Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՊՐԵԼԱՁԵՎ



ՄԱՐԶԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՊՐԵԼԱՁԵՎՖիզիկական պատրաստությունը զինծառայողների մարտական պատրաստության կարևոր բաղադրիչներից է, որը սակայն չի սահմանափակվում ծառայության ժամկետով: Զորակոչիկի ֆիզիկական պատրաստությունն սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, ամրապնդվում զորամասում: Այսինքն՝ մարզական միջոցառումներին մասնակցելը, մանուկ հասակից երեխաների մեջ ֆիզիկական ակտիվ կյանքով ապրելու գաղափար սերմանելը նպաստում է, որ մեր զինված ուժերը համալրվեն ֆիզիկապես առողջ, զարգացած երիտասարդներով: Ի՞նչ աշխատանքներ են տարվում տվյալ ոլորտում, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, ծառայությունն օգնո՞ւմ է մարզիկներին, թե՞ խանգարում: Այս և այլ հարցերի շուրջ իր պարզաբանումներն է ներկայացնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ, որն արդեն մեկ տարի է, ինչ ղեկավարում է այս կարևոր գերատեսչությունը:

Նախարարությունն իրականացնում է կառավարության մշակած ծրագիր՝ միտված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը: Նշված ծրագրի համաձայն՝ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում, նաև նոր առաջարկներով ենք հանդես գալիս, որոնց հիմնական նպատակը սպորտը մասսայականացնելն է: Դա է սպորտի զարգացման նախապայմանը: Չկա մասսայականություն, չկա նաև սպորտ: Ընդ որում, ամեն ինչ անհրաժեշտ է սկսել մարզերից: Այնպես չէ, որ Երևանում իդեալական վիճակ է, բայց մարզերում ավելի շատ գործ կա անելու: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ առավել նշանակալի արդյունքների հասած մարզիկների մեծամասնությունը մարզերից է: Գաղափարն իրականացվում է տարբեր եղանակներով, օրինակ՝ սպորտի մասսայականացման նախապայմաններից մեկը համապատասխան քարոզչությունն է: Ճիշտ քարոզչության դեպքում մենք կկարողանանք ավելի շատ երեխաներ ներգրավել տարբեր մարզաձևերում, ինչն էլ հետագայում իր արդյունքը կտա:

 

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ

Մարզական հոգեբանության ձևավորումը հնարավոր է սկսել նախադպրոցական տարիքից: Մինչդեռ մեր գործունեության հիմնական թիրախը հանրակրթական դպրոցներն են, տարիքային այն շեմը, երբ աստիճանաբար ձևավորվում են պատանիների մրցակցային ոգին, մարզական հակումները: Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ բավական լուրջ և ծավալուն աշխատանք ենք կատարում: Նպատակ ունենք էականորեն բարձրացնելու ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացման արդյունավետությունը: Շատ բարդ խնդիր է, բազմաթիվ դժվարությունների առաջ ենք կանգնում, բայց այլ ելք չկա: Ընդհանուր մոտեցումը ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ պետք է փոխվի: Այն պետք է կարևորվի ոչ պակաս, քան մյուս բոլոր առարկաները: Մանկավարժական կոլեկտիվը, ծնողները այստեղ յուրատեսակ քարոզչություն իրականացնելու խնդիր ունեն: Շատերը կարող են ասել, թե մեր դպրոցների մարզաբազայի վիճակը բարվոք չէ, մարզագույքը հին է, համահունչ չէ այսօրվա պահանջներին: Վստահ կարող եմ ասել, որ նմանատիպ հարցերն աստիճանաբար լուծվում են պետական մակարդակով:

Ընդհանրապես, ֆիզկուլտուրայի դերը կարևորելու համար տեղին կլինի հիշել ԽՍՀՄ տարիները: Գոյություն ուներ համակարգ, որը դեռ նախադպրոցական տարիքից երեխաների մեջ սերմանում էր այն գաղափարը, որ ֆիզկուլտուրան ոչ միայն պարտադիր է, այլև օգտակար: Առավոտ արթնանալիս հինգ րոպե պարտադիր մարմնամարզություն, դասաժամերին մի քանի րոպե ընդմիջում. սա սահմանված կարգ էր ամբողջ երկրում: Ընդունում եմ, այսօրվա պայմաններում մի քիչ դժվար է նույնը իրագործել, բայց ժամանակ և ջանք չխնայելու դեպքում հնարավոր է հասնել ցանկացած արդյունքի:

Մենք անցյալի բարի հուշերով չենք ապրում, ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը: Աշխատանքային հատուկ խմբեր են ուղարկվել Ռուսաստան և Բելառուս, որտեղ արդեն ներդրվել են նմանատիպ համակարգեր: Աշխատանքային խմբերն ուսումնասիրելու են գործընթացի կազմակերպման հետ կապված բոլոր մանրամասները, առաջարկներ են ներկայացնելու մեր պայմաններում դրանք իրագործելու հնարավորության վերաբերյալ: Դրանից հետո կուսումնասիրենք, թե ինչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ համապատասխան մարզագույք, կահավորում ձեռք բերելու, դպրոցների մարզադահլիճները նորոգելու, անհրաժեշտ ջեռուցում անցկացնելու համար և այլն: Պետք է նախնական պատկեր ունենալ գործընթացն  սկսելու համար:

 

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Պետական մարմինների ոչ մի նախաձեռնություն դրական արդյունք չի ունենա առանց համապատասխան արդյունավետ քարոզչության: Դասաժամերին սպորտի և դրա կարևորության մասին խոսելը մեզ համար բավարար չէ: Արդեն երկրորդ տարին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Երևանի Ազատության հրապարակում եղանակային բարենպաստ պայմանների դեպքում յուրաքանչյուր շաբաթ օր ցուցադրական ելույթներ են կազմակերպվում տարբեր մարզաձևերից: Միջոցառումն իրականացվում է քաղաքապետարանի հետ համատեղ: Մարդիկ գալիս են ընտանիքներով, հետևում են մարզիկների ելույթներին, հետաքրքրվում, ցանկություն հայտնում իրենց երեխաներին ներգրավելու մարզական խմբակներում: Արդյունավետ եղանակ է, որովհետև մարդիկ տեղում տեսնում են, թե դա ինչ մարզաձև է, իրենք մասնակցում են մարզումներին, ավելի լավ պատկերացում կազմում իրենց երեխայի մարզական հակումների մասին: Օրինակ՝ մեկը նայում է բադմինթոն խաղացողներին, հետևում արագությանը, դինամիկային, փորձում տարբերել պրոֆեսիոնալ խաղն ու բակային մակարդակի խաղը, սկսում է հասկանալ, որ դա լուրջ մարզաձև է: Կամ վերցնենք սուսերամարտը, շատերն առաջին անգամ իրենց ձեռքում պահում են զենքը, ոգևորվում: Նշեմ, որ այդ միջոցառումներից հետո սուսերամարտի ֆեդերացիան տվյալ մարզաձևով զբաղվողների զգալի աճ է արձանագրել:

Քարոզչության ևս մեկ՝ չափազանց արդյունավետ ձև է, երբ մեր ճանաչված մարզիկները գնում են դպրոցներ, հանդիպում երեխաների հետ: Հանդիպումների այդ շարքը բացել է մեր հանրահայտ ըմբշամարտիկ Լևոն Ջուլֆալաքյանը, ծրագրի մեկնարկին թիվ 200 դպրոցում ներկա էի նաև ես: Այդ հանդիպումները հարմարեցնում ենք մարզիկների ծանրաբեռնված գրաֆիկին, քանի որ նրանք տարբեր մրցույթների են նախապատրաստվում: Մայրաքաղաքից հետո նման այցելություններ կլինեն նաև մարզերի դպրոցներ: Կլինեն վարպետության դասեր, որոնք նույնպես մեր անվանի մարզիկները կանցկացնեն: Շատ լավ ծրագիր է: Դուք միայն պետք է տեսնեիք երեխաների ոգևորված դեմքերը, երբ նրանց ձեռքը սեղմում էր աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների հաղթողը, մրցանակակիրը, հետո էլ պատմում իր մարզական «արկածների» մասին:

 

ՊՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մենք չափազանց սերտ համագործակցում ենք պաշտպանության նախարարության  հետ, իրականացնում ենք մի շարք ծրագրեր ռազմամարզական ուղղություններով: Այսօր սպորտը և բանակը փոխկապակցված են, սպորտի միջոցով մենք բանակին տալիս ենք առողջ պատանիներ: Սպորտով զբաղվողը ոչ միայն ֆիզիկապես է պատրաստված, այլև գաղափարապես է ուժեղ, ինչը պակաս կարևոր չէ ծառայության ընթացքում: Հատկանշական է, որ շատ դեպքերում մարզումների ժամանակ տղաներին ասում են՝ դուք ապագա զինվորներ եք, պատրաստ եղեք, եթե զինվոր չունեցանք, մեր սահմանը ո՞վ է պահելու: Հիմնականում մարզական խմբակներ այցելած պատանիներն արդեն պատրաստի զինվորներ են:

