Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ԶԻՆՎՈՐԻ ԱՎԱԳ ԸՆԿԵՐ



 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ԶԻՆՎՈՐԻ ԱՎԱԳ ԸՆԿԵՐԱնձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինծառայողների շրջանում սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորման համար պատասխանատվություն է կրում նաև հրամանատարական կազմը: Հրամանատարի ու զինվորի միջև կանոնադրային փոխհարաբերությունները զինվորական կարգապահության ամրապնդման հիմնական երաշխիքն են, բայցև չպետք է մոռանալ, որ հրամանատարական կազմի ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորի նյարդահոգեկան վիճակի վրա: Հրամանատարը նախ և առաջ այն ղեկավարն է, որ զորքի մարտունակության ապահովմանը զուգահեռ ոչ պակաս ուշադրություն պետք է դարձնի նաև բարոյահոգեբանական վիճակին: Հրամանատարի բռնապետական կերպարն այսօր ընդունելի չէ: Դեռևս 2010թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարը հանդես եկավ «Հրամանատարը`զինվորի ավագ ընկեր» ուղերձով, որտեղ խորին համոզմունք էր հայտնում, որ հաղթանակները ձեռք են բերվում զինվորի բարոյահոգեբանական կայուն վիճակի, նրա և հրամանատարի ամուր ու  ճիշտ փոխհարաբերությունների, փոխադարձ վստահության, միմյանց օգնելու, միմյանց համար ամեն վայրկյան կյանքը զոհելու պատրաստակամության շնորհիվ»:

Տարիներ շարունակ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց այս ուղղությամբ, որպեսզի ցանկացած հրամանատար զորամասը չընկալի որպես սեփական տարածք: Զորամիավորումներից մեկի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Է. Հովհաննիսյանը, խիստ կարևորելով հրամանատարական կազմի ու զինվորների միջև փոխհարաբերությունները, նշում է ԶՈՒ -ի ներքին ծառայության կանոնագիրքը. «Հրամանատարն ի պաշտոնե պատասխանատու է անձնակազմի հոգեբանական ապահովման համար` զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների, այլ պատահարների ուսումնասիրության և վերլուծության, դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի, զինծառայողների շրջանում առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորման, սոցիալական արդարության սկզբունքի պահպանման և իրավական պաշտպանության համար»:  Հրամանատարը նրբազգացություն և ուշադրություն պետք է ցուցաբերի ենթակաների նկատմամբ, լինի ջոկի, դասակի, վաշտի, թե զորամասի հրամանատար` փոխհարաբերությունների մեջ բարձր պահանջկոտությունն ու սկզբունքայնությունը համատեղելով դիմացինի անձնական արժանապատվության հարգման հետ: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ փոխհարաբերությունների կայացման համար կարևոր է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև զինվորի անհատական մոտեցումն ու գիտակցումը զինծառայության վերաբերյալ:

Հրամանատարի ու զինվորի, ինչպես նաև ընդհանուր սպայակազմի միջև փոխհարաբերությունների ամուր հենքը, թերևս, վստահությունն է: Ինչպես մանկահասակ երեխան է իրեն ապահով զգում ծնողի գրկում, այնպես էլ զինվորը պետք է վստահ լինի, որ հրամանատարի` որպես ծնողի պաշտպանության ու հովանու ներքո է: Նման դեպքում ցանկացած զինվորի մարտունակ ոգին անհաղթահարելի կլինի: Շատ զինվորական հոգեբաններ նշում են՝ եթե զինվորը վստահ լինի, որ հրամանատարն օժտված է նաև մանկավարժական ու հոգեբանական ունակություններով, ապա բարոյահոգեբանական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը համեմատաբար կնվազի:

 

Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ազգային բանակ


01/07/2015