Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՐՑԱԽԸ



ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Ճանաչիր, որ հասկանաս ով լինելդ, որ զգաս քո տեղն ու դիրքն այս արեւի տակ եւ վերջապես, ճանաչիր, որ լինես ուժեղ, քանզի թույլերն այս աշխարհում տեղ չունեն: Մեր դարավոր երթի ընթացքում մենք սրանում համոզվել ենք ավելի, քան որեւէ մեկ ազգ… համոզվել եւ հասկացել, որ պետք է լինենք ուժեղ: Մենք պարտավոր ենք լինել այդպիսին, լինել մեր ցեղի ոգեղեն տեսակի շարունակողը, քանզի 5000 եւ գուցե ավելի տարիներ առաջ այդպես է սահմանել մեր Նահապետ Հայկը` իր վարքով պատգամելով մեզ կռվել ու պահպանել հայրենիքը: Այդպես են սահմանել բոլոր նրանք, ովքեր պատմական տարբեր ժամանակներում եղել են Հայկյան վարքի անբեկ հետեւորդներն անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը: Դեռ երեկ էր` պատմական ոչ հեռու անցյալում, երբ Հայկյան ոգու ասպետներն իրենց անձնազոհությամբ սեփական հավատարմությունն էին ապացուցում Հայկի պատգամներին: Նրանցից շատերն այսօր դեռ մեր կողքին են, իսկ ընկածների մասին պատմությունները չեն լռել, ու հիշողությունները թարմ են: Հայոց հողի վրա արյան շիթերը դեռ չեն չորացել, հողից դեռ վառոդի թարմ հոտ է գալիս: …Եվ ուրեմն, ծանիր զքեզ նշանակում է` գլուխ խոնարհիր Արցախում նահատակված հերոսների փաղանգի առաջ, հոգու աչքերով գրկիր եւ համբուրիր Արցախի վառոդաբույր սուրբ հողը, ճանաչիր Արցախն ու արցախցուն: Ճանաչիր, որ զորեղանաս, որ հավատաս ցեղիդ հավերժությանն ու դառնաս նրա լուսավոր ապագայի ջահակիրը:

Ահա այս անկեղծ մղումը մի խումբ պատանիների, պարմանուհիների ու երիտասարդների 2011 թվականի հուլիսի 21-ին տարավ Արցախ: Եռօրյա ուխտագնացությունը կազմակերպել էր «Հայորդի» հայրենասիրական-մշակութային հասարակական կազմակերպությունը` ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչների անկեղծ ցանկությունն էր, որ մատաղ սերունդը ոտք դներ ազատագրված Արցախ, անցներ փառքի ու սխրանքների այն ճանապարհը, որով ընդամենը տարիներ առաջ անցնում էին իրենց ավագ ընկերները, նրանք, ովքեր իրենց կյանքի ու թափած արյան գնով մեկընդմիշտ ապացուցեցին, որ Արցախն հայոց հավերժական հայրենիքն է, այդպես եղել է ու այդպես էլ կլինի: Ծրագրի բուն նպատակն էր հուլիսի 23-ին Արցախում նշել Աղդամ /Ակնի/ քաղաքի ազատագրման օրը` ոգեկոչելով Արցախյան պատերազմի տարեգրության այդ առանձնահատուկ ու հերոսական դրվագներից մեկը եւ ընկած հերոսների հիշատակը: Եվ ահա, ուխտագնացության առաջին օրը, ծանոթանալով հայոց ոգու մայրաքաղաք Շուշիի հրաշքին եւ Ստեփանակերտի հմայող գեղեցկությանը, հաջորդ օրն առավոտյան հայորդիներն ուղեւորվեցին Ակնի` այնտեղից Տիգրանակերտ եւ Գանձասար մեկնելու նպատակով: Իսկ մինչ այդ նրանք ծաղկեպսակներ դրեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում` հայրենիքի համար նահատակված քաջերի հիշատակին:

Արցախում հայորդիներին ուղեկցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հկ-ների հետ համագործակցության բաժնի պետ գնդապետ Այդինյանը: Վեջինս ողջունելով «Հայորդի» հկ-ի նախաձեռնությունը` ամբողջ ուղեւորության ընթացքում հայորդիներին ծանոթացնում էր ազատագրված բնակավայրերին եւ պատմում զանազան հետաքրքիր ու ոգեղեն դրվագներ ազատամարտի պատմությունից:

Հայորդիների առաջին կանգառը երբեմնի հարուստ ու շքեղ Աղդամի հրապարակում էր: Քաղաք, որն Ադրբեջանի կողմից ստեղծվել էր ի հակակշիռ հայկական Ստեփանակերտի, եւ որի հարստացման համար Ադրբեջանը ջանք չէր խնայում: Բայց միշտ էլ ամենակարող ու ամենազոր ժամանակին է պատկանում վերջին խոսքի իրավունքը. այն ինչ անցողիկ է, մի օր կկորչի ու կգնա անհետ, իսկ այն, ինչ մնայուն է ու արժեքավոր, պիտի մնա ու հավերժի: Աղդամն ու Աղդամ կառուցող մարդուկները Արցախում չբռնեցին ժամանակի քննությունն ու այսօր, նայելով ավերակների վերածված ընդարձակ քաղաքին, ակամայից հիշում ես բանաստեղծի խոսքերը. «…բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ, չի հասկանա ձեր հոգին եւ ծույլ, եւ օտար, տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար»: Այսօր Արցախն անկախ է եւ ամեն օր կայանում ու զարգանում է: ԼՂՀ ներկայիս բարետես ու շքեղ մայրաքաղաքին հակակշիռ ստեղծված քաղաքն այլեւս գոյություն չունի` եւս մեկ անգամ ապացույց պատմական այն օրինաչափության, որ Շիրազը բանաձեւել է այսպես. «…Մենք կանգուն ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես անցաք վայրագ»: Աղդամի կենտրոնում կանգնած հայորդիներին համակել էր այն վճռականությունը, որ միշտ էլ այդպես կլինի, եթե տեր կանգնես քո հողին, ինչպես տարիներ առաջ:

Գնդապետ Այդինյանը պատմում ու նկարագրում էր Աղդամի ազատագրումը, հիշում զանազան դրվագներ, իսկ հայորդիները համակ ուշադրությամբ լսում էին պատերազմի բովով անցած գնդապետին եւ ուղղում հետաքրքիր հարցեր: Քիչ անց հայորդիները Տիգրանակերտի հնավայրում էին, իսկ այստեղ հարցերն արդեն ուղղվում են երիտասարդ հնագետին, ով ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Տիգրանակերտ քաղաքի տարածքում հայտնաբերված, մեր տարածաշրջանում մինչ այժմ բացահայտված ամենաերկար բազիլիկ եկեղեցու կառուցվածքը: Հարցերը բազում են, ամեն քար ու խեցեղեն գրավում է հայորդիների ուշադրությունը, նրանց դեմքին հիացմունքի ու հպարտության ժպիտն է շողում, իսկ հոգում ամրանում սեփական մշակույթի ժառանգորդն ու տերը լինելու պատվազգացումը: Վերեւում Տիգրանակերտի միջնաբերդն է, Հայոց արեւելյաց կողմերի սպիտակ թագուհու խոյակերտ պարսիպներն ու հայոց աշխարհի հովանավոր աստվածուհու` Անահիտի երբեմնի շքեղաշուք տաճարի հիմքերը: Սա աստվածների երկիրն է, տիգրանյան փառքի, հայոց անընկճելի ոգու, գրի, հավատի ու դպրության արարչական երկիրը, այլ կարծիք լինել չի կարող, անհայրենիք ու անհայտ ծագման տեր քոչվորների համար աստվածների երկիրը բաղձալի, բայց անհույս երազի երկիր է:

Այնուհետ հայորդիները խոնարհումով ոտք դրեցին Տիգրանակերտի թանգարան, զարմանքով ու հիացմունքով դիտեցին պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները: Պատմության դասը լավ սերտելուց հետո ժամանակն էր զինավառ սրտով ոգեկոչել անցյալի հաղթանակներն ու օրը տոնի վերածել. չէ՞ որ այդ օրն իր մեջ նաեւ հաղթանակի խորհուրդն էր ամփոփում, հայ զինվորի ու զենքի անպարտելիության խորհուրդը, որ տարիներ առաջ Աղդամը Ակնի էր դարձրել: Պատմական այս կարեւոր իրադարձությանն ու նրա ոգեղեն դասերին իրենց ելույթներում անդրադարձան «Հայորդի» հկ նախագահ Սոֆյա Գրիգորյանն ու գնդապետ Այդինյանը, որից հետո Տիգրանակերտի թանգարան-ամրոցի բակում, բաց երկնքի տակ, որպես կռվի հաղթական համազարկ, հնչեց դհոլահարների «Վահագն» անսամբլի ոգեղեն կատարումը, որ ներկաներին մի ակնթարթում տեղափոխեց դեպի դարերի խորքը` կարծես մասնակիցը դարձնելով հայ զինվորի մղած ամենահաղթական ճակատամարտերին: «Թմբուկ զարկեցեք հայոց լեռներում…»` կասեր բանաստեղծը. թմբուկ զարկեցեք, քանզի վերջնական հաղթանակը մոտ է…«զարկեցեք շարք-շարք, զարկեցեք ուժգին, որ չմարի հայոց ոգին…», իսկ քիչ անց բեմում Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաներն են: Այսպես, ուրախ երգն ու պարը, ոգեղեն ասմունքը թնդում են օդում, արձագանքում լեռներում, ակամայից հանդիսատես դարձած բազում այցելուների ու զբոսաշրջիկների աչքերը փայլում են հիացմունքից, նրանցից օտարներն անգամ սկսում են ըմբռնել օրվա խորհուրդը… Իսկ հայկական «Քոչարին» ու «Յարխուշտան» պարելուց հետո հայորդիները բարձր տրամադրությամբ ուղեւորվում են Գանձասար` Արցախյան վեհաշուք ու չքնաղ լեռների անզուգական գոհարը տեսնելու:

Հաջող ավարտելով օրվա ծրագիրը` նրանք երեկոյան կրկին Ստեփանակերտում էին եւ իրենց բարձր տրամադրությամբ ու զուռնա-դհոլի ուրախ մեղեդիներով գրավեցին քաղաքի հրապարակը: Հայորդիների շուրջպարն իր շուրջն հավաքեց անցորդներին, եւ երգով սկսված հաղթանակի օրը երգով ու հաղթնակով էլ ավարտվեց:
Իսկ հաջորդ օրվա հաղթության հրապարակը զորամասն էր, որը նշում էր իր հիմնադրման տարեդարձը: Օգտվելով գեղեցիկ հնարավորությունից` հայորդիները եղան զորամասում եւ շնորհավորեցին զինանձնակազմին` ծանոթանալով բանակային առօրյային ու շփվելով զիվորների հետ: «Վահագն» անսամբլի կատարումն այստեղ էլ պարգեւեց հիացմունքի եւ ոգեղենության պահեր: Ցանկանալով, որ զորամասի տարեգրությանը ավելանան փառքի նոր էջեր եւ զինվորներին մաղթելով բարի ծառայություն, հայորդիները վերադարձան Ստեփանակերտ, որտեղ եւս պիտի իրականցնեին գեղեցիկ մի առաքելություն: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի` Մ. Ավետիսյանի անվան նկարչական դպրոցի սաները Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզին նվիրեցին հիսունից ավելի նկարներ ու մանկական գրքեր` արժանանալով մանկապարտեզի դաստիարակների ու երեխաների գոհունակ ժպիտներին:

Հուլիսի 24-ին եռօրյա ուխտագնացության ծրագիրն ամբողջությամբ սպառելուց հետո, հայորդիները երգը շուրթերին ճամփա ընկան դեպի Երեւան, ճանապարհին քննարկելով արդեն հաջորդ ուղղեւորության ծրագիրն ու անընդհատ վանկարկելով` «Փառք հայոց բանակին. փառք, փառք, փառք…»:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/09/2011