Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ



(1993-1994թ. մայիս)

1993

Հուլիսի 2 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը դիմում է Ադրբեջանի իշխանություններին` բանակցություններ սկսելու առաջարկությամբ:

Հուլիսի 28 – Աղդամի ազատագրումից հետո ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցիչների եւ ադրբեջանական զինվորականների հետ:

Հուլիսի 9-15 – Մինսկի խումբն այցելում է տարածաշրջան եւ առաջարկում ընդունել Հռոմում ընդունված ժամանակացույցը: Ըստ այդ ժամանակացույցի` ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը հուլիսի 15-20-ը պետք է դուրս բերվեին Քարվաճառից, այնուհետեւ վերսկսեին բանակցությունները Ժնեւում: Սա իրականության եւ ռազմական գործողությունների տրամաբանության հետ գրեթե ոչ մի առնչություն չունեցող առաջարկ էր, եւ բնականաբար, ոչ մի արդյունք չի ունենում:

Հուլիսի 23 – ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումները ազատագրում են Աղդամը:

Հուլիսի 24 – Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ տեղի է ունենում հեռախոսազրույց, որի ժամանակ ձեռք է բերվում եռօրյա զինադադարի պայմանավորվածություն:

Հուլիսի 29 – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է երկրորդ` 853 բանաձեւը: Այն գրեթե ոչ մի բանով չէր տարբերվում նախորդ` 822 բանաձեւից եւ պահանջում էր անմիջապես դուրս բերել զորքերը Աղդամից, դադարեցնել ռազմական գործողությունները եւ շարունակել բանակցությունները ԵԱՀԽ շրջանակներում:

Հարկ է նշել, որ Ադրբեջանը շահարկել եւ շահարկում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը` դրանք միակողմանիորեն ներկայացնելով որպես Լեռնային Ղարաբաղին ուղղված պահանջ: Այդ բանաձեւերը պահանջում էին դուրս բերել զորքերը «ադրբեջանական» տարածքներից, սակայն միաժամանակ, պահանջում էին նաեւ դադարեցնել ռազմական գործողություններն ընդհանրապես, ինչը չէր իրականացվում հենց Ադրբեջանի կողմից:

Հուլիսի 17 – օգոստոսի 8 – Մինսկի խումբը Հռոմում ընդունում է ՄԱԿ-ի ԱԽ 822 եւ 853 բանաձեւերի կատարման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույց:

Օգոստոսի 17 – Հեյդար Ալիեւը նամակով դիմում է ԼՂՀ ԳԽ նախագահին` առաջարկելով սկսել երկկողմանի բանակցություններ: Համանման բովանդակությամբ նամակներ են ստացվում նաեւ Ադրբեջանի փոխվարչապետ Ռ. Գուլիեւի եւ պաշտպանության նախարար Ս. Աբիեւի անունից: Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ բանակցություններն ու զինադադարը պայմանավորվում էին ռազմական թատերաբեմում կողմերի ունեցած հաջողություններով: Հիշեցնենք, որ 1992թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին բանակցությունների վերսկսումը ամեն կերպ ձախողվում էր Ադրբեջանի ղեկավարության կողմից:

Օգոստոսի 18 – ՌԴ միջնորդությամբ ձեռք է բերվում պայմանավորվածություն` կրակը 5 օրով դադարեցնելու մասին: Սակայն Ադրբեջանը խախտում է այն, եւ ռազմական գործողությունները վերսկսվում են:

Օգոստոսի 23 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրում են Ֆիզուլին:

Օգոստոսի 25 – Ադրբեջանական բանակը նահանջում է եւ թողնում Ջեբրայիլը:

Օգոստոսի 31 – Ադրբեջանը կորցնում է Ղուբաթլուի շրջանն ամբողջությամբ:

Օգոստոսի 31 – Ադրբեջանում դաժանորեն ճնշվում է թալիշների ապստամբությունը եւ վերացվում Թալիշ-Մուղանի Հանրապետությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ:

Չնայած միջազգային հսկայական ճնշումներին, շրջափակմանը, զենքի եւ սպառազինության անբավարարությանը, ԼՂՀ-ն քայլ առ քայլ ձեւավորում է հանրապետության անվտանգության գոտին: 1993թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ադրբեջանական լայնածավալ հարձակումը ցույց տվեց, որ հայկական կողմի ընտրած մարտավարությունը ճիշտ էր: Չլինեին անվտանգության գոտին եւ ազատագրված շրջանները` ռազմական գործողություններն ընթանալու էին Լեռնային Ղարաբաղի կենտրոնական շրջաններում` հսկայական զոհերի եւ ավերածությունների պատճառ դառնալով:

Սեպտեմբերի 12-13 – Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում հանդիպում են Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ջալիլովը եւ ԼՂՀ ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանը: Ստորագրվում է մինչեւ հոկտեմբերի 5-ը կրակը դադարեցնելու համաձայնագիր: Հոկտեմբերի 5-ին այն եւս մեկ ամսով երկարաձգվում է: Նշենք, որ այս ժամանակահատվածը Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են բանակը համալրելու, նոր սպառազինություն ձեռք բերելու, վարձկաններ հավաքագրելու եւ Լեռնային Ղարաբաղի վրա նոր հարձակում սկսելու համար:

Սեպտեմբերի 24 – Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ:

Սեպտեմբերի 25 – Մոսկվայում հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները:

Հոկտեմբերի 3 – Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթում է Հեյդար Ալիեւը:

Հոկտեմբերի 14 – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է եւս մեկ բանաձեւ` 874-րդ, որով կոչ էր անում շարունակել բանակցային գործընթացը եւ պահպանել զինադադարը:

Հոկտեմբերի 21 – Ադրբեջանը խախտում է զինադադարը եւ հարձակվում Ջեբրայիլի ուղղությամբ: ԼՂՀ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում հակառակորդին եւ անցնում են հակահարձակման:

Հոկտեմբերի 24 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ է անցնում Հորադիզը, իսկ հոկտեմբերի 31-ին` Զանգելանի շրջանն ամբողջությամբ:

Նոյեմբերի 2-8 – Վիեննայում Մինսկի խմբի հերթական հանդիպման ժամանակ կողմերին կրկին ներկայացվում է Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը, որը մերժում է Ադրբեջանը:

Նոյեմբերի 12 – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է չորրորդ` 884 բանաձեւը եւ դատապարտում «Զանգելանի շրջանի եւ Հորադիզ կայանի գրավումը»: Միաժամանակ, բանաձեւը «հորդորում էր Հայաստանի կառավարությանը, օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը հասնեն 822, 853 եւ 874 բանաձեւերի կատարմանը»:

Նոյեմբերի սկզբին պարզ է դառնում, որ Ադրբեջանն ընդամենը ժամանակ է շահում եւ պատրաստվում է նոր պատերազմի: Ըստ որոշ աղբյուրների` Հ. Ալիեւի հրամանով ադրբեջանական բանակի վրա ծախսվում է ավելի քան 100 մլն դոլար, ձեռք են բերվում մեծաքանակ սպառազինություն, տանկեր ու զրահամեքենաներ, հրետանային կայանքներ, հեռահար հրետանի:

Նոյեմբերի 18 – Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո Պարիարքի միջնորդությամբ տեղի է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի նոր հանդիպում: Սա եւս մեկ ապարդյուն փորձ էր` կանխելու ռազմական գործողությունների հետագա սրացումը:

Նոյեմբերի 30 – Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլիին փոխարինում է Յան Էլիասոնը:

Դեկտեմբերի 1 – Հռոմում տեղի է ունենում Մինսկի խմբի նոր հանդիպում: Ադրբեջանը մերժում է Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը եւ ձախողում բանակցությունները:

Դեկտեմբերի 17 – Սկսվում է ադրբեջանական բանակի հարձակումը Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանի ողջ երկայնքով:

Դեկտեմբերի 23 – Աշխաբադում տեղի է ունենում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ադրբեջանը անպատասխան է թողնում կրակի դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ղեկավարության առաջարկը:

1994

Հունվարի սկզբին ամբողջ ռազմաճակատով շարունակվում էր ադրբեջանական հարձակումը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը համառ դիմադրություն էից ցույց տալիս, սակայն որոշ ուղղություններում ստիպված էին նահանջել:

Հունվարի 7 – Հորադիզ կայարանն անցնում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների հսկողության տակ:

Հունվարի 20 – Ադրբեջանական բանակը գրավում է Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրեր եւ մոտենում Քելբաջար-Մարտակերտ ճանապարհին:

Հունվարի 26 – Ֆիզուլիի մոտ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը կանգնեցնում են ադրբեջանական բանակի հարձակումը:

Հունվարի 27 – Ռուսաստանը հանդես է գալիս փետրվարի 1-ից կրակը 3 շաբաթով դադարեցնելու նախաձեռնությամբ:

Փետրվարի 12-18 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը սկսում են ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունը: Ադրբեջանական բանակը, կրելով հսկայական կորուստներ (մոտ 4000 սպանված եւ վիրավոր), նահանջում է, իսկ Օմարի լեռնանցքն ամբողջության կրկին անցնում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ:

Փետրվարի 18 – Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովի հանդիպումը: Ստորագրվում է մարտի 1-ից կրակի դադարեցման համաձայնագիր: Զուգահեռաբար առաջարկվում էր հակամարտության կարգավորման տարբերակ, որի համաձայն` հայկական ուժերը հեռանում էին Աղդամից եւ Ֆիզուլիից, եւ սկսվում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններ: Ադրբեջանական կողմը մերժում է այս առաջարկը: Թեեւ Ադրբեջանը հսկայական կորուստներ էր կրում, դեռ հույս ուներ բեկում մտցնել ռազմաճակատում եւ ավելի նպաստավոր պայմաններում շարունակել բանակցությունները, ինչը նրան չի հաջողվում:

Ապրիլի 10 – ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները սկսում են Տերտերի գործողությունը եւ ապրիլի երկրորդ կեսին ազատագրում Թալիշ, Չայլու, Մատաղիս, Լեւոնարխ բնակավայրերը: Զուգահեռաբար հաջող ռազմական գործողություններ են ծավալվում Աղդամի հյուսիսային շրջաններում: Հարվածի տակ է հայտնվում ադրբեջանական Միր-Բաշիր քաղաքը:

Մայիսի 4 – Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը Բրյուսելում ստորագրում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին միանալու փաստաթուղթը:

Մայիսի 4-5 – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղըզստանի խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ ԱԳՆ նախաձեռնությամբ Բիշքեկում սկսվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բանակցությունները: Մայիսի 5-ին ստորագրվում է Բիշքեկյան արձանագրությունը: Հիմք ընդունելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԽ-ի նախկինում ընդունած բանաձեւերն ու որոշումները, ինչպես նաեւ 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը` կողմերը պարտավորվում են մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Մի քանի օր անց ստորագրվում է նաեւ հրադադարի համաձայնագիրը: Մայիսի 9-ին Բաքվում այն ստորագրում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովը, մայիսի 10-ին` Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին` Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը:

Ադրբեջանը հարկադրված էր ստորագրել զինադադարի համաձայնությունը` հայկական զինուժի հաղթանակների ճնշման տակ: 1994թ. բանակցային ողջ գործընթացը ցույց է տալիս, որ ռազմական հաջողությունների շրջանում Ադրբեջանն ընդհանրապես չէր մտածում բանակցությունների մասին, իսկ երբ սկսվում է պարտությունների անվերջանալի շղթան, հարկադրված ընդունում է խաղաղության պայմանները: Այսպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում եւ այսպես էլ կլինի. դիվանագիտական հաջողությունները ձեռք են բերվում միմիայն ռազմական հաղթանակների շնորհիվ:

ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Պատմության էջերից


04/10/2011