Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում երդման արարողություն է։ Բազմամարդ է կրթահամալիրի տարածքը։ Եկել են Հայաստանի տարբեր վայրերից։ Շնորհավորում են մեկմեկու ե՛ւ երդման, ե՛ւ Հայաստանի անկախության տարեդարձի առիթներով։ Տարբեր բարբառների գեղեցիկ խճանկար է։ Տատիկ-պապիկները, ծնողները, հարազատները զրույցի են բռնվում ռազմամարզական վարժարանի ղեկավար Կ. Ղումաշյանի հետ։ Վերջինս գոհունակությամբ է արձանագրում այն փաստը, որ վարժարանի մասին հոգ է տանում անձամբ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը։

…Ժամը 11-ն է։ Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Ե՛վ հարազատների, ե՛ւ վարժարանի սաների դեմքին հուզմունք կա, հպարտություն։ Յուրաքանչյուրը փորձում է միանման հագնված տղաների մեջ գտնել իր որդուն, թոռանը, հարազատին…

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են հայոց պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը։ Վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը դիմում է ներկաներին.

-Անկախության այս 20 տարիները բռունցքված տարիներ էին, որոնք ասես ներառում են մեր ողջ պատմության իրադարձությունները՝ գաղթ, ավեր, շրջափակում, պատերազմ։ Ամենակարեւորն այն է, որ պարտադրված այս պատերազմից հաղթանակած դուրս եկանք։ Կարողացանք պահպանել հայի մեր տեսակը։ Այս տարիներին է՛լ ավելի է կոփվել մեր կամքը, ստեղծվել է հզոր բանակ, որը երաշխիքն է, պահապանը մեր անկախ պետության։ Ես հպարտ եմ, որ հայոց բանակի շարքերում ծառայում են «Տիգրան Մեծ» վարժարանի 250-ից ավելի սաներ, որոնք վստահ եմ, բարձր են պահում Տիգրան Մեծի անունը կրող մեր վարժարանի պատիվը։

Շնորհավորանքի խոսք ասացին կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ազատամարտիկ-հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ՊՆ Տ եւ ՀԿ վարչության բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանը: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի անձնակազմի անունից շնորհավորեց վարժարանի սաներին հիշարժան օրվա առթիվ։

-Մենք ձեզ հավատում ենք։ Հավատում ենք ձեր երդմանը եւ վստահ ենք, որ տարիներ անց, եթե հարկ լինի, դուք հանուն հայրենիքի առաջնորդելու եք զինվորներին, լինելու եք իսկական ժառանգորդը Տիգրան Մեծ տիրակալի,- ասաց Վ.Մինասյանը:

-Հանդիսավոր կերպով երդվում եմ՝ սիրել հայրենիքը, ազգը, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, ուսման մեջ լինել առաջավոր, հետագայում դառնալ հայոց բանակի հաղթանակած սպաների արժանավոր փոխարինողը։ Երդվում եմ։

Երդման այս խոսքերը դուրս են հորդում վարժարանի տարածքից եւ տարածվում հայոց աշխարհով մեկ։ Քիչ այն կողմ Մասիսն է, որի ձյունաճերմակ գագաթին աշխարհաստեղծման օրից թառած ժայռեղեն արծիվներն են, որոնք նայում են մեր հավատքի ու միասնության հին ու նոր ռազմադաշտերին։

– Մեր երդումով հավաստիացնում ենք, որ կպաշտպանենք հայոց հողը, մեր անկախ պետականությունը,- հավաստիացրեց կուրսանտ Ա. Ղարիբյանը։- Փոխվել են ժամանակները, պայքարի ձեւերը։ Ցանկացած վճռական պահի մենք պետք է մեր հույսը դնենք մեր բանակի վրա, իսկ ազգի կարող ուժը եւ ապագայի հույսը երիտասարդությունն է։ Մենք պետք է դառնանք մեր 20-ամյա անկախության շարունակողն ու պահապանը։ Շնորհակալ եմ իմ ծնողներից, որ ծնել են ինձ, բայց ուզում եմ ներողություն խնդրելով ասել՝ ես այլեւս հայրենիքինն եմ։ Վճռել եմ, որ իմ տունը հայոց բանակն է, եւ հավաստիացնում եմ, որ կդառնամ հայոց բանակի արժանի սպա։

Երդման արարողությունից հետո շնորհավորանքի ջերմ խոսքեր են հնչում: Հոգեւոր հովիվ Սուրեն սարկավագ Գեւորգյանը «Զինվորի աղոթագիրք» է բաժանում ներկաներին։ Նախկին կուրսանտ, այժմ դասակի հրամանատար կապիտան Ռուդիկ Հովակիմյանը սիրով վերհիշում է վարժարանի իր ուսումնական տարիները։ Ազատամարտիկ Նորայր Սարգսյանը (Մորուք Նորիկ) իր հայրենաշունչ բանաստեղծություններն է արտասանում՝ նվիրված իր զոհված եւ ապրող մարտական ընկերներին։

– Մենք կապված ենք վարժարանի հետ։ Վարժարանի պետ Կ. Ղումաշյանը, ով փառավոր մարտական ուղի է անցել, իր գործի նվիրյալ է։ Ե՛ւ ավարտական, ե՛ւ երդման արարողությունների օրերին հավաքվում ենք, ուրախանում` տեսնելով, որ մեր թափած արյունը զուր չէր,- ասում է Նորիկը։

Սահակ Մելիք-Բեկյանը եկել է որդու՝ վարժարանի նախկին սան Հմայակի հետ, ով այժմ սովորում է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ Արմեն Բաբայանը ներկայացնում է եղբոր որդուն՝ կապիտան Գուրգեն Բաբայանին, որը նույնպես եղել է վարժարանի սան։

Մարզի ԵԿՄ նախագահ Աշոտ Խաչատրյանի, ազատամարտիկներ Արկադի Խաչատրյանի, Աբգար Նիկոլաեւիչի, Շահանդուխտ տատի զրույցները կուրսանտներ Մելքոն Մելքոնյանի, Սարգիս Ներսիսյանի, Ռուբիկ Նազարեթյանի, Կառլեն Ալեքսանյանի հետ ջերմ են, մտերմիկ։ Հրամանատարը խրախուսում է ազատամարտիկների ու վարժարանի սաների հաճախակի շփումները:

-Ռազմահայրենասիրական ամենամեծ դաստիարակությունը պատերազմ տեսած մեր ընկերների հանդիպումներն են սաների հետ, նրանց հերոսական պատմությունները։ Նաեւ ուրախությամբ պետք է նշեմ, որ վարժարանում մեծ թիվ են կազմում մեր ազատամարտիկ ընկերների զավակներն ու թոռները,- ասում է Կ.Ղումաշյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Բանակ և հասարակություն


28/09/2011