Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ



ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԸԿյանքից հեռացավ Արցախյան պատերազմի լեգենդար զորական, գեներալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԸ… Հատվածաբար ձեզ ենք ներկայացնում նրա ծննդյան տարեդարձի առիթով արված այս հարցազրույցը, որը պատմում է գեներալի անցած փառահեղ ճանապարհի մասին, ներկայացնում բանակաշինության վերաբերյալ նրա խոհերն ու մտորումները:

 

-Պարոն գեներալ, ես անհամբերությամբ էի սպասում այս հանդիպմանը, որ հարցնեմ՝ ճի՞շտ է, որ Դուք պատերազմ եք տարել Ձեր միակ որդուն։ Դուք երբեք այդ մասին չեք խոսել, ու ես չէի իմանա, եթե չկարդայի Զորի Բալայանի «Դրախտ եւ դժոխք» գրքում։

-Տղաս ռազմաճակատում իմ զինվորներից էր։ Սահման գնալու, զենք վերցնելու որոշումը տղայինս էր, ու ես խրախուսել եմ այն։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան է մեծանում հրամանատարի հեղինակությունը, նրա խոսքի արժեքը, երբ հրամանատարի որդին բոլոր զինվորներին հավասար ծառայում է հայրենիքին՝ անցնելով նույն վտանգների միջով, կիսելով նույն դժվարությունները։ Կպատկերացնե՞ք, թե որքան են ոգեւորվում զինվորները՝ հրամանատարի որդուն տեսնելով իրենց կողքին, որքան են գոտեպնդվում։ Որքան է վեհանում հայրենիքը նրանց աչքում, և որքան է բարձրանում հրամանատարը։

-Ո՞րն էր Ձեր աստեղային պահը Արցախյան պատերազմում։

-Շուշիի ճակատամարտը։ Մենք բառացիորեն կենաց-մահու կռվի էինք նախապատրաստվել։ Գիտե՞ք՝ դա ինչ է։ Երբ գնում ես մեռնելու կամ հաղթելու։ Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին։ Նրանք պարզապես հոգեբանորեն չդիմացան ճնշմանը, գրոհի թափին։

-Հոգեբանորե՞ն…

-Մեր վճռականությունը, հանուն հաղթանակի մեռնելու պատրաստակամությունը վախեցրեց նրանց, ու… կոտրվեցին։ Հոգեբանորեն պարտվեցին ֆիզիկապես պարտվելուց առաջ: Անհասկանալի խուճապ սկսվեց։ Երբ վերջին ադրբեջանցին հեռացավ Շուշիից, երբ թշնամու վերջին կրակակետերը լռեցին… Ա՜յ, դա ցնծություն էր։ Առանց արցունքի չեմ կարող հիշել։ Մենք հասկացանք, որ սա հաղթանակած պատերազմի ամենագլխավոր արարն է։ Կյանքը զարմանալի շրջադարձեր ունի։ Երբեմն մտածում եմ՝ ո՞վ կլինեի ես այժմ, եթե մի օր ազգականիս՝ տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում սովորող տղան՝ Պյոտրը, չայցելեր մեզ։

-Ես գիտեմ, որ Դուք երազել եք աշխարհագրագետ դառնալ։

-Այո՛։ Իմ հարազատ Դաշքեսանում քար ու ծառ, թուփ ու քարափ, բլուր ու ձոր չկար, որ չիմանայի։ Շրջում էի երկրաբանների հետ, հիացած հետեւում նրանց աշխատանքին։ Ու ոչ ոք չէր կասկածում, որ ես աշխարհագրագետ եմ դառնալու։ Հետո եկավ Պյոտրը։ Ես բառացիորեն հափշտակվեցի նրա կերպարով։ Չէի կարողանում աչքս կտրել նրա զինվորական համազգեստից։ Պյոտրը կիրթ էր, խելացի, հպարտ, ինքնավստահ։ Մեկ տարի անց ես մեկնեցի Տաշքենդ՝ մասնակցելու տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի ընդունելության քննություններին:

