ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ
ՀՀ զինված ուժերում հունիսի 3-ից 9-ը անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել 7 մարզաձևերում՝ ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն, սպայական եռամարտ և դանակի նետում: Բոլոր մրցելույթներն անցել են լարված և անզիջում պայքարի մթնոլորտում: Եզրափակիչ փուլին մասնակցել են շուրջ 270 մարզիկներ տասը հավաքական թիմերի կազմով:
Միջոցառման ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Զորամասերից մեկում եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նա շնորհավորել է սպարտակիադայի մասնակիցներին իրենց զորամասերում և զորամիավորումներում ընտրական փուլերը հաղթահարելու կապակցությամբ, հաջողություններ և արժանապատիվ պայքար մաղթել ստուգատեսում:
Մեր խնդրանքով մեկնաբանելով սպարտակիադայի անցկացման արդյունավետությունն ու առանձնահատկությունները՝ գեներալ-մայորը նշեց.
-Զինված ուժերի մարտունակության գլխավոր բաղկացուցիչ մասը մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակն է: Այն կազմակերպչական և գործնական միջոցառումների այնպիսի միասնություն է, որը բերում է վերջնական արդյունքի. զինվորին նախապատրաստում է ապագա պատերազմին, հրամանատարին հղկում է որպես մեթոդիստ, մանկավարժ, համազորային մարտը կառավարող բանիմաց անձնավորություն: Այս գործընթացում շատ կարևոր է ֆիզիկական պատրաստության և սպորտի դերը: Այսպիսի միջոցառումները՝ անհատական պատրաստությունից մինչև սպարտակիադա, հնարավորություն են ցույց տալու զինված ուժերի յուրաքանչյուր զինվորի ու սպայի դերն ու նշանակությունը մեր բանակի մարտունակությունն ամրապնդելու գործում: Բացի այդ, ֆիզիկական պատրաստությունը կոլեկտիվ դրսևորում ունի և նպաստում է զորամասերում մարտական ընկերակցությանը: Համաբանակային սպարտակիադայից հետո յուրաքանչյուր զինվոր գնալու է իր զորամաս, ընկերներին պատմի այս մի քանի օրվա մասին, հպարտանա, որ ձեռք է բերել բազում նոր ընկերներ: Նոր հիշողությունները նրանց կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում: Իր արդյունավետությամբ սպարտակիադան կարելի է համեմատել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության հետ:
Մրցույթի ամեն օրը հագեցած էր դրամատիկ ու լարված պայքարով: Հրաձգարանում, զորամասի մարզական ավանում, նաև անտառում, դաշտային տեղանքում մասնակիցները ձգտում էին գործել մյուսներից ավելի արագ, ուժեղ, դիպուկ, ցուցադրել առավել բարձր արդյունքներ՝ ապահովելով իրենց թիմի ընդհանուր հաղթանակը: Նշենք, որ 18-րդ համաբանակային սպարտակիադայի ծրագրում առաջին անգամ ներառվել էր երկու նոր մարզաձև՝ սպայական եռամարտ և դանակի նետում:
Սպարտակիադան ավարտվեց հունիսի 9-ին: Արդյունքների ամփոփումից հետո որոշվեցին տարբեր մրցաձևերում անհատական լավագույն ցուցանիշներ ունեցող զինծառայողները: Թիմային հաշվարկով համաբանակային սպարտակիադայի հաղթող ճանաչվեց ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմը: Երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրեց ՊԲ-ն ներկայացնող հավաքական թիմը: Իսկ երրորդ տեղում էր 3-րդ զորամիավորման հավաքական թիմը:
Հաղթող թիմերն ու զինծառայողները պարգևատրվեցին:
Ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմն արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթում է մարզական և ռազմական կարողությունների այս ստուգատեսում: Այս անգամ նրանք ընդհանուր առմամբ 13 մեդալ են նվաճել:
- Հաղթող թիմի ավագ, գնդապետ Հայկ Մարգարյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնի պետն է: Նա բոլոր մասնակիցների մեջ տարիքով ամենամեծն է՝ 55 տարեկան, բայց իր գերազանց ելույթով կարողացել է նպաստել թիմի ընդհանուր հաղթանակին:
- Գնդապետ Ս. Մակարյանը հրաձգության անհատական չեմպիոն է դարձել: Ռազմական համալսարանի համազորային պատրաստության ֆակուլտետի պետի տեղակալը ռազմական գիտությունների թեկնածու է:
- Շարքային Արսեն Մինասյանը ռազմամարզական եռամարտի հաղթողն է: Մրցել է արգելագոտու հաղթահարում, նռնակի նետում, 1 կմ վազք մրցաձևերում:
- Սպայական եռամարտի առաջին տարիքային խմբում լավագույնն է լեյտենանտ Յուրա Մանասյանը: 100 մետր վազք, ձգումներ և 3 կմ վազք՝ բոլոր երեք մրցելույթներում ամենաբարձր արդյունքն է գրանցել:
- Շարքային Էդուարդ Սարգսյանը ռազմարզական կողմնորոշումից ուժեղագույնն է եղել ՊԲ-ում: Նաև նրա շնորհիվ է Արցախի թիմը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճել:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Ազգային բանակ, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում