Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ



ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴՌեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով  տեղակալ, մայոր Էդգար Ավետիսյանը արդեն 20 տարի է, ինչ զինված ուժերում է: Ծառայել է տարբեր զորամասերում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում: Էդգարը վստահ է` կամքի ուժով և ոգին միշտ բարձր պահելով` ցանկացած դժվար գործ կարելի է հեշտությամբ հաղթահարել:

 

Ծառայության է անցել որպես հրետանավոր, սակայն շուտով բոլորի համար պարզ է դարձել, որ նա  իր ազդեցիկ խոսքով, մարդու հոգեբանությունը ճիշտ ճանաչելու և ուղղորդելու բնատուր ունակությամբ` որպես ԲՀԱ գծով տեղակալ անփոխարինելի է:

«Բանակում ծառայությանս քսան տարիների ընթացքում այնքան բազմաբովանդակ փորձ եմ ձեռք բերել,-ասում է մայորը,- որ կարող եմ ամենատարբեր ոլորտի աշխատանքներով զբաղվել: Միայն ջանք ու եռանդ է հարկավոր և հաստատակամություն: Իսկ դրանք թրծվում են բանակում:

…Կար ժամանակ, երբ ես շուրջ 100կգ էի կշռում, իսկ հիմա 63 կգ եմ: Երբ ինձ տեսնում են ծանոթներս, աչքերին չեն հավատում:

Աղջիկներիցս ավագը դեռ փոքր էր, երբ մի անգամ ասաց. «Պա՛պ, դու չաղլիկ ես»: Դիտողություն էի ստացել աղջկանիցս. դա ինձ համար մեկնարկային կետ դարձավ, որ մտքիս դնեմ ու զբաղվեմ իմ ֆիզիկական վիճակով: Ինքս ինձ որոշեցի` պիտի 30 կգ նիհարեմ: Հետն էլ տրամադրվեցի` եթե ստացվեց, ուրեմն կյանքում ինչ էլ որոշեմ, կհաջողեմ: Ամեն օր 10 կմ վազում էի: Մի զորամասից սարերով վազքով մյուսն էի հասնում ու ետ: Մի քանի ամսում զինվորական հագուստս մի քանի չափսով լայնացավ հագիս: Հենց այդ ժամանակվանից էլ վստահությունս ամրապնդվեց, որ ինչ էլ մտքիս դնեմ, կարող եմ անել: Հետո որոշեցի չծխել… Հիմա, երբ մեր ժամկետայինները վազում են, ես իրենցից առաջ եմ ընկնում: Պատմում եմ, թե ինչպես եմ հասել դրան, ոգևորվում են, իրենք էլ են ձգտում գերազանցել իրենց իսկ արդյունքները»:

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴԱրցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում ծառայությունը, չնայած դժվարություններին, Էդգարը կարոտով է հիշում. «Փոքրիկ գետն անցնում ես ու հայտնվում ես դրախտում: Ծնեբեկ, կրմզուկ, սունկ, մոշ` Էկոլոգիապես մաքուր տեղանք է, վայրի անտառ. քեզ զգում ես անտառի բնակիչներից մեկը: Քեզանից է կախված` առյուծ կդառնաս, թե նապաստակ: Ես ինձ առյուծ էի զգում: Այնտեղ հիմա էլ զինվորականներ կան, որ 14 եւ ավելի տարի ծառայում են ու չեն ուզում ետ գալ: Ես էլ կմնայի, եթե ընտանիքիս հարցը չլիներ… Հատկապես դժվար էր կնոջս համար: Սահմանին կրակոցի ձայները սովորական երևույթ էին. դիվերսիաներ էին լինում…»:

Երկու ամիս էր, ինչ Էդգարը տեղափոխվել էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, և նորից Արցախում էր` իր նախկին ծառայավայրում մարտական հերթապահություն իրականացնելու: «Ծանր օրեր ենք անցկացրել: Ընտանիքիս հետ կապ հաստատելը ապրիլյան օրերին գրեթե անհնար էր: Մի տեղ կար միայն, որտեղից կարողանում էինք կապվել. հասցնում էինք ասել, որ ամեն ինչ կարգին է: Մեր ձայներն էին լսում, ես երեխաներիս ձայնն էի լսում. դա բավական էր:

Մարտական գործողությունները չծավալվեցին մինչև մեր հսկողության տակ գտնվող սահմանը, բայց պատրաստ էինք ամեն ինչի: Այդ օրերի հիշողություններից հատկապես տպավորվել է մարդկանց հոգածությունը սահմանին կանգնածների հանդեպ: Ամեն օր ծանր-ծանր բեռնված մեքենաներ էին գալիս դիրքեր, մեկում հագուստ էր, մյուսում` քաղցրեղեն: Բայց ամենից շատ դպրոցահասակ երեխաների նամակներն էին ոգևորում: «Մենք քեզ վստահում ենք, զինվո՛ր, ի՛մ ախպեր»,- գրում էին իմ աղջկա տարիքի երեխաներն, ու դրանից ավելի մեծ ոգևորություն չէր կարող լինել մեզ համար: Հիմա էլ մոտս պահում եմ մի քանի նամակ: Իմ աղջիկն էլ էր նամակ ուղարկել, իհարկե ուրիշ զինծառայողի էր հասել նամակը: Խրամատներ էինք փորում, ամրացնում էինք առաջնագիծը, պատրաստվում էինք… Մեր այն օրերի ծանր առօրյայից որոշ դրվագներ նկարահանել եմ…

Կնոջս հերոս եմ համարում: 2005թ. միասին ենք, միշտ իմ կողքին է եղել, ամեն ինչ արել է, որ երեխաներս լավ դաստիարակվեն, լավ կրթություն ստանան: Մեծս քանդակագործությամբ է զբաղվում ու շատ լավ նկարում է: Փոքր աղջիկս խոսում է չորս լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն ու ռուսերեն, հրաշալի պարում է: Չնայած պարի չի գնում, բայց նրա պարը տեսնողը չի հավատա: «Պապային է նման»,-հպարտանում եմ: Մինչև բանակ գալս երաժիշտ եմ եղել, լավ պարում էի: Երաժշտական դպրոց սկսել եմ հաճախել, երբ դեռ դպրոց չէի գնում: Շվի, զուռնա, կլարնետ. ուսուցիչս վստահ էր, որ երաժիշտ կդառնամ: Բայց ուրիշ բան էր նախասահմանված… Երբ զորացրվեմ, անպայման կվերադառնամ երաժշտությանը: Զորամասում փորձում եմ հաճելի ժամանցի վերածել զինծառայողների ազատ պահերը: Շնորհալի զինվորներ շատ ունենք: Զորամասում պայմաններ կան, որ իրենց շնորհքը զարգացնեն:

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴՇուտով կայանալու է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթը, որին կմասնակցեն մեր չորս զինծառայողները` կավե, փայտե գործերով, գեղանկարներով: Վստահ եմ՝ լավ տեղեր կզբաղեցնենք: Մեր զինվորների խմբով «Հայ ասպետին» մասնակցեցինք, զբաղեցրինք առաջին հորիզոնականը:

Լիբանանահայ զինվոր ունենք, որի հայրը 1990-ականներին եկել է Հայաստան ու որպես կամավոր Արցախ է մեկնել: Հիմա ամբողջ ընտանիքն ապրում է Արցախում: Հրաշալի ասմունքող է. բազմաթիվ մրցույթների է մասնակցել:

Նաիրին մեր «վունդերկինդն» է: Ինչ գործիք էլ տանք, նվագում է, եթե անգամ մինչև այդ ձեռքը վերցրած չլինի: Մի քիչ ուսումնասիրում է, տնգտնգացնում, ու արդեն գործիքն իրենն է: Նվագում է դհոլ, դուդուկ, կլարնետ, դաշնամուր, պկու:  Հարությունն էլ մեր երգիչն է. կոնսերվատորիայի ուսանող է:

Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ երգել ենք: Տխրության պահին երգն օգնում է հաղթահարել վիշտը, ուրախության պահին բազմապատկում է դրական հույզերը, իսկ եթե պետք է վճռական տրամադրվել, ռազմահայրենասիրական երգերն ու պարերն են օգնության գալիս: Երբ մեր տղաները ձեռքները մեկը մյուսի ուսին են դնում, անգամ եթե մինչև այդ ինչ-որ փոքրիկ գժտություն էլ եղած լինի նրանց միջև, ինքնըստինքյան ամեն ինչ հարթվում է…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/04/2019