Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ…



Հանրաքվեն մեծ իրադարձություն էր ժողովրդի կյանքում, եւ ժողովուրդն արձագանքեց դրան իր կատարած քայլի խոր գիտակցությամբ, բուռն խանդավառությամբ եւ միաժամանակ՝ սթափ, կշռադատ ողջամտությամբ։
Ստորեւ՝ մի խումբ անվանի մարդկանց խոսքեր, որ ասվել են քսան տարի առաջ, սեպտեմբերյան այս օրերին, բայց այսօր էլ հնչում են թարմ, հրատապ եւ արդիական։

ԱՅՍՊԵՍ ԱՍԱՑ ՀԱՅԸ…

Ազատության եւ անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ազատ գոյատեւման երաշխիքն է… Հայոց աշխարհի հորիզոնի վրա, ահա, բարձրանում է անկախության աստղը։ Օրհնություն եւ փառք ճառագայթող այդ աստղին եւ հավետ ազատ արմենական մեր ազգին։
Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Ա

Երեւի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի վերաբերյալ մեր ժողովուրդը այդ չափով միասնական ու միաձույլ չի եղել տրամադրված, որքան սեպտեմբերի 21-ին։ Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեր միասնության ուժով դրանք կհաղթահարվեն։
Վիկտոր Համբարձումյան

«Ա՛յո»… Այս բառի մեջ ես լսում եմ Վարդանանց պատերազմի նահատակների սրերի շառաչը եւ Սարդարապատի աշխարհազորայինների հրանոթների հաղթական համազարկերի արձագանքները։ Այդ բառը մեր ինքնությունն է ամփոփում իր մեջ, մեր արժանապատվությունը, աշխարհը նոր համով ու հոտով, նոր գույներով հարստացնելու մեր ընդունակությունն ու պատրաստակամությունը։
Համո Սահյան

Մեր սերունդը, որ աշխարհներ եւ ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը։ Իսկ գրավականը մեկն է՝ այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք եւ հասկանանք, որ մեր փրկությունը մեր միասնության մեջ է…
Գոհար Գասպարյան

Անկախության իղձը վերջին յոթանասուն տարում չէ, որ ծնվել է մեր հոգում։ Մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու, արտաքին ազատ հարաբերություններ ունենալու, Հայաստանի ապագան ինքնուրույն կերտելու փափագը հայ ժողովուրդը կրում է բազում հարյուրամյակներ։ Չպետք է հույսներս դնենք ուրիշների վրա։ Ամեն ինչ կախված է մեզանից, անկախության վեհ գաղափարին մեր անմնացորդ նվիրումից։
Ղազարոս Սարյան

♦♦♦

Հանրաքվեի անցկացման առիթով Հայաստան էին ժամանել աշխարհի 25 երկրների շուրջ 120 դիտորդներ, որոնք եղան հանրապետության տարբեր վայրերում եւ սեփական աչքերով տեսան այն ոգեւորությունը, որով ժողովուրդը տալիս էր իր քվեն եւ «այո» ասում անկախությանը։
Ստորեւ՝ արտասահմանյան մի քանի դիտորդների գնահատականներ։

ԱՅՍՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՕՏԱՐԸ

Ողջունում եմ այն հանգամանքը, որ Հայաստանն իր անկախացման համար նախընտրել է իրավական, սահմանադրական ճանապարհը։ Հանրաքվեն անհրաժեշտ էր Հայաստանին ոչ միայն ազատություն ձեռք բերելու, այլեւ պետական կառավարման ժողովրդավարական սկզբունքներն արմատավորելու համար։
Ռիչարդ Կազնավ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ

Անկախության հռչակումը ձեր ժողովրդի կամքն է, իսկ այն մենք պարտավոր ենք հարգել։
Յուրի Զայցեւ, ռուսաստանցի պատգամավոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս

Այստեղ տիրող քաղաքական իրավիճակին համապատասխան՝ հայ ժողովուրդը որոշեց անկախանալ։ Փաստը, որ նախքան այդ ուզեցիք ստանալ ձեր բնակչության քվեն, ոչ միայն ողջունելի է, այլեւ անհրաժեշտ իսկական անկախացման համար։
Չապոդի Միկլոշ, Հունգարիայի խորհրդարանի անդամ

Որպես ժողովրդավարական մեծ ավանդույթներ ունեցող Շվեյցարիայի քաղաքացի՝ կարող եմ միայն իմ ուրախությունն ու գոհունակությունը հայտնել նախքան որեւէ քաղաքական որոշում ընդունելը հանրաքվե անցկացնելու եւ ժողովրդի համաձայնությունն ստանալու ձեր քայլի առթիվ։
Ալեքսանդր Էյլեր, Շվեյցարիայի խորհրդարանի անդամ

Անկախության ձեր ընտրած սահմանադրական ուղին պետք է արժանանա աշխարհի հավանությանը։
Ռիչարդ Լեյման, ԱՄՆ կոնգրեսական

Կազմեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Պատմության էջերից


28/09/2011