Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՌԱՎՈՐ ՏՈՒԼԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԻ ՀԱՅՈՒՀԻ…



Ազատագրական պայքարի առաջին օրերին, երբ զինված թուրքերը ինքնավստահ ու լկտի գործողությունների էին դիմում սահմանամերձ բնակավայրերում, այլ հնար չկար՝ մեզ նույնպես հարկավոր էր զինվել։ Եվ ուզում եմ հատկապես նշել հայուհիների, հայ մայրերի ցանկությունը, մտահոգությունը` ամեն կերպ մեզ օգնելու, սատարելու, զենք ձեռք բերելու, զինվելու համար։ Օգնելու, սատարելու նրանց ցանկությունը շատ մեծ էր, երբեմն լինում էին հետաքրքրաշարժ դեպքեր, սակայն ամենակարեւորն այն է, որ ուզում եմ չմոռացվեն այդ անունները…

Երեւանում մորաքրոջս 80-ն անց Աշխեն սկեսուրը մի օր կանչեց, թե. «Սեյրա՛ն, բալա՛, գնում ես, Շուղի պապին վերցնում ես, գնում ես էս ինչ տեղը, շենքի արեւելյան պատի տակը փորում եք, զենք կա ու պատրոն…»:

Գնացինք էնքան փորեցինք, որ աշխատանքի հերոս կտային՝ չկար, չգտանք։ Հետո ընկերոջս Թամար տատի ցուցումով փորեցինք Գորիսի Շողնի ձորի նախկին ձիաբուծարանի ախոռը։ Թամար տատը 12 տարեկան է եղել, երբ մի օր ձիաբուծարանում արկղերով զենք, փամփուշտ է տեսել։ «Այդ ձորով անցել է Գարեգին Նժդեհը եւ զինամթերքը այնտեղ պահ տալով, ասել է. «Տեղը հիշեք, մի օր պետք կգա»,- վերհիշում էր Թամար տատը։ Էլի փորեցինք-փորեցինք, գտանք զենքի, մետաղի կտորներ, որոնք արդեն փչացել էին, ժանգոտել։

Տեսանք` չէ, էսպես անօգուտ շատ ժամանակ կկորցնենք՝ անցանք ինքնաշեն զենքի պատրաստմանը։ Լաչինը ազատագրելուց հետո ուղղաթիռներից կրակելու համար շատ հրթիռներ էին մնացել, սակայն կրակելու հարմարանք չկար։ Կարինե անունով ռազմագիտության մի ուսուցչուհի ունեինք, որը գնաց Երեւան, շատ ման եկավ, էդ հրթիռի չափսով խողովակ ճարեց-բերեց, որը հարմարեցրի այն կրակելու համար։ Ուզում էի մի էնպիսի զենք պատրաստել, որ կրակելիս թշնամին զգար, որ դա հայկական զենք է։ Ինձ գաղտնի պետք է վերապատրաստման ուղարկեին Տուլա, երբ իմացանք, որ Տուլայից մի հայտնի զինագործ է եկել Հայաստան։ Երբ ռուս զինագործը ծանոթանում է իմ պատրաստած զենքերին, նրանց տեխնոլոգիաներին (ինքնաշեն նռնակ, գերմանական նորացված «Շմայսեր», 4 փողանի «մինի գրադ» եւ այլն), զարմանքով ասում է. «Ես էստեղ գործ չունեմ, ես սովորելու բաներ ունեմ»։

Ասեմ, որ այդ զինագործի կինը եղել է հայուհի եւ լսելով, ծանոթ լինելով Հայաստանի այդ օրերի իրավիճակին, իր զինագործ ամուսնուն խնդրել, համոզել էր, որ օգնության ձեռք մեկնի իր ժողովրդին։ Այսպես էին պատմում ռուս զինագործի հայուհի կնոջ մասին, որը հերոսուհի է՝ ափսոս այլ մանրամասներ չիմացա։ Գուցե ինչ-որ հրաշքով կարդա այս տողերը եւ արձագանքի։ Նա իսկապես հերոսուհի է, պետական մտածողության տեր հայուհի, ում անունն ուզում եմ հայտնի լինի մեր ժողովրդին, չմոռացվի,- վերհիշում է զինագործ Սեյրան Պողոսյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Հոգևոր-մշակութային


28/09/2011