Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԻՇՈՒՄ



Ազատամարտիկներ Հրաչյա Մովսիսյանն ու Արթուր Ղարիբյանը ապրում էին Բաբաջանյան 121 շենքում: Նրանք «Արաբո» ջոկատի անհայտ կորած 22 մարտիկներից են: Շենքի հարակից` Հերոսների այգում, ազատամարտիկների հիշատակին տարիներ առաջ կանգնեցվեց խաչքար, այնուհետեւ տեղադրվեց Արցախի հերոսամարտում «Արաբո» ջոկատի անհայտ կորած 22 մարտիկների անունները կրող հուշաքար:
Արթուր Ղարիբյանի մայրը` տիկին Ալվարդը, ամեն առավոտ գալիս եւ մաքրում է այգին, տղաներին բարի լույս ասում, ու հոգին հանդարտվում է. «Այգին միշտ մարդաշատ է. նույն ցավն ու վիշտը անհայտ կորածների հարազատներին ու բարեկամներին բերում է հուշակոթողի մոտ… Գալիս ենք հիշելու, հարգանքի տուրք մատուցելու և միմյանց սփոփանքի խոսքեր ասելու»,-նշում է Ալվարդ Ղարիբյանն ու ասում, որ երբեք չի դադարել հավատալ` մի օր որդին կբախի դուռն, ու տարիների կարոտը կանհետանա:

Օգոստոսի 30-ին` Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ, Հերոսների այգում կրկին հավաքվել էին ազատամարտիկների հարազատները, պաշտպանության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին:
Ազատամարտիկ Հրաչյա Մովսիսյանի մայրը` Շամիրամ Մովսիսյանը, նշեց, որ հաճախակի հանդիպումները միակ հնարավորությունն են կիսելու ցավն ու սպասումը` հավատալով ու հուսալով, որ այդ ցավի ու սպասումի վրա մի օր լույսի շող կիջնի. «Ե՛վ սոցիալական, ե՛ւ նյութական հարցերը լուծելի են, բայց մեր հոգեբանական ծանր վիճակը կհաղթահարենք, երբ մեր երեխաների ճակատագրերը պարզ դառնան: Այո՛, մենք տեսել ենք հայտնի տեսագրությունները, բայց դա մեզ չի սփոփում. նրանց աճյունները պետք է վերադարձվեն հայրենիք, որպեսզի հանգիստ լինենք: Թող այստեղ եղբայրական գերեզման ունենան»:

Անհայտ կորած ազատամարտիկների ծնողների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն ընդգծեց, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կան անհայտ կորածներ. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը աջակցում է մեզ, և այդ աջակցության շնորհիվ էլ նախաձեռնել էինք այցելություն Արցախ, եղել այն վայրերում, որոնց ազատության համար պայքարեցին մեր որդիները: Այդ այցելությունը մեզ սփոփեց: Ես խոնարհվում եմ ազատամարտիկների հարազատների համբերության ու քաջության առջեւ»:
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալների` Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների ցուցակում Հայաստանից կա 407, Լեռնային Ղարաբաղից` 449 անուն:
Նշենք, որ Հայաստանում անհայտ կորածների հիշատակի օրը նշվում է նաեւ հունիսի 29-ին` որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները`
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


31/08/2011