Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՑ



ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՑԶրույց ՀՀ զինվորական դատախազ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

 

-Պարոն դատախազ, թավշյա հեղափոխությունից հետո ինչպիսի՞ն է օրինապահության վիճակը բանակում:

-Բանակում օրինականության ամրապնդման ուղղակի ցուցանիշ կարող ենք համարել կատարված հանցագործությունների նվազումը: Այն բազմաթիվ իրավասու կառույցների ու ոլորտների համակարգված, նպատակային եւ արդյունավետ աշխատանքի արգասիք է: Ես չէի ցանկանա բանակում հանցագործությունների նվազման եւ քաղաքական գործընթացների միջեւ աղերսներ փնտրել, սակայն, պիտի ասեմ, որ վերջին շրջանում մեծացել է մարդկանց անհանդուրժողականությունը անօրինականության եւ անարդարության հանդեպ, բարձրացել է հասարակության վստահությունը իրավապահ համակարգի գործունեության նկատմամբ, ինչը ինքնաբերաբար զսպիչ դերակատարում ունի:

-Ինչի՞ց եք զգացել այդ անհանդուրժողականությունը, ինչպե՞ս է այն արտահայտվել:

-Մի օրինակ բերեմ ընդամենը. մարդիկ դիմում են նախկինում չբացահայտված հանցանքներին կրկին անդրադառնալու խնդրանքով՝ հայտնելով քրեական գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ, որոնց մասին նախկինում ինչ-ինչ պատճառներով չեն բարձրաձայնել: Մենք ունենք նոր հանգամանքների հայտնաբերման հիմքով վերաբացված ու նախաքննության ուղարկված քրեական գործեր:

-Քանի որ Դուք օրինականության ամրապնդման կարեւոր ցուցիչ համարեցիք կատարված հանցագործությունների թվի շարժը, պիտի խնդրեմ, որ ներկայացնեք, թե ինչպիսի՞ն է եղել պատկերը բանակում 2018 թվականին՝ 2017թ. համեմատությամբ:

-2018թ. ընթացքում զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրված հանցագործությունները 2017թ. համեմատությամբ նվազել են 67 դեպքով, ընդ որում` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանքները նվազել են 41 դեպքով: Ըստ ծանրության աստիճանի դիտարկելիս, օրինակ, ունենք առանձնապես ծանր հանցագործությունների նվազում 37 դեպքով:

-Պիտի խնդրեմ, որ առանձնապես ծանր հանցագործությունները ներկայացնեք ըստ հանցատեսակների:

-Խնդրեմ: Համածառայակցի կողմից կատարված 1 սպանություն, զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանություն՝ 1 դեպք, անհայտ անձի կողմից կատարված սպանություն՝ 1 դեպք, հակառակորդի կողմից կատարված 23 սպանության փորձ, պետի կողմից ստորադասի հանդեպ 1 բռնի գործողություն, պաշտոնական անձի կողմից կաշառք ստանալու 1 դեպք: Հակառակորդի կողմից կատարվել է 7 սպանություն: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ 2017թ. համեմատ՝ վերջին մեկ տարվա ընթացքում հակառակորդի կողմից պատճառված մահերը նվազել են ավելի քան 3 անգամ: Դա պայմանավորված է տարվա ընթացքում սահմաններին հարաբերական խաղաղության ռեժիմի պահպանման աննախադեպ տևականությամբ:

-Պաշտպանության նախարարը ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է բանակում նվազագույնի հասցնել մահվան ելքով դեպքերը: 2018թ. ի՞նչ փոփոխություն է եղել այս առնչությամբ:

-2018 թվականին մահվան ելքով դեպքերը նվազել են: Տարվա ընթացքում ծառայության հետ կապված՝ մահացել են 38 զինծառայողներ: 2017թ. արձանագրվել էր նման 56 դեպք:

-Կնշե՞ք ծառայության հետ կապված մահվան ելքով դեպքերը:

-8 սպանություն, որից 7-ը՝ հակառակորդի կողմից, 1 մահ, որն ականի պայթյունի հետեւանք է, 2 դեպք՝ զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով, ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու 11 դեպք: Հիվանդության պատճառով մահվան 3 դեպք է եղել, ավտովթարից՝ 6, դժբախտ պատահարից՝ 3: Մարտական ծառայության կանոնները խախտելու պատճառով մահացել է 2, թռիչքների կանոնները խախտելու պատճառով՝ 2 զինծառայող:

-Պարոն Հարությունյան, անզեն աչքով կարելի է տեսնել, որ մահվան ելքով դեպքերի մի մասը ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու, հանցավոր անփութության հետեւանք են:

-Մահվան ելքով յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվել եւ կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Զինվորական դատախազությունը հիշյալ գործերով դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն իրականացնելիս անվերապահորեն քննության առկա է դարձնում նշված հանցագործությունը ծնող պատճառները, համապատասխան պաշտոնատար անձանց՝ ծառայության նկատմամբ դրսեւորած թերությունները: Եվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով՝ մեր կողմից միջնորդագրեր են ներկայացվում վերադաս հրամանատարությանը՝ այդ պատճառները, նպաստող պայմանները վերացնելու, հետագայում նմանատիպ դեպքերի դեմ վաղօրոք պայքարելու համար: Այդ միջնորդագրերի քննարկումներին մասնակցում են համապատասխան ստորաբաժանումների դատախազները:

-Այդ առումով՝ ի՞նչ առանձնահատկություն ունեն հիվանդություններից մահացության դեպքերը: Հարցնում եմ, որովհետեւ բժշկական սխալի արձանագրումը որոշակի առանձնահատկություններ ունի:

-Այդ դեպքում քննության առարկա է դառնում բժշկական ոլորտը սպասարկող համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը՝ ժամանակին ու պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու, բժշկական սխալի առկայության կամ բացակայության հանգամանքները, ինչպես նաեւ զորակոչվելու ընթացքում անձի առողջության վիճակի ճիշտ գնահատվածությունը:

-Պարոն Հարությունյան, ո՞ր հանցատեսակներն են առավել տարածված բանակում եւ ինչո՞ւ:

-Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ ինչպես նախորդ տարիներին, 2018թ. զինված ուժերում շարունակվում են մեծ թիվ կազմել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները: Դրանք զինծառայողների` զինվորական կանոնագրքերով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ արհամարհանք դրսեւորելու, իրենց թվացյալ առավելությունն ընդգծելու, ծառայության ժամանակ իրենց համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակ ունեն, ինչպես նաեւ զինվորական կարգապահությանը չհարմարվելու եւ փողոցային հոռի բարքերը բանակ բերելու հետեւանք են: Այս հանցատեսակը ամենաշատն է անհանգստացնում զինվորական իրավապահ մարմիններին:

-Ինչո՞ւ: Որ տարածվա՞ծ է, թե՞ որ կարող է պարարտ հող ստեղծել այլ հանցատեսակների համար՝ ձեւավորելով հանցածին մթնոլորտ:

-Այս հանցատեսակի տարածվածությունն ինքնին մտահոգիչ է, որովհետեւ զինծառայողների կանոնագրքի կանոնների խախտումը կարող է արագ ծնել մեկ այլ, առավել ծանր հանցագործություն:

-Ինչպես եղավ Մեղրիում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսեց բանակում կրիմինալ բարքերի դեմ պայքարի խիստ անհրաժեշտության մասին: Նա ասաց, որ Մեղրիի զորամասում որոշ զինծառայողների լկտիությունը հասել էր աննախադեպ չափերի: Սա, իմ խորին համոզմամբ, երկար տարիների ընթացքում գոյացած խոց էր, որ միանգամից պայթեց:

-Ի պաշտոնե, բնականաբար, ինձ հայտնի են դեպքի մանրամասները, բայց քանի դեռ ընթանում է նախաքննություն, զերծ կմնամ որևէ հայտարարություն անելուց՝ ելնելով անմեղության կանխավարկածից եւ քրեական գործի քննության շահերից: Բայց մի բան կասեմ հաստատ. այն, ինչ եղել է Մեղրիում, ունի լոկալ (տեղային) բնույթ եւ ոչ մի կապ չունի այլ զորամասերում տիրող իրավիճակի հետ: Իսկապես, կատարվածը աննախադեպ էր, եւ դրա արմատներն ու շոշափուկները, ըստ առկա տվյալների, այդ զորամասի տարածքից դուրս չեն եկել:

-Գողական բարքերի շոշափուկները չեն կարող զորամասի տարածքում լինել, դրանք ձգվում են քաղաքացիական կյանք, հանգում տասնամյակների պատմություն ունեցող «մականունավոր իրականությանը»:

-Ես նկատի ունեմ, որ բանակի մյուս զորամասերում ու կառույցներում տիրող իրավիճակն ընդհանուր աղերս չունի Մեղրիում կատարվածի հետ:

-Այսինքն՝ այն այլեւս չի կրկնվի:

-Այո՛, չի կրկնվի: Իր գործը կանի դրա ամենափոքր դրսեւորման դեմ համակարգված ու անզիջում պայքարը:

-Պարոն դատախազ, բանակում միշտ էլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը բարձր է եղել, բանակը փակ համակարգ է, եւ հանցանքները բացահայտելը այնքան էլ դժվար չէ, եթե չլինի այն թաքցնելու դիտավորություն: Խնդիրն այն է՝ արդյոք բացահայտման ցուցանիշը բանակում օրինականության ճիշտ պատկե՞րն է արտացոլում, արդյոք մեծ թիվ չե՞ն կազմում թաքցված հանցագործությունները:

-Բացահայտման ցուցանիշը հնարավորինս մոտ է իրականությանը, այսինքն՝ էականորեն նվազել է թաքցված հանցագործությունների քանակը: Դրան նպաստել են դատախազական պատշաճ հսկողությունը, նյութերի նախապատրաստման եւ քրեական գործերով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս դատախազների կողմից առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի հայտնաբերումը, հետաքննության մարմինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացումը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների վստահության աճը զինվորական իրավապահ համակարգի եւ անհանդուրժողականությունը՝ հանցագործների նկատմամբ:

-Իրավական գնահատականի չարժանացած յուրաքանչյուր հանցագործություն՝ մեծ կամ փոքր, ծնում է անպատժելիության մթնոլորտ եւ դառնում է պարարտ հող այլ հանցագործությունների համար: Ինչո՞ւ են որոշ հրամանատարներ հակված թաքցնելու կատարված հանցանքը:

-Ամեն ինչ շատ պարզ է. հանցագործությունների մեծ թիվը որեւէ զինվորական կառույցում բնավ էլ չի խոսում հրամանատարների փայլուն աշխատանքի մասին եւ, բնականաբար, խրախուսանքի չեն արժանանում դրա համար:

-Ուրեմն՝ չպետք է հանցագործությունների քանակը դառնա հրամանատարի լավ կամ վատ աշխատանքի ցուցիչ ու դրդի նրան թաքցնելու կատարված հանցանքները:

-Իհարկե, վերջին շրջանում ներմուծվել է նոր պրակտիկա, երբ հրամանատարության աշխատանքը բնութագրվում է ոչ թե կատարված հանցագործությունների քանակով, այլ դրանց պատճառահետեւանքային կապերով, այն փաստով, թե մեղքի ինչ բաժին ունեն սպաները, եւ արդյոք հանցանքը կատարվել է նրանց թողտվությա՞ն, անփութությա՞ն պատճառով: Մյուս կողմից՝ կա մեծ անհանդուրժողականություն հանցագործությունները թաքցնելու արատավոր երեւույթի դեմ:

-Ո՞ւմ կողմից:

-Զինվորական իրավապահ համակարգի, մասնավորապես՝ զինվորական դատախազության: Հանցանքը թաքցնելը նույնպես իրավախախտում է, եւ դրա դեմ պայքար է տարվում ե՛ւ կանխարգելիչ, ե՛ւ պատժիչ միջոցներով:

-Պարոն դատախազ, ձմեռային զորակոչի ժամանակ՝ հունվարին, Դուք այցելեցիք կենտրոնական զինվորական հավաքակայան, հետեւեցիք բժշկական եւ մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցեցիք զինակոչիկների ու նրանց ծնողների հետ: Ինչպե՞ս եք գնահատում զորակոչի կազմակերպման օրինականության մակարդակը, ի՞նչ թերություններ հայտնաբերվեցին, ինչի՞ց էին դժգոհում զինակոչիկներն ու նրանց ծնողները:

-Զորակոչի կազմակերպման գործընթացին իրենց գործառույթների շրջանակում դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը եւ այցելությունները կենտրոնական զինվորական հավաքակայան նորություն չեն: Այս տարի ես անձամբ հետեւեցի թե՛ բժշկական, թե՛ մանդատային հանձնաժողովների աշխատանքներին: Պետք է նշեմ, որ էական թերություններ եւ խախտումներ չեն արձանագրվել, զինակոչիկների եւ ծնողների հետ զրույցների ժամանակ հնչել են մտահոգություններ, որոնք հիմնականում վերաբերում էին բժշկական հետազոտությունների արդյունքներին:

Իմ հանձնարարությամբ կատարվել են լրացուցիչ հետազոտություններ:

-Ծնողների կասկածներն արդարացի՞ էին:

-Ո՛չ: Ծնողների կասկածները լրացուցիչ հետազոտությունից հետո փարատվել են: Եվ դա շատ կարեւոր է:

-Այո՛, դա շատ կարեւոր է: Եվ շատ կարեւոր է ինչ-որ ելք գտնել՝ ցած դնելու անցյալի բեռը եւ փարատել այն սեւազգեստ մայրերի կասկածները, որոնց զինվոր որդիները ազգային բանակի կենսագրության տարբեր փուլերում զրկվել են կյանքից: Պարոն դատախազ, ես մտածում եմ՝ եթե քննության օրինականության վերաբերյալ ծնողների կասկածներն անհիմն են, ապա ենթադրվում է, որ կան փաստեր, որոնք կարող են փարատել բոլոր մտահոգությունները: Եթե փաստերն այնքան էլ ծանրակշիռ չեն, ապա կարելի է ընթացք տալ քրեական գործերին ու հասնել արդար վճռի: Ուզում եմ հարցնել՝ հնարավո՞ր է, որ Ձեր օրոք այս խնդիրը լուծվի:

-Շտապեմ ասել, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված ցանկացած ծանր ու առանձնապես ծանր, այդ թվում՝ մահվան ելքով յուրաքանչյուր դեպք, անկախ դրա վաղեմությունից, շարունակում է մնալ ՀՀ զինվորական դատախազության եւ անձամբ իմ ամենօրյա հսկողության ներքո:

-Ի՞նչն եք հսկում, եթե այդ քրեական գործերը սառեցված են:

-Ես մոտավորապես հասկանում եմ, թե «սառեցված» ասելով ինչ նկատի ունեք, բայց իրականությունն այն է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ, քննչական եւ դատավարական միջոցառումները՝ գործի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

-Խոսքը չբացահայտվա՞ծ գործերի մասին է:

-Այո՛, մենք անում ենք հնարավորը, որ ապահովվի օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն: Բայց պետք է հասկանալ, որ տաք հետքերով չբացահայտված գործերը տարիներ հետո բացահայտելը շատ ավելի բարդ է:

-Ուզում եք ասել՝ անհնար է:

-Ո՛չ, ասում եմ՝ բարդ է: Եթե տարիներ առաջ կատարված հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար կատարված առաջին քննչական եւ դատավարական գործողություններում եղել են թերություններ, այսօր դեպքի իրական պատկերը վերականգնելը շատ դժվար է լինում նախաքննության մարմնի համար: Ի դեպ, բոլոր այն գործերը, որոնք քրեադատավարական ընթացակարգով հնարավոր է եղել վերաբացել, իմ հանձնարարությամբ վերաբացվել են, կատարվել ու կատարվում է նախաքննություն: Ես զրույցի սկզբում ասացի, որ մեծացել է մարդկանց անհանդուրժողականությունը հանցագործության հանդեպ եւ հավատը իրավապահ մարմինների նկատմամբ: Այդ են վկայում քաղաքացիների ահազանգերը նախկինում կատարված հանցագործությունների մասին:

-Նախկինում լռել են, հիմա ահազանգո՞ւմ են:

-Այո՛: Եվ այդ ահազանգերը դառնում են հիմք՝ նոր բացահայտումների համար: Նախկինում կասեցված քրեական գործ է վերսկսվել:

-Պարոն դատախազ, Դուք խոսեցիք մահվան ելքով չբացահայտված գործերի մասին: Իսկ եթե դրանք առերեւույթ բացահայտվել են, բայց ծնողը համաձայն չէ դատավճռի հետ: Ավելին՝ ծնողի կարծիքով՝ անմեղ մարդ է պատժվել, իսկ հանցագործը մնացել է ազատության մեջ:

-Մենք ամենայն ուշադրությամբ ուսումնասիրում ենք բոլորի բերած փաստերն ու առկա մտահոգությունները: Երբեմն քաղաքացիների դիմումներում առկա են լինում գործի՝ էական նշանակություն ունեցող նոր փաստեր, որոնք հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին: Այդպիսի դեպքերում մենք պատշաճ դատավարական ընթացակարգով վերաբացում ենք քրեական գործերը՝ լինեն դրանք կասեցված, թե ավարտված՝ դատավճռի առկայությամբ:

-Պարոն Հարությունյան, կոռուպցիայի աղմկահարույց բացահայտումները պաշտպանության համակարգում ցնցեցին բոլորիս, որովհետեւ ժողովուրդը շատ զգայուն է բանակի բարոյականության հանդեպ: Սակայն խնդրի զգայական մասից պիտի արագ անցնեմ ավելի պրագմատիկ խոսակցության եւ հարցնեմ, թե որքանո՞վ հաջողվեց վերականգնել պետության հասցված նյութական վնասը:

-ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ու կայազորային զինվորական դատախազները պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացրել են բազմաթիվ ուսումնասիրություններ եւ ստուգումներ, որոնք ընդգրկել են զինված ուժերի գրեթե բոլոր ոլորտները՝ թիկունքային, ինժեներական, ռազմաբժշկական եւ այլն: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 292 խախտում:

-Որքանո՞վ էին արդյունավետ ստուգումները, ուսումնասիրված դեպքերից քանիսո՞ւմ է խախտում հայտնաբերվել:

-Ուսումնասիրված դեպքերի 75 տոկոսում հայտնաբերվել են խախտումներ, ինչը վկայում է ուսումնասիրության մեծ արդյունավետության մասին: Խախտումները եղել են տարաբնույթ՝ պետական միջոցների վատնում, սահմանված կարգի խախտումով՝ գնումների գործընթացի կազմակերպում, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով՝ գույք հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնական փաստաթղթերում կեղծիքների հավելում եւ այլն: Նախապատրաստվել է 113 նյութ, հարուցվել է 58 քրեական գործ: Արտադատական կարգով վերականգնվել է պետությանը պատճառված 175.142.296 դրամի վնաս:

-Իսկ ընդհանուր առմամբ՝ որքա՞ն է կազմում պետությանը պատճառված վնասը, եւ որքա՞ն է վերականգնվել արտադատական եւ դատական կարգով:

-Արձանագրվել է պետությանը հասցված 2.069661309 դրամի վնաս, վերականգնվել է 680.230.054 դրամ:

-Աննախադեպ թիվ է բանակի համար:

-Հավելեմ, որ 2018 թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 8 հայց, որից 2-ը՝ քաղաքացիական եւ 6-ը՝ քրեական դատավարության կարգով: Հարուցված հայցերով՝ բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 31.318.871 դրամ:

Կոռուպցիան կանխարգելելու ամենաարդյունավետ ճանապարհը հետեւողական հսկողությունն է. կոռուպցիան զարգանում է թողտվության պայմաններում, դրան նպաստում են նաեւ օրենսդրական բացերն ու սողանցքները:

-Կոռուպցիան բարգավաճում է, երբ մեծանում է օրենքի պահապանների ներգրավվածությունը կոռուպցիոն սխեմաներում: Այդ պատճառով էլ հասարակությունը շատ զգայուն է իրավապահների օրինականության հանդեպ: Ի՞նչ վիճակ է այս առումով Ձեր ղեկավարած կառույցում:

-Ես կարճ կպատասխանեմ Ձեր հարցին՝ խորին վստահություն ունեմ իմ ղեկավարած կառույցի յուրաքանչյուր աշխատակցի գործունեության նկատմամբ: Այդուամենայնիվ, կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ամենայն խստությամբ:

Իմ առաջարկությամբ՝ ազատվել ենք ցածր արդյունավետությամբ եւ անվստահելի աշխատակիցներից: Օրինականությունն սկսվում է մեզանից՝ իրավապահներից: Եվ սա շատ պարտավորեցնող է:

-Զինվորի կատարած յուրաքանչյուր հանցանքի կամ զանցանքի համար մեղքի իրենց բաժինն ունեն նրա հրամանատարները: Անկախ նրանից՝ ուղղակիորեն մասնակցել են հանցանքի կատարմանը, թե ոչ:

-Մենք փորձում ենք ապահովել գործին առնչվող եւ մեղավոր անձանց առավելագույն ներգրավվածություն: Օրենսգիրքն է որոշում պատժի չափը: Նույնիսկ կան հանցանքներ, որոնց համար նախատեսված պատիժը խիստ է: Ես եւ կայազորային դատախազները պարբերաբար այցելում ենք զորամասեր ու դիրքեր եւ դասախոսություններ ենք կարդում անձնակազմի համար. զինծառայողը պետք է իմանա, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի ինքը բանակում եւ ինչ պատժի է արժանանալու, եթե խախտի օրենքը:

Օրենքի շրջանակում մենք հնարավորինս հանդուրժող ենք մարտական ծառայություն իրականացնող օրինազանց զինվորների ու սպաների հանդեպ, և գնահատելով իրավիճակն ու հանգամանքները՝ հնարավորության դեպքում նրանց ծառայությունը շարունակելու եւ սխալն ուղղելու հնարավորություն է տրվում: 2018թ. դատարան ուղարկված գործերի 70 տոկոսի համար ազատազրկման հետ չկապված պատիժ է միջնորդվել:

-Այս պրակտիկան արդարացնո՞ւմ է իրեն. մտավախություն չկա՞, որ ներողամտությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

-Ես վստահ եմ, որ հանցագործությունների նվազումը բանակում կապված է նաեւ մարտական ծառայություն կատարող անձնակազմի հանդեպ վստահություն եւ մարդասիրություն պարունակող վերաբերմունքից, իհարկե, եթե դեպքի հանգամանքները, մեղադրյալի անձնական հատկանիշները հիմք են տալիս:

-Պարոն դատախազ, վաղուց ինքնավնասումները նախկին հնչեղությունը չունեն: Նվազե՞լ են:

-Դիտավորությամբ, ծառայությունից ազատվելու նպատակով ինքնախեղումները նվագազույնի են հասցված: Սա շատ մտահոգիչ հանցատեսակ է եւ կարող է բացասական տրամադրություն առաջանել զորքերում եւ սխալ պատկերացում ձեւավորել հասարակության շրջանում զինծառայության հանդեպ: Այդ պատճառով էլ մենք լուրջ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել այս հանցատեսակի դեմ պայքարելու համար:

-Զինվորը մահանում է ձնահոսքի տակ մնալուց, մեքենան շրջվում է՝ դառնալով մարդկային զոհերի պատճառ, հիվանդ զինվորին օգնության շտապող բժիշկը սայթաքում է և ձորն ընկնելով՝ մահանում: Սրանք անհեթեթ մահեր են եւ կրկնակի ցավալի: Զինվորի ճանապարհը չպետք է լինի սայթաքուն, զինվորի մեքենան չպիտի շրջվի, զինվորը չպետք է մնա ձնահոսքի տակ: Զինվորի կյանքի համար պատասխանատու պաշտոնյաներ կան, որոնք ակնհայտորեն իրենց տեղում չեն եղել, թերացել են: Սա կարելի է արձանագրել առանց քննության:

-Լրագրողներն ավելի ազատ են առանց քննության եզրահանգումներ անելիս, իսկ իրավապահների խնդիրն է քրեական գործի քննությամբ պարզել յուրաքանչյուրի մեղքի չափը՝ դրան համարժեք պատժի հարցը լուծելու համար: Նաեւ նյութեր են ուղարկվում ԶՈՒ վերադաս հրամանատարությանը՝ ոլորտում առկա խնդիրների ու դրանք վերացնելու անհրաժեշտության մասին: Որովհետեւ մեր գերակա խնդիրը ոչ այնքան արդեն տեղի ունեցածին իրավական գնահատական տալն ու մեղավորներին պատժելն է (թեև դրանք չափազանց կարևոր են), որքան հատկապես մահվան ելքով դեպքերը բացառելը:

-Պարոն Հարությունյան, երբ բարձր պաշտոն են վստահում որեւէ անձի, ակամա միտք է ծագում՝ ինչո՞ւ հատկապես նրան: Եվ պիտի խնդրեմ՝ որպես հարցի պատասխան, համառոտ պատմեք Ձեր կենսագրությունը:

-Ավարտել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, այնուհետեւ ծառայել եմ ՀՀ զինված ուժերում: 1997-1999թթ. եղել եմ Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ, ապա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ: 2007թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ: Մոտ 5 տարի եղել եմ Երեւանի կայազորի զինվորական դատախազի տեղակալը, ապա նշանակվել եմ Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Աշխատել եմ ՀՀ ոստիկանությունում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, ղեկավարել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: 2017թ. մարտի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ զինվորական դատախազ:

-Պարոն դատախազ, շնորհակալություն զրույցի համար:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/04/2019