Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԴ ՈՒԺԵՂԻ ՀԵՏ ԿՉԱՓԵՍ



Հայրս պատշար էր, տուն էր կառուցում։ Իմ ծննդավայր Հրազդան քաղաքում վարպետ Արամին բոլորն էին ճանաչում, իր ձեռքերով հարյուր հինգ տուն էր կառուցել։ Ամբողջ կյանքում քար էր տաշել, պատ էր շարել։ Իսկ երբ քարը տուն էր դարձել, տունը դարձել էր օջախ, երբ տան երդիկից ծուխ էր ելել, ու գիշերը լուսամուտները պայծառ կայծկլտացել էին, վարպետ Արամը թեթեւացած շունչ էր քաշել ու օրհնել էր իր բաժին Աստծուն։

…Հորս ափերը խոշոր էին, փշոտ ու ճաքճքած։ Ամեն երեկո մայրս հալած ճրագու էր քսում հորս ափի կոշտուկներին ու վերքերին, որ հաջորդ օրը կարողանա հատիչ բռնել։ Հայրս լույսի պես պարզ էր, արդար ու շիտակ։ Երբ ինչ-որ մեկը իր տան բակում գործ էր անում՝ հող էր փորում կամ տանիքն էր նորոգում, հայրս լուռումունջ միանում էր նրան ու գլուխը կախ սկսում էր աշխատել։ Հորս համար ապրել նշանակում էր աշխատել։ Երեկոյան գիրք էր կարդում, հողագույն, կոշտ ու կոպիտ մատներով թերթում էր գրքի էջերն ու գոհունակ գլխով անում։ Հետո պատմում էր մեզ, օրինակներ էր բերում գրքերից՝ քաջության, ազնվության, բարության, արժանապատվության դասեր էր տալիս։

Ֆիննական կռվից ու Հայրենականից մնացած հորս հիշողությունները դարձան իմ մանկության հեքիաթները։ Ես դրվագ առ դրվագ գիտեի պատերազմի բոլոր մանրամասները, հորս գերության տարիները Գերմանիայում… Հետո, Արցախյան պատերազմի օրերին, երբ ինքս էի կրակների մեջ, հասկացա, որ ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է պատերազմը, քանի դեռ երես առ երես չի տեսել թշնամուն ու չի քաշել ավտոմատի ձգանը սեփական կյանքը, յուրայիններին ու հարազատ հողը փրկելու համար։

Ամենակարեւոր հատկանիշը, որ հայրս փոխանցեց իր զավակներին, աշխատասիրությունն է ու կողքինին օգնելու պատրաստակամությունը։ Մենք հինգ երեխա էինք, հինգս էլ հավասար հող էինք մշակում, օգնում էինք մեծերին, աշխատում էինք։
Ես հորս արհեստը չժառանգեցի։ Մեքենա էի սիրում։ Ով մեքենա քանդեր, ես կողքին էի՝ յուղոտվում ու մրոտվում էի, բայց ձեռ չէի քաշում։ Մարդ պիտի սիրի իր մասնագիտությունը, սիրի անշահախնդիր։ Ես երբեք չեմ մտածել, թե ո՞ր արհեստը շատ փող կբերի, մեքենա եմ սիրել ու վերջ։ 13 տարեկանում հայրս ինձ համար մոտոցիկլետ առավ՝ ո՜նց էի ուրախացել։ Պատանեկության տարիներից ընկերուհի ունեի։ Ու ինքնըստինքյան պարզ էր, որ պիտի վարորդություն սովորեմ, գնամ բանակ, զորացրվելուց հետո տուն կառուցեմ, ամուսնանամ, երեխաներ ունենամ…

