Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ



«Եթե Թուրքիայի արեւելյան շրջանները միացվեն Հայաստանին, ապա Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ կգործեն որպես միացյալ բանակ»:

Թուրք-ադրբեջանական համագործակցության սկիզբը կարելի է համարել 19-րդ դարի 90-ական թվականները։

Օսմանցիներից սկիզբ առած թուրքիզմը, որը երիտթուրքերի օրոք ընդամենը քաղաքական կուսակցության ծրագիր էր, վերաճեց մեծապետական ազգայնամոլության, իսկ Առաջին աշխարհամարտից հետո՝ նաեւ համազգային գաղափարախոսության։ Այս գաղափարախոսությանը երիտթուրքերը հաղորդեցին ծավալապաշտական բնույթ։

Ինչպե՞ս սկիզբ առավ համաթրքության վարդապետությունը։

Մի կողմից օսմանցի մտավորականներ Ահմեդ Վեֆիկ փաշան (օսմանյան համալսարանում) եւ Սուլեյման փաշան (ռազմական ինստիտուտներում) իրենց դասախոսություններով նոր սերնդի մեջ արթնացնում էին ցեղային գիտակցություն, փորձում էին հիմնավորել օսմանցիությունից անցումը թրքության, պետական հայրենասիրությունից` ցեղային ազգասիրության։ Մյուս կողմից սալինացի Հյուսեինզադե Ալի բեյը 1889-1905թթ. Ստամբուլի ռազմական բժշկական համալսարանում մշակում էր թրքության գաղափարական հիմքերը։ Նրա հայրենակից Ալի Մեյդան Թոփչիբաշիեւը Բաքվում առաջ էր քաշում թաթարական (ադրբեջանական) ազգային գաղափարախոսությունը։ Նրանց միացան նաեւ ադրբեջանական թրքության եւս երեք ներկայացուցիչներ՝ Իսմայիլ Գասպրինսկին, Յուսուֆ Աղչուրան եւ Ահմեդ Աղաեւը։ Վերջինս 1905-1907թթ. Անդրկովկասում հայ-ադրբեջանական ընդհարումների գլխավոր դերակատարն է։ Ահմեդ բեյ Աղաևը նույնպես հաստատվել էր Ստամբուլում։ Նա թրքության եւ համաթրքության մասին իր քարոզներով ակտիվ գործունեություն էր ծավալել։

Համաթուրքական քարոզչությունն աստիճանաբար վերածվեց աշխարհակալ հայրենիքի հասկացության՝ համաթուրանականության, որը ձգվելու էր Խաղաղ օվկիանոսից մինչեւ Միջերկրական ծով, Չինաստանից մինչեւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Միացյալ եւ Անկախ Թուրքիայի վրա պիտի ծածանվեր գայլանիշ դրոշը։

Համաթրքության եւ համաթուրանականության նպատակը մեկն էր՝ նախ միացնել Անատոլիական Թուրքիան Ադրբեջանի հետ, ապա նրանց պետք է միանային մյուս թուրքալեզու ժողովուրդները` ներառելով նաեւ Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Չինաստանի թուրքալեզու բնակչությանը։

1905-1907թթ. Ռուսական հեղափոխության հենց սկզբին՝ 1905թ. փետրվարի 6-10-ը, Բաքվում սկսված հայերի կոտորածն ընդգրկեց նաեւ Նախիջեւանը, Երեւանը, Շուշին, Գանձակը եւ Թիֆլիսը և տևեց մեկուկես տարի։ Կոտորածների ընթացքում Ստամբուլում հաստատված ադրբեջանցի ազգայնամոլ-համիսլամականները պաշտոնական շրջանների գիտությամբ եւ ակտիվ աջակցությամբ օգնություն էին ստանում եւ այն հասցնում էին Կովկաս։

Համաթրքության սաղմնավորման եւ գաղափարական ձեւավորման առաջին կենտրոնը եղել է Թաթարիան (1880), երկրորդ կենտրոնը` Ղրիմը, ապա նոր կենտրոններ են բացվել Սալոնիկեում, Կ. Պոլսում եւ Բաքվում։

Թուրանական կայսրության երազանքները կառուցվում էր «Բարձր դռան» չհանգչող կայսերապաշտական հույզերի վրա, որոնք աստիճանաբար ուժգնանում էին Օսմանյան Կայսրության փլուզմանը զուգընթաց։ Օսմանցիների պարտությունը Բալկաններում (1913թ.) ընդգծում էր, որ օսմանականությունն արդեն բովանդակազուրկ է։ Պետք էր նոր, ավելի համոզիչ ազգային հասկացություն՝ դա կարող էր լինել միայն թրքությունը։

Սուլթան Համիդը համիսլամիստ էր, նա շեշտը դնում էր կրոնակցության վրա, ոչ թե ցեղակցության։ Իթթիհաթը Թերաքքի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը Էնվերի շնորհիվ վերջնականապես լքել էր օսմանիզմը եւ որդեգրել համաթրքության քաղաքականությունը։ 1911թ. Իթթիհաթի համաժողովում կենտրոնական կոմիտեի անդամ են ընտրվում համաթուրանականության հիմնադիր երեք շեֆերը՝ Իսմայիլ Գասպրինսկին, Հյուսեինզադե Ալին եւ Յուսուֆ Աքզուրան (նույն տարում է հիմնադրվել ադրբեջանական Մուսավաթ («հավասարություն») կուսակցությունը)։

Ռազմական նախարար Էնվերի ջանքերով Բաքվում համաթուրանական քարոզիչների քանակն աճում էր՝ Ջաֆարովը, Ռասուլ-Զադեն, Ուսուֆբեկովը, Սուլթանովը, Մելիք-Ասլանովը։ Էնվերը ոչ միայն օսմանյան բանակի լծակներն էր իր ձեռքում կենտրոնացրել, այլեւ կազմավորել էր համաթուրանական բջիջ՝ «թուրանական երիտասարդական շարժում» կազմակերպությունը, որը անգլիական սկաուտական շարժման կրկնօրինակն էր։ Այդ կազմակերպության խորհրդանիշը գորշ գայլն էր։ Մուսավաթը Իթթիհաթի հարազատ եղբայրն էր դարձել թե՛ որդեգրած քաղաքականությամբ, թե՛ ծրագրով։ Ադրբեջանցի Սուլթանովը Էնվերի, իսկ Խանխոյսքին Թալեաթի կրկնօրինակն էր։

Մինչեւ 1914թ. համաթրքության պետական քաղաքականությունը բովանդակում էր երիտթուրքերի որդեգրած հայաջինջ ծրագիրը։ 1914թ. օգոստոսի սկզբին՝ ընդհանուր զորակոչից առաջ, հայերի նկատմամբ կիրառվելիք միջոցառումների մասին հատուկ նամակ էր հղվել բոլոր տեղական իշխանություններին։ 1914թ. հոկտեմբերին ներքին գործերի նախարար Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած գաղտնի խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվում հայերի բնաջնջման կազմակերպումը հանձնարարել եռյակ գործադիր հանձնախմբին (Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի, դոկտոր Նազըմ)։ Սկզբունքը հետեւյալն էր. «Սպանել առանց խնայելու եւ ողորմելու մեկ ամսականից մինչեւ իննսուն տարեկանը»։ Սա բխում էր ազգայնամոլների համաթրքության եռամիասնական սկզբունքից։

1. Գրավել նոր տարածքներ:

2. Բնիկներին բնաջնջել կամ բռնագաղթի ենթարկել:

3. Յուրացնել նվաճածը կամ թուրքացնել հպատակներին:

Երբ թուրք դահիճը Արեւմտյան Հայաստանում սկսել էր հայերի բնաջնջումը, միեւնույն ժամանակ ադրբեջանցի թաթարը ձգտում էր նրանից ետ չմնալ. 1918թ. մարտի 17-ի Բաքվի ջարդերը դրա վառ վկայությունն էին (հիշենք նաև 1988թ. փետրվարի Սումգայիթի, 1989թ. հունվարի Բաքվի ջարդերը)։

Հայաստանը մնացել էր երկու կրակի միջեւ։ Արեւելքից ադրբեջանցիները պահանջում էին ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Շարուր-Նախիջեւանը, այլեւ Երեւանի ու Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Երեւանով հանդերձ, թողնելով որպես Հայաստանի մայրաքաղաք Էջմիածինը։ Իսկ արեւմուտքից թուրքերը 1918թ. ապրիլի 25-ին Կարսը գրավելուց հետո նպատակ ունեին 1-ին, 2-րդ եւ 6-րդ կորպուսներից բաղկացած հզոր բանակով գրավել նաեւ ամբողջ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանը, Թիֆլիսը եւ հասնել Բաքու։ Սակայն հայ ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտով 1918թ. մայիսի 21-29-ը հօդս ցնդեցրեց գորշ գայլերի երազանքները` չարագործի ձեռքից փրկելով Արեւելյան Հայաստանը եւ կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը դեպի Բաքու։

Պատերազմում տանուլ տված թուրքական բանակի բացթողումները աշխատում էին լրացնել Մուսավաթի ներկայացուցիչները։ Սեյմի անդամ Սուլթանովը եւ Ռասուլ Զադեն գաղտնի բանակցություններ էին վարում թուրք պաշտոնյաների հետ, որպեսզի Ադրբեջանը կցեն Թուրքիային։ Նպատակը հետեւյալն էր՝ «Կասպից ծովը դարձնել Թուրանի ներքին լիճը»։

Համաթրքության եւ համաթուրանականության ծրագրի իրականացման ուղղությամբ Էնվերը կատարում է գործնական քայլեր։ Նա 1913թ. Պայազետում գումարում է համաթրքության խորհրդաժողով, որտեղ հավանություն էր տրվել «Թուրք ժողովրդի արեւելյան եւ արեւմտյան հատվածների» միությանը։ Այստեղ էլ կնքվում է դաշինք երկու կողմերի ներկայացուցիչների միջեւ (Ադրբեջանի ներկայացուցիչներն էին՝ Աղաեւը, Ռասուլզադեն եւ Թոփչիբաշիեւը)։ Օսմանցի եւ ազերի թուրքերը այստեղ գծված ճանապարհաքարտեզով որոշեցին իրենց ապագա անելիքը ճիշտ այն պահին, երբ միջազգային դիվանագիտությունը լրջորեն ձեռնարկել էր հայկական հարցի լուծումը։

Պայազետի դաշինքը դաշնագրի է վերածվում 1919թ. նոյեմբերի 29-ին, Ստամբուլում, այն բանից հետո, երբ թուրքերը Սարդարապատում ջախջախիչ պարտություն կրեցին հայերից։ Իսկ 1920թ. ապրիլի 15-ին (Սեւրի պայմանագրից առաջ՝ 1920թ. օգոստոսի 10) թուրք ժողովրդի «արեւելյան եւ արեւմտյան հատվածները» Էրզրումում կնքում են թուրք-ադրբեջանական գաղտնի պայմանագիր, որով կողմերը պարտավորվում են, որ եթե Թուրքիայի արեւելյան շրջանները տրվեն եւ միացվեն Հայաստանին, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը պաշտպանելու են միմյանց շահերը, եւ նրանց զինված ուժերը գործելու են որպես միացյալ բանակ։ Նույն պայմանագիրը վերջին անգամ վերավավերացվել է 2011թ. ապրիլի 3-ին` Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Իլհամ Ալիեւի կողմից։

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի 1920թ. կազմած «Ազգային ուխտը» ամբողջությամբ բխում է համաթրքության ծրագրի դրույթներից։ Թուրքիայի ամբողջական թուրքացումը այն ճանապարհն էր, որով թուրք ազգայնամոլները հասնելու էին համաթրքության եւ համաթուրանականության ծրագրերի իրականացմանը։ Քեմալականները այս ծրագիրն անվանեցին Թուրքական Միության (Թուրք Իթթիհաթը/Վահդեթի/Բիրլիյի)։ Թուրք ազգայնամոլների համար ոչ մի ադրբեջանցի թուրք Թուրքիայում տարագիր չէ, որովհետեւ «Ազգային ուխտի» սահմանների նշանակությունը գիտակցող յուրաքանչյուր թուրքի համար Թուրքիայի բոլոր մասերն էլ իրենն են։

Շարունակելի

ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Պատմության էջերից


04/10/2011