Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑ



Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Լուծված հարց» նոր խորագիրը, որի հիմքում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի (նախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյան)` մեր քաղաքացիներից ստացած դիմումներն են:

Հիշեցնենք, որ ՀԽ-ն ստեղծվել է 2009թ.` հասարակությանն ու բանակին առնչվող բազմաբնույթ խնդիրները լուծելու նպատակով: Վստահ ենք, որ ընթերցողներից շատերն այս խորագրի ներքո կգտնեն նաև իրենց հուզող հարցերի պատասխանները կամ դրանք ստանալու ճանապարհը։

Գ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԱԶԱՏՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Գյումրիից Ջ.Մարտիրոսյանն այս տարվա փետրվարի 14-ին դիմել է Հասարակական խորհուրդ` հետևյալ խնդրով: Նրա որդին՝ Գ. Մարտիրոսյանը, նոյեմբերի 22-ին զորակոչվել է զինծառայության N զորամաս։ Ունեցել է հոգեբանական խնդիրներ` գիշերամիզություն, գլխացավ, ջղակծկումներ, մանկուց ինքնամփոփ է, բնավորությունը` լարված, չի սիրում շփվել։ Մայրը մտավախություն ուներ, որ որդին կարող է խնդիրներ ունենալ սպաների ու զինվորների հետ և չնչին առիթներով վնասել իր ծառայակիցներին։ Ջ.Մարտիրոսյանի խոսքով, նշված խնդիրները որդին ժառանգել է հորից, որը հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, երկրորդ խմբի հաշմանդամ է, անկողնային վիճակում է։ Դիմումը տալու պահին Գ.Մարտիրոսյանը Երևանի կայազորային հոսպիտալում էր։

Հասարակական խորհուրդը (ՀԽ) փետրվարի 17-ին միջնորդագիր է ներկայացրել ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետին՝ ուսումնասիրելու դիմումում ներկայացված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ՀԽ-ին՝ դիմումատուին պատասխանելու համար։

Մարտի 24-ին ԶՈՒ ՌԲՎ-ից ստացված N 19/103 գրության համաձայն` Գ. Մարտիրոսյանին տրվել է հետևյալ ախտորոշումը. «Օրգանական էմոցիոնալ անկայուն խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա»: Մարտի 15-ին նա այդ ախտորոշմամբ ներկայացվել է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) նիստին: Հանձնաժողովը, առաջնորդվելով պաշտպանության նախարարի հրամանով, կայացրել է հետևյալ որոշումը. «Գ.Մարտիրոսյանը պիտանի չէ զինվորական ծառայության՝ խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության՝ պատերազմի ժամանակ: Հիվանդությունը կապված չէ զինծառայության հետ»։ Մարտի 16-ին Գ. Մարտիրոսյանը դուրս է գրվել հոսպիտալից։

Ն.ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Զոհված ազատամարտիկ Հակոբ Սարիբեկյանի դուստրը՝ Ն. Սարիբեկյանը, մարտի 2-ին ՊՆ ՀԽ-ին ուղղված դիմումի մեջ գրում է.

«2006թ. ընդունվել եմ «Գլաձոր» համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ Բուհում գործող կարգի համաձայն` զոհված ազատամարտիկների երեխաներին տրամադրվում են զեղչեր։ Ներկայումս սովորում եմ նույն ֆակուլտետի չորրորդ կուրսում։ Ունեմ 95000 դրամի ուսման վարձի պարտք, որը մինչեւ ս.թ. մարտի 15-ը չվճարելու դեպքում ինձ թույլ չի տրվի մասնակցել կիսամյակային քննություններին։ Խնդրում եմ միջնորդել, որ բուհի ղեկավարությունն ինձ թույլ տա մասնակցել քննություններին՝ պայմանով, որ ես պարտավորվում եմ մինչեւ մայիս ամսվա վերջը մարել պարտքս»։

ՀԽ-ն մարտի 3-ին միջնորդագիր է ներկայացրել «Գլաձոր» համալսարանի ռեկտորին, որում նշված էր, որ Ն. Սարիբեկյանի հայրը 1992թ. օգոստոսի 8-ի Արծվաշենի մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորել է եւ 1999թ. դատարանի վճռով ճանաչվել է մահացած։ Ըստ այդմ՝ ռեկտորին խնդրում է թույլ տալ, որ Ն. Սարիբեկյանը մասնակցի նախաավարտական արտադրական պրակտիկային։

Դիմումը դրական ընթացք է ստացել։

Ս.ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐՎԵՑ

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ Թաթոս Ղարիբյանը հուլիսի 19-ին դիմել է ՀԽ` խնդրելով միջնորդել, որ N զորամասում ծառայող իր որդուն` Սահակ Ղարիբյանին, կարճատև արձակուրդ տրամադրվի, որպեսզի նա կարողանա ընտանիքի մյուս անդամների հետ հուլիսի 24-ին զինվորական բժշկական ծառայության ճանապարհել Թ.Ղարիբյանի մյուս որդուն:

ՀԽ-ն հուլիսի 20-ին դիմել է զորամասի հրամանատարին, և Ս.Ղարիբյանին արձակուրդ է տրվել:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Սոցիալ-իրավական


19/10/2011