Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ե՛Վ ԳՆԱՀԱՏԱՆՔ, Ե՛Վ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ



Ե՛Վ ԳՆԱՀԱՏԱՆՔ, Ե՛Վ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՍկզբնական շրջանում կին ծառայողները մեր զինված ուժերում այդքան էլ շատ չէին, հիմնականում նրանց գործառույթները  սահմանափակվում էին վարչական, բուժսպասարկման օղակներում,  իսկ հիմա գրեթե ամեն ոլորտում էլ կհանդիպեք կանանց, նույնիսկ հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Մեր նորօրյա պատմությունը ևս մեկ ապացույց է, որ դարեր շարունակ  հայ կինը տղամարդուն հավասար կիսել է բոլոր դժվարությունները,  հարկ եղած դեպքում կանգնել նրա կողքին ու պաշտպանել տունը, հայրենիքը… 

Ուղիղ 23 տարի առաջ, գարնան  առաջին օրը, N  զորամասի շտաբի սպա, լեյտենանտ Գոհար Պետրոսյանի զինվորական կենսագրության սկիզբն էր:

Մի քիչ  վարանոտ, մի քիչ անվստահ երիտասարդ աղջիկն առաջին անգամ ոտք դրեց պաշտպանության նախարարություն և շուտով իր նվիրված, պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ արդարացրեց վստահությունը: Հետո տարիները գումարվեցին տարիներին, ու ամեն օրը անտեսանելի թելերով նրան է՛լ ավելի ու ավելի կապեց ծառայությանը:

-Մինչ ծառայության անցնելն էլ առանձնակի պատկառանքով եւ ակնածանքով եմ նայել  զինվորականներին՝ գիտակցելով նրանց դերն ու կարեւորությունը հայրենիքի պաշտպանության գործում. մեր  հողուջրի  պաշտպաններն են, խաղաղության պահապաններն ու պարտադրողները,- ասում է Գոհարը: -Ինքս արմատներով արցախցի եմ,  մայրս ու հայրս Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից են: Մանկությանս բոլոր ջերմ հիշողությունները կապված են ծնողներիս  հարազատ բնօրրանին: Երեւանում էինք ապրում, բայց ամառային դպրոցական արձակուրդներն այնտեղ էինք պարտադիր անցկացնում՝ գյուղական պարզ, անկեղծ ու անեղծ  միջավայրում… Հաթերքն էլ սահմանային բախումների ժամանակ սահմանամերձ մյուս բնակավայրերի նման հազար դժվարություն ու դառնություն  տեսավ. 1992թ ամռանը թշնամին գրավել էր գյուղը, հրկիզել տները, խոշտանգել խաղաղ բնակիչներին: Բայց, փառք Աստծու, հետո  ազատագրվեց…Ցավոք, պատերազմն առանց կորուստների չի լինում, տուն չկա, որ  հարազատ- բարեկամի կորուստ չունենա: Հայրիկիս հորեղբոր թոռը՝  Ժորան, 1992թ. Սրխավենդի մոտ գերի էր ընկել, ու ադրբեջանցիները դաժանաբար խոշտանգելով սպանել էին, մյուս հորեղբոր թոռը՝  Սասունը, Օմարի լեռնանցքում է  զոհվել, ուսանող էր… 1992թ. հունվարին հաթերքցի 8 երիտասարդներ շրջափակման մեջ ընկան Սարսանգի ջրամբարի մոտ, և միայն օգոստոսին կարողացան նրանց մասունքները հայրենի հողին հանձնել: Այսօր էլ խաղաղ չէ մեր երկիրը, մեր դիմաց մեր դարավոր թշնամին է՝  նենգ ու դավադիր, ու հզոր բանակը ժամանակի հրամայականն է:

♦♦♦ 

Լեյտենանտ Գոհար Պետրոսյանը հպարտությամբ է կրում զինվորականի համազգեստը:  Պետրոսյանների ընտանիքում համազգեստը վաղուց արդեն դարձել է կենսակերպ.  Գոհարի քույրն էլ է զինվորական, եղբայրն ու կինն էլ աշխատում եմ մեկ այլ ուժային կառույցում:

Գոհարի երկար տարիների նվիրված աշխատանքը գնահատվել է գերատեսչական տարբեր մեդալներով՝ «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի մեդալներով, «Վազգեն  Սարգսյան», «Ծովակալ Իսակով»… Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 26- ամյակի առթիվ, Գոհարը Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար  Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց  «Երախտագիտություն» մեդալով:

-Յուրաքանչյուր պարգև և՛ գնահատանք է, և՛ միաժամանակ պատասխանատվություն և պարտավորվածություն: Անկեղծ լինեմ՝ գնահատված լինելը ոգևորում է, իմաստավորվում է կատարածդ աշխատանքը:

Բանակին նվիրված միջոցառման  ավարտին  լրագրողներից մեկը Գոհարին հարցրեց, թե  ինչ կցանկանար  ամենաշատը:

-Ուզում  եմ՝ յուրաքանչյուր հայ հայրենի հողի վրա ամուր և հաստատուն զգա, արժանապատիվ  ու արժանավայել ապրի եւ հայրենիքից դուրս երջանկություն չփնտրի:  Մի ցանկություն էլ՝  թեեւ ինքս զավակ չունեմ, բայց շատ եմ ուզում, որ յուրաքանչյուր  հայ ընտանիքում գոնե մի  զինվոր ծնվի…

 

Գոհարն ու քույրը՝ Գայանեն, միասին նույն զորամասում են  ծառայում: Շաբաթ-կիրակի քույրերը  շտապում են հայրական  տուն.

-Եղբորս երեխաների ժպիտն ու աշխուժությունը բավական է, որ  շաբաթվա ամբողջ հոգնությունը մի ակնթարթում  անցնի: Հավատացեք՝ օջախի ջերմությունը աշխարհի ամենամեծ երջանկությունն է, իսկ սիրելի աշխատանքը՝ ամենամեծ բարեբախտությունը. ամեն  երկուշաբթի սիրով ենք ծառայության շտապում…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/03/2018