Բանակ գնալը մի ուրիշ հպարտություն էր տղայի համար։ Բանակից եկած տղան արդեն տղամարդ էր։ Նրան ընդամենը երկու տարի էր բաժանում դեռ բանակ չտեսած տղաներից, բայց վերաբերմունքը բոլորովին ուրիշ էր… Շտապում էինք, թե երբ ենք բանակ գնալու՝ աշխարհ տեսնելու, լեզու սովորելու, տղամարդ դառնալու, նամակ գրելու սիրած աղջկան, բանակային ընկերներ ունենալու։ Ես Մուրմանսկում եմ ծառայել։ Մեր զորամասում հայերը լավ զինվորի համբավ ունեին, ու այդ հարգանքը մեխանիկորեն տարածվեց մեզ վրա։ Հետո հասկացա, որ, իրոք, հայերը արագ են ընկալում հանձնարարությունը, արագ են կողմնորոշվում, հնարամիտ են, նախաձեռնող, վստահելի, իրենց հարգել են տալիս։
Մի դեպք պատմեմ բանակից. ոնց եղավ ես ու մի ադրբեջանցի վիճեցինք։ Զորամասում 150-ից ավելի ադրբեջանցի կար, 5 հայ։ Գիշերը զորանոցում պառկած ենք, մեկ էլ տեսնեմ` ադրբեջանցիների մի մեծ խումբ (հետո պարզվեց՝ 50 հոգի էին) ներխուժեց զորանոց։ Բոլորն էլ զինված փայտերով, երկաթի կտորներով։ Նրանք չէին սպասում, որ ռուսները կպաշտպանեն հայերին։ Ադրբեջանցիներին մի քանի րոպեում արյունլվա արեցինք։ Իրենց սովորության համաձայն՝ ուժ տեսնելով փախան։ Ես էլ վնասվածք ստացա, մինչեւ հիմա գլխիս վրա սպի է մնացել։

Բանակային ընկերը սրբություն է, փորձություններով անցած, նեղ օրվա ընկեր է՝ եղբոր պես հարազատ։ Քանի-քանի անգամ են տարբեր ազգերի բանակային ընկերներս եկել մեր տուն, ես եմ այցելել նրանց։ Մինչեւ այսօր կապ ունենք, չենք մոռանում իրար։
Հիմա, երբ լսում եմ, որ մեր հայկական բանակում հայ տղան նեղացնում է մեկ ուրիշ հայ տղայի՝ ծառայակից ընկերոջը, ապշում եմ, զայրանում։ Մենք մեր թեւի տակ էինք առնում օտարազգի «մալոդոյներին», օգնում էինք, որ սկզբնական շրջանի դժվարությունները հաղթահարեն, հեշտ ծառայեն։ Մենք մեր ավագությունը, տղամարդկությունը, ուժը թույլին օգնելով, հովանավորելով էինք ապացուցում։

… Բանակից վերադառնալու հաջորդ օրը բահն առա, դուրս եկա բակ ու սկսեցի իմ տան հիմքը փորել։ Փառք Աստծո, քույր ու եղբայր միացանք ու բոլորիս համար էլ տուն կառուցեցինք։
13-14 տարեկանում հարեւանիս աղջկան սիրեցի ու նրա հետ էլ ամուսնացա։ Իմ մանկության երազանքն իրականացրի՝ վարորդ դարձա։ Տուն ունեի, լավ ընտանիք (երեք աղջիկ), սիրած աշխատանք։ Ուրիշ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Բայց…

…Սկիզբը երկրաշարժը խփեց, հետո պատերազմը։ Սպիտակում քանի անքուն գիշեր լուսացրինք ես ու մանկության ընկերներս, որ մեղմենք վիշտ տեսած մարդկանց ցավը, մի բանով օգնենք։ Աղետի գոտուց նոր էինք եկել, լսեցինք, որ թուրքն է նեղում սահմանին։ Տղերքով միացանք, ով ինչ զենք ուներ (հիմնականում որսորդական հրացան) վերցրինք ու գնացինք սահման՝ Երասխավան, հետո Տավուշ, Նոյեմբերյան։
Հատուկ գնդին միանալուց հետո Ղարաբաղի ճանապարհը բռնեցինք. ամենաթեժ մարտերը Ղարաբաղում էին՝ Շահումյան, Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն, Չայլու, Լենինավան…

