Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է



ԶՈՐԱՄԱՍԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է25 տարի առաջ է կազմավորվել ՀՀ ՊՆ N մոտոհրաձգային զորամասը: Այդ առթիվ տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Հանդիսավոր միտինգին մասնակցելու համար այստեղ էին բանակաշինության ակունքներում կանգնած, զորամասի կազմավորման գործում մեծ դերակատարություն ունեցած բազմաթիվ զինծառայողներ, որոնց թվում՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գնդապետներ՝  Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Ղազարյանը, Աշոտ Միքայելյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Արտակ Բուդաղյանը, Կարեն Սեդրակյանը, Ալեքսանդր Ցականյանը, Գորիսի Քոլատակ թաղամասի նախկին ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները: ԵԿՄ Գորիսի մասնաճյուղի անդամներ, զորացրված զինվորականներ…

Բազմավաստակ զինվորականները հիշում էին անցած դժվարին տարիների լավ ու վատ օրերը, մեր պայքարի հերոսական դրվագները, հուզմունքով եւ ուրախությամբ պատմում հայ ռազմիկի անկոտրում կամքի մասին վկայող հուշեր, պատմություններ, ոգեկոչում Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր թանկագին հերոսներին…

ԶՈՐԱՄԱՍԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է…1993թ. հունվարին կազմավորվեց գունդը: Նույն տարվա փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, գունդը վերակազմավորվեց մոտոհրաձգային բրիգադի, որի 1-ին հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը: Բրիգադը ակտիվորեն մասնակցել է ազատագրական մարտերին: Բերձորից Հորադիզ ընկած տարածքի մարտերում բրիգադի անձնակազմը փայլել է անձնազոհությամբ. ահավասիկ` քաջարի սպաներ էին զորամասի հրամանատարներ Վալերի եւ Սերգեյ Գրիգորյանները, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետ, մայոր Կամո Քոչունցը, ավագ սպա, կապիտան Ալբերտ Բաղդադյանը, սպաներ Էռնեստ Բաղդասարովը, Սասուն Բադասյանը, Վահան Վարդանյանը, Արտակ Բուդաղյանը, Գրիգոր Ղազարյանը, Սամվել Սարգսյանը, Տիգրան Ազիզյանը, Հրանտ Բալասանյանը, Սուրիկ Բաղդասարյանը, Կարմեն Առուստամյանը, Արթուր Ջուլհակյանը, Արայիկ Մարկոսյանը: Թե զորամասի կազմավորման օրերին եւ ընդհանրապես, հայոց հրետանու կայացման գործում մեծ է եղել Առնո Տատինցյանի, Սեւադա Հովհաննիսյանի, Ստյոպա Մկրտչյանի, Կամո Ներսիսյանի, Գագիկ Մալինցյանի, Սամվել Լալազարյանի դերը:

2008թ. հունիսի 21-ին բրիգադը վերակազմավորվեց եւ դարձավ զորամաս: Բանակաշինության գործում ունեցած կարեւոր դերակատարությանը մեծապես նպաստել են զորամասի բոլոր հրամատարները` Սերգեյ Գրիգորյանը, Վալերի Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Սուրեն Գեւորգյանը, Տիգրան Քեշիշյանը, Աշոտ Միքայելյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Արտակ Բուդաղյանը, Կարեն Սեդրակյանը, Ալեքսասնդր Ցականյանը: Ներկայումս զորամասի հրամանատարն է գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը:

ԶՈՐԱՄԱՍԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷՀՀ նախագահի 2007թ. հունվարի 26-ի հրամանագրով Ազգային բանակի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ զորամասը պարգեւատրվել է «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» շքանշանով, իսկ մարտական պատրաստության, պատրաստականության, զինվորական կարգապահության բարձր արդյունքների համար, ՀՀ նախագահի հրամանով, 2008թ. հունվարի 8-ին` «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍ» պատվո դրոշով: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ զինծառայողներ պարգեւատրվել են կառավարական եւ գերատեսչական բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: Այսօր զորամասի մարտունակությունն ավելի է ամրապնդվել: Անձնակազմը մշտապես ներգրավված է ուսումնական փուլերի` հագեցած գրաֆիկով անցկացվող պարապմունքներին: Զորամասի զինծառայողներն իրենց գիտելիքներն ու փորձը թրծում են զորավարժությունների ժամանակ՝ ցուցադրելով մարտի նախապատրաստման եւ վարման հմուտ գործողություններ:

Զորամասի հզորացմանը մեծապես նպաստել են 1-ին զորամիավորման բոլոր հրամանատարները` գեներալ-լեյտենանտներ Յուրի Խաչատուրովը, Մանվել Գրիգորյանը, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը, գեներալ-լեյտենանտներ Արշալույս Փայտյանը, Գարեգին Գաբրիելյանը, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը եւ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Կանցնի ժամանակ, եւ պատմության մեջ կհիշվի զորամասի` Արցախյան ազատամարտին իր ոգին տված բրիգադի անունը…

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/03/2018