Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայաստանի Հանրապետության հետապնդած խնդիրները բխում էին Հայկական հարցին արդար լուծում տալու սկզբունքներից, որեւէ երկրի շահերը չոտնահարելու գաղափարից։

Հակառակ այս ամենին, բոլշեւիկները սերտացնում էին հարաբերությունները Քեմալի հետ։ Բեքիր Սամիի պատվիրակությունը իր հետ Թուրքիա էր տանում բոլշեւիկների խոստացած ոսկուց 500 կգ, որը պետք է օգտագործվեր քեմալական նոր բանակի կազմավորման համար։

Դիվանագիտական արշավներն ավարտվեցին Փարիզի արվարձան Սեւրում, որտեղ էլ 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց այնքան սպասված պայմանագիրը, որի երկրորդ մասի վեցերորդ բաժնի 88-93 հոդվածները վերաբերում էին Հայաստանին։

«Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ արել են դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն»։

«Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայն են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»։

Այսպիսով, կարծես թե իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը. լուծվում էր բազմաչարչար Հայկական հարցը։ Թուրքիան ճանաչում էր հայկական պետության գոյությունը, դաշնակիցների գծած նրա սահմանները։ Թվում էր, թե հայ ժողովրդի քսանական թվականների սերունդը լուծում էր ազգային գերխնդիրը, բայց դա արտաքին տպավորություն էր, որովհետեւ թուրք-բոլշեւիկյան գնալով սերտացող կապերին խանդոտ նայող մեծերը, Թուրքիայից կորզելով բոլշեւիզմի դեմ պայքարի խոստում եւ պատճառաբանելով, որ Հայաստանն այլեւս անկախ չէ, մաս է կազմում Խորհրդային Ռուսաստանի, հրաժարվեցին պայմանագիրն ի կատար ածել։ Թեեւ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ ավարտել է սահմանագծման աշխատանքները, եւ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներից առանձնացված 90.000 քառ.կիլոմետր տարածքը, միանալով Հայաստանի Հանրապետությանը, կազմելու էր 161.330 քառ.կիլոմետր։

1920թ. սեպտեմբերի 1-ին Բաքվում գումարվեց Արեւելքի ժողովուրդների համագումարը, որը, իմպերիալիզմի դեմ պայքարի, համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակի իրականացման գործընթացները ճշգրտելու նպատակ ունենալով, անդրադարձավ նաեւ Հայկական հարցին։ Համագումարը տեւեց 7 օր։ Մասնակցում էին 6 երկրների 47 ազգությունների ներկայացուցիչներ։ Նրանց թվում էին Ավիս Նուրիջանյանը, Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Անաստաս Միկոյանը եւ հայ այլ բոլշեւիկներ։ Համագումարը Հայկական հարցի առթիվ կայացրեց վճռական որոշում՝ Հայաստանը մաքրել հակահեղափոխական ուժերից, ազատագրել միջազգային իմպերիալիզմի ճիրաններից եւ զենքի ուժով հաստատել խորհրդային կարգեր։ Մինչ այդ, սկսած 1920թ. ապրիլից, երբ խորհրդայնացվել էր Ադրբեջանը, բոլշեւիկյան 11-րդ բանակի զորամասերը ակտիվ մասնակցություն էին ունենում մուսավաթ-բոլշեւիկների ծրագրերի իրականացմանը։ Զավթելով Ղարաբաղը՝ հուլիսին նրանք ներխուժեցին Զանգեզուր, Նախիջեւան։ Հայաստանի կառավարությանը մեծ ջանքերի գնով հնարավոր եղավ 1920թ. օգոստոսի 10-ին համաձայնագիր ստորագրել բոլշեւիկների հետ, որով դադարեցվելու էին հայ-ռուսական պատերազմական գործողությունները։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց արձանագրություն, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պահպանում էր Զանգեզուրը եւ Նախիջեւանը, եւ Ռուսաստանն ու Ադրբեջանը ճանաչելու էին այդ իրավունքները։ Հայաստանը զիջում էր Ղարաբաղը, ռուսական կողմը Հայաստանին հատկացնելու էր 2,5 միլիոն ոսկե ռուբլու վարկ, խոստանում էր Թուրքիայի հետ վիճելի տարածքների հարցում խաղալ միջնորդի դեր այն բանից հետո, երբ թուրքական զորքերը կազատեին մինչեւ 1914թ. ռուս-թուրքական սահմանն ընկած տարածքները։ Բրեստի եւ Բաթումի պայմանագրերը կորցնելու էին իրենց ուժը, Թուրքիան ճանաչելու էր Հայաստանի Հանրապետությունը այն սահմաններով, որը կորոշվեր հայ-ռուսական կնքվելիք պայմանագրով։ Հայաստանը համաձայնում էր, որ իր երկաթուղիները ռուսական կողմը օգտագործեր Թուրքիա զենք եւ զինամթերք տեղափոխելու համար։

Եթե պայմանավորվածությունը իրականացվեր եւ պայմանագրի ուժ ստանար, ապա ակնառու էր, որ Հայաստանի Հանրապետությունը դրությունից դուրս էր գալու նվազ կորուստներով եւ իրականանալու էր Խորհրդային Ռուսաստանի հետ ցանկալի բարեկամությունը, որը այնքան անհրաժեշտ էր հայ ժողովրդին։ Գաղտնիքն այն էր, որ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր ստեղծվել, Մոսկվան գիտեր, թե թուրքերը ինչքան տարածք պետք է գրավեն, ու չէր անհանգստանում հայության նոր ողբերգության համար։ «Մոսկվային հայտնի գիծը», սակայն, արդեն խախտվում էր, եւ բոլշեւիկ ղեկավարությունը անհանգստության քայլեր էր ցուցաբերում։

…Հայ ժողովուրդը նորից կանգնել էր ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ։ Թուրքական հարձակմանը զոհ գնաց 60000 հայ, 56000 մարդ վիրավորվեց, 32000 մարդ մահացավ սովից ու հիվանդություններից, 8000 հայ գերվեց ու տեղափոխվեց Թուրքիայի խորքերը։ Համամլուի շրջանում բացված հսկա գերեզմանոցում հայտնաբերվել էր 11886 դիակ, Աղբուլաղում թուրք վանդալները սվինահարել էին 1200-1500 մարդու։ Ղարաքիլիսայի ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչ Չարլզ Ֆ.Կրանտը հայտնում է, որ դիակների մեծ մասը սվինահարվածներ են։ Զոհվածների 90 տոկոսը ծերեր են, կին ու երեխա։

Թուրքերը նոյեմբերի 11-ին գրավեցին Ջաջուռն ու սրի քաշեցին սարսափահար, ձորում թաքնված 600 հայի։ Թուրքական բանակը կանգնած էր Մարգարայի կամրջի մոտ, Երեւան հասնելու համար կպահանջվեր ընդամենը մեկ ժամ։ Բոլշեւիկները բացեցին իրենց խաղաքարտերը, եւ նոյեմբերի 29-ին Հայաստանի սահմաններ խուժեց Բաքվում կազմված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որն իրեն ներկայացնում էր իբրեւ երկրի կառավարություն։

Ծանր կորուստներն առկա էին։ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 1-ի գաղտնի նիստում որոշեց հաջորդ օրը իշխանությունը հանձնել բոլշեւիկներին։

1920թ. դեկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10-ին իշխանությունը անցավ բոլշեւիկներին։ Կնքվեց համաձայնագիր, որը ստորագրեցին Բ. Լեգրանն ու Հայաստանի կառավարության լիազորություններով օժտված Դրոն ու Հ. Տերտերյանը։ Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ խորհրդային հանրապետություն, որի սահմաններն ընդգրկում էին Երեւանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի այն հատվածը, որը ապահովում էր երկաթուղու հսկողությունը մինչեւ Ջաջուռ եւ Արաքս կայարան, զինվորական, քաղաքական եւ հասարակական գործիչները չէին ենթարկվելու հետապնդումների, ռազմահեղափոխական կոմիտեի անդամներ էին դառնալու հինգ կոմունիստ եւ երկու ձախ դաշնակցական։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը հոգալու էր հանրապետության անվտանգությունը։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից իշխանությունը, մինչեւ Հեղկոմի ժամանումը, անցնելու էր Դրոյի գլխավորած զորահրամանատարությանը, որի անդամ էր դառնալու Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Սիլինը։

Շարունակելի

Խորագիր՝ #8 (1328) 26.02.2020 - 3.03.2020, Պատմության էջերից


27/02/2020