Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ



ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ավարտին նվիրված միջոցառումը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նա ողջունել է մասնակիցներին և ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի կազմակերպչական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագիր հանձնել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանին։

«Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին. այս մրցումների միջոցով դուք ոչ միայն ցույց եք տալիս ձեր ուժն ու մարզվածության մակարդակը, այլև սովորում եք առաջնորդվել թիմային ոգով և դառնում ավելի քաջ»,- ասել է Գ. Լոռեցյանը:

Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ողջունելով մրցումների մասնակիցներին, հույս է հայտնել, որ նրանցից շատերը ապագայում կհամալրեն ռազմական համալսարանի շարքերը. «Մեզ համար մեծ պատիվ էր մրցումները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացնելը: Սա շատ կարևոր միջոցառում է: Այս մրցումների մասնակիցները կհամալրեն ՀՀ զինված ուժերը: Շատ ողջունելի կլինի, եթե մասնակիցները որոշեն ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան և դառնան զինվորականներ»,- ասել է Խ. Խաչատրյանը:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը մեկնարկել են սեպտեմբերին՝ ներդպրոցական փուլով, որից հետո տեղի են ունեցել տարածաշրջանային, մարզային, ապա եզրափակիչ փուլերը: Վերջին փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը: Թիմերը պայքարել են 6 մրցաձևերում՝ ձգումներ պտտաձողի վրա, վազք 1000 մետր, նռնակի նետում, ինքնաձիգի քանդում-հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, փոխանցումավազք (4×50 մետր):

Ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձևում առաջին տեղը զբաղեցրել է Լավրենտ Մուրադյանը  (Արագածոտնի մարզի Ոսկեվազի միջնակարգ դպրոց), նռնակի նետում վարժությունում լավագույն արդյունքը գրանցել է Հայկ Գրիգորյանը (Գեղարքունիքի մարզի Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց), ձգումներ պտտաձողի վրա վարժությունում առաջինն է եղել Սարգիս Մկրտչյանը (Երևանի N95 միջնակարգ դպրոց), հրաձգությունում (օդամղիչ հրացանով)՝ Սարգիս Ասատրյանը (Արմավիրի մարզի Մարգարայի միջնակարգ դպրոց), 1000 մետր վազքում՝ Ալեքսան Ստեփանյանը (Լոռու մարզի Մարգահովիտի միջնակարգ դպրոց), իսկ ռազմականացված փոխանցումավազքում լավագույնն է եղել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը:

Թիմային հաշվարկում հաղթել է Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզի Զոլաքարի միջնակարգ դպրոցի թիմը: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, հուշանվերներով, պատվոգրերով:

Խորագիր՝ Նորություններ


29/10/2019