Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԼԵԾՈՒՓ ԾՈՎԻՑ ԴՈՒՐՍ ՑՑՎԱԾ ԳՐԱՆԻՏԵ ԺԱՅՌԸ»



«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԼԵԾՈՒՓ ԾՈՎԻՑ ԴՈՒՐՍ ՑՑՎԱԾ ԳՐԱՆԻՏԵ ԺԱՅՌԸ»ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ

 

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

 

Դու մեր ինքնության զորավոր ճախրանք

Եվ մեր պատմության այգաբաց ցնծուն,

Նաիրյան ոգու հաղթախրախճանք,

Մեր հավատուժի ահեղ խտացում։

 

Դու մեր տաք հորձանք, մեր համառություն,

Անպարտ քաջության վեհ համահավաք,

Մեր Կայծակ-թրի շառաչ վեհանուն,

Եվ արիության խրոխտ պատարագ։

 

Դու մեր մեծ սխրանք ու մեծ հատուցում,

Մեր գոյակռվի դրոշ փողփողէջ,

Պայքարում թրծած մեր միասնություն,

Արեգնավառման մեր խորհուրդ անշեջ։

 

Թշնամու դիմաց հառնած ամրակուռ

Մեր զորեղություն՝ դաջված գալիքին,

Երկնին ժպտացող հավատամք ամուր,

Եվ ոգորումի սրբազան բագին։

 

Դու մեր բաց աղոթք և հերոսացում,

Մեր լինելության խոյացում անգայթ,

Հայոց ավյունի վերին Պանծացում,

Հաղթության քուրա՝ մեր Սարդարապատ։

 

Երևանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում վեր է խոյանում մի հոյակերտ հուշակոթող. 1968 թվին է կառուցվել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը, Արա Հարությունյանը: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը, երկնասլաց «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ), երեք շարքերով կախված  զանգերը…Մեկ դար առաջ այս օրերին ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը և վտանգված ժողովրդին կոչել մարտի: Հուշահամալիրի զանգերի ղողանջները սերունդներին միշտ հիշեցնելու են, որ զավակն են այն ժողովրդի, որը թշնամուն հաղթեց ապրելով…

1915թ. գերտերությունների թողտվությամբ և նույնիսկ խրախուսմամբ օսմանցին ի կատար ածեց աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը կրող ազգին՝ հայերին բնաջնջելու վաղուց մշակված ծրագիրը: Հայ ժողովուրդը ենթարկվեց Ցեղասպանության՝ իր իսկ Հայրենիքում: Թշնամին այսքանով իր գործն ավարտած չհամարեց: Հետո օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից՝ ներխուժեց նաև Արևելյան Հայաստան: Հարձակումը եղավ միաժամանակ երեք ճակատով՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա: Նպատակը մեկն էր՝ վերջնականապես ոչնչացնել հայ էթնոսին և բացել Մեծ Թուրանի ճանապարհը: 1918թ. մայիսյան օրակարգում վճռվում էր հայ ժողովրդի  լինել-չլինելու, սեփական Հայրենիքի  վերջին փոքրիկ բեկորի վրա՝ Արևելյան Հայաստանում գոյատևելու խնդիրը: Ժողովուրդը հերոսաբար լուծեց իր առջև դրված պատմական հարցը՝ փոքրաթիվ ուժերով ջախջախելով թուրքական մեծաքանակ զորքերին  և զենքով պարտադրելով իր հարատևելու իրավունքը: 1918 թ. մայիսյան ահեղ մարտերում՝ մոտ 600 տարվա դադարից հետո նորից ծնվեց ու վեր հառնեց Հայոց պետականությունը` Առաջին Հանրապետությունը:

Եվ սրանք են այն լեգենդար զորավարների և պետական այրերի անունները, որոնց անունները ոսկե տառերով են գրվել մեր ռազմի պատմության էջերում ու հավաքական հիշողության մեջ՝ Արամ Մանուկյան, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյան, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան, Դրաստամատ Կանայան (Դրո), Անդրանիկ Օզանյան, փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայան, 5-րդ մահապարտների գնդի հրամանատար Նիկոլայ Ղորղանյան (Կորգանով), գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյան, Թովմաս Նազարբեկյան, Գարեգին Նժդեհ, հեծելազորային դասակի հրամանատար Հովհաննես Բաղրամյան… Մեր գոյապայքարին Դրոյի ջոկատում մասնակցել են նաև եզդի ժողովրդի զավակները՝ ի դեմս Ջահանգիր աղայի 1500 հոգանոց աշխարհազորի: Մարտի էին գնում ոչ միայն զինվորն ու գեներալը, այլև հոգևորականն ու մտավորականը: Նրանք իրենց գրիչը կամ խաչը զենքով փոխարինելով՝ պայքարում էին Հայրենիքի փրկության համար՝ գրող Ակսել Բակունց, լեզվաբան Գրիգոր Ղափանցյան, մշակույթի ու գիտության բազում այլ նվիրյալներ: Պատմությունը սերունդների համար պահպանել է 451թ. Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի արտասանած ճառը, որը բազում դարեր հայ զորականին ուժ ու ոգի է ներշնչել կռվելու և հաղթելու համար: Մեկ դար հեռավորությունից այդպիսի պատմական մեծ արժեք ունի նաև գեներալ Մովսես Սիլիկյանի կոչը՝ ուղղված Հայոց աշխարհի զավակներին.

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԼԵԾՈՒՓ ԾՈՎԻՑ ԴՈՒՐՍ ՑՑՎԱԾ ԳՐԱՆԻՏԵ ԺԱՅՌԸ»«…Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

 Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:

Մենք չէինք ուզում կռվել, հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռքներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը: Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվեցին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ: Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր  են զենք  վերցնելու,  և ես պահանջում եմ  բոլորից ներկայանալ  իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցե՛ք նրանց օրինակին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցե՛ք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց: Հավաքեցե՛ք  ռազմամթերք, հաց,  հագուստ և ուրիշ  մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանուն ոտնակոխ եղած ճշմարտության,

Ոտքի կանգնեցեք: Դեպի՛ սրբազան պատերազմ»:

Գեներալի ազգահավաք ուղերձն  անարձագանք չմնաց: 1918թ. մայիսի 24-ին  հնչած ՝ «դեպի սրբազան պատերազմի» կոչող այս խոսքերին  հետևեց ամբողջ ժողովուրդը: Հաշված օրերի ընթացքում թշնամին վերջնականապես դուրս մղվեց մեր սրբազան երկրից: Մովսես Սիլիկյանը հայ ժողովրդի գոյատևման ամուր վահանը համարում էր նաև Հայոց եկեղեցին: Փրկության աղոթքը բարձրացնում էր ոչ միայն արիասիրտ ու ազնվազարմ հայ զինվորը, այլև հոգևորականը՝ քահանայից մինչև Հայոց Վեհափառ: Նորից ի գործ դրվեց պատմականորեն ձևավորված չգրված օրենքը՝ եկեղեցին պետք է լինի պետության կողքին և նպաստի պետականության ամրապնդմանը: Սակայն ուրի՛շ էր անցյալ դարի հրամայականը: Հայ Առաքելական եկեղեցին ոչ թե պարզապես  պետության կողքին էր, այլ բարձրաստիճան հոգևոր այրերի հետ միասին  վերակենդանացնում էր Հայոց պետականությունը՝ խաչը փոխարինելով զենքով, հայ զինվորի ու գեներալի հետ ամենաթեժ մարտերում կռվելով:

…Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվում պահպանվել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է Գևորգ Ե Սուրենյանց Վեհափառն   օրհնում մարտի գնացող կամավորներին: Նա ամենուր հայ քաջերի կողքին էր:

1918թ., երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան ճանապարհը, հայկական զորքերի երևանյան հրամանատար Մովսես Սիլիկյանը Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ այցելում է Էջմիածին: Նա Վեհափառին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել  Սևանա լճի շրջան: Եվ, ինչպես սպասելի էր, Գևորգ Ե կաթողիկոսի պատասխանը լինում է  խիստ և մերժողական: Սրբազան հովվապետը հրամայում է զօր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ամբողջ ազգին: Նա աղոթում է ժողովրդի առաջ՝ երդվելով համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում և պաշտպանել համայն հայության հոգևոր կենտրոնը: Նա ժողովրդին դիմում է կոչով.

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:

Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ոչ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովի չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:

Գևորգ Ե Սուրենյանցի այս կոչնակը համախմբեց ամբողջ հոգևոր դասին նույնպես… Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից էր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Գարեգին Ա Հովսեփյան. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս): Նա գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ  գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը: Սիմոն Վրացյանը նրան իրավամբ համեմատել է Ղևոնդ Երեցի հետ, գրելով. «Էջմիածնի միաբանը շրջում էր մի մասից մյուսը և իր ճառերով բարձրացնում զորքերի տրամադրությունը։ Կրկնվում էին Վարդանանց պատմական օրերը…»: Հիշենք Բաշ-Ապարանի ճակատամարտում հերոսացած մեր մյուս հոգևորականներին. Տեր Տաճատ և Տեր Հովհաննես քահանաների կազմակերպած աշխարհազորային ջոկատներն առաջին անգամ դիմագրավեցին թուրքական զորքերի հարձակումներին: Բաշ Ապարանի պաշտպանության ամենածանր օրերին՝ մինչև աշխարհազորայինների օգնության գալը, Տեր Տաճատի շուրջ 40-50 հոգանոց ջոկատն առաջինն է կրակ բացել թշնամու ուղղությամբ՝ կասեցնելով նրանց մուտքը Երևան:

Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական զինված ուժերին աջակցում էին կամավորական շարժման հայտնի ղեկավարներից Մեսրոպ արքեպիսկոպոս Մովսիսյանը, Դարպաս գյուղի քահանա Տեր Կոմիտաս քահանա Սարգսյանը: Նրանք համախմբելով բնակիչներին, հուժկու դիմադրություն ցույց տվեցին թշնամուն:

Հայ ժողովրդի անկոտրում ոգու առաջ խոնարհվեց անգամ թշնամին: Պատմությունը վկայում է, որ Կովկասի թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում խոստովանել է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ «…բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: …Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:

Իսկ հայերը աշխարհի լավագույն զինվորներն են եղել մի՛շտ: Հայ գեներալի ռազմական հանճարը փայլել է նաև օտար երկրների բանակներում՝ անգամ այն ժամանակ, երբ ինքներս կորցրած ենք եղել պետականությունը: Հիշենք Ռուսական Կայսրության ռազմական-պետական գործիչներ Միքայել Լորիս-Մելիքովին, Իվան (Հովհաննես) Լազարևին, Հունգարիայի պատմության համար կարևորագույն շրջանում՝ 1848-49թթ. հունգարական հեղափոխության ժամանակ անգնահատելի դեր կատարած հայազգի հերոսներ ու զորապետներ Յանոշ Ցեցին, Վիլմոշ Լազարին, Էռնո Քեշին, որոնց անուններն անմահ են այդ ժողովուրդների անցյալի էջերում: Նման օրինակները աշխարհի պատմության «գրքում» բազմաթիվ են: Եվ ահա, 1918-ի մայիսին հասել էր ժամը, երբ պետք է հայը մինչև  վերջ իր կռիվը մղեր թշնամու դեմ՝ վերագտնելու ազատությունն ու անկախությունը: Եվ մենք մարտնչեցինք ու հաղթեցինք: Դառնանք և հիշենք նաև այն բոլոր հոգևորականներին ու կաթողիկոսներին, որոնք պատմական օրհասական պահերին զինվորագրվել են Հայրենիքի պաշտպանությանը: Այդ առինքնող կերպարներից է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը՝ 17-18-րդ դարերի հայ նշանավոր հոգևորական, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր: Կաթողիկոս դառնալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձրել էր քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Որպես Արցախի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը՝ գրել և սերունդներին է փոխանցել իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը:

Այո՛, այսպիսին է եղել հայ հոգևորականի կերպարը մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում,  Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ ամենուր հայ զինվորի ու գեներալի կողքին: Ու թեև հերոսական մաքառումներից ծնունդ առած Հայոց պետականությունը կարճ կյանք ունեցավ, բայց նրա գոյությունն անհետևանք չանցավ: 1920թ.  նրա հենքի վրա աշխարհաքաղաքական նոր  իրադրության արդյունքում ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, որի գոյության 70 տարիների ընթացքում հայ ժողովուրդը տնտեսական և մշակութային վերելք ապրեց: Արդեն պատմական փաստ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո վեր հառնեց այսօրվա անկախ Հայաստանը:

Դյուրին չէր պետականությունը վերականգնելու մեր ուղին. այն ծնվեց թշնամու կողմից մեզ պարտադրված հերթական պատերազմի պայմաններում: 20-րդ դարի ավարտին՝  1988-94թթ. թշնամու սանձազերծած պատերազմը կրկին ոտքի հանեց հայ կամավորին ու զինվորին, գեներալին ու մտավորականին, քահանային ու արքեպիսկոպոսին: Նրանք միասին մարտի  ելան՝ ազատագրելու Արցախ աշխարհը ադրբեջանական գերությունից:

1992թ. ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար: Ադրբեջանը բռնազավթել էր Արցախի հյուսիսային հատվածը: Ժողովուրդը տարիների հեռավորությունից դեռ հիշում է, թե ինչպես  Սպարապետ  Վազգեն Սարգսյանը 1992թ. օգոստոսի 15-ին հեռուստատեսության եթերում հնչեցրեց իր` արդեն պատմական դարձած ուղերձը: Նա  կոչ արեց հայ տղամարդկանց կամավորագրվել և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում:

«Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։

Շնորհակալ եմ»։

Հերոս տղաները չուշացան: Ինչպես հետո հիշում էր Սպարապետի մայրը՝ լուսահոգի Գրետա մայրիկը, հաջորդ օրն իսկ եկել էին ոչ թե 500, այլ հազարավոր հայորդիներ: Սարգսյանի կոչով 1992թ. օգոստոսի 30-ին ձևավորված գումարտակը՝ «Արծիվ մահապարտները», պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ` համապատասխանաբար` 1992թ. օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Մահապարտների գումարտակը կանգնեցրեց ադրբեջանցիների առաջխաղացումը և բեկեց պատերազմի ընթացքը՝ մեզ մոտեցնելով մեր վերջնական հաղթանակին…

…Արցախն ազատագրվեց: 20-րդ դարի ավարտին հայ ռազմիկը գրեց մի նոր հերոսամարտի պատմություն՝ վերականգնելով պատմական արդարությունը: Հայ ժողովուրդը 21-րդ դար ոտք դրեց  երկու  հայկական հանրապետություն ստեղծած: Արցախի ազատագրումով սկիզբն է դրվել մեր ապագա հաղթանակների: Եվ կգա օրը, երբ Հայոց Եռագույնը կծածանվի Հայկական բարձրավանդակի այն մնացյալ հատվածում,  որը մենք այսօր Պատմական Հայաստան  ենք կոչում:

Այս տարի մենք նշում ենք 1918թ. մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանները՝ աշխարհին ցույց տալով, որ ոչինչ չի կարող հաղթել այն ժողովրդին, որը վասն Հայրենիքի, նախնիներից իրեն ավանդված Հավատի ու Մշակույթի պայքարել և ապրել գիտի: Երիցս ճիշտ է հայտնի գրողն ու պետական գործիչը` Ավետիս Ահարոնյանը, որը լինելով իրադարձությունների ժամանակակիցը` գրել է.

«Եվ թշնամին, որ մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ ունեցավ, երկար ժամանակ պիտի հիշե այդ (Սարդարապատի) ճակատամարտը, ինչպես պարսիկները՝ Ավարայրը (451թ.), և արաբները՝ Վարդանակերտը (703թ.): Արդարև, այդ երեք հերոսամարտերը մեր պատմության ալեծուփ ծովից դուրս ցցված գրանիտե ժայռեր են, որոնց վրա երեք անգամ հայ հայրենիքի թշնամիների կատաղության ալիքները փշրվեցին…»:

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1243) 30.05.2018 - 05.06.2018, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


31/05/2018