Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՆԱՅԵՄ…



Գերության մեջ հայտնված ազերու հետ իր տան պատշգամբում զրուցում էր Սուրիկը։ Գերուն ճանաչում էին ջոկատի տղաները, նա հայտնի էր յուրայինների մոտ իր հեղինակությամբ, պատերազմի դաշտում իր դաժանությամբ ու հայատյացությամբ։ Գիտեին նաեւ, որ մեծ կարողությունների տեր է։ Սուրիկը լուռ էր, ինքնամփոփ։ Ազերին, դա լավ նշան համարելով, անընդմեջ խոսում էր, փորձում համոզել Սուրիկին. «Կարդա՛շ, լեզուդ ինչ կպտտի, ինչքան՝ ոսկի, փող, մալ, դովլաթ, գիշերս լուրն ուղարկեմ՝ առավոտը չբացված` էստեղ լինի։ Ապահով մինչեւ կյանքիդ վերջ կապրես։ Իմ մահը քեզ ի՞նչ կտա։ Խնդրում եմ` բաց թող ինձ, գնամ հասնեմ մորս, ընտանիքիս, երեխաներիս, եղբայրներիս»։

Լսում էր ազերուն՝ հայացքը պատուհանից դուրս, որտեղ` դիմացի լեռան լանջին, փռված էր Կիչան գյուղի հանգստարանը։

-Ասացիր մորդ, եղբայրների՞դ, նրանք քեզ կարոտում են,- ու գերուն թեւանցուկ` Սուրիկը մոտեցավ պատուհանին,- տեսնո՞ւմ ես` այ էն դիմացի սարի գերեզմանատունը, այնտեղ թաղված են իմ Սոս եւ Թոռնիկ եղբայրները, որոնք զոհվեցին իրենց գյուղը, տունը, օջախը պաշտպանելիս։ Ընկան քո եւ քո ընկերների գնդակից։ Ասացիր` մայրդ, եղբայրներդ քո կարոտից կխենթանա՞ն։ Բա ե՞ս ոնց չխենթանամ։ Ասում ես՝ ամեն ինչ կտաս։ Եւ ի՞նչ կարող եմ տալ իմ եղբայրներին։ Ասա, ես ինչ անեմ, ոնց ապրեմ, ի՞նչ պատասխան տամ հանգստարանում ննջող իմ նահատակ եղբայրներին, ինչպես նայեմ արցունքից կուրացած մորս աչքերին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Հոգևոր-մշակութային


04/10/2011