Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԶԱՆԻ՝ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԻՊԱՐ



ՆԱԶԱՆԻ՝ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԻՊԱՐՆազանի Նազանյան անուն-ազգանունն անծանոթ էր, եւ համացանցով ինձ հասցեագրված նրա նամակն էր պատճառը, որ սկսեցի հետաքրքրվել նկարչուհու արվեստով՝ գեղանկարներով, մանրանկարչական բատիկայի նմուշներով, տեքստիլագործությամբ… Իսկ նամակն ահա այս բովանդակությունն ուներ.

«Ես տավուշցի եմ, Բերդից: Կարծում եմ՝ կարիք չկա պատմելու, թե մեզ՝ պատերազմ տեսած ու կրակոցների տակ ապրած մարդկանց համար ի՞նչ նշանակություն ունի խաղաղությունը, եւ որքան սուրբ ու խնկելի է այն քաջերի հիշատակը, որոնք սեփական կյանքի գնով փակեցին թշնամու ճանապարհը: Միշտ ցանկացել եմ սիրո, երախտագիտության, խոնարհումի ու մխիթարանքի իմ բաժինը տալ մեր կյանքի համար իրենց երիտասարդ կյանքով վճարած հերոսների մայրերին: Ու երբ տեսա, թե ինչպես եք ապրիլյան պատերազմի քաջերին նվիրված միջոցառման ժամանակ կապանցի նկարիչ Էրիկ Դավթյանի կտավները փոխանցում զոհվածների մայրերին, անմիջապես միտք ծնվեց. մանրանկարչական-հոգեւոր նկարազարդումով մետաքսե գլխաշորեր նկարել հերոսների մայրերի համար: Ես էլ Էրիկի նման այս նախաձեռնությունը կդարձնեմ մշտական եւ որոշակի հաճախականությամբ խաչերով ու մեր մանրանկարչության նախշերով զարդարված մետաքսե գլխաշորեր կընծայեմ մեր սիրելի մայրերին»:

 

-Շատ գեղեցիկ ու հազվագյուտ անուն ունեք՝ Նազանի, հայկական է ու բարեհունչ:

-Իմ իսկական անունը Սիրանուշ է: Նազանի անունը վերցրել եմ տատիս տատից: Նա հարուստ ընտանիքից սերած, խելացի, չափազանց գեղեցիկ աղջիկ էր: Ու սիրահարվում է մի աղքատ տղայի: Ծնողները պահանջում են հրաժարվել ընչազուրկ երիտասարդի հետ ամուսնանալու մտքից, այլապես սպառնում են զրկել ժառանգությունից եւ որեւէ օգնությունից: Նազանին իր սիրած տղայի հետ հեռանում է տնից եւ մեր գյուղի՝ Այգեձորի ծայրին, շենից կտրված մի փոքրիկ հյուղակում ապրում ամուսնու հետ: Նրանք բառացիորեն քարից հաց են քամում: Սերը ուժ է տալիս, սերը լցնում է հավատով: Նրանք այնքան խելոք ու եռանդով են աշխատում, որ կարճ ժամանակ անց կառուցում են գյուղի ամենագեղեցիկ տունը: Հետո ավելի ու ավելի են հարստանում: Սկսում են օգնել գյուղի աղքատներին: Աչքից կտրված, մերժված, մեկուսի տունը սկզբում առաջին ոտնահետքերից բացված փոքրիկ արահետով, հետո արդեն մեծ փողոցով կապվում է գյուղի հետ: Մարդիկ գալիս են ոչ միայն փող, այլեւ խորհուրդ հարցնելու:

-Հեքիաթի է նման:

-Բայց իրականություն է, վկան՝ իմ Նազանյան ազգանունը: Նազանին դառնում է գյուղի ամենանշանավոր մարդը: Ասում են՝ նա հայուհու տիպար էր, համեստ, բայց ինքնաբավ, խնամված, նրբաճաշակ: Ամուսնու հանդեպ՝ հարգալի, երեխաների հանդեպ՝ հոգատար, բայց ուժեղ, աշխատասեր, խելացի: Մեր գերդաստանի տղամարդիկ այնպես են հպարտանում Նազանի տատով, որ փոխում են իրենց ազգանունը եւ կոչվում Նազանյան: Ես նույնպես շատ եմ հպարտանում իմ Նազանի տատով: Նա մարմնավորում է հայ կնոջ բոլոր առաքինությունները: Ես ուզում եմ, որ այդ կերպարը բարձրանա, ապրի, դառնա օրինակ, եւ որոշել եմ Տավուշում հայ կնոջ կերպարը մարմնավորող ցուցահանդես բացել՝ Նազանի անվանումով: Նազանի: Այսինքն՝ ուժ, հայրենասիրություն, կենսունակություն, կամք, առաքինություն, քնքշանք, գեղեցկություն: Հայ կին:

-Այդ զարդերը, որ կրում եք, Նազանի տատի՞նն են: Անմիջապես երեւում է հայկականության կնիքը. գունեղ են, ընդգծված…

ՆԱԶԱՆԻ՝ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԻՊԱՐ-Ես պատմաբան եմ, ուսումնասիրել եմ մեր զարդագործությունը ու շատ եմ սիրել: Սա կրկնօրինակված նմուշ է: Հենց այսպիսի վեհաշուք զարդեր են կրել հայ ազնվական տիկնայք: Ուզում եմ Ձեզ պատմել եւս մի պատմություն հայ կնոջ ուժի ու հայրենասիրության մասին: Մեր գյուղում մի ամրոց կա, որը կոչվում է Աղջկա քար: Շատ տարիներ առաջ, երբ թշնամին շրջապատել է գյուղը, մարդիկ մագլցել են մեծ ժայռի վրա կառուցված ամրոցն ու վերեւից քարեր նետելով՝ պաշտպանվել թշնամուց: Սակայն առանց ջրի երկար դիմանալ չէին կարող: Ժայռի ստորոտում, ձորի միջով հոսում էր Խնձորուտ գետը: Աղջիկը, որի ծամերը ծնված օրվանից չէին կտրվել, դույլն ամրացնում է հյուսերին, իջնում ձորը ու, ցավը ներս արած, ջուր է բերում յուրայինների համար:

-Սա արդեն հաստատ լեգենդ է: Բայց շատ իմաստալի ու գեղեցիկ:

-Ժայռը, որի վրա ավերակ ամրոցի մնացորդներն են, կոչվում է Աղջկա քար: Մանկության տարիներին մենք երեխաներով հազար անգամ գնացել ենք Աղջկա քար, ու ամեն մեկիս հոգու ու մտքի մեջ Աղջիկն ապրել է՝ իր կերպարով, իր սխրանքով: Առհասարակ, ես շատ գեղեցիկ մանկություն եմ ունեցել: Աչքերիս առաջ է Վազգեն պապիս երկհարկանի, սպիտակ տունը, սպիտակ պարսպով, բացօթյա մեծ պատշգամբով, դիմացն՝ ահռելի ընկուզենիներ, ստորոտում՝ ձորը, ձորով հոսող Խնձորուտ գետը, որի հավերժական քչքչոցը մեր տան մշտական մեղեդին էր: Առավոտյան, երբ արեւը նոր-նոր էր տաքացնում ողորկ, փոքրիկ քարերը, մենք երեխաներով գնում էինք ձոր, որ գետաբերանի աղբյուրներից սառը ջուր բերենք Վազգեն պապի համար: Մենք ոտաբոբիկ էինք իջնում ձոր, ու ես չեմ մոռանում տաք քարերի հաճելի-հարթ հպումը ներբաններիս, գետի խշշոցը, աղբյուրների ջրի անուշ համը: Չեմ մոռանում մեր երեկոները, երբ հայերենի ու գրականության ուսուցիչ Վազգեն պապիս հետ քննարկում էինք մեր կարդացած գրքերը:

-Իսկ ե՞րբ սկսեցիք նկարել….

-Նկարել եմ երկու տարեկանից: Այգեձորի բնությունն էի նկարում, Աղջկա քարը, Նազանի տատիս էի նկարում, պապիս պատմած հեքիաթների հերոսներին, իմ կարդացած գրքերի մարդկանց… Տավուշի բնությունը, ազնիվ ու բարեսիրտ մարդկանց ներկայությունը երեխաներին դարձնում է նրբազգաց, փափուկ հոգով, կարեկից: Իսկ արվեստը հենց այդպիսի հոգում է ծնվում, այդ պատճառով էլ տավուշցի երեխաները շատ շնորհալի են: Իմ ամենաբաղձալի երազանքներից մեկն էլ Տավուշում Մշակույթի կենտրոն բացելն է: Շատ երեխաներ կան, որոնք եթե ներկեր ու վրձին ունենան, գլուխգործոցներ կկերտեն: Ես պիտի նրանց հավաքեմ մի հարկի տակ, պիտի նկարելու հնարավորություն տամ նրանց: Կարծում եմ՝ շատերը կմիանան իմ նախաձեռնությանը: Սա մեր պարտքն է կրակոցների տակ ապրող քաջ, խելացի ու տաղանդավոր փոքրիկների հանդեպ:

-Ձեր ֆեյսբուքյան էջին գրված էր, որ Երեւանում եք ապրում: Ինչպե՞ս եք Մշակույթի կենտրոն բացելու Տավուշում:

-Այո՛, ես ամուսնացել եմ ու Երեւանում եմ ապրում, բայց դա չի խանգարում, որ շատ հաճախ այցելեմ իմ ծննդավայր: Պատերազմի ժամանակ ավելի հաճախ էի գնում Տավուշ: Այնքան օրեր եմ լուսացրել ապաստարաններում՝ մահվան վտանգն աչքիս առաջ: Մի անգամ հացի գնալիս ճանապարհն սկսեցին ռմբակոծել: Ժամերով մնացի խանութում: Մինչեւ հիմա տոնական հրավառության ձայներից ես ջղաձգվում եմ… Այո՛, Երեւանում եմ ապրում, բայց Տավուշն է իմ տունը, իմ բոլոր մասնագիտական ծրագրերը Տավուշի հետ են կապված:

ՆԱԶԱՆԻ՝ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԻՊԱՐ– Ես համացանցում կարդացի Ձեր եւ Մայր Աթոռի համատեղ գործունեության մասին: Կմանրամասնե՞ք:

-Ես մետաքսի վրա սրբապատկերներ եմ նկարում: Մայր Աթոռի հովանավորությամբ՝ Սրբապատկերի, մանրանկարչական գործերի մեծ ցուցադրություն կազմակերպեցինք Էջմիածնում: Իմ հեղինակած բոլոր սրբապատկերները, գլխաշորերը, սկիհի ծածկոցները, կնունքի շապիկները արագ վաճառվեցին: Ես ուզում եմ իմ արվեստը փոխանցել մանուկներին: Ուզում եմ, որ նրանց միջոցով մեր ազգային մշակույթը վերածնվի՝ միջնադարյան մանրանկարչությունը, կավագործությունը, տարազագործությունը… Ինքս մեր տարազների զարդանախշերը համադրում եմ ժամանակակից հագուստներին: Իմ զգեստները պահանջված են ու արագ սպառվում են արտերկրում: Ես ուզում եմ, որ մեր չքնաղ ու յուրօրինակ ազգային արվեստը ճանաչելի լինի աշխարհին: Հայրենասիրությունը քարոզներով չի սերմանվում, երեխային կապիր իր արմատին, նրա հոգում արթնացրու ազգային հպարտություն, իր ազգային մշակույթի երկրպագուն դարձրու, այնպես արա, որ ինքն իրեն զգա ոչ թե սկիզբ, այլ շարունակություն, ոչ թե առանձին միավոր, այլ ամբողջի մաս, ու նա երբեք իր հայրենիքն օտարին չի տա:

-Ինչո՞վ կարող եմ օգնել Ձեր ծրագրերին:

-Դուք օգնեք, որ մեր մանրանկարչության նախշերով զարդարված գլխաշորերը նվիրենք հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոս զինվորների մայրերին՝ առ Աստված աղոթքով, որ նրանք մեր անսահման սիրո ու երախտագիտության մեջ փոքր-ինչ մխիթարություն գտնեն:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1298) 17.07.2019 - 23.07.2019, Հոգևոր-մշակութային


18/07/2019