ՀՀ ԶՈՒ կազմում գործում է սպորտային վաշտ, որում իրենց պարտադիր ժամկետային ծառայությունն են անցնում մեր խոստումնալից մարզիկները: Նրանց պարապմունքների համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծված, ինչի շնորհիվ վերջիններս չեն կորցնում մարզական հմտությունները: Նրանք ծառայության ընթացքում էլ զինված ուժերի ղեկավարության թույլտվությամբ մասնակցում են և՛ ներհանրապետական, և՛ միջազգային մրցումների, բարձր պահում մեր երկրի մարզական պատիվը: Ստորաբաժանման կազմում ընդգրկվում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մինչև վեցերորդ տեղն զբաղեցրած մարզիկները: Այդ կարգը վերանայելու առաջարկ է եղել, որովհետև մարզաձևեր ունենք, որոնցում այսօրվա դրությամբ անհնար է հասնել նման բարձր արդյունքի: Մենք ավանդաբար ուժեղ ենք որոշակի, հիմնականում անհատական մարզաձևերից: Կան լավագույն մարզիկներ՝ Հայաստանի չեմպիոններ, որոնց հենց այդ վաշտում ընդգրկելը անհրաժեշտություն է: Այլապես, մեկնելով ծառայության, լիարժեք մարզումներ անցկացնելու հնարավորություն չեն ունենում և կորցնում են մարզական առումով աճելու և ավելի բարձր արդյունքի հասնելու հնարավորությունը: Իհարկե, նմանատիպ դեպքերը եզակի են:

Ընդհանրապես, մեր բանակում ֆիզիկական պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է: Հաճելիորեն զարմացած էի, երբ զորամասեր այցելելիս տեսա լավ կահավորված մարզահրապարակներ, զորանոցների ներսում՝ մարզական անկյուններ: Ակնառու էր նաև, որ ֆիզպատրաստության պետերը բանիմաց, գրագետ մարդիկ են, սպորտի նվիրյալներ:

 

ԽՈՍՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Այնքա՜ն բան ունեմ ասելու: Հոյակապ երիտասարդություն ունենք, չէի էլ կարող պատկերացնել, որ այդքան հայրենասեր են, ծառայությանը նվիրված: Նրանց հետ հանդիպելիս զգում ես, որ պատրաստ են ցանկացած, նույնիսկ առաջին հայացքից անիրագործելի թվացող հրամաններ կատարելու: Ապրե՛ն նրանք: Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին է՝ թե՛ մարտական ոգին, թե՛ մարտական պատրաստության աստիճանը: Միայն մի մաղթանք ունեմ՝ թող բանակ գնացող յուրաքանչյուր երիտասարդ ողջ-առողջ և ֆիզիկապես ավելի կոփված վերադառնա տուն:

 

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ

Մարզական առումով զարգացած յուրաքանչյուր երկրում աշխատում են գիտական համալիր խմբեր, որոնց կազմում կան մարզական հոգեբաններ, բժիշկներ, ֆիզիոլոգներ, կենսաքիմիկոսներ և այլն՝ մի ամբողջ հավաքական թիմ: Նմանատիպ աշխատանքներ սկսել ենք իրականացնել նաև մենք: Նախապատրաստվում ենք Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին, գնալու ենք մեդալներ բերելու: Մեր մարզիկների հաջողությունները կախված կլինեն նաև տվյալ խմբերի աշխատանքից:

 

ԲԱՔՈՒ ԳՆԱԼԸ ՃԻ՞ՇՏ ԷՐ, ԹԵ՞ ՈՉ

Միանշանակ ճիշտ էր: Մեր հանդեպ ունեցած թշնամանքը, ինչ խոսք, խանգարում էր, սակայն միջազգային կարգի մրցումներում նման «աներևույթ փաստերը» հաշվի չեն առնում: Եվրոպական առաջին խաղերում խաղարկվում էին օլիմպիական վարկանիշային ուղեգրեր: Եթե մենք չմասնակցեինք այս խաղերին, կզրկվեինք թե՛ այս, թե՛ հետագա այլ մրցումներում օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու հնարավորությունից:

 

ՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երկար տարիներ զբաղվել եմ բասկետբոլով, եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն: Մեր մարզիչը եթե փողոցում մեկին տեսնում և հավանում էր՝ որպես մարզիկ, գնում էր նրա հետևից, հասնում տուն, հանդիպում նրա ծնողներին, համոզում էր, բերում պարապմունքների և դարձնում մարզիկ: Պատկերացրեք, թե այդ մարդն ինչքան շատ էր սիրում իր աշխատանքը: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր ֆեդերացիա պետք է ունենա աշխատանքային մի խումբ, որն անընդհատ կշրջի, կփնտրի ու կգտնի մարզական տաղանդներ: Պետք է գնալ դպրոցներ, բակեր, նայել, ուսումնասիրել, ընտրել, հավաքագրել: Պետք է սիրել սեփական աշխատանքը:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ազգային բանակ, Մարզաշխարհ


01/07/2015