920-ականներից սկսած՝ հիմնականում ապրում էր առանձին, Գալուստ Գյուլբենկյանի Փարիզի առանձնատանը։ Որդին` Նուբարը, հարազատ հորը դատի էր տվել։ Շնորհալի բանակցողին վերջ ի վերջո հաջողվեց հարցը դուրս բերել դատարանից ու լուծել անձնական մակարդակում։

1955թ., երբ մահացավ աշխարհի ամենահարուստ մարդը, շվեյցարացի գրող Ֆրիդրիխ Դյուրենմաթը գրեց «Ծեր Տիկնոջ այցը» պիեսը, որն առաջին անգամ բեմադրվեց հաջորդ տարեսկզբին։ Ստեղծագործության գլխավոր հերոսուհին`  հայկական ազգանունով Կլարա Ցախանասյանը, էթնիկ հայ չէր, պարզապես ամուսնացել էր Ցախանասյան ազգանվամբ հայ միլիարդատիրոջ հետ, որի վախճանից հետո միլիարդները մնացել էին կնոջը։ Ո՞ւմ կերպարն աչքի առաջ ունենալով էր անվանի գրողը գրել հայ մեծահարուստի մասին` կարելի է կռահել։ Գրքում գործարար Ցախանասյանին գրողը շատ չի անդրադառնում, բայց մի դրվագում նշել է, որ նա նավթային բիզնեսով է զբաղվել։ «Նա գտել էր Արարատի նավթը»,- նշված է պիեսում։ Կարելի է ենթադրել, որ առեղծվածային հայ մեծահարուստի կերպարը եվրոպացի գրողը ստեղծել էր՝ ի նկատի ունենալով «Պարոն 5 տոկոսին»։

Գալուստ Գյուլբենկյանի մարդկային որակների մասին խոսուն փաստ է 1930թ. ԽՍՀՄ արտաքին առևտրի պատասխանատու Պյատակովին գրած նամակը։ Լինելով խորհրդային թանգարանային հարստությունների հիմնական գնորդներից մեկը` նա, այնուհանդերձ, հորդորում էր բոլշևիկ կառավարիչներին. «Ձեզ նախկինում էլ ասել եմ ու նույնը հիմա եմ խորհուրդ տալիս` մի՛ վաճառեք ձեր թանգարանների գանձերը»։

Բայց Գյուլբենկյանի մարդկային որակների մասին առավել խոսուն փաստ է բարեգործությունը։

 

 

«ՊԱՐՈՆ 5%». ՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ԷՐԳալուստ Գյուլբենկյանի բարեսիրական գործունեությունը

 

Ինչպես նշվեց, Գյուլբենկյանները հաջողակ գործարարներ էին արդեն Թալասում, որտեղ ֆինանսավորեցին հայկական դպրոցների շինարարությունն ու եկեղեցու նորոգումը։ Փոխադրվելով Կոստանդնուպոլիս` նրանք հանձն առան Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հովանավորությունը։ Ստամբուլի Եդիքուլե թաղամասի այս հիվանդանոցին ավելի ուշ նյութապես աջակցեց նաև անձամբ Գալուստ Գյուլբենկյանը: Մասնավորապես՝ 1953թ. նրա՝ հիվանդանոցի համար գնած հողակտորը Թուրքիայի կառավարությունը զավթեց տասը տարի անց, հետո դատական քաշքշուկի արդյունքում հետ վերադարձրեց հիվանդանոցին։ 2005թ. «Գյուլբենկյան» հիմնադրամը կրկին նորոգեց Սուրբ Փրկիչը, ապա, մի քանի տարի անց նվիրեց սարքավորումներ։ Այստեղ են թաղված Գալուստ Գյուլբենկյանի ծնողները և հորեղբայր Սարգիս Սերովբեն։

Առաջին Հանրապետության տարիներին Գյուլբենկյանի հովանավորությամբ Երևանի Աբովյան փողոցում տրամվայի գծեր էին տեղադրվել։ Նրան հրավիրեցին նաև հանձն առնելու ՀՀ բանկային համակարգի կազմակերպումը։ Գյուլբենկյանը համաձայնվեց, բայց գործը կիսատ մնաց խորհրդայնացման արդյունքում։ Գալուստ Գյուլբենկյանը սկզբում բարեգործական աշխատանքներ էր անում «Հայ բարեգործական ընդհանուր միության» հետ համատեղ։ Նա ՀԲԸՄ-ի հետ մասնակցել է Երևանի մերձակա Նուբարաշեն (ավելի ուշ՝ Սովետաշեն ու դարձյալ Նուբարաշեն) թաղամասի շինարարությանը, օգնել Սիրիայում ու Բեյրութում հաստատված հայերին։ 1930թ. Գյուլբենկյանը նաև երկու տարի ղեկավարել է «Հայ բարեգործական ընդհանուր միությունը»։ Կենսագիրը գրում է ՀԲԸՄ-ում Գյուլբենկյանի խստապահանջության մասին. նա պարտադրում էր, որ աշխատանքի ներկայանալիս ստորագրեին մատյանում, իսկ մամուլի հանդեպ իր կրավորական վերաբերմունքի արդյունքում փակեց ՀԲԸՄ ինֆորմացիայի և հանրության հետ կապերի բաժինը։ Հայ բարեգործականից հեռանալուց հետո էլ Գյուլբենկյանը շարունակել է միջոցներ տրամադրել այս հիմնադրամին։

Խորհրդային Հայաստանում կապ պահելով Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանցի  հետ, հովանավորել է Էջմիածնի տարածքի նորոգությունը, գումար է տրամադրել Հայաստանի փոքր ֆիլհարմոնիային, ինչի մասին նշված է շենքին տեղադրված հուշատախտակին, հովանավորել է ներգաղթը։ Ըստ տեղեկությունների՝ Գալուստ Գյուլբենկյանը Խորհրդային Հայաստանի կառավարությանն առաջարկել էր բարեկարգել Երևանից Էջմիածին հասնող ճանապարհը, սակայն ինչ-ինչ պատճառներով նախագիծը չի կայացել։

Կյանքի վերջում Փարիզի առանձնատանը գտնվող իր հավաքածուն արդեն ուներ 6 հազար ցուցանմուշ` բերված Եգիպտոսից, ԽՍՀՄ-ից, Ճապոնիայից, Հունաստանից ու եվրոպական այլ պետություններից։ Գյուլբենկյանն այնքան էր կապված իր հավաքածուին, որ այն կոչում էր «իր երեխան»։ Հավաքածուի հայկական նմուշների մի մասը նա կտակեց Երուսաղեմի հայ պատրիարքարանին։ Մյուս նմուշների մասով հստակ ցուցումներ չէր թողել։ Գյուլբենկյանի մահվանից հետո իր խորհրդական Սիրիլ Ռեդկլիֆի որոշմամբ՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ստեղծվեց Գյուլբենկյան թանգարանը։ Հավաքածուն Փարիզից փոխադրվեց Լիսաբոն, 14 տարի ցուցադրվեց Պոմբալ պալասում, ապա, 1969թ. տեղափոխվեց առանձին շենք։ Մեր օրերում թանգարանի տարեկան այցելուների թիվը մոտենում է կես միլիոնի։

1956թ., ստեղծվեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որն այժմ էլ շարունակում է գործել։ Կառույցը գումարներ է տրամադրում մարդու իրավունքների պաշտպանությանը, վերջերս 100 hազար եվրո հատկացվեց Article 19-ը ֆրանսիական իրավապաշտպանական գրասենյակին, շոշափելի գումարներ են ուղղվել շրջակա միջավայրի ծրագրերին:

Հիմնադրամի բարեսիրական նախագծերի բյուջեն տարեկան մոտ 60 միլիոն դոլարի սահմաններում է, որից հայկական ծրագրերի բաժինը շուրջ 3 միլիոն է (շահառուներն են Բեյրութի Հայկազյան համալսարանը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, «Հրանտ Դինք» պոլսահայ հիմնադրամը և այլն)։ Հետաքրքիր զուգադիպությամբ, այստեղ էլ համահունչ է նույն 5 տոկոսի սկզբունքը (3 միլիոն` 60-ից)։

Փաստացի, ամեն տարի հայկական ծրագրերին է ուղղվում հայ միլիարդատիրոջ կուտակած ամբողջ կապիտալի 0.002 տոկոսը։ Գալուստ Գյուլբենկյանի ֆենոմենը մի կողմից ի ցույց է դնում մեծ աննախադեպ հաջողությունների հասնելու հայկական տեսակի կարողությունը, մյուս կողմից՝ բազմիցս քննարկված հիմնահարցը՝ հայկական կապիտալի և պատմության ընթացքում այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելու հրատապ խնդիրը։

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Վաշինգտոն