-Մեր հանդիպումից առաջ ես, բնականաբար, ծանոթացել եմ Ձեր կենսագրությանը։ Փաստորեն, Ձեր զինվորական ուղին սկսել եք խորհրդային բանակում։ Սկսել եք ամենացածր հրամանատարական օղակից՝ դասակի հրամանատարից, բարձրացել եք հրամանատարական բոլոր աստիճաններով եւ հասնելով զորամասի հրամանատարի պաշտոնի՝ զորացրվել եք փոխգնդապետի կոչումով։ Խորհրդային բանակում Ձեր գործունեությունը գնահատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ Ստացել եք բազմաթիվ մեդալներ ու պարգեւներ։

Ինչպե՞ս են դառնում լավ հրամանատար։ Ի՞նչ արժանիքներ պետք է ունենա լավ հրամանատարը։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ-Ես կարող էի սիրուն բառեր ասել մարդկային առաքինությունների ու բարոյական սկզբունքների մասին, կարող էի ասել, որ կարեւորը ենթականերիդ հանդեպ հոգատարությունն է, սերը, սրտացավ վերաբերմունքը, բայց ասում եմ՝ լավ հրամանատարը նա է, ում համար «Կանոնագիրքը» հավասար իշխանություն ունի բոլորի վրա՝ սկսած իրենից, վերջացրած շարքային զինվորով։ Ում ղեկավարած կառույցում բոլորը անվերապահորեն ենթարկվում են «Կանոնագրքի» կանոններին: «Կանոնագիրքը» բոլորիս հրամանատարն է: Զինվորական բարձր կոչումներն ու պաշտոնները ոչ թե օրենքից վեր բարձրանալու, օրենքը շրջանցելու հնարավորություն են, այլ օրենքին ավելի բարեխղճորեն ենթարկվելու պարտավորություն: Գեներալն ու շարքայինը միմյանցից տարբերվում են ծառայողական պարտականությունների բնույթով ու ծավալով, մնացած հարցերում նրանք հավասար են։ Ես իմ ապրած կյանքով, իմ առօրյա վարքով ցույց եմ տվել զինվորներին, որ մարդու ամենամեծ առաքինությունը հայրենասիրությունն է, մեծ հաշվով՝ սերը, որովհետեւ հայրենիքն այն է, ինչ մենք սիրում ենք։ Մեր ծնողը, երեխան, հարազատները, ծննդավայրը, մշակույթը, լեզուն։ Առաջին հայացքից պարզունակ բան պիտի ասեմ՝ եթե հրամանատարը չսիրի զինվորին, զինվորը չի սիրի հայրենիքը։

-Պարզունակ չէ, բացարձակ ճշմարտություն է, կոպտության, դաժանության, անտարբերության մթնոլորտում չի կարող սեր ծնվել։ Ոչ մի տեսակ սեր։ Հայրենասիրություն՝ առավել եւս։

-Ատելությունը, թշնամանքը, վրիժառությունը չեն կարող ոգի ու նվիրում արարել։ Դրա համար էլ ադրբեջանցիները մինչ օրս պարտվում են։ Որովհետեւ նրանց առաջ է մղում հայերի հանդեպ ատելությունը, մեզ՝ սեփական հողի հանդեպ սերը։

-Խաղաղ բանակաշինության տարիներին Դուք զորք եք ղեկավարել, շփվել եք զինվորների հետ։ Մենք ձախողումներ էլ ենք ունեցել։ Մինչ օրս բանակում խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում։

