Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ



ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ1947 թվականին (հետմահու) Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը 1956թ. վերահրատարակվել է Երևանում:

1978թ. նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի Սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է հուշարձան` նվիրված Միսաք Մանուշյանին: 

Երևանի թիվ 48 դպրոցը 1963-1964 ուսումնական տարվանից կոչվում է Միսաք Մանուշյանի անունով:

2009թ. փետրվարի 23-ին Փարիզի 14-րդ թաղամասի Պլեզանա փողոցի թիվ 11 շենքի ճակատին զետեղվել է ցուցանակ` ի հիշատակ ֆրանսիական դիմադրության ականավոր գործիչներ Միսաք եւ Մելինե Մանուշյանների, որոնք այդ տանն ապրել էին նախքան 1943թ. գեստապոյի կողմից Մանուշյանի ձերբակալվելը:

Ցուցանակը հանդիսավորապես բացել են Շառլ Ազնավուրը, Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հավատարմատարը եւ Մանուշյանի խմբի երկու ողջ մնացած անդամներ Անրի Կանայանն ու Արսեն Զաքարյանը: Արարողությունն ուղեկցվել է զինվորական պատիվներով, հնչել է պարտիզանների հիմնը եւ Լուի Արագոնի խոսքերով Մ. Մանուշյանին նվիրված «Կարմիր աֆիշ» երգը:

 

Օտար ափերում ապաստանած շատ հայեր կան, որոնք դարձել են այդ երկրների ազգային հերոս` պայքարելով հյուրընկալ ժողովրդի ազատության ու պատվի համար: Նրանցից է Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանը:

Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. սեպտեմբերի 1-ին Արեւմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել էր 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ, մայրը` գաղթի ճանապարհին: Միսաքը եղբոր հետ կարողացել է փրկվել եւ տեղահանված այլ հայերի հետ հասել է Սիրիա, այնուհետեւ` Լիբանան: Այստեղ Մանուշյան եղբայրները ֆրանսիական որբանոցում եղած ժամանակ սովորում են ֆրանսերեն եւ 1925թ. տեղափոխվում են Ֆրանսիա: Նրանք ապաստան են գտնում Մարսել քաղաքում, ապա հաստատվում են Փարիզում: Միսաք Մանուշյանը աշխատանքի է անցնում «Citroen» գործարանում` որպես խառատային հաստոցի օպերատոր եւ զուգահեռաբար զբաղվում ինքնակրթությամբ՝ հաճախելով տարբեր հեղինակավոր գրադարաններ: 1927թ. մահանում է նրա եղբայրը՝ Կարապետը` մեծ վիշտ պատճառելով Միսաքին:

1930-ական թվականների սկզբներին սկսվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Միսաք Մանուշյանը կորցնում է աշխատանքը: Իր հայրենակից Գեղամ Աթմաճյանի հետ (Սեմա) նա հիմնադրում է կոմունիստական կողմնորոշում ունեցող «Ջանք» եւ «Մշակույթ» ամսագրերը: Այս ամսագրերում տպագրվում են ֆրանսիական գրականությանն ու հայկական մշակույթին նվիրված հոդվածներ: Բայց հիմնականում այս երկու ամսագրերը կատարում էին քարոզչական մեծ աշխատանք` տարածելով ձախակողմյան գաղափարներ:

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ1935 թվականին՝ Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ, Միսաք Մանուշյանը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ, որը նույնպես Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին եւ որբանոցից հետո հայտնվել Ֆրանսիայում: Միսաք Մանուշյանն իր կնոջ հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ:

Փարիզում Միսաք Մանուշյանն իր շուրջն է համախմբել հայ մտավորականներին՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ` Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական քարոզչություն ծավալելու համար:

1941թ. հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբի անդամերին: Սակայն համակենտրոնացման ճամբարում եւս  Մանուշյանը շարունակում է իր պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն:

1943թ. մեծ ջանքերով Մանուշյանին հաջողվում է փախչել ճամբարից եւ միանալ «Ստալինգրադ» ջոկատին (որը կոչվել էր ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի):

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով տպագրել է քարոզչական պաստառ՝ տխրահռչակ «Կարմիր պլակատը»։ Փորձելով ազդել մարդկանց ազգայնամոլական (շովինիստական) զգացումների վրա՝ «Կարմիր պլակատի» միջոցով գերմանացի նվաճողները հասարակության ուշադրությունը սևեռել էին Մանուշյանի ու նրա խմբի մյուս անդամների այլազգի լինելու եւ նրանց կոմունիստական համոզմունքների վրա: Պաստառի վրա գրված էր՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ` 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։ Մանուշյանին ու խմբի անդամներին հայտարարում էին ահաբեկիչներ, սակայն քարոզչությունը հակառակ ազդեցությունն է ունենում: Խումբն իսկապես բազմազգ էր, կային իտալացիներ, հրեաներ, ֆրանսիացիներ, իսպանացի, ռումինացի եւ երկու հայ:

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ1943թ. նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին: Նրա կինը՝ Մելինեն, կարողանում է փախչել եւ մահվան է դատապարտվում հեռակա կարգով:

Միսաք Մանուշյանը 1944թ. փետրվարի 21-ին իր խմբի 23 անդամների հետ Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն Վալերյեն ամրոցում մահապատժի է ենթարկվում։

Մահապատժի օրը Մանուշյանը կնոջն ուղղված նամակում գրել է. «Ինչ կարող եմ քեզ գրել, երբ ամեն ինչ անորոշ է եւ միաժամանակ շատ պայծառ։ Ես մտել էի ազատության բանակ` որպես կամավոր զինվոր, եւ ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից ու նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»:

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

 

«ԿՅԱՆՔԻՍ ԵՐԳԸ»

 

«Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,

Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,

Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,

Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր»…

Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Ճակատագրեր


03/05/2018