Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՀՎԵՑ ԳՆԴԱՑԻՐՆ ԱՄՈՒՐ ԳՐԿԱԾ…



Հայաստանի քսանամյա հանրապետության առաջին զինվորներից էր Վարդան Հովհաննիսյանը` քսանամյա մի պատանի, որ վճռել էր իր ճակատագիրը տնօրինել, ինչպես վայել է հասուն տղամարդուն:

Սեպտեմբերի 15-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարանում, որը կրում է նրա անունը, տեղի ունեցավ հիշատակի օր: Ներկա էին Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, աշակերտներ Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եւ գերազանցությամբ ուսումը ավարտել էր ազատամարտիկը, ուսանողներ:

1992թ., երբ հնչեց Վազգեն Սարգսյանի հայտնի հեռուստակոչը, Վարդանը ծնողներից գաղտնի զինվորագրվեց մահապարտների «Արծիվ» գումարտակին: Նա ամենաերիտասարդներից էր: Հրամանատարները 20 տարեկան երիտասարդին չէին ցանկանում Արցախ տանել, սակայն նա անդրդվելի էր: Մայրը` Սալբի Հովհաննիսյանը, հիշում է, թե ինչ մեծ ոգեւորությամբ էր որդին մասնակցում կազմակերպված տասնօրյա զինավարժություններին:

«Հիացած էր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանով, ով տղաներին զինվորական գործին ու հմտություններին էր ծանոթացնում: Մենք չգիտեինք, որ գնալու է Արցախ: Այդ մասին իմացանք վարորդից, որը տղաներին տեղափոխել էր մարտի դաշտ. Վարդանը նրան խնդրել էր տեղեկացնել մեզ»:

Զինավարժությունների ընթացքում Վարդան Հովհաննիսյանը յուրացրել էր գնդացրորդի մասնագիտությունը եւ նրան չէին կարողացել մերժել. «Նա միայն մի մտահոգություն ուներ, ասում էր` ինձ ավտոմատ չտաք, ես գնդացիր եմ ուզում: Գնդացիրը ներդաշնակ էր Վարդանի հասակին ու ամուր կազմվածքին. զենքն ու նա ասես միաձույլ լինեին»,-ասում է մահապարտների գումարտակի մարտիկ Սպարտակ Մաթեւոսյանը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանն էլ հիշում է, թե ռազմի դաշտում Վարդան Հովհաննիսյանն ինչ վարպետորեն էր բանեցնում գնդացիրը. «Հակառակորդի լայնածավալ գրոհը հետ մղելու հաջորդ օրը բլրի հետեւից մի տանկ անընդհատ կրակում էր: Որոշում կայացվեց գրավել տանկը: Տասը հոգի էինք, որից չորսը թիկունքն էին պահում, իսկ վեցս` այդ թվում եւ Վարդանը, շարժվեցինք առաջ: Նրա գնդացիրը հիմնական հարվածային ուժն էր, որի կրակահերթերից խուճապահար հակառակորդը տանկը թողեց ու հեռացավ: Գրոհի ժամանակ ես տեսա Վարդանի նվիրումն ու հերոսությունը»:

Ցավոք, 1992թ. Վաղուհասի բարձունքը գրոհելու ժամանակ «Արծիվ» մահապարտների գումարտակի 5-րդ դասակի գնդացրորդը` Վարդանը, զոհվեց գնդացիրն ամուր գրկած. նա չէր կարող բաժանվել իր սիրելի զենքից:

Վեց տարի անց, երբ մահապարտների մասին պատմող գիրք պետք է հրատարակվեր, Սալբի Հովհաննիսյանը հաղթահարեց տարիների իր հուզմունքն ու վերջապես մոտեցավ որդու գրասեղանին, բացեց դարակն ու գտավ հին աշակերտական տետրը, որտեղ Վարդանի խոհերն էին հայրենիքի, ազնվության, մարդասիրության եւ ընդհանրապես կյանքի մասին: «Ես կարդացի` «ուրիշներից արժանապատվություն, հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի», եւ հասկացա, որ ի զորու չէի նրան հետ պահելու»…

«Մենք հպարտանում ենք` հայկական արմատներ գտնելով աշխարհի հայտնի մարդկանց գեներում, բայց հաճախ չենք նկատում մեր կողքին ապրող հերոսներին, որոնցից յուրաքանչյուրով կհպարտանար աշխարհի ցանկացած ժողովուրդ»,- ասաց միջոցառմանը ներկա «Արծիվ» մահապարտների գումարտակի գլխավոր համակարգող գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Նորություններ


16/09/2011