-Պիտի կարողանանք բանակային ռեժիմը դարձնել ավանդույթ, հոգեբանություն, մտածելակերպ։ Ռեժիմը ռոբոտի պես կատարելու համար չէ, պիտի զինվորներին հասկացնել դրա բարոյական ենթատեքստը։ Մենք պիտի ավելի վաղ ազատվեինք սրտառուչ հայրենասիրական խրատներից ու վերամբարձ բարոյախոսական սնամեջ զրույցներից եւ պատանուց զինվոր կերտեինք՝ նրան գաղափարի կրող դարձնելու միջոցով։ Եթե զինվորը բանակ է եկել իր հողը թշնամուց պաշտպանելու գիտակցված մղումով, ինչպե՞ս կարող է վնասել զինակից ընկերոջը։ Ամեն ինչ պետք է այստեղից սկսել՝ բարության, ընկերասիրության, հանդուրժողականության քարոզներից առաջ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ Լեռնային փրկարար, հանքափոր հայրն այդ ժամանակ աշխատանքի բերումով ընտանիքով Շամլուղում էր։ Նրանք պատմական Մեծ Հայքի 12-րդ նահանգ Ուտիքի Գարդման գավառից են՝ Շամխորի շրջանի Բաբսում հայաբնակ գյուղից։

Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։

1988թ. զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի երկրապահների շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։

1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն ունեցավ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվեց Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվեց ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։

1992թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարևելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։

1995-ին Ռ. (Ֆ.) Գզողյանը նշանակվել է Տավուշում տեղակայված զորամասի հրամանատար, 1997-ին՝ մեկ այլ զորամասի հրամանատար, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ՝ որպես հատուկ գործերով շտաբի պետի տեղակալ։ 1998թ. նշանակվել է նորաստեղծ 5-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, 2000-2006 թթ.՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր։ 2002թ. ստացել է գեներալ-մայորի կոչում։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով ու «Շուշիի ազատագրման համար» մեդալով, ինչպես նաև խորհրդային ու հայկական բանակի բազմաթիվ պետական պարգևներով։

 

ՊԱՏՄՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (ԿՈՄԱՆԴՈՍ)

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ«1991թ. ամենածանր ժամանակ Ֆելիքս Գզողյանը գնաց Շահումյան, իսկ ես՝ Ղարաբաղ։ Շահումյանում նա ջոկատների հետ շատ մեծ աշխատանք կատարեց։ Գզողյանն անհրաժեշտ էր Ղարաբաղում և եկավ Ղարաբաղ։ Նրան նշանակեցին ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, իսկ շտաբի պետը Ֆելիքս Գզողյանն էր։ Այնտեղ էին որոշվում Ղարաբաղում ընթացող բոլոր մարտական գործողություններին վերաբերող հարցերը։

Ֆելիքս Գզողյանի հետ մեր աշխատանքի կարգն այսպիսին էր՝ շտաբում ցերեկը ես էի աշխատում, գիշերը՝ նա։ Գիշեր-ցերեկ աշխատում էինք, ընդմիջումներ չունեինք։ Ամենածանրը Մարաղան էր. երբ տեղի ունեցավ ողբերգությունը, նա գնաց Մարաղա։ Վերադարձավ այն աստիճան ցնցված ու ազդված, որ նրան շտապ 2 օրով առանձնացրինք, որ ուշքի գա։

Որտեղ վտանգավոր ու բարդ իրավիճակ էր ստեղծվում, մենք այնտեղ միշտ ուղարկում էինք Ֆելիքս Գզողյանին։ Նույնպես և Շուշիի գործողության ժամանակ. երբ մեր տանկը խփեցին, և մեր հարձակումը մի կարճ ժամանակով դադարեցրինք, Գզողյանին ուղարկեցինք, և նա բոլոր հարցերը կարգավորեց, և դեպի Շուշի հետագա հարձակումը շարունակվեց։

Ես Գզողյանին անվանում էի հատուկ տեղերի՝ վառվող կետերի դեսպան։ Որովհետև այն ժամանակ բոլոր հարցերը, որոնք պիտի լուծվեին, լուծվում էին Ֆելիքս Գզողյանի ղեկավարած շտաբում։ Շտաբի բոլոր ծառայությունները՝ հետախուզությունը, օպերատիվ կապը, բոլոր ծառայությունները, նաև ինժեներական զորքերը, սակրավորները, կապավորները (Արթուր Փափազյանի գլխավորությամբ) հրաշալի էին աշխատում, ինչը Ֆելիքս Գզողյանի արժանիքն է։ Նա ստեղծել էր կառավարման մի այնպիսի կուռ համակարգ, որի շնորհիվ զինվորական բոլոր օրենքները, հրամանները ժամացույցի պես գործում էին անխափան։ Եվ մինչև որևէ ռազմագործողություն իրականացնելը, մարտական ապահովման բոլոր աշխատանքներն սկսելը, մենք կատարում էինք ժամանակի հաշվարկ։ Նա խստորեն հետևում էր, որ բոլոր առաջադրված խնդիրները կատարվեին։ Եվ միայն այն բանից հետո, երբ դրանք անխտիր կատարվում էին, նա զեկուցում էր ինձ, իսկ ես զեկուցում էի Սերժ Սարգսյանին։ Ուզում եմ կրկնել. աշխատանքների ամբողջ ծանրությունն ընկած էր Գզողյանի ուսերին։

 

ՊԱՏՄՈՒՄ Է ՀՀ ԱՌԱՆՁԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ«Ֆելիքս Հովհաննեսովիչին առաջին անգամ հանդիպել եմ Մարտակերտում։ Ծանր, օրհասական պահ էր։ Մարտակերտը հանձնել, նահանջում էինք, հասել էինք Չլդրան գյուղի մոտ։ Նա օգնության հասավ զորքով։ Արդեն այդ ժամանակ նկատեցի նրա կազմակերպչական ընդունակությունները, որոնց շնորհիվ շատ կարճ ժամանակում նահանջող զորքը հաջող դիրքավորեց, և նահանջը կանգնեցվեց։ Հիշում եմ՝ այդ ժամանակ թշնամու տանկից կրակեցին, ու նա հրաշքով ողջ մնաց։

Ֆելիքս Գզողյանի պաշտոնն ունեցող մարդը կարող էր շտաբից ղեկավարել, բայց նա գրեթե միշտ առաջին գծում էր:

Ֆելիքս Գզողյանին ավելի լավ ճանաչել եմ Քելբաջարի գործողության ժամանակ, երբ նա նշանակվեց ձախակողմյան թևի խմբավորման հրամանատար։ Շատ կարճ ժամանակում կորցրած դիրքերը հետ գրավեցինք. Ֆելիքս Հովհաննեսովիչի շատ մեծ արժանիքն է, որ նահանջը կանգնեցրեց ու սկսեց կորցրած դիրքերը վերադարձնել։

Մի ամբողջ ռազմաճակատի համար պատասխանատու մարդը եթե խիստ չեղավ, առաջադրանքը չի կարողանա կատարել։ Նա փափուկ մարդ չի եղել։ Պատահել է՝ հայհոյել է, բայց «սալդաֆոն» չի եղել, մարդկանց կորուստի հաշվին կարիերա չի արել, առաջադրանքը կատարելիս չի անտեսել մարդկանց կյանքը խնայելու անհրաժեշտությունը։ Նրա հրամանատարության ներքո իրականացված ռազմագործողություններում քիչ զոհեր ենք ունեցել կամ չենք ունեցել, որովհետև ցանկացած քայլ, ցանկացած մանրուք, առաջադրանքի բնույթն ու կատարման ձևերը մշակվել և ամեն մեկին հստակ բացատրվել է և՛ տեղերում, և՛ քարտեզի վրա։

Թեև մինչև Ղարաբաղյան պատերազմը, ես Աֆղանստանում երկու տարվա պատերազմական փորձ ունեի, բայց այսօր էլ Ֆելիքս Գզողյանին համարում եմ իմ ուսուցիչը։ Ես հպարտ եմ, որ նրա նման տաղանդավոր հրամանատարի ենթակայությամբ եմ ծառայել։

Խորագիր՝ #27 (1298) 17.07.2019 - 23.07.2019, Ճակատագրեր


18/07/2019