Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ. ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ



ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ. ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸՊաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար  Պանայոտիս Կամենոսը:  Մարտի 29-ին պաշտպանության նախարարությունում հույն նախարարին զինվորական նվագախումբը ողջունեց հունական երգացանկով: Արարողությունից հետո երկու նախարարները մոտ երկու ժամ բանակցեցին առանձին, ապա՝ ընդլայնված կազմով:  Արդյունքներն ամփոփեցին  համատեղ մամուլի ասուլիսում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց՝ 2016թ. դեկտեմբերին Աթենքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն արդյունավետ իրականացվում են. «Մենք ամեն տարի ընդլայնում ենք մեր ռազմական փոխգործակցության ծրագիրը, և լիարժեք կատարվող միջոցառումները հնարավորություն են տալիս ամրապնդելու մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության փայլուն ավանդույթները»: Նախարարը հավելեց Հունաստանի պաշտպանության նախարարի հետ վերահաստատել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումները: «Մեր զինված ուժերի մոտ 170 սպաներ իրենց ուսումը ստացել են Հունաստանի լավագույն ռազմակրթական հաստատություններում և այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ հայկական զինված ուժերում՝ իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը: Նրանք կամուրջ են երկու ժողովուրդների և երկու երկրների զինված ուժերի միջև»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ. ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸԵրկու նախարարները նախանշել են համագործակցություն նոր՝ կիբեռանվտանգության և ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման ու իրականացման ոլորտներում: Պանայոտիս Կամենոսը ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու մեծ ներուժ է տեսնում: Նոր եզրեր գտնելու համար հարմար հարթակ է համարում «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսը, որին նաև ինքն է այցելել. «Պաշտպանության ոլորտում համատեղ  ջանքերը կարող են լավ արդյունքներ գրանցել, եթե ունենաք արտադրանք, որը հնարավոր լինի կիրառել Հունաստանի զինված ուժերում: Այն կարող է ԵՄ վկայագիր ստանալ, ինչը նշանակում է, որ դռներ կբացվեն նաև այլ շուկաների համար: Մենք շատ գումար ենք ներդրել մեր երկրների ռազմական արդյունաբերության վրա, և ժամանակն է, որ համագործակցենք, արտադրենք միասին»,-նշեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը հույն գործընկերոջը ներկայացրեց հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: «Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր դիրքորոշումը: Ես շնորհակալ եմ իմ գործընկերոջը հակամարտության վերաբերյալ ունեցած մանրակրկիտ տեղեկատվության և բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամության համար»,- նշեց նախարարը:

Հունաստանի ցանկությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արագ ու  խաղաղ կարգավորվի՝ հիմնվելով մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների վրա: Պանայոտիս Կամենոսը հավելեց, որ թե Հայաստանը, թե Հունաստանը ցանկանում են ապրել խաղաղության մեջ, բայց եւ մշտապես պատրաստ են պաշտպանելու իրենց իրավունքները:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ. ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸՆախարարները քննարկել են նաև հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները՝ անընդունելի որակելով Անկարայի սպառնալիքների և նախապայմանների քաղաքականությունը: Վատ եղանակի պատճառով Թուրքիայի տարածքում հայտնված և լրտեսության մեջ մեղադրվող 2 հույն զինծառայողներին շուտափույթ ազատ արձակելու հարցում Հայաստանը սատարում է Հունաստանին: «Կարծում ենք՝ պետք է բարի կամք դրսևորվի, և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումներ ցուցաբերելու կարողությունը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Պանայոտիս Կամենոսն էլ արձանագրեց. «Հունաստանը ցանկանում է տեսնել եվրոպական արժեքներ որդեգրած Թուրքիա, սակայն, դատելով նախագահ Էրդողանի հայտարարություններից և որոշումներից, պարզ է դառնում, որ այդ երկիրն ավելի է հեռանում եվրոպական արժեքներից»: Մեկնաբանելով Մեծ Թուրքիա ստեղծելու մասին Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը` թե «եթե պետք լինի դրա համար մենք կտանք մեր կյանքը, եթե պետք լինի կխլենք ուրիշների կյանքը», Պանայոտիս Կամենոսը նշեց, որ նախկինում նման իմպերիալիստական փորձերը հաջողությամբ չեն պսակվել. «Մենք կշարունակենք Թուրքիային բացատրել, որ խաղաղություն ենք ցանկանում, սակայն պետք է նաև հիշեցնենք, որ իր պատմության շատ դրվագներում և հատկապես 1821 թվականին Հունաստանում իրենք տանուլ են տվել»:

Հ. Գ. Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:  Պանայոտիս Կամենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, որ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

Շուշան Ստեփանյան

Լուս.՝ Սիփան Գյուլումյանի

Խորագիր՝ Նորություններ


30/03/2018