Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑՎերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը:   Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին:  Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարի հետ տեղում դիտարկում իրականացրած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց. վերոհիշյալ դիրքային տեղաշարժը ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են սեփական տարածքում, իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, եւ  հայկական զինված  ուժերն արդյունավետ գործողությունների միջոցով կասեցնում եւ չեզոքացնում են ցանկացած տեղաշարժ:

Օրերս այցելեցինք շփման գոտի՝  հանդիպելու հենակետերում ծառայող զինվորականների հետ: Զրուցեցինք հարակից բնակավայրերի բնակիչների հետ, տեղեկացանք իրավիճակին եւ նրանց տրամադրություններին:

 

 

 

Զանգակատան պահապաններն ու պաշտպանները

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑԲարձրադիր, գեղեցիկ այս գյուղը Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին է, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին: Որպես հայկական բնակավայր՝ գյուղը շատ ավելի հին պատմություն ունի: Այս մասին են վկայում համայնքի տարածքից հայտնաբերված բազմաթիվ խաչքարերը, այդ թվում՝ մինչև օրս ՀՀ տարածքում հայտնաբերված ամենահին՝ 5-րդ դարի խաչքարը: Գյուղի հյուսիս-արևմուտքում՝ բարձրադիր բլրի վրա, պահպանվել են խաչաքանդակներով, ծաղկաքանդակներով և մարդկային ուրվագծերով գերեզմանաքարեր: Մեր և միջազգային հանրությանն այս գյուղն առավել հայտնի է որպես մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդավայր: Նախկինում կրել է Չանախչի, Չանախչի Ներքին, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի և նրա անմահ «Անլռելի Զանգակատուն» պոեմի, վերանվանվել է Զանգակատուն:

Զանգակատան սահմանը հսկող կարևոր հենակատերից մեկում այս պահին սովորականից ավելի աչալուրջ մարտական հերթապահություն են իրականացնում մեր դիրքապահները՝ լեյտենանտ Գարիկ Հաջինյանի գլխավորությամբ: Ծնունդով երևանցի Գարիկը 9 տարի է, ինչ ծառայության մեջ է: Երկու ամիս է, որ ամուսնացել է: Ժամկետային զինծառայությունն ավարտելով՝ պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել զինված ուժերում և արդեն երկու տարի՝ մեծ հպարտությամբ կրում է սպայական ուսադիրները: Պատահական չէ, որ առաջինն իրեն ենք դիմում: «Իրավիճակն առաջնագծում այն է, որ հակառակորդը վերջին օրերին ավելի ակտիվ է փորձում շինարարական աշխատանքներ իրականացնել: Այս պահին մեր աչալրջությունը մի քանի անգամ ավելի բարձր է: Ցերեկով ադրբեջանցիները դժվարանում են աշխատանքներ իրականացնել, իսկ գիշերով ակտիվանում են՝ մտածելով, որ մեր զգոնությունը կթուլանա, սակայն չարաչար սխալվում են: Ունենք դիտարկման համապատասխան բոլոր միջոցները: Երբ մեզ համար անբարենպաստ զարգացում ենք նկատում, անմիջապես կասեցնում ենք հակառակորդի տեղաշարժը:

-Ի՞նչ միջոցներ ունեք ձեր տրամադրության տակ:

-Ունենք պահպանությունը բարձր մակարդակով իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

-Իսկ եթե թշնամին ավելի ակտիվ գործողությունների անցնի՞:

-Ըստ տեղամասերի՝ մշակված են համապատասխան մարտավարական և արձագանքման ձևեր: Իսկ մյուս կարևոր գործոնները՝ մարտական ոգին և մասնագիտական հմտությունը, բարձր մակարդակի վրա են:

-ԶԼՄ-ով և համացանցով տեղեկություն է տարածվում, որ հակառակորդը մարտական հենակետեր է ավելացնում իր տարածքում, ինժեներական աշխատանքներ իրականացնում: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ, թե՝ այս ամենը սպառնում է քաղաքացիական բնակչությանը, թուլացնում մեր դիրքերը: Միևնույն ժամանակ, բնական է, որ հետպատերազմական շրջանում հակամարտող երկու կողմերն էլ փորձում են ամրացնել իրենց դիրքերը: Որպես հենակետի ավագ, թշնամուն դեմ հանդիման կանգնած զինվորական, ներկայացրե՛ք, խնդրեմ, այսօրվա վիճակը հենակետում:

-Թո՛ղ առաջ գան: Դա անելով՝ հենց իրենք են հաճախ ավելի վտանգավոր դիրքերում հայտնվում, մեզ հնարավորություն են տալիս հարկ եղած դեպքում ավելի հեշտորեն իրականացնելու խոցումը: Վստահ եմ, որ ռազմավարական տեսանկյունից վերջին զարգացումները ոչ մի էական նշանակություն չունեն: Բարձունքներն ու բարենպաստ դիրքերը մեր ձեռքում են: Մենք նրանց լիովին վերահսկում ենք: Եվ սա ո՛չ PR է, ո՛չ էլ ձեր այցելության առիթով արվող մերկապարանոց հայտարարություն:

Լեյտենանտը շարունակում է հատ-հատ ցույց տալ հակառակորդի խոցելի կետերը:

-Տրամադրությունը հենակետում մարտական է,-ասում է Գ.Հաջինյանը,-հակառակորդին խորհուրդ կտայի անգամ չմտածել մեր խաղաղ բնակչությանը որևէ նեղություն տալու մասին: Մենք բազմաթիվ տիրապետող դիրքեր ունենք, որտեղից կարող ենք հանգիստ հետևել, թե իրենց տներում մարդիկ ինչպես են տեղաշարժվում: Մեր բնակչությանն սպառնացող ցանկացած վտանգի դեպքում կարող ենք լուրջ խնդիրներ առաջացնել իրենց ուղղությամբ, բայց դա մեր գործելաոճը չէ: Իսկ որևէ ստոր արարքի փորձ անելու դեպքում ոչ թե համապատասխան, այլ մի քանի անգամ գերազանցող պատասխան կստանան:

-Պարո՛ն լեյտենանտ, մեր թերթի միջոցով ի՞նչ կփոխանցեիք այն գյուղերի բնակիչներին, որոնց սահմանը պաշտպանում եք:

-Նույն գյուղացին այսօր մեզ հետ է, ուս ուսի սահմանն ենք պահում: Դիրքապահ տղաներից շատերի ընտանիքները մերձակա բնակավայրերում են: Եվ նրանց պետք չէ բացատրել իրենց ծառայության նշանակությունը: Այստեղ կանգնածներից յուրաքանչյուրս հստակ գիտակցում ենք. եթե հակառակորդը սահմանն անցնի, մեր տուն է մտնելու: Ծնունդով երևանցի զինվորականը Հայաստանի ցանկացած բնակավայր իր տունն է համարում:

-Ներքևում իմ, մեր ընկերների, հարազատների տներն են, այգիները: Կարծում եմ, որ սա գիտակցող զինվորին բարոյապես ճնշել կամ առավել ևս՝ հաղթել հնարավոր չէ:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑՇարքային Կարեն Ավետիսյանի ընտանիքը Արտաշատում է: 8 տարի է, ինչ մարտական հերթապահություն է իրականացնում այս տարածքում:

-Ծառայության ընթացքում, իհարկե, նման սրացում առաջին անգամ եմ նկատում, բայց մեր տրամադրությունը մարտական է: Ժողովո՛ւրդ ջան, հանգի՛ստ եղեք և ձեր առօրյա խնդիրներով զբաղվեք: Մենք այստե՛ղ ենք:

Շարքային Խաչիկ Մարգարյանը Զանգակատնից է: Նա նույնպես վերջերս է ամուսնացել: Գյուղի տանը հայրը, մայրն ու կինն են:

-Չեմ թաքցնի. իրավիճակն այս պահին սովորականից լարված է, բայց մենք պատրաստ ենք: Այս դիրքերում մեր մեծերի, մեր հարազատների արյունն է թափվել: Մեր մարտական հենակետում բոլորիս ոգին էլ շատ բարձր է, և եթե անհրաժեշտություն լինի, բոլորս էլ մինչև վերջ պաշտպանելու ենք ամեն մի թիզ հողը: Քիչ այն կողմ՝ սարի հետևում, իմ գյուղն է: Արցախյան ազատամարտում զոհվել է հորեղբայրս… Հիմա պապենական հողերը պաշտպանելու իմ հերթն է:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑԴիտակետերից մեկում հակառակորդի դիրքին ուշիուշով հետևում և յուրաքանչյուր ամենափոքր շարժի մասին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում Արթուր Կլյաչինը: Ծնունդով Զոդից է: Շուրջ հինգ տարի է, ինչ ծառայում է զինված ուժերում:

-Հանգի՛ստ եղեք, մենք այստեղ ենք, թույլ չենք տա ոչ մի ոտնձգություն,- ասում է պայծառ ժպիտով: Արթուրի բարի ու վճռական դեմքը բառերից ավելի  արտահայտիչ ու զորեղ է,- ամեն ինչ լավ է: Ծառայությունիցս շատ գոհ եմ, շատ եմ սիրում աշխատանքս,- առանց ժամանակ կորցնելու հակիրճ ներկայացնում է Արթուրն ու շարունակում է դիտարկումը:

Խրամուղիով շարժվում ենք առաջ. ոլոր-մոլոր անցուղիներում դաշտային ծաղիկների նուրբ բույրն է տարածվել: Դարանակալած թշնամու մասին հիշեցնող բարձր հողե պատնեշը և դրա վրա աճած ծաղկահյուս գորգը հակասում են միմյանց: Խրամուղու մի հատվածում կարմրին են տալիս վայրի կակաչները: Առաջ շարժվող զինվորականներին մի պահ կանգնեցնում ու լուսանկարում ենք: Բոսորագույն կակաչներով զարդարված խրամուղու ֆոնին մարտական հերթապահություն իրականացնող տղաների խրոխտ կերպարանքը պատերազմի ու խաղաղության մասին մտորումների է տրամադրում… Հենակետի տարբեր հատվածներում իրենց շուրջօրյա դիտարկումն են իրականացնում մեր զինվորականները: Չխանգարենք նրանց: Բարի ծառայություն ենք մաղթում հրաշալի, լեռների պես ամուր մեր տղաներին և ուղևորվում Զանգակատուն:

…Գյուղն առօրյա եռուն իր կյանքով է ապրում: Մտնում ենք առաջին պատահած տունը, որտեղ մեզ դիմավորում է Ռոբերտ Սահակյանը՝ Զանգակատան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը: Նրա կինը՝ Ռուզաննա Սահակյանը, դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի է: Բակ մտնելով՝ առաջինը ուշադրությունս գրավում է երեք գրկաչափ տրամագծով հսկա ընկուզենին:

«Այս ծառը շուրջ երկու հարյուր տարեկան է,- ասում է Ռոբերտը:- Տնկել են իմ նախնիները… Նրանք Շահ Աբասի օրոք քշվել են Պարսկաստանի Հավթվան գյուղը, իսկ հետագայում Ներսես Աշտարակեցու ջանքերով շուրջ 1000 տնտեսությամբ վերադարձել են: Մենք շարունակում ենք ապրել այստեղ, պաշտպանել մեր նախնիների հողը: Գյուղում, չնայած շրջանառվող լուրերին, այս պահին ոչ մի խուճապային տրամադրություն չկա: Մեր զինվորականներն իրենց տեղում են, մենք էլ նրանց պաշտպանության ներքո հանգիստ ապրում ենք: Ընդհանրապես, մեր գյուղացին այն մութ ու ցուրտ տարիներին անգամ չի գնացել արտագնա աշխատանքի: Կապված է իր հողին: Եթե կարիք եղավ՝ մենք էլ մեր զինվորի կողքին ենք:

Մեր միակ մտահոգությունը գյուղի վերևում գտնվող տարածքն է, որտեղ գյուղացիներից մի քանիսը հողեր ունեն: Դրանք մշակելիս վտանգն առկա է:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑՍահակյանների ընտանիքը փոքրիկ տնտեսություն ունի՝ երկու այծ, երկու կով և մեղվի մի քանի փեթակ: Այգու բարիքներով սեփական կարիքներն են հոգում: Շրջում ենք այգում. ծառերից ողկույզ-ողկույզ հսկա խխունջներ են կախվել: Գեղեցիկ պատկեր է. «Որոշ ժողովուրդներ սրանցից ընտիր խորտիկներ են պատրաստում,- ծիծաղում է Ռոբերտը,- իսկ մենք ստիպված ենք անխնա պայքարել դրանց դեմ»:

Սահակյանների տղաներից ավագը Հերացու անվան բժշկական համալսարանի մագիստրատուրայի վերջին կուրսում է: Ցանկություն ունի որպես բժիշկ ծառայության անցնելու զինված ուժերում: Փոքրը ժամկետային ծառայության ընթացքում մասնակցել է ապրիլյան քառօրյային. Հադրութի շրջանում մարտական հերթապահություն է իրականացրել: Ժամկետային զինծառայությունից հետո ուսանել է բժշկական ուսումնարանում: Այժմ պայմանագրային զինծառայող է:

Մայրը՝ Տիկին Ռուզաննան, զինվորականի ընտանիքում է ծնվել: Նրա հայրը և եղբայրներից մեկը մասնակցել են Արցախյան պատերազմին: Եղբայրը զոհվել է Երասխավանի մարտերում: Մյուս եղբայրը հիմա ծառայում է զինված ուժերում: «Մեր բանակը հզոր, կայուն բանակ է, որով իսկապես հպարտանում ենք: Պատահական չէ, որ որդիս էլ հիմա զինծառայող է. այս ջիղը պապից ու քեռիներից է փոխանցվել»:

Գյուղի մեկ այլ օջախում ենք. բոլորը միաձայն ընտանիքի մեծավորին՝ տիկին Աշխենին են մատնացույց անում. «Նա՛ կասի»: Նրա երկու թոռներն արդեն երրորդ տարին է, ինչ զինծառայություն են իրականցնում սահմանին:

-Ծնվել, մեծացել եմ այս գյուղում: Մեր գյուղում պայմանագրայինները շատ են՝ շուրջ 70 զինծառայող ունենք: Եվ բոլորը շատ գոհ են ծառայությունից: Մենք էլ ամբողջ գյուղով բանակի կյանքով ենք ապրում: Ամեն առավոտ թոռներս զանգահարում են, թե՝ «տա՛տ, լավ ենք», ու ես վստահ եմ, որ նրանք ու իրենց պես տղաները ամենայն պատասխանատվությամբ հսկում են մեր սահմանները»:

 

Արենի սահմանապահ գյուղը

Հաջորդ բնակավայրը, որը վերջին օրերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, Արենին է՝ Վայոց ձորի ամենահին և նշանավոր գյուղերից մեկը: Իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ այն զբոսաշրջության կարևոր կենտրոն է: Գյուղի տարածքում բազմաթիվ բարձրարժեք հուշարձաններ՝ հնավայրեր, ավերված գյուղատեղիներ, բազմաթիվ խաչքարեր կան: Այստեղ են հրաշագեղ Մագիլի և Թռչունների կոչվող քարայրները, որոնք զբոսաշրջիկների սիրված վայրերից են: Արենի համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը:

Գյուղի կենտրոնում հանդիպեցինք մի խումբ տղամարդկանց: Երբ հարցրինք շրջանառվող լուրերից, և թե ինչ իրավիճակ է գյուղում իրականում, ասացին. իրենք ոչ թե վախեցած կամ տագնապած են, այլ վրդովված են Ադրբեջանի հայտարարություններից: Նրանց մեջ է Եղեգնաձորի Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահ Մասիս Սահակյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է: Նա ստանձնեց ուղեկցորդի դերը: Մեքենաներով շարժվում ենք դեպի սահմանամերձ խնամված ու փարթամ այգիները. առատ անձրևներն ու գյուղացու հոգատար ձեռքը իրենցն արել են: Ռազմիկ Ղարախանյանին և իր դստերը՝ Ստելլային հանդիպում ենք դեղձի այգում աշխատելիս. «Եկել ենք ծառերը ջրենք,- ասաց Ռազմիկը՝ բահի հարվածներով առվի ճանապարհը բացելով:- Իհարկե, մի փոքր մտավախությամբ ենք գալիս այս կողմերը՝ սահմանի բերան է, բայց այգին չի սպասի»:

Ստելլան խոսում է մոլախոտերից հողը ազատելու ընթացքում. «Այգիների, գյուղի վրա չեն կրակում: Մեր տունը գյուղի խորքում է: Քույրս, որ այս կողմերում է ապրում, ասում է, որ երեկոյան լսում են կրակոցի ձայներ: Բայց, միևնույն է, երեխաները ամբողջ օրը հանգիստ դրսում խաղում են»:

-Գյուղում խուճապային տրամադրություն, անհանգստություն կա՞,- հարցնում եմ:

-Գյուղում՝ ոչ: Անհանգստությունը հիմնականում կապված է այն տարածքների հետ, որոնք դիրքերին ավելի մոտ են: Օրինակ՝ քրոջս հողատարածքը այստեղից ավելի ցածրում է, նրանք դեռ խուսափում են գնալ այնտեղ:

Հրաժեշտ տվեցինք հողագործներին և շարժվեցինք դեպի սահմանին ավելի մոտ գտնվող այգիները: Ճանապարհին մի մեքենա հանդիպեց: «Ըհը՛, էս էլ մեր Վիգենն է,- ասաց Մասիսը:- Կնոջ հետ այգին մշակելու են գնում: Կարող եք նրա հետ զրուցել. ինքն էլ կռված տղա է»: Ամուսինները իջնում են մեքենայից, մոտենում մեզ:

-Մերը սահմանին կպած հենց առաջին այգին է: էնտեղ ենք գնում,- ասաց Վիգենը: -Տղաս այժմ ծառայության մեջ է, ինքս էլ 90-ականներին մասնակցել եմ Արցախյան պատերազմին:

-Մեր տղան ժամկետային զինծառայող է,- ասում է Նունեն,- այժմ Տավուշի մարզում՝ առաջնագծում է: Շատ հարգված զինծառայող է: Մեկ ամսից կվերադառնա:- Նրա ձայնի մեջ չի զգացվում սահմանամերձ գյուղում ծառայողի մոր տագնապ:- Անհրաժեշտ ամեն ինչով ապահովված են մեր տղաները՝ սնունդով, հագուստով…- Մոր միակ ցանկությունն է, որ հատկապես առաջնագծում կանգնած զինվորի հանդեպ հատուկ ուշադրություն լինի, հայրենիք են պահում տղաները:

-«Հայ զինվորը» Ձեր տղային էլ է հասնելու,- Նունեին համոզում եմ, որ ամուսիններով լուսանկարվեն: «Ախր, մինչև այդ, տղաս արդեն հետ կգա»,-ծիծաղում է զրնգուն:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑՎիգենի և Նունեի հողամշակման գործիքներով բեռնված մեքենան ընթացավ առաջ, իսկ մենք վերադարձանք Արենի: Գյուղամիջում երեխաների ուրախ կարկաչն է տարածվել. կարմրաթուշ ու արևախանձ տղաները՝ Սերյոժան, Էրիկը Նարեկն ու Անդրանիկը, ֆուտբոլ են խաղում:

-Դուք ապագայում ի՞նչ եք դառնալու, էրեխե՛ք:

Միաբերան, այս բառին հատուկ հնչերանգ տալով, փոքրից մեծ պատասխանում են՝ «Զինվո՛ր»:

Հրաժեշտ ենք տալիս փոքրիկ զինվորներին ու որոշում մտնել Արենիի գինու գործարան՝ հազարավոր զբոսաշրջիկների համար ամենագրավիչ վայրերից մեկը, որը հայտնի է իր հազարամյա ավանդույթներով: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանն այդ պահին իրենց արտադրանքն էր ներկայացնում երկու ռուս կանանց: Մենք էլ ենք մեր հերթին փորձում Արենիի մոշի, մորու գինիներից և հայտնի ծիրանի կոնյակից, որոնցից յուրաքանչյուրը հրաշալի փունջ է: Իհարկե, կգնենք դրանցից մի-մի շիշ: Տնօրենը դառնում է մեզ: Ինչպես համագյուղացիներից շատերը, նա էլ Արցախյան պատերազմի մասնակից է. իր ջոկատն է ունեցել, վիրավորվել: Սահմանապահ գյուղերում չես հանդիպի մեկին, որ պատերազմի մասնակից չլինի:

Պաշտպանի հոգեբանությունը սահմանին է ձևավորվում:

Ուզենան էլ, չեն կարող ինչ-որ լուրջ բան անել. հեռավորությունը շատ մեծ է: Իրենք իրենց տարածքում են նստած, բայց պետք է զգոն լինենք:

Հեռանում ենք գյուղից. օրն արդեն թեքվում է մայրամուտ. արևի կարմրավուն շողերը եզերել են մոտակա սարերը, որտեղ մեր զինվորները հսկում են գյուղի խաղաղ քունը: Թռչունների դայլայլը և ծղրիդների ճռռոցն է միայն լսվում…

♦♦♦

Օրերս մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջեւան սահմանային հենակետերից մեկը: Պատճառը՝ ադրբեջանական քարոզչամիջոցների շրջանառվող նոր ապատեղեկատվությունն էր: Ինչպես ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Արծրուն Հովհաննիսյանն էր ներկայացրել` հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել էր ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով, որ մի քանի Նախիջևանի քաղաքացիներ այցելեն Գյուննութ լքված բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղի: Հայկական կողմը, հավատարիմ մնալով մարդասիրական նորմերին՝ որպես հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացման քայլ, թույլատրել էր խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով լինելու այնտեղ:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑՀաջորդ օրերին ադրբեջանական քարոզչամեքենան այս այցելությունից մի մեծ շոու սարքեց՝ Գյուննութ լքված գյուղը վերադարձնելու, Գյուննութ սարը և գերակա ռազմավարական դիրքերը գրավելու, ավելին՝ 11000 հեկտար հողակտոր «բռնագրավումից ազատագրելու» և շատ այլ շեշտադրումներով, որոնք երևակայության ոլորտից էին:

Հերյուրանքն ավելի ճշմարտանման դարձնելու նպատակով՝ ադրբեջանական լրագրողները տեսանյութում զետեղել էին գերեզմանատեղի այցելած նախիջևանցիների ակներևաբար սերտած խոսքերը: Իսկ խրամուղու մի քանի մետրերի պատկերը ներկայացրին իբրև հետ նահանջած հայկական ուժերի մարտական հենակետերից մեկը:

Մեր խմբի անդամները տեղում տեսան և արձանագրեցին ակնհայտ իրողությունը. Գյուննութին հարակից մեր դիրքերը նույն տեղում են: Մեր զինված ուժերի դիրքային տեղաշարժ չի եղել: Դե իսկ նախկինի պես անմարդաբնակ բնակատեղիի ավերակներն էլ միջդիրքային տարածքում են՝ մեր դիրքապահների անմիջական վերահսկողության ներքո: Առաջնագիծ այցելած լրագրողները, փորձագետներն ու բլոգերները հնարավորություն ունեցան իրենց աչքով տեսնելու անցած ամսվա ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-երի՝ իրենց իսկ տարածքում կառուցած նոր հենակետերն ու կրակակետերը, որոնք գտնվում են ցածրադիր գոտիներում և առավել խոցելի են դարձնում հակառակորդին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶՈՒ կողմից իբրև թե ազատագրված 11.000 հեկտար մակերեսով տարածքին, կեղծիքը նույնպես ակնհայտ է. վկայությունը՝ մեր ԶՈՒ կողմից 20 և ավելի տարի նույն դիրքերում տարվող մարտական ծառայությունն է:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