Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ



ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆՀայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով Քաշաթաղի շրջվարչակազմի նախաձեռնությամբ հարավային N զորամասում համերգով հանդես եկան Կովսականի «Թաթուլ» երգի-պարի համույթը՝ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, Բերձորի արվեստի դպրոցի Իշխանաձորի մասնաճյուղի պարի խմբակի սաները: Իսկ Բերձորի ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտների ելույթները հաճելի շատ պահեր ու հիշողություններ արթնացրին: Մինչ տոնական համերգը զինվորականներին ու քաղաքացիական անձանց ողջունեցին ու շնորհավորեցին զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը:  Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ շրջանի գրեթե բոլոր դպրոցները, տարբեր կառույցներ, համայնքապետարանները զինվորների համար նվերներ են ուղարկել՝ զինվորներին ձոնած երեխաների նամակ-ուղերձներով:

ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ«Բերձոր» համույթի ռազմահայրենասիրական երգերի կատարումներից հետո պարային համարներով ելույթ ունեցան Կովսականի և Իշխանաձորի դպրոցականները՝ հրապարակ հրավիրելով նաև զինվորներին. տոնն առավել ուրախ ու գրավիչ, հանդիսավոր ու հուզիչ դարձավ: Մեր զինվորների շարքերում բազում են քաջերը, և քիչ չեն նաև շնորհալիները, ովքեր լավ երգում են, ասմունքում: Դիրքապահ, կրտսեր սերժանտ, Եվրոպական համալսարանի ուսանող տաշիրցի Արման Ազոյանը շատ լավ երգեց կիթառի նվագակցությամբ: Բոլորին հուզեց նաև շարքային Նարեկ Խաչատրյանի «Հայոց մայրեր» երգը: Նախատեսված ժամանակից ավելի տևեց համերգը…

ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆԱյնուհետև զինվորներն ստացան իրենց նվերները: Առավել հուզիչ էին Բերձորի մանկապարտեզից ուղարկված արկղերը, որոնց վրա մոտ 100 երեխաների ձեռքերի դրոշմներն էին: Շրջանի Հերիկ գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Հայկ Բակունցն իր ջոկի համար ստացավ հարազատ կրթօջախի՝ Ռոբերտ Աբաջյանի անվան միջնակարգ դպրոցի երեխաների պատրաստած արկղը: Շարքով անցան մեր զինվորները դեպի ճաշարան: Նրանց հետ ճաշեցինք նաև մենք: Երեխաներին շատ դուր եկավ զինվորական ճաշը: Հպարտ, որ իրենց պարով և այցով կարողացան ուրախ պահեր մատուցել մեր զինվորներին՝ քաշաթաղցի երեխաները նույնպես զինվորական շարքով հրաժեշտ տվեցին զորամասին՝ տպավորված և պատրաստ կրկին այցելելու:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2019