Ես գիտեմ Արցախի խաղաղության գինը։ Այսօրվա ազատ Արցախը ընկերներիս կյանքը արժեցավ։ Երբ պատրաստվում էի մի-երկու օրով տուն վերադառնալ, որ մասնակցեմ ճակատում հերոսաբար զոհված ընկերոջս հուղարկավորությանը, իմացա, որ տղա եմ ունեցել (երեք դուստրերից հետո՝ միակ որդուս)։ Սահմանից տուն էի գալիս՝ միաժամանակ սգալու ու ուրախանալու։ Երբ զոհված ընկերոջս հարազատներն իմացան, որ տղա եմ ունեցել, ինձ հետ եկան մեր տուն ու ստիպեցին, որ ուրախության սեղան բացեմ։ Էդքան մեծ սիրտ ուրիշ էլ ո՞ր ազգի զավակները կարող են ունենալ։ Տղայիս անունը Հարություն դրեցի, որովհետեւ օջախս արու զավակով հարություն առավ։ Հարություն պապիս գենը շարունակվեց։

…Պատերազմն ամեն վայրկյան իմ ուղեղում է, ասես ներծծվել է արյանս մեջ։ Մի օր իրիկնադեմին ուժեղ կրակոցների ձայն լսեցինք, լուր բերին, որ թուրքերը 4 կմ առաջ են եկել ու մեծ խմբով հարձակվել են գյուղի վրա։ Մենք՝ 30-40 հոգի, ադրբեջանական մինչեւ ատամները լինված օմօնի դեմ։ Գյուղը պահեցինք։ Թուրքը գյուղ չմտավ, ահռելի զոհեր տվեց։ Բայց մենք էլ կորուստներ ունեցանք՝ Անդրանիկը, Արթուրը… հրաշալի, ուժեղ. խիզախ տղերք իրենց կյանքը տվին Արցախին։ Չեմ հիշում՝ ով էր ասել. «Պատերազմի դաշտում մեռնելը դավաճանություն է»։ Ապրել էր պետք, որ երկիրդ ապրի, հողդ ապրի։
…Հիմա տղաս բանակում է։ Հարությունս զինվոր է։ Կարողացա ինքս ինձնից, իմ սիրուց ուժեղ լինել ու միակ որդուս տղամարդ մեծացնել։ Աշխատող տղա է, համարձակ, պինդ։ Մի քիչ փոքր-մոքր է, բայց հոգին է ուժեղ։ Բանակ ճանապարհելիս խրատեցի. «Գլուխ չպահես, սրտով կծառայես, կհարգես հրամանատարներիդ, նրանց խոսքը գետին չգցես։ Լավ ընկեր կլինես ընկերոջդ համար։ Թուրքից չվախենաս»։

Այս պահին, երբ մենք զրուցում ենք, տղաս սահմանին է, առաջին գիծ է պահում։ Տղաս կանգնած է այն սահմանին, որի համար ես եմ կռվել ժամանակին, որտեղ ընկերներիս արյունն է թափվել։ Երբ հրամանատարությունն իմացավ, որ ազատամարտիկ եմ, որ կռվել եմ այդ կողմերում, ինձ տարավ դիրքեր, որ տեսնեմ մեր ազատագրած տարածքները, կարոտս առնեմ, հպարտանամ։ Սահմանին հզոր ուժ էր կանգնած։ Մեր տղերքը՝ իմ ընկերները, հաղթեցին իրենց կամքով, անձնազոհությամբ, այսօր մեր բանակի զինվորը այդ ամենին ավելացրել է իր զենքի ուժը, կանոնավոր բանակի մարտունակությունը, ռազմական գիտելիքները…

«Շոշափեցի» տղայիս՝ բիլակը ամուր էր, ուժը տեղը, դուխը հզոր։ Ժամանակին սպորտով պարապած, մրցումներ հաղթած տղաս ավելի էր պնդվել։ Մեջը մի կաթիլ վախ չկար, անհանգստություն չկար։ Զինված թուրքը՝ դեմ դիմաց, զինվոր տղայիս դեմքը խաղաղ էր, հոգին խաղաղ էր, աչքերում ուժ կար, կրակ կար։
Չգիտեմ ինչու՝ հիշեցի, թե թուրքերը ոնց էին խոշտանգում անզեն մարդկանց, ինչքան դաժան ու փոքրոգի էին թույլի հանդեպ։ Ասացի. «Տղա՛ս, ծնկածին չխփես (թեկուզ թշնամի)։ Ուժդ ուժեղի հետ կչափես…»։
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Բանակ և հասարակություն


07/